Քաղաքական ճգնաժամը Վրաստանում․ ինչո՞ւ այն ոչ մի կերպ չի հաջողվում լուծել
Քաղաքական ճգնաժամը Վրաստանում շարունակվում է։ Եվրամիության առաջարկը, որին տատանվելուց հետո համաձայնել է իշխող կուսակցությունը, ընդդիմությանը չի համոզել և չի լուծում Վրաստանում ժողովրդավարության առջև ծառացած հիմնական խնդիրները։ Ճգնաժամի լուծման ճանապարհին առկա գլխավոր խոչընդոտն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը հնարավոր փոխզիջումը յուրովի է տեսնում։
Արևմտյան միջնորդների տարբերակը․ ընդդիմությունը խորհրդարան է վերադառնում, իսկ իշխանությունները սկսում են արմատական ընտրական և դատական բարեփոխումներ։ Սակայն ընդդիմությունը պահանջում է սկզբում ազատ արձակել քաղբանտարկյալներին և համաձայնել արտահերթ ընտրությունների կամ դրա վերաբերյալ հանրաքվեի։ Իշխանության մասով փոխզիջման հարցը դեռ պարզ չէր, քանի որ ընդդիմության երկու պահանջները նրանք մերժում էին։
Սակայն այժմ, երբ իշխանությունը համաձայնել է արևմտյան միջնորդների տարբերակին, չլուծված է մնում գլխավոր խնդիրը․ երկրում օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի ոչ ֆորմալ կառավարումը։
JAMnews-ի վերլուծությունը․ ինչպիսի՞ն կարող է լինել փոխզիջումը, որը Վրաստանին կօգնի հաղթահարել քաղաքական թշնամանքն ու դուրս գալ ճգնաժամից։
Քաղաքական ճգնաժամը Վրաստանում, որը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի վերջին, խորհրդարանական ընտրություններից հետո, մինչ օրս շարունակվում է։ Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, որը չի ճանաչում ընտրությունների արդյունքներն ու հրաժարվում է զբաղեցնել իր տեղերը Վրաստանի խորհրդարանում, չեն կարողանում համաձայնության գալ։ Եվ սա՝ չնայած արևմտյան բարձրաստիճան դիվանագետների միջնորդությանն ու միջամտությանը։ Ո՞րն է ձգձգվող քաղաքական ճգնաժամի պատճառը, ու ի՞նչ ելքեր կարող են լինել այս իրավիճակից։
Ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանը, սակայն նրան այս հարցում չեն սատարում արևմտյան դիվանագետներն ու քաղաքական գործիչները, որոնք երկրում ժողովրդավարական բարեփոխումների ավանդական կողմնակիցներ են։
Եվրոպացի դիվանագետների միջնորդությամբ մի քանի փուլով անցկացված բանակցություններն արդյունք չեն տվել․ ընդդիմությունը շարունակում է բոյկոտը, ճգնաժամը հանգեցրել է վարչապետ Գախարիայի հրաժարականին և մեծամասնության մի քանի դիվանագետների՝ ընդդիմության շարքերն անցնելուն։ Սակայն, չնայած դրան, իշխող կուսակցությունն, ըստ էության, չի խոստովանում ճգնաժամի փաստն ու ցանկություն չունի երկրում որևէ բան փոխելու։
Համենայնդեպս, այդպես էր մինչ օրս։ Ապրիլի 16-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձեն հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընդդիմության հետ կստորագրի համաձայնագրի նախագիծ, որը մարտի վերջին առաջարկել է Եվրամիության ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը։
Մասնավորապես, այդ համաձայնագրում ընդդիմադիրներին առաջարկվում է խորհրդարան մտնել, այնտեղ կարևոր պաշտոններ զբաղեցնել, իսկ իշխող կուսակցությունը պետք է սատարի փոփոխություններն ընտրական հանձնաժողովների համալրման, դատավորների և գլխավոր դատախազի նշանակման գործում։
Բացի այդ, «Վրացական երազանքը» պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների հնարավորությունը, եթե այս տարվա աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հավաքի 40%-ից պակաս ձայն։
Սակայն գրեթե բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը բառացիորեն միանգամից Թալաքվաձեի հայտարարությանը կտրուկ մերժմամբ են արձագանքել․ նրանք չեն պատրաստվում համաձայնագիր ստորագրել, եթե դրանում հաշվի չառնվեն ընդդիմության երկու հիմնական պահանջները՝ արտահերթ ընտրություններ և քաղբանտարկյալների ազատ արձակում։
Վիճելի ընտրություններ և չափազանց սակավաթիվ միջազգային մոնիթորինգ
Գլխավոր պատճառը, թե ինչու Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը չեն կարողանում համաձայնության գալ, 2020 թ-ի հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքների գնահատականն է։ Այսպես, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն, ըստ պաշտոնական արդյունքների, ստացել է ձայների 48,22 տոկոսը համամասնական համակարգով, բացի այդ, հաղթել է բոլոր 30 մեծամասնական ընտրատարածքներում։ Եվ այդպիսով իր համար ապահովել է մեծամասնություն խորհրդարանում։
Ըստ հայտարարված արդյունքների՝ Վրաստանի խորհրդարան է անցել ընդդիմադիր ութ կուսակցություն՝ մեկ տոկոս անցողիկ շեմի պարագայում։ Նրանցից ամենաշատ ձայն է հավաքել «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ՝ 27 տոկոս ձայն։ Մնացածները հավաքել են 1-3,8 տոկոս ձայն։ Այս գրեթե բոլոր կուսակցությունները, ինչպես արևմտամետ, այնպես է ռուսամետ համարվող «Հայրենասերների դաշինքը» և «Ժողովրդավարական շարժումը», ընտրությունները կեղծված են հայտարարել և հրաժարվել են մասնակցել խորհրդարանի աշխատանքին։
Ընդդիմության փաստարկներն այն են, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում Վրաստանի ընտրողների կամքը, որ ընտրությունների ընթացքում, ինչպես նախընտրական արշավի ժամանակ, մեծաթիվ կոպիտ խախտումներ են եղել։
Ինչո՞վ է իր փաստարկները հիմնավորում ընդդիմությունը։ Ինչպես բոլոր նախորդ ընտրությունների ժամանակ, ինչպես նշում են բոլոր դիտորդները, իշխանությունն այս անգամ էլ է մեծապես օգտագործել վարչական ռեսուրսը։ Այդ թվում՝ պետական կազմակերպությունների աշխատակիցների վրա ազդեցությունը։ Բացի այդ, դիտորդները գրանցել են ընտրողներին վախեցնելու և կաշառելու փաստեր։
Սակայն, ինչպես նշում են ընդդիմությունն ու անկախ դիտորդները, այս ընտրություններն առանձնահատուկ էին, որովհետև, ի տարբերություն վերջին տարիների նախորդ ընտրությունների, այստեղ խախտումներ են արձանագրվել նաև ձայների հաշվարկի ժամանակ։
Ինչպես նշում են դիտորդներն ու ընդդիմության ներկայացուցիչները՝ հարյուրավոր ընտրատեղամասերում զգալի անհամապատասխանություն է գրանցվել քվեարկած ընտրողների և քվեատուփերի քվեաթերթիկների թվերի միջև։ Որոշ դեպքերում քվեաթերթիկներն ավելի քիչ են եղել․ սա խոսում է այն մասին, որ այդտեղ զանգվածաբար կիրառվել են այսպես կոչված կարուսելները, կամ քվեաթերթիկների մի մասը պարզապես թաքցրել են կամ դեն նետել։
Մյուս ընտրատեղամասերում, ընդհակառակը, ավելի շատ քվեաթերթիկ է եղել, քան՝ ընտրողները։ Իսկ դա նշանակում է, որ լցոնումներ են եղել։
Բացի այդ, նախորդ տարիների համեմատ զգալիորեն աճել է անվավեր քվեաթերթիկների թիվը։
Ընտրատեղամասերի հսկայական քանակությամբ արձանագրությունները, որոնք հրապարակվել են ընտրությունների օրվա գիշերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, սխալներ են պարունակել։ Օրինակ՝ գրանցված ընտրողների թիվը զգալիորեն գերազանցող քվեների քանակը։ Ընտրական հանձնաժողովի անդամները հետո ուղղումների հատուկ արձանագրություններ են լրացրել, երբեմն՝ մեկից ավելի։
Բացի այդ, ընտրական հանձնաժողովները, մտացածին պատրվակներով, չեն դիտարկել գրանցված խախտումների վերաբերյալ ընդդիմության գրեթե ոչ մի բողոք, իսկ դատարան ներկայացված բողոքները նույնպես ոչ մի ազդեցություն չեն ունեցել։ Հայցադիմումներով զբաղվող անձանց խոսքով՝ խախտումներն այնքան շատ են եղել, որ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ լիարժեք հայց ներկայացնելը ֆիզիկապես անհնար է եղել։
Այս կերպ անցկացված ընտրությունների արդյունքում իշխող կուսակցությունը գրեթե երկու տոկոս ավելի ձայն է հավաքել, քան ընդդիմադիր կուսակցությունների ձայների քանակը, որոնք այժմ միավորվել են և արտահերթ ընտրություններ են պահանջում։
Իշխանությունն, իր հերթին, վկայակոչում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության գնահատականները։ Այս սակավաթիվ առաքելությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով միակ օտարերկրյա առաքելությունն էր այդ ընտրություններում։ ԵԱՀԿ առաքելության առաջին հայտարարության համաձայն, որը հրապարակվել է ընտրությունների հաջորդ առավոտյան, ընտրությունները «մրցակցային են եղել, և, ընդհանուր առմամբ, պահպանվել են բոլոր ազատությունները։ Այնուամենայնիվ, ընտրողների վրա ճնշում գործադրելու լայնորեն տարածված մեղադրանքներն ու իշխող կուսակցության և պետության միջև սահմանների անորոշությունը խաթարել են հասարակության վստահությունն ընտրական գործընթացի որոշ ասպեկտների նկատմամբ»։
Մարտին հրապարակվել է առաքելության վերջնական հաշվետվությունը, որը կրկնում էր առաջին հայտարարությունն ու երկար խորհուրդներ էր պարունակում ընտրական գործընթացի բարելավման վերաբերյալ։
ԵԱՀԿ հայտարարությունների հիման վրա Եվրախորհրդի պատգամավորներն ուԵվրամիության ղեկավարները հայտարարում են, որ Վրաստանում ընտրություններն, ընդհանուր առմամբ, արդար և ազատ են եղել։ Այս մասին, մասնավորապես, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։
Ճգնաժամն ու բանակցությունները
Գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները միավորվել են արտահերթ ընտրությունների պահանջի շուրջ։ Հետագայում դրանցից մեկը՝ «Քաղաքացիներ» միավորումը, որն ընտրություններում մեկից մի փոքր ավելի ձայն է ստացել, համաձայնել է զբաղեցնել խորհրդարանում իր երկու տեղերը։ Բացի այդ, «Հայրենասերների դաշինքից» ընտրված հինգ պատգամավոր նույնպես խորհրդարան է անցել՝ ի հեճուկս կուսակցության ղեկավարության որոշման, և այնտեղ ձևավորել «Եվրոպական սոցիալիստներ» խմբակցությունը։
Ընդդիմությունը մայրաքաղաքում բողոքի մի քանի ակցիա է անցկացրել, որոնց մասնակցել է մինչև 10-15 հազար մարդ։ Սակայն սա իշխանության վրա տպավորություն չի գործել։ «Վրացական երազանքը» հայտարարել է, որ օրինականորեն մեծամասնություն է ստացել խորհրդարանում և չի պատրաստվում կատարել ընդդիմության պահանջները։
Վրացական ընդդիմության դեմ է նաև Վրաստանի արևմտյան գործընկերների կարծիքը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի, Եվրամիության ներկայացուցիչները և եվրախորհրդարանականները վրացական ընդդիմությանը կոչ են արել հրաժարվել բոյկոտից, քանի որ, ըստ իրենց, ցանկացած տարաձայնություն կարելի է լուծել միայն խորհրդարանական դեբատների ձևաչափով։
Փակուղային իրավիճակը շարունակվել է մինչև ճգնաժամի նոր ալիքը, որն առաջացրել է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի կալանքը։ Մելիան մեղադրվում է 2019 թ-ի հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների գործով, երբ Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավոր Գավրիլովի ներկայությամբ վրդովված ամբոխը ոստիկանության հետ կոնֆլիկտի մեջ էր մտել։
Նիկա Մելիան, որը պաշտոնապես տնային կալանքի տակ էր, ընտրություններից հետո անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ցուցադրաբար դեն էր նետել էլեկտրոնային թևնոցը։ Դրանից հետո դատարանը խափանման նոր միջոց էր սահմանել՝ գրավ, որը նա ցուցադրաբար հրաժարվել էր վճարել։
Փետրվարի 17-ին դատարանը նրա կալանքի մասին որոշում էր կայացրել։ Մելիան այդ ժամանակ փակվել էր կուսակցության գրասենյակում, որը շրջապատել էին նրա կողմնակիցները։ Իսկ հաջորդ օրը բոլորի համար անսպասելի կերպով հրաժարական էր տվել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, որն իր որոշումը հիմնավորել էր Մելիայի կալանքի հետ անհամաձայնությամբ։
Գախարիային այս պաշտոնում փոխարինել է 2013-2015 թթ-ին վարչապետի պաշտոնը զբաղեցրած Իրակլի Ղարիբաշվիլին՝ իշխող կուսակցության և ողջ երկրի ոչ ֆորմալ առաջնորդ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի ամենահավատարիմ կադրերից մեկը։
Արդյունքում՝ Մելիան կալանավորվել էր փետրվարի 23-ին ընդդիմադիր կուսակցության գրասենյակի գրոհի հետևանքով, որտեղ հատուկջոկատայինները ներխուժել էին տանիքից՝ այնտեղ բարձրանալով հրշեջ սանդուղքով։ Այս կալանքը բուռն վրդովմունք էր առաջացրել Վրաստանի արևմտյան գործընկերների շրջանում, որոնք այն քաղաքական են համարում և պահանջում անհապաղ ազատ արձակել Մելիային։
Որոշ ժամանակ անց իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ Մելիան կարող է ազատ արձակվել գրավը վճարելուց հետո։ Սակայն նա նախկինի պես հրաժարվում է վճարել՝ իր խափանման միջոցն ապօրինի համարելով։
ԱՄՆ դեսպանատան և Եվրամիության միջնորդությամբ և պնդմամբ՝ իշխանության և ընդդիմության միջև բանակցություններ սկսվեցին։ Ճգնաժամի հաղթահարմանն ակտիվորեն միացավ Եվրախորհրդի նախագահ Ժան Միշելը։
Մարտի 1-ին նա անձամբ Թբիլիսի ժամանեց և փորձեց հաշտեցնել իշխանությանն ու ընդդիմությանը՝ նրանց բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելով։ Դրանից բան դուրս չեկավ։ Իր առաջարկները ներկայացնելով՝ նա վերադարձավ Բրյուսել, սակայն կողմերը համաձայնության չեկան։
Այնուհետև, Միշելը Թբիլիսի ուղարկեց իր ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնին՝ բանակցությունները շարունակելու համար։ Սակայն այս առաքելությունը նույնպես ապարդյուն էր․ մարտի 31-ին՝ կուսակցությունների ներկայացուցիչների հետ լարված բանակցությունների երկու փուլից հետո, Դանիելսոնը ստիպված էր հրապարակավ արձանագրել, որ կուսակցություններից ոչ մեկը չի համաձայնել իր առաջարկներին։ Բանակցությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ նա հրապարակեց իր առաջարկներով փաստաթուղթը։
Սակայն իշխող կուսակցությանն ավելի քան երկու շաբաթ պետք եղավ՝ փաստաթղթի ստորագրման մասին որոշում կայացնելու համար։
Ինչո՞ւ, չնայած երկու կողմերի վրա Արևմուտքի ճնշմանը, այդպես էլ չհաջողվեց համաձայնության գալ
Իշխանության ներկայացուցիչները մշտապես ընդգծում էին, որ Վրաստանում որևէ ճգնաժամ չեն տեսնում։ «Վրացական երազանքը» կարծում է, որ լեգիտիմ կերպով ստացել է հաստատուն խորհրդարանական մեծամասնություն։ Եվ մինչ այս պահը «Երազանքին» ոչ ոք առանձնապես չի խանգարում երկիրը կառավարել այնպես, ինչպես այն ուզում է։ Ընդդիմության հետ բանակցություններին իշխող կուսակցությունը համաձայնել է միայն արևմտյան դաշնակիցների համառ առաջարկներից հետո։
Արևմտյան քաղաքական գործիչների ցանկացած հայտարարություն, որը կարելի է գնահատել որպես ընդդիմության քննադատություն, միայն ամրապնդում է «Վրացական երազանքի» անսասան դիրքորոշումը և ճնշումն ավելացնելու լրացուցիչ առիթ տալիս իշխանություններին։
Այնպիսի տպավորություն է, որ «Վրացական երազանքը» ոչ թե բանակցությունների հաջողությամբ էր հետաքրքրված, այլ նրանով, որ դրանց տապալման համար մեղավորն ընդդիմությունը լինի։ Հատկապես՝ արևմտյան գործընկերների աչքում։
Ինչ վերաբերում է ընդդիմության փաստարկներին, ինչպես բազմիցս ընդգծել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, իրենց գլխավոր պահանջներն են արտահերթ ընտրություններն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը, այդ թվում՝ Նիկա Մելիայի և «Մտավարի արխի» ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադիր Գիորգի Ռուրուայի, որն անցյալ տարի դատապարտվել է զենքի ապօրինի պահման համար։
Ընդդիմության առաջնորդները պնդում են, որ դրանք իրենց ընտրողների գլխավոր պահանջներն են, և առանց դրանք բավարարելու՝ իրենք չեն կարող մասնակցել խորհրդարանի աշխատանքին։
Անգամ եթե հոկտեմբերին ընտրություններն ազնիվ անցկացվեին, վարչապետի հրաժարականն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդի կալանքը բավարար առիթ էին արտահերթ ընտրությունների համար, կարծում են ընդդիմադիրները։
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման համաձայն, որը հրապարակվել է ապրիլի 6-ին, խորհրդարանի բոյկոտի կողմնակիցների և հակառակորդների թիվը Վրաստանում հարցվածների շրջանում կիսվել է՝ 45-ական տոկոս։
Արդյո՞ք ելք կա
Վրաստանում քաղաքական կյանքն ու մեդիան ծայրահեղ բևեռացված են։ Ինչը ևս մեկ անգամ խոսում է համաձայնության և փոխզիջման հասնելու անհրաժեշտության մասին։ Իշխանությանն ու ընդդիմությանը փոխզիջման կոչ են անում արևմտյան գործընկերները։
Ճգնաժամի լուծման ճանապարհին գլխավոր խոչընդոտն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը հնարավոր փոխզիջումը յուրովի է տեսնում։
Ընդդիմության տեսանկյունից՝ իշխանությունը պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին և համաձայնի արտահերթ ընտրություններ կամ (այսպիսի տարբերակ էլ է հնչել) արտահերթ ընտրությունների նշանակման մասին հանրաքվե անցկացնել։
Արևմտյան գործընկերների և միջնորդների տեսանկյունից՝ փոխզիջումն այն է, որ ընդդիմությունը համաձայնում է զբաղեցնել իր տեղերը խորհրդարանում, իսկ իշխանական կուսակցությունը նախաձեռնում է ընտրական վարչակազմում, դատարանում և իրավապահ մարմիններում բարեփոխումներ անցկացնել։
Մինչ օրս պարզ չէր, թե ինչ բովանդակություն են վերագրում իշխանությունները «փոխզիջում» հասակցությանը, որի անհրաժեշտության մասին անընդհատ հայտարարում էին։ Քանի որ ո՛չ արտահերթ ընտրություններ անցկացնել, ո՛չ ընդդիմադիրներին ազատ արձակել՝ նրանք չէին պատրաստվում։
Սակայն արդյունքում՝ իշխող կուսակցությունը ստորագրեց Դանիելսոնի փաստաթուղթը՝ համաձայնելով կրճատված բարեփոխումների․ այսպես են փաստաթուղթը գնահատել ընդդիմության որոշ ներկայացուցիչներ։
Սակայն այդպիսի բարեփոխումներն ունակ չեն լուծելու գլխավոր խնդիրը՝ Բիձինա Իվանիշվիլիի ոչ ֆորմալ կառավարումը, որի փաստացի ենթակայության տակ են իշխանության բոլոր ճյուղերը՝ սկսած նախարարներից և դատավորներից, վերջացրած գյուղապետներով։
Վրաստանի բյուջեին ու տնտեսությանն անհամաչափ անձնական կարողություն ունեցող մարդու («Ֆորբսն» այն գնահատել է 4,8 մլրդ դոլար)՝ ժողովրդավարության վրա վնասակար ազդեցության օրինակներից մեկը 2018 թ-ի նախագահական ընտրություններն էին։ Այդ ժամանակ Իվանիշվիլին սատարում էր Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը։ Երկրորդ փուլից առաջ իշխանությունը հայտարարեց, որ կվճարի ավելի քան 600 հազար պարտապանների պարտքերը (Վրաստանի 3,7 մլն բնակչության պարագայում) Իվանիշվիլիի և նրա հիմնադրամի անձնական միջոցներից։
Թեև այս փաստը, որը շատ նման էր ընտրակաշառքի, շատ էին քննադատում, այդ թվում՝ Արևմուտքում, այդ քննադատությունն Իվանիշվիլիին չխանգարեց շարունակել կառավարել կուլիսների հետևից և իր համար շահեկան արդյունքներ ապահովել 2020 թ-ի վճռորոշ խորհրդարանական ընտրություններում։
Մյուս մեծ խնդիրը, որը մինչ օրս չի հաջողվել լուծել, քաղաքական ենթատեքստ ունեցող կալանքներն են և քրեական գործերը։
Ինչպես վրացական ընդդիմությունը, այնպես էլ արևմտյան քաղաքական գործիչները Մելիայի կալանքը քաղաքական են անվանել։
2020 թ-ի մարտին ԵՄ և ԱՄՆ դեսպանների շնորհիվ՝ Վրաստանի ընդդիմության և իշխանության միջև համաձայնագիր էր կնքվել, որի կետերից մեկը նախատեսում էր հրաժարում քրեական գործերից, որոնք կարող են մեկնաբանվել որպես քաղաքական։
Ընդդիմությունն այն ժամանակ հայտարարել էր, որ իշխանությունների հետ բանավոր համաձայնություն է ձեռք բերվել Թբիլիսիի արդեն դատապարտված նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի և պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի, ինչպես նաև քննության տակ գտնվող Գիորգի Ռուրուայի ազատ արձակման վերաբերյալ։ Ուգուլավային ու Օկրուաշվիլիին շուտով ներում էր շնորհել նախագահը, իսկ Ռուրուան, որը կալանավորվել էր զենքի պահման համար, այդպես էլ ազատ չէր արձակվել և ավելի ուշ դատապարտվել էր։
Այս անձանց Վրաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ Եվրախորհրդի և ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ բացահայտ «քաղբանտարկյալ» անվանեցին։
Այն պատճառով, որ Ռուրուան ազատ չի արձակվել, ընդդիմությունն իշխանությանը մեղադրել է համաձայնագրի խախտման համար, սակայն «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հայտարարել են, որ ազատ արձակման մասին ոչ մի համաձայնագիր էլ չի եղել, և Վրաստանում քաղբանտարկյալներ չկան, իսկ երկրում «օրենքի գերակայություն է»։ Եվ այս ամենը՝ չնայած նրան, որ Ռուրուայի քաղբանտարկյալ լինելու մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպը, իսկ նրան ազատ արձակել պահանջել են արևմտյան քաղաքական գործիչները։
Իշխանությունից ոչ այնքան անկախ դատական և իրավապահ մարմինները Վրաստանի գլխավոր խնդիրներից մեկն են, ինչի մասին ոչ երկիմաստ հայտարարել է Եվրամիության ղեկավար Ժան Միշելը Թբիլիսի կատարած իր այցի ժամանակ, և բազմիցս հայտարարում են միջազգային կազմակերպություններն ու Վրաստանի արևմտյան դաշնակիցները։ Սակայն այս հարցում ստատուս քվոյի փոփոխման համար որևէ քաղաքական կամք իշխանական կուսակցության կողմից չի երևում՝ չնայած միջազգային ճնշմանը։
Ընդդիմությունը հիասթափվել է բանակցություններից և բողոքի նոր ակցիաներ հայտարարել մայիսի 15-ից, իսկ մինչ այդ մտադիր է հանդիպել շրջանների բնակիչների հետ։
Ապրիլի 14-ին ԱՄՆ Պետդեպը հատուկ հայտարարություն է հրապարակել, որում հիասթափություն է արտահայտել նրանից, որ Վրաստանում կոնֆլիկտի մեջ գտնվող քաղաքական կողմերը «երկրի շահերը սեփական քաղաքական շահերից վեր չեն դասում»։ Գլխավոր պատասխանատվությունն, ըստ Վաշինգտոնի, կրում է իշխող կուսակցությունը։
Այս հայտարարությունից անմիջապես հետո խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ «Վրացական երազանքը» միակողմանի կարգով կստորագրի Դանիելսոնի փաստաթուղթը։ Սակայն այդ փաստաթղթի կետերից ոչ մեկն իրականում չի նպաստում հիմնական խնդիրների լուծմանը, որոնք կանգնած են Վրաստանի ժողովրդավարության առջև։