Ինչպե՞ս պայքարել ֆեյքերի դեմ, կամ ինչո՞ւ է անհրաժեշտ ֆակտչեքինգը
Ֆակտչեքինգը կամ տեղեկությունների, այդ թվում՝ քաղաքական գործիչների հայտարարությունների ու խոստումների արժանահավատության ստուգումը զարգացող միտում է 21–րդ դարի լրագրությունում։ Ֆակտչեքերները՝ տեղեկությունները ստուգողները, աշխատում են աշխարհի շատ երկրներում և օգնում են հասարակությանը տարանջատել սուտը, կեղծ լուրերն ու պոպուլիզմը ճշմարտությունիից։ Coda story–ին հավաքել է տարբեր երկրների ֆակտչեքերների պատմությունները․ մանրամասներ այն մասին, թե ինչպես են նրանք աշխատում և ինչ խնդիրների են բախվում իրենց երկրներում։
Նյութի ամբողջական տարբերակը՝ Coda story կայքում
ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թ–ի իր հանրային ելույթներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ծառերը օդը քառակի անգամ ավելի շատ են աղտոտում, քան ավտոմեքենաները։ Մարդիկ դա ծաղրի առարկա էին դարձրել, իսկ գիտնականները՝ ստուգել նրա խոսքերն ու հերքել դրանք։
Դրանից է սկսվել ֆակտչեքինգը։ 2000-ականների սկզբին ԱՄՆ–ում մի քանի ֆակտչեք–նախագիծ է հայտնվել՝ PolitiFact–ը, Factcheck.org–ն ու The Washington Post–ին կից Fact Checker–ը։ Ավելի ուշ քաղաքական գործիչների հայտարարությունների և փաստերի ստուգման միտումը սկսել է տարածվել ողջ աշխարհում։ Սակայն ֆակտչեքինգն առանձնահատուկ պոպուլյար է դարձել 2016 թ–ին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ։
ԱՄՆ Փոյնթերի անվան մեդիահետազտությունների ինստիտուտին կից Ֆակտչեքերների միջազգային ցանց (IFCN) է գործում, որը միավորում է լրագրողների աշխարհի տարբեր ծայրերից՝ Իտալիայից և Բրազիլիայից մինչև Զիմբաբվե և Ավստրալիա։ Ըստ Reporter’s Lab–ի տվյալների՝ ֆակտչեքինգային հարթակներ են գործում 150 երկրներում։
Սակայն միայն ոչ ավտորիտար ռեժիմով երկրներում։ Ռուսաստանում, ըստ Reporter’s Lab–ի տվյալների, ֆակտչեքինգային ոչ մի հարթակ չկա։ Նույնպիսի իրավիճակ է Հյուսիսային Կորեայում։ Չինաստանում մեկ նախագիծ կա, որը նվիրված է առողջապահության ոլորտում ապատեղեկատվությանը, սակայն այն ամբողջությամբ տարանջատված է քաղաքականությունից՝ երկրում տաբու համարվող թեմայից։
The Bellingcat
Ամենահայտնի նախագծերից մեկը բրիտանացի լրագրող Էլիոթ Հիգինսի հիմնադրած The Bellingcat–ն է, որը սկսվել է 2014 թ–ին Արևելյան Ուկրաինայում մալայզիական «Բոյինգի» վթարից հետո ռուսական կողմի ֆեյքերը բացահայտելուց։
Պատմությունների մեծ մասը, որոնք հետաքննում է The Bellingcat–ը, կապված են Ռուսաստանի հետ։ Հիգինսն ասում է, որ դա միտումնավոր չի արվում․ թեմաները, որոնցով զբաղվում է պարբերականը, հաճախ կախված են հենց լրագրողների հետաքրքրությունից։ Սակայն, ինչպես նշում է նա, ֆեյքերը դարձել են ռուսական պետության շփման ռազմավարության մի մասը։
Վրաստան․ կուսակցության համար աշխատելու մեղադրանքներ
FactCheck.ge–ն Վրաստանի միակ ֆակտչեքինգային նախագիծն է։ Այն գործարկվել է 2013 թ–ին GRASS վերլուծական կենտրոնի կողմից։ Դրա գլխավոր նպատակը պետության պատասխանատվության մակարդակի բարձրացումն է և երկրում ավելի թափանցիկ և մրցակցային քաղաքական կլիմայի ստեղծումը։ FactCheck.ge– ում փորձագետներ կան էկոնոմիկայի, ենթակառուցվածքների, բժշկության, կրթության ոլորտներից։
Մարիամ Ցիցիկաշվիլի, նախագծի մենեջեր․
Ռուսական պրոպագանդան ուղղված է հետխորհրդային երկրներին, որոնք Արևմտյան ուղղվածություն ունեն։ Վրաստանը Կրեմլին հավատարիմ լրատվամիջոցների համար գլխավոր թիրախներից է, և դա կարևոր թեմա է մեզ համար։
Համավարակի ընթացքում մենք ռուսամետ մեդիայում նկատել ենք նոր միտում։ Եթե նախկինում, նրանց խոսքով, Արևմուտքում ամեն ինչ վատ էր բրեքսիթի կամ միգրանտների պատճառով, ապա այժմ նրանք սկսել են բոլոր խնդիրները բացատրել կորոնավիրուսով․ իբր, տեսեք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, նայեք Իտալիայի թվերին։ Նրանք փորձում էին տպավորություն ստեղծել, որ միայն «ճիշտ» երկրները՝ Ռուսաստանն ու Չինաստանը, կարող են օգնել հաղթահարել համավարակը։
Վրաստանի որոշ շրջաններում ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչներն օրակարգում ներառված չեն, որովհետև իշխանությունները խոսում են միայն վրացերեն։ Եվ նրանք էլ այլ ընտրություն չունեն, քան հավատալ ռուսալեզու ալիքներին, որոնք սկզբից ընդհանրապես հերքում էին վարակն, այնուհետև սկսեցին խոսել պատվաստանյութի մասին կյանքի համար վտանգավորության մասին։ Այդ պատճառով մարդիկ հրաժարվում էին Covid-19–ի թեստ հանձնել, արդյունքում՝ ամբողջական գյուղեր պարզապես մեկուսացվեցին և երկարաժամկետ կարանտինի տակ առնվեցին։
Մեզ հաճախ են քննադատում և փորձում «բռնեցնել», թե որևէ կուսակցության համար ենք աշխատում։ Երբ անկախ նախագիծ ես իրականցնում, քեզ կպցնում են այդ պահին գործող ցանկացած քաղաքական ուժի հարելու պիտակ։ Սակայն ես հավատում եմ, որ այդ բոլոր անձինք, ովքեր մեզ փորձում են մեղադրել, հոգու խորքում հասկանում են, որ մենք աշխատում ենք հանուն ճշմարտության։
Թուրքիա։ Ի՞նչ անել, երբ բնակչության 57%–ը խուսափում է լուրերից
Նախագիծը գործարկվել է 2016 թ–ին։ Teyit–ը միակ անկախ հարթակն է Թուրքիայում, որը զբաղվում է սոցցանցերի և պետական լրատվամիջոցների ֆակտչեքով։
Գուլին Չավուշ, Teyit–ի գլխավոր խմբագիր․
Մեր ամենագլխավոր ձեռքբերումն այն է, որ 2019 թ–ի հոկտեմբերին մեր տեսաֆակտչեքերը սկսեցին հեռարձակվել Ստամբուլի հանրային տրանսպորտում։ Մենք օրական չորս միլիոն դիտում ունենք։ 2020 թ–ի սկզբից Teyit–ի կոնտենտը հեռարձակվում է քաղաքի ավելի քան 8 հազար էկրաններով։
Մեր համագործակցությունը գլխավոր թուրքական հեռուստաալիքներից մեկի՝ Habertürk TV–ի հետ սկսվել է այն ֆեյքի բացահայտումից, թե իբր գեների շնորհիվ թուրքերին կորոնավիրուսով վարակվելու վտանգ չի սպառնում։ Այժմ ամեն օր մենք նրանց հետ կիսվում ենք համավարակի հետ կապված նոր ֆեյքերի մասին երեք տեսանյութերով, խորհուրդներ ենք տալիս, թե ինչպես բացահայտել կեղծ տեղեկությունները WhatsApp–ի խմբային չատերում։
Ամեն ինչից զատ մենք պայմանագիր ունենք Facebook–ի հետ․ մենք զբաղվում ենք հրապարակումների ստուգմամբ և հրապարակում արդյունքները Թուրքիային վերաբերող տվյալների մասով։
Թուրքիայում բնակչության 57%–ը խուսափում է լուրերից։ Մենք ուզում ենք փոխել դա, նոր մեդիա կառուցել, օգնել նորեկներին լրագրությունում և ֆակտչեքինգում և լրագրողների նոր սերունդ ստեղծել։
Ուկրաինա․ քաղաքական գործիչները հաճախ ստում են
VoxCheck–ը VoxUkraine անկախ վերլուծական հարթակի մի մասն է, որը գործարկվել է 2015 թ–ի ցույցերից հետո։ VoxCheck–ն իր ծրագիրն ունի հեռուստատեսությամբ, իսկ համավարակի փուլում գործարկել է «Мисливець за фейками» նախագիծը՝ 4-րոպեանոց տեսանյութեր կորոնավիրուսային ֆեյքերի մասին։
Մաքսիմ Սկուբենկո, VoxCheck նախագծի ղեկավար․
Մենք էկոնոմիկայի մասին բլոգ էինք վարում, քանի որ բոլոր խնդիրներն ու քաղաքական գործընթացները երկրում արդյունքում հենց դրան են հանգում։ Սակայն ընթացքում եկանք այն եզրակացության, որ բլոգը շատ քիչ է։ Բացի այդ, ուկրաինացի քաղաքական գործիչները շատ են սիրում ստել, մանիպուլյացիոն և պոպուլիստական հայտարարություններ անել։
Մեր գլխավոր ձեռքբերումներից մեկը հեռուստաալիքների և ռադիոկայանների հետ համագործակցությունն է։ Մենք շատ ենք հպարտանում Ֆեյսբուքի հետ համագործակցությամբ, որտեղ մեր ֆակտչեքերները զբաղվում են կեղծ լուրերի ստուգմամբ, տեղեկատվական գրագիտության բարձրացմամբ և սփամերներին խանգարում են ֆինանսական շահույթ ստանալ։
Մեր ևս մեկ կարևոր աշխատանքն, ըստ իս, քաղաքական գործիչների շրջանում ստի վարկանիշն է, ինչպես նաև «Ստի անթոլոգիան», որը ֆեյքերի տվյալների և տարբեր թեմաներով՝ բժշկությունից մինչև կոռուպցիա, դրանց բացահայտումների բազա է։
Երբ կարողանում ես մարդկանց ճշմարտությունը հասցնել հենց փաստերով, դա շատ ոգևորում է։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ բոլորը փորձում են մանիպուլյացիաների ենթարկել այլոց։ Եվ յուրաքանչյուր ոք, ով իր կարծիքը փոխել է մեր շնորհիվ, մեզ համար հաղթանակ է։ Անգամ մեկ մարդը, որն ինչ–որ բան է իմացել, գնալու է և պատմելու է էլի ինչ–որ մեկին։ Դա փոխելու է երկիրը։ Երբ մարդիկ սկսում են մտածել, նրանք երկիրը դեպի լավն են փոխում։ Փոքր քայլերով դրան ենք գալու։