Ադրբեջա՞նը, թե՞ Սաֆարովը․ ո՞վ պետք է պատասխան տա հայ սպայի սպանության համար
Հայ փաստաբանները բողոքարկել են Հունգարիայում 2004 թ–ին հայ զինծառայողի դաժան սպանության մասին գործով Եվրոպական դատարանի վճիռը։
2020 թ–ի մայիսին ՄԻԵԴ–ը վճիռ էր կայացրել «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով, որի համաձայն՝ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի երկու հոդված՝ կյանքի իրավունքի և խտրականության արգելքի մասին։ Ավելի վաղ Բաքուն ներում էր շնորհել ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին, որը մեղադրվում էր հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ։
Ընդ որում, ըստ հայ փաստաբանների, դատարանն Ադրբեջանին պատասխանատու չի ճանաչել ինքնին հանցագործության համար։
●Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է Ադրբեջանի մեղքը հայ զինվորականի սպանության գործով
●Հայաստանում աշխարհազոր են ստեղծում «հավանական հակառակորդին դիմակայելու համար»
Սաֆարովի գործը
2004 թ–ի հունվարին ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովն ադրբեջանցի մեկ այլ սպայի հետ Բուդապեշտ էին մեկնել անգլերենի եռամսյա դասընթացների, որոնք կազմակերպել էր ՆԱՏՕ–ն։ Դրանց մասնակցում էին նաև երկու հայ սպա՝ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը։ Բոլոր մասնակիցները տեղավորվել էին Ազգային պաշտպանության համալսարանի հանրակացարանում։
Փետրվարի 19–ի վաղ առավոտյան Սաֆարովը մտել էր Մարգարյանի սենյակ և սպանել նրան կացինով՝ 16 հարված հասցնելով գլխին և պարանոցին։ Այնուհետև նա պատրաստվում էր սպանել Մակուչյանին, սակայն նրա սենյակի դուռը փակ էր եղել և այդ ընթացքում դեպքի վայր էր արդեն ժամանել ոստիկանությունը։
Իր արարքը Սաֆարովը սկզբից բացատրել էր նրանով, որ ծնվել է Ջաբրայիլի շրջանում (որը ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի վերահսկողության տակ է) և հայերի նկատմամբ ատելություն է զգում։ Ավելի ուշ դատարանում նա ասել էր, որ Մարգարյանն ու Մակուչյանը ծաղրել և սադրել են իրեն։
2006 թ–ին հունգարական դատարանը Սաֆարովին մեղավոր էր ճանաչել ծանրացուցիչ հանգամանքներով սպանության համար և ցմահ ազատազրկման դատապարտել 30 տարվա ընթացքում առանց ներման դիմումի իրավունքի։
Հունգարական բանտում Սաֆարովն անցկացրեց ընդհանուր առմամբ ութ տարի։ 2012 թ–ին Ադրբեջանը կարողացավ հասնել նրա արտահանձնմանն այն պայմանով, որ մնացած ժամկետը նա կրի հայրենիքում։
Սակայն Ադրբեջան ժամանելուց անմիջապես հետո նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց Սաֆարովին։ Բացի այդ, նրան ավելի բարձր կոչում շնորհեցին՝ մայորի, և բնակարան նվիրեցին։
Այս պամությունը միջազգային սկանդալ առաջացրեց, իսկ Ադրբեջանում Սաֆարովի արարքի վերաբերյալ կարծիքները կիսվեցին․ ոմանք նրան հերոս հռչակեցին, մյուսները համարեցին հանցագործ, որը խայտառակել է երկիրը։
Ի՞նչ են ասում հայ փաստաբանները
Հայցվորների փաստբանները ՄԻԵԴ դիմեցին՝ բողոք նեկայացնելով, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ ազատ արձակելով արտահանձնված սպա Ռամիլ Սաֆարովին։
Հայցվորների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ, թեև դատարանն արձանագրել է Ադրբեջանի մեղքը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի և խտրականության արգելքի խախտման համար։
Սակայն, նրա գրառման համաձայն, «Եվրոպական դատարանն ինքնին Գուրգեն Մարգարյանի սպանությունը և Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձը չվերագրեց Ադրբեջանին՝ հենվելով Հունգարական դատավճռի այն հետևություն վրա, որ այդ արարքները կատարելիս Սաֆարովը գործել է մասնավոր կարգավիճակով: Եվրոպական դատարանը նաև պատասխանատվությունից ազատեց Հունգարիային»:
Տուժածների փաստաբանները տեղեկացրել են, որ՝ նկատի ունենալով այս գործի իրակավան կարևորությունը և դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքությունը, մինչև օրինական ուժի մեջ մտնելը Եվրոպական դատարանի Պալատի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատում: