Փաշինյան-Ալիև երրորդ դեմ առ դեմ հանդիպումը Բրյուսելում. «քննարկումն անկեղծ և արդյունավետ էր»
Փաշինյան-Ալիև հանդիպում Բրյուսելում
Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հերթական հանդիպումը։ Բանակցությունների ավարտին Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Մենք կենտրոնացել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացման վրա։ Քննարկումն անկեղծ և արդյունավետ էր։ Մենք դիտարկել ենք հարցերի ողջ շրջանակը։ Մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, այդ թվում՝ ականազերծման, ինչպես նաև պահվող անձանց ազատ արձակմանն ու անհետ կորածների ճակատագրի պարզմանն ուղղված ջանքերը»։
Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի սկզբին։ Այդ ժամանակ կողմերը պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության վերահսկման հանձնաժողով։ Հանձնաժողովի աշխատանքները, սակայն, դեռևս չեն մեկնարկել։
Այս պահի դրությամբ հայտնի մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությունների մասին, ինչպես նաև մեկնաբանություններ Երևանից և Բաքվից
Եվրոպայի խորհրդի նախագահի հայտարարությունը
Շառլ Միշելի հայտարարության մեջ բանակցությունների արդյունքները ներկայացված են կետերով․
«Մենք հասանք հետևյալ արդյունքներին՝
Սահմանային խնդիրներ
Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերում են սահմանազատմանն ու նրան, թե ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ։
Հաղորդակցություններ
Ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների հարցում:
Մասնավորապես՝ համաձայնեցվել են միջազգային փոխադրումների համատեքստում սահմանային հսկողության, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաև մաքսատուրքերի սկզբունքները։ Փոխվարչապետներն այս աշխատանքը կշարունակեն առաջիկա օրերին։
Խաղաղության պայմանագիր
Ղեկավարները պայմանավորվեցին առաջ տանել քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրի շուրջ, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերն առաջ կտանեն այս գործընթացը։ Ի հավելումն սրան, ես նաև երկու երկրների ղեկավարներին կոչ եմ արել դիտարկել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը։
Սոցիալ-տնտեսական զարգացում
ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որի նպատակն է տնտեսական զարգացման ապահովումը՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:
Նաև շեշտել եմ բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելու կարևորությունը։ ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունն այս հարցում: Մենք պայմանավորվեցինք սերտ կապի մեջ մնալ, նույն ձևաչափով նորից կհանդիպենք հուլիս-օգոստոս ամիսներին»:
Տեղեկություններ Երևանից
Հանդիպման նախօրեին Հայաստանում ակտիվորեն քննարկվում էր որևէ փաստաթղթի ստորագրման հնարավորությունը։ Առանձնահատուկ անհանգստություն էին առաջացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին ենթադրություններն, ըստ որոնց տարածքային ամբողջականության ճանաչմամբ Ադրբեջանի կազմում է ներառվելու նաև Լեռնային Ղարաբաղը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ստիպված եղավ հայտարարել, որ որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ։
Ֆոնային իրադարձություններ Հայաստանում
Հայաստանի վարչապետը մեկնել էր Բրյուսել բանակցությունների՝ իր հրաժարականի պահանջով ակտիվ փողոցային պայքարի ֆոնին։ Մոտ մեկ ամիս է, ինչ ընդդիմության կողմնակիցները փակում են փողոցներ, իրականացնում երթեր ու հանրահավաքներ, որոնց ժամանակ Նիկոլ Փաշինյանին ներկայացնում են որպես «ազգային շահերի դավաճան», պահանջում են իշխանափոխություն՝ թույլ չտալու համար, որ ներկայիս վարչապետը համաձայնի Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի։
Բրյուսելյան հանդիպման նախօրեին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Գերագույն հոգևոր խորհուրդը։ Հայաստանի իշխանություններին ուղղված հայտարարությունում խոսք է գնում՝
- «Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հանդեպ ադրբեջանական իշխանությունների դատապարտելի թշնամական վերաբերմունքի,
- Հայաստանի և Արցախի սահմաններին պարբերաբար հրահրվող ռազմական սադրանքների,
- ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման,
- ռազմագերիների պահման,
- Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման մասին»:
Սրա հետ կապված, ինչպես նաև հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստը, խորհուրդը կոչ է արել Հայաստանի իշխանություններին «զգոնություն դրսևորել, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չդառնա»։
Հայտարարության մեջ նաև ասվում է.
«Խաղաղությունը չի կարող հաստատվել ազգային արժանապատվության նվաստացման հաշվին, հայրենի պետության տարածքային ամբողջականության հանդեպ չդադարող ոտնձգությունների, ռազմագերիների առկայության, Ադրբեջանի շարունակական սպառնալիքների և հայատյացության քարոզչության պայմաններում։ Խաղաղությունը պետք է հիմնվի արդարության, արժանապատվության և իրավունքների հարգման սկզբունքների վրա։
Անկախ առկա ճնշումներից և արտաքին սպառնալիքներից, առավել ևս ներհասարակական բևեռացվածության պայմաններում՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր, չդրսևորվի զիջողականություն ազգի հիմնարար իրավունքների և պատմական արդարության հետապնդման հանձնառության մեջ»։
Մեկնաբանություն Երևանից
Պատմաբան, քաղաքագետ Արեգ Քոչինյանը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում տիրող իրավիճակը և Եվրոպայում կազմակերպված բանակցություններում հայկական կողմի հնարավոր մոտեցումները.
«Հայաստանին խաղաղությունն անհրաժեշտ է։ Հայաստանի առջև կա խաղաղության հրամայական։ Բայց թե գործող իշխանությունները ինչքանով են պատրաստ այսրոպեական հասարակական տրամադրություններին տուրք չտալու և գնալու նրա հետևից, թե ինչ է Հայաստանին անհրաժեշտ, սա բոլորովին այլ հարց է»։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքին, փորձագետը նկատում է՝ բրյուսելյան և մոսկովյան բանակցային հարթակների միջև «մրցակցությունն» այն մասին, թե ով է ղեկավարելու այն, ով է լինելու հիմնական միջնորդը.
«Սա իրականում շատ վտանգավոր գործընթաց է Հայաստանի համար, որովհետև մի կողմից կա ահռելի կախվածությունը մի պլատֆորմից՝ մոսկովյան, բայց մյուս կողմից, ես կարծում եմ, որ Հայաստանի համար շատ ավելի շահավետ և շատ ավելի արդյունավետ կլինի, եթե լիներ եվրոպական միջնորդությունը։
Հիմնավորեմ՝ ինչու։ Ռուսական միջնորդությունը նշանակում է քաղաքական նպատակահարմարության հիմքով սահմանազատում և սաhմանագծում։ Այսինքն՝ սահմանազատումն ու սաhմանագծումն իրականացվելու է այնպես, ինչպես դա էդ պահին անհրաժեշտ է լինելու Ռուսաստանին։ Հասկանալի է, որ ռուսական միջնորդությունը իրավական հիմքի հետ համադրելի չի։ Իսկ եվրոպական փորձագիտական ներգրավվածությունը, որը միևնույն ժամանակ և ԵԱՀԿ փորձագետների ներգրավում է նշանակում, միջազգային փորձագետների, ավելի մեծ հույսեր է առաջացնում, որ սահմանազատումը կլինի ավելի իրավական հիմքերի վրա։
Սա բոլորովին չի նշանակում, որ բոլոր հարցերում վճիռը կլինի հօգուտ Հայաստանի, բայց սա նշանակում է, որ խաղը կլինի կանխատեսելի և հասկանալի՝ մեկ, երկրորդը՝ սահմանազատումը կլինի որպես իրավական գործընթաց, ոչ թե քաղաքական, ինչը մեզ հետագայում շատ լուրջ երաշխիքներ կտա և ապահովագրում կլինի մեզ համար։
Եվ մեր արտաքին գործերի գերատեսչությունը շատ լուրջ խնդիր պետք է կարողանա լուծել՝ չխրտնեցնելով ռուսական կողմին, գոնե մասնակցությանը հասնել եվրոպական փորձագետների։ Թերևս լավագույն տարբերակը կլիներ, որ դա լիներ համատեղ գործընթաց, բայց այստեղ էլ մեր ռուս և արևմտյան գործընկերները ուկրաինական հայտնի իրադարձությունների ֆոնին պատրաստ չեն մեկ սեղանի շուրջ նստելու»։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագային, որը մինչ 2020 թվականի պատերազմը հանդես էր գալիս որպես Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման միջնորդ, և հայկական կողմի՝ այս ձևաչափով բանակցությունները վերսկսելու համառ պահանջին, քաղաքագետը կարծում է՝
«Իրականում Երևանը լավ օրից չի, որ էսպես համառորեն վկայակոչում է ՄԽ-ին, որովհետև շատ լուրջ վտանգ կա, որ եթե ՄԽ-ի համանախագահությունը չի զբաղվում կոնֆլիկտով, դրանով սկսում է զբաղվել Ռուսաստան-Թուրքիա տանդեմը։ Իսկ դա Հայաստանի համար կատաստրոֆիկ ռիսկեր է իր մեջ պարունակում, որովհետև ցանկացած պարագայում, երբ Հայաստանի հետ կապված հարցով սկսում են զբաղվել Ռուսաստանը և Թուրքիան, հայ ժողովրդի վերջին երկու հարյուր տարվա պատմությունը ցույց է տալիս, որ դա Հայաստանի համար ունենում է ողբերգական հետևանքներ։
Այս սցենարով զարգացման միակ խոչընդոտն, ըստ էության, մնում է բրյուսելյան ֆորմատը, որը, կարծում եմ, մեր իշխանություններին բավարար չի թվում, այդ է պատճառը, որ Հայաստանը համառորեն խոսում է ՄԽ համանախագահությունից՝ հույս ունենալով, որ թե՛ միջազգային հարաբերություններում ինչ-որ փոփոխություններ կլինեն, թե՛ Արևմուտքը բավարար տարանջատում կմտցնի իր մոտեցումների մեջ Ուկրաինայում և այս տարածաշրջանում ու կգնա ՄԽ-ի ձևաչափով աշխատանքը շարունակելուն»։
ԼՂ բնակչության անվտանգությունն ապահովող ռուս խաղաղապահների հեռանալը Արեգ Քոչինյանը ֆանտաստիկայի դաշտից չի համարում, ուստի կարծում է, որ Հայաստանը պետք է քննարկի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը և կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ.
«Անվտանգության միակ երաշխիքը, որը փաստացի մարդիկ հիմա ունեն, դա ռուսական երաշխիքն է, որը որևէ կերպ կախված չէ Հայաստանից։ Հայաստանը որևէ ասելիք էդ հարցում՝ նրանք կգնա՞ն, կմնա՞ն, չունի։ Հայաստանից էդ հարցում որևէ բան ակնկալելը, չգիտեմ, թե ինչքանով է լուրջ։ Շատ հաճախ, երբ պահանջ են դնում՝ «Արցախը չտալ», ախր Արցախը տվողը այլևս մեր իշխանությունները չեն։
44-օրյա պատերազմի արդյունքում, այն, ինչ նվաճվել է Արցախից, Ադրբեջանի վերահսկողության տակ է, այն, ինչ չի նվաճվել, այլևս ռուսական վերահսկողության ներքո է։ Վերահսկողությունը նրանում է, որ ապահովում է անվտանգությունը Արցախում։ Եվ եթե ցուցարարները [նրանք, ովքեր Երևանում փողոց են դուրս եկել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը և իշխանության փոխանցում նրանց, ովքեր թույլ չեն տա՝ ԼՂ-ը լինի Ադրբեջանի կազմում] կարծում են, որ իրենց ցույցերով հնարավոր է որոշում կայացնողի վրա ազդեցություն գործել, ես իրենց էկզոտիկայի համար կառաջարկեմ գնալ և Մոսկվայում էդ ցույցերը անել ու ճնշում գործադրել որոշում կայացնողի վրա»։
Մեկնաբանություն Բաքվից
Քաղաքական մեկնաբան Ագշին Քերիմովի կարծիքով՝ երեկվա Ալիև-Միշել-Փաշինյան բանակցությունները սկզբունքորեն կրում էին հստակեցնող քայլերի բնույթ՝ ուղղված նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների վերաբերյալ որոշումների կայացումն արագացնելուն։
«Եթե ամփոփենք թե՛ բրյուսելյան, թե՛ մոսկովյան բանակցությունների արդյունքներով հայտարարությունները, ապա չի թույլատրվում գործածել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, չի հիշատակվում նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հարկ է նաև ընդգծել, որ կողմերի միջև առկա վիճելի կետերը ոչ մի կերպ չեն բնութագրվում որպես հակամարտություն։
Ելնելով դրանից՝ կարելի է եզրակացնել, որ նախկինում իրենց տեղն ունեցած սադրիչ պահերն այլևս չեն կարող տեղ գտնել փաստաթղթերում և հայտարարություններում, ինչը հետկոնֆլիկտային շրջանում ակտիվ դիվանագիտական աշխատանք տանող Ադրբեջանի անվիճելի առավելությունն է։
Հայկական կողմի դիրքերը թուլանում են, քանի որ Երևանն աստիճանաբար զրկվում է առճակատմանը նպաստող գործոններից, ինչն էլ հանգեցնում է Ադրբեջանի դիրքորոշման գերակայությանը։
Անդրադառնալով երեկվա բանակցությունների վերաբերյալ Շառլ Միշելի հայտարարությանը՝ արժե ուշադրություն դարձնել մի քանի կետերի.
1. Շոշափվել է Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածների թեման (նախկինում ևս այդ հարցը եղել է Եվրամիության օրակարգում),
2. Սահմանային հարցերի ադրբեջանա-հայկական հանձնաժողովի համատեղ նիստը կանցկացվի անմիջապես երկու երկրների սահմանին,
3. Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել աշխատանքը հաղորդակցությունների բացման ուղղությամբ.
4. Առաջիկա օրերին երկու երկրների փոխվարչապետները կշարունակեն աշխատել սահմանային հսկողության սկզբունքների, անվտանգության, ինչպես նաև մաքսային կանոնակարգերի և միջազգային փոխադրումների վճարումների համաձայնեցման շուրջ։ Սա նորամուծություն է, նախկինում նման բան չի եղել։
Այստեղ առաջին պլան է մղվում Զանգեզուրի միջանցքը՝ առանց Լաչինի միջանցքի հետ զուգահեռ անցկացնելու։
5. Արտաքին գործերի նախարարությունների պատվիրակությունները կհանդիպեն խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար,
6. Եվրամիության միջնորդությամբ մինչև հուլիս-օգոստոս տեղի կունենա Ալիև-Փաշինյան ևս մեկ հանդիպում,
7. Եվրամիությունը կզարգացնի տնտեսական խորհրդատվական խորհուրդը՝ երկու երկրների և նրանց ժողովուրդների բարեկեցության համար։
Այս կետերն ամփոփում են Մոսկվայի և Բրյուսելի միջնորդությամբ մինչ այժմ ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները և, ըստ էության, բացում են հնարավորությունների նոր պատուհան։
Եվրամիության դիրքորոշումը բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ Բրյուսելը կամք է դրսևորում երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու համար։
Պետք է խոստովանել, որ ԵՄ-ի դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումներից նրանով, որ այստեղ գերակշռում են տնտեսական շահերը, մինչդեռ քաղաքական շահերը հետին պլան են մղվում։
Շառլ Միշելի երեկվա հայտարարության մեջ հիշատակման արժանի մի կետ կա, քանի որ այն կարող է դառնալ մանիպուլյացիաների առարկա։
Խոսքը Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության մասին է։ Փաստն այն է, որ Միշելի հայտարարության մեջ այս հարցն արծարծվում է ամբողջությամբ Ադրբեջանի շահերի ոգով։
Ադրբեջանն արդեն իսկ երաշխավորում է իր տարածքում հայ բնակչության անվտանգությունը։
Երկրի Սահմանադրության համաձայն՝ պետությունը երաշխավորում է բոլոր քաղաքացիների իրավունքների և ազատությունների հավասարությունը՝ անկախ ռասայից, էթնիկ պատկանելությունից, կրոնից և լեզվից։
Այսինքն՝ Ադրբեջանի հիմնարար օրենքով կարգավորվող բոլոր իրավունքներն ու ազատությունները կարող են կիրառվել նաև հայ բնակչության նկատմամբ, սակայն այստեղ կա մի կարևոր պայման՝ Ղարաբաղում ապրող հայերն իրենք պետք է ընտրեն՝ ապրել Ադրբեջանի օրենքներով, ընդունել նրա իրավազորությունը կամ չենթարկվել Բաքվին։
Այսպես թե այնպես, Ադրբեջանը վաղ թե ուշ կվերականգնի իր ինքնիշխանությունը այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը»,- ընդգծել է Քերիմովը։