«Դիվանագիտական ճեղքումներ չեղան». Փաշինյան-Էրդողան ստամբուլյան հանդիպման մասին
Փաշինյան-Էրդողան ստամբուլյան հանդիպումը
Ստամբուլում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Փաշինյանը Թուրքիա է մեկնել Էրդողանի հրավերով՝ աշխատանքային այցով:
Սա երկու երկրների ղեկավարների երրորդ հանդիպումն է, սակայն կարելի է գնահատել որպես առաջին պաշտոնական բանակցություն։ Մինչ այս նրանք հանդիպել են արտերկրում կազմակերպված միջոցառումների ժամանակ՝ 2022 թ.-ի հոկտեմբերին Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում և 2024 թ.-ի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում:
Հայկական կողմը հանդիպման վերաբերյալ սուղ տեղեկություններ է հրապարակել: Նշվում է, որ Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։
«Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասում է՝ այցն ինքնին պատմական էր, սակայն ժամանակը ցույց կտա՝ որքանով են պատմական դրա արդյունքները:
«Կարծում եմ՝ մեր ակնկալիքները պետք է իրատեսության շրջանակներում լինեն»,- JAMnews-ի հետ զրույցում նկատել է նա և հավելել՝ դիվանագիտական ճեղքումներ սպասել պետք չէ:
Հայաստանի վարչապետը երկրորդ անգամ է այցելում Թուրքիա: 2023 թ.-ի հունիսին նա Անկարայում մասնակցել է Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Երկու երկրների ղեկավարները շաբաթներ առաջ էին հեռախոսազրույց ունեցել: Փաշինյանն ու Էրդողանը քննարկել էին Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
- Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը․ ՀՀ իշխանությունները հետքա՞յլ են անում ճանաչման օրակարգից
- Հայ-թուրքական սահմանը 10 օրով բացվել է․ ի՞նչ սպասել
- «Աննախադեպ առիթ և ձևաչափ»․ Փաշինյանի հարցազրույցը թուրքական ԶԼՄ-ներին
- «Հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված որոշակի ճնշում կա Էրդողանի վրա»․ կարծիք
Ի՞նչ հարցերի են անդրադարձել ՀՀ-ի և Թուրքիայի ղեկավարները
Վարչապետ Փաշինյանի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրուցակիցները
- անդրադարձել են տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին,
- մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։
Ասվում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է «Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը»։
Վարչապետի հանդիպումը Թուրքիայի հայ համայնքի հետ
Երկկողմ հանդիպումից ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն իր խոսքում նշել է՝ իր այցն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Հույս է հայտնել, որ Էրդողանի հետ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
Հայաստանի ղեկավարը շեշտել է՝ այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները, իսկ ընթացող գործընթացը հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը «բխում է երկու երկրների շահերից»:
«Վարչապետ Փաշինյանը շեշտել է Թուրքիայի հայ համայնքի դերը՝ միջպետական հարաբերությունների հաստատման և երկխոսության խորացման գործընթացում»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ներկաները Փաշինյանին հարցեր են ուղղել ինչպես այցի, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի, տարածաշրջանային զարգացումների, «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Դատելով հրապարակված լուսանկարներից՝ վարչապետը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը վերաբերում է տարածաշրջանի հաղորդակցությունների բացմանը:



Փաշինյանի հանդիպումը Թուրքիայի հայ համայնքի հետ, լուսանկարները՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը նաև հայկական եկեղեցի է այցելել:
«Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանն ու հրապարակել տեսանյութ:
Կարգավորման գործընթաց կա, արդյունք՝ դեռ ոչ
1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքիան դե ֆակտո ճանաչեց Հայաստանը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ 1993 թվականից Թուրքիան միակողմանիորեն փակել է իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ։ Միջազգային հանրության ջանքերով 1995 թվականին օդային սահմանը բացվեց, սակայն ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հայտարարեցին կարգավորման գործընթացի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին։ Երկրները հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին Ռուբեն Ռուբինյանին և Սերդար Քըլըչին: 2022 թվականից մինչ օրս կայացել է Ռուբինյան-Քըլըչ 5 հանդիպում: Առաջինը կազմակերպվել է Մոսկվայում, հաջորդ երեքը՝ Վիեննայում, իսկ վերջինը՝ 2024 թվականի հուլիսին հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա-Ալիջան անցակետում:
Այդ հանդիպումներից հետո Երևանն ու Անկարան հայտարարել են առանց նախապայմանների բանակցությունները շարունակելու մասին, հնչեցրել նաև ձեռքբերված պայմանավորվածությունները՝
- Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար,
- գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը,
- փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
Մինչ օրս, սակայն, նշված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել:
Թեև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է երկկողմ ձևաչափով և կողմերը հայտարարում են առանց նախապայմանների կարգավորման մասին, Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ ընթացող գործընթացը կապել հայ-ադրբեջանական բանակցությունների հետ:
Հայ փորձագետները կարծում են՝ կան նախապայմաններ, որոնց շարքում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարումը: Նկատում են՝ հաճախ նախապայմանները հնչեցնում է ոչ թե Անկարան, այլ Բաքուն:
Մեկնաբանություն
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարևորում է այն հանգամանքը, որ Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիա և երկկողմ ձևաչափով հանդիպում է կայացել: Ասում է՝ այդ հանդիպումից հայկական կողմի ակնկալիքները պետք է լինեն իրատեսության շրջանակներում:
«Թուրքիայի համար չափազանց կարևոր նշանակություն ունեն հարաբերություններն Ադրբեջանի հետ: Ակնկալել, որ Թուրքիան դրա վրայով կանցնի և միակողմանի կերպով կգնա ՀՀ-ի հետ դիվանագիտական ճեղքումների, իրատեսական չէ»,- նկատում է նա:
Քաղաքագետի խոսքով՝ Երևանը կարող է ակնկալել, որ Անկարան կակտիվացնի Բաքվին ուղղված հորդորները՝ հնարավորինս արագ Երևանի հետ պայմանագիր կնքել:
Մեհրաբյանն անդրադարձել է նաև քննարկվող ամենախնդրահարույց հարցին՝ տարածաշրջանի հաղորդակցությունների բացմանը: Նկատել է՝ Իրան-Իսրայել հակամարտությամբ պայմանավորված այժմ Հարավային Կովկասով են անցնում միջմայրցամաքային չվերթները, ուրեմն ինչո՞ւ չի կարելի նույնն անել գետնի վրա:
Ասում է՝ հնարավոր է գտնել փոխզիջումային լուծում, որը չի ենթադրի միջանցքային տրամաբանություն: Դրա համար, ըստ փորձագետի, անհրաժեշտ է միայն Անկարայի քաղաքական կամքը.
«Եթե Թուրքիան դա առաջնահերթություն համարի, ունի Ադրբեջանի նկատմամբ բավարար լծակներ որոշումն իրականություն դարձնելու համար: Ադրբեջանը մեծ ռիսկի տակ կմտնի, եթե Եվրոպայից Ասիա տանող ճանապարհին վերածվի թիվ մեկ պրոբլեմի»:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական պայմանավորվածությանը, մասնավորապես՝ երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար սահմանի բացմանը, քաղաքագետի խոսքով՝ այն պետք է ի կատար ածվի: Ասում է՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումը զգուշավոր լավատեսություն է ներշնչում:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյան-Էրդողան ստամբուլյան հանդիպումը