«ՀՀ տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»»․ Փաշինյանի ասուլիսի կարևոր դրվագները
Փաշինյանի 2025 թ․-ի հունվարյան ասուլիսը
«Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում ՀՀ իրավազորության շրջանցումով»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սա Փաշինյանի պատասխանն է Ալիևի պահանջին, որը նա հնչեցրել էր ադրբեջանական լրատվամիջոցներին տրված հարցազրույցի ժամանակ․ «Պետք է ապահովվի Ադրբեջանից Ադրբեջան անխոչընդոտ անցում։ Պետք է լինի հարմարավետ և ազատ տեղաշարժի հնարավորություն Ադրբեջանից Ադրբեջան՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների»։ Այսպիսով, վարչապետը բացառում է առանց օրինական ստուգումների տեղաշարժ ՀՀ սուվերեն տարածքով։
Տեղեկացրել է՝ հաղորդակցությունների բացման վերաբերյալ Երևանը Բաքվին արել է մի առաջարկ, որը «լիարժեք համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներին, բայց նաև Ադրբեջանի ակնկալիքներին։
Վարչապետի խոսքով՝ առաջարկը ենթադրում է միջազգային բեռնափոխադրումների կազմակերպում Զանգելան-Մեղրի-Նախիջևան և Երասխ-Նախիջևան-Մեղրի ուղղություններով։ Շեշտել է՝ հայկական կողմը դրական պատասխանի է սպասում։
Ասուլիսի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորմանը, խաղաղությսն պայմանագրի կնքմանը, հաղորդուղիների բացմանը, ինչպես նաև ԵՄ ու ՌԴ-ի հետ Երևանի հարաբերություններին։
- ԵՄ դիտորդները Հայաստանում կմնան ևս 2 տարի․ ի՞նչ զարգացումների սպասել
- «Կփորձենք բալանսավորել հարաբերությունները Եվրամիության և ՌԴ հետ»․ Փաշինյան
- «ՀՀ համար լրացուցիչ ռիսկեր կարող են ստեղծվել»․ ԱՀԾ առաջին զեկույցը
Նախ՝ բեռների, հետո՝ նաև ուղևորների փոխադրումներ․ Երևանի առաջարկը
Խոսելով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ Երևանը Բաքվին արել է «շատ կոնկրետ առաջարկ», որը լուծում է ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Ադրբեջանի բարձրացրած հարցերը, հաշվի է առնում երկու երկրների դիրքորոշումները։
Առաջարկի համաձայն՝ Ադրբեջանի արևմտյան՝ Զանգելանի շրջանը Նախիջևանի հետ երկաթուղային կապ կհաստատի ՀՀ տարածքով՝ Մեղրիով։ Հայաստանը, իր հերթին, Ադրբեջանի էքսկլավով՝ Նախիջևանով կապահովի Երասխից Մեղրի բեռնափոխադրումների իրականացումը։
Ինչո՞ւ է ընտրվել հենց Մեղրին։ Փաշինյանի պարզաբանմամբ՝ դա իրատեսական և էժան տարբերակն է․
«Մյուս երկաթուղին, որ կա երկու երկրների միջև, Տավուշի մարզում է։ Հաղարծնի հատվածում սողանքի բերումով այնպիսի մեծ ավերածություններ են, որ այդտեղ երկաթուղի վերականգնելը մեծ ներդրումների հետ է կապված։ Շատ բարդ խնդիր է»։
Ասում է՝ Ադրբեջանի դիրքորոշումներից ելնելով՝ հասկանալի չէ, թե ինչու պետք է մերժեն հայկական կողմի այս առաջարկը։ Ներկա պահին, ըստ վարչապետի, խոսք է գնում միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման մասին։
«Առաջարկի կարևոր նրբություններից մեկն այն է, որ հաշվի առնելով մթնոլորտը, հարաբերությունների լարվածությունը, այս փուլում որոշ ժամանակ մենք սկսենք բեռնափոխադրումները։ Հետո, երբ մթնոլորտն ավելի համապատասխան կլինի, կմտածենք նաև ուղևորափոխադրումների մասին»,- մանրամասնել է նա։
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված չէ, որ ՌԴ ԱԴԾ-ն պետք է գետնի վրա ներկա լինի»
ԶԼՄ ներկայացուցիչները կառավարության ղեկավարից հետաքրքրվել են՝ ինչ կարծիք ունի ՌԴ, Ադրբեջանի կողմից շրջանառվող պնդումների մասին, որ եթե Հայաստանը չկատարի 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը (հաղորդուղիների բացման), դա կարող է հանգեցնել պատերազմի։ Ի պատասխան վարչապետը նշել է, որ փաստաթուղթը պետք է դիտարկել ամբողջության մեջ։
Փաշինյանի բնորոշմամբ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կան կետեր, որոնք «անհնարինության աստիճան չեն կատարվել»։
Օրինակ է բերել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը, որն ամրագրված էր փաստաթղթով, Լաչինի միջանցքի պահպանումը։
Եվս մեկ անգամ արձանագրել է՝ փաստաթղթում գրված է, որ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը երաշխավորում է Հայաստանը։ Ըստ նրա՝ խոսք չկա նաև ՀՀ որևէ տարածքի նկատմամբ ինքնիշխանության սահմանափակման մասին։ Փաշինյանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ՀՀ-ն չի ստանձնել պարտավորություն այն մասին, որ հաղորդակցության անվտանգությունը պետք է ապահովի որևէ երրորդ ուժ․
«Այնտեղ կա [հիշատակում] Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ուժերի մասին։ Բայց ոչ մի տեղ գրված չի, որ այդ ուժերը պետք է գետնի վրա ներկա լինեն»։
Ընդգծել է՝ ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի հրամանագրում նույնպես հստակ արձանագրված է, որ «սուբյեկտը, որը գործողություններ է անում գետնի վրա, Հայաստանի Հանրապետությունն է»։
ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագիր․ ի՞նչն է ընդունելի Երևանի համար
Փաշինյանի խոսքով՝ Բաքվի հետ կնքվելիք համաձայնագրի վերաբերյալ նոր ասելիք դեռևս չկա։ Հիշեցրել է՝ նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, իսկ մյուս երկուսի մասով ՀՀ-ն լուծումներ է առաջարկել։
Խոսքը սահմանին երրորդ ուժերի ներկայության բացառման և միջազգային դատական ատյաններից միմյանց դեմ ներկայացված հայցերի հետկանչման մասին է։
Երևանն առաջարկում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայել միայն սահմանազատված հատվածներում։ Ինչ վերաբերում է հայցերի հետկանչմանը, ըստ Փաշինյանի, «որոշակի հանգամանքներում և պայմաններում» դա կարող է ընդունելի լինել հայկական կողմի համար։
Շեշտում է՝ Երևանը պետք է համոզված լինի, որ կողմերը ոչ միայն հետ են կանչում հայցերը, այլև առհասարակ հրաժարվում են վեճերից։
«Հակառակ դեպքում կարող է ստեղծվել իրավիճակ, որ մենք ինչ-որ մի հայց հետ կանչեցինք, Ադրբեջանն էլ հետ կանչեց, պայմանավորվեցինք, որ դա չենք տանում միջազգային ատյաններ, բայց երկկողմ հարաբերություններում Բաքուն այդ հարցը դնի սեղանին։ Դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ։ Իսկ այդ պարագայում մենք արդեն փակած կլինենք ճանապարհը՝ էսկալացիայի ռիսկը կառավարելու [նպատակով] միջազգային հարթակներն օգտագործելու»։
«Չենք կարող անկլավների հարց չբարձրացնել»
«Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից։ Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև ՀՀ-ն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել»,- նկատել է նա։
Փաշինյանի դիտարկմամբ՝ հայկական կողմը խոսելու է այդ մասին՝ անկախ նրանից՝ Ադրբեջանը բարձրացնո՞ւմ է անկլավների թեման, թե՞ ոչ։
«Եթե տեսականորեն մենք ուզենք, որ Ադրբեջանը որևէ ձևով չառնչվի այս հարցի հետ, դրա գինն այն է, որ մենք այս հարցը [Արծվաշենի] հանենք։ Բայց ո՞վ և ո՞նց կարող է այդ հարցը հանել»,- ընդգծել է վարչապետը։
«Համաձայն ենք Մինսկի խմբի լուծարմանը, եթե դա չի նշանակում կանաչ լույս նոր պահանջների համար»
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Երևանը կարծում է, որ եթե չկա կոնֆլիկտ, չկա նաև դրա սպասարկմամբ զբաղվող ձևաչափի կարիք։ Սակայն ուզում է համոզվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը նույն նշանակությունն ունի նաև Ադրբեջանի համար․
«Իսկ եթե Ադրբեջանի համար դա նշանակում է կանաչ լույս ՀՀ դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու և խորացնելու համար, ի՞նչ իմաստ ունի այդ գործողությունն անել»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նման ենթադրություններ անելու հիմքեր հայկական կողմն ունի։ Օրինակ է բերել «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն ու շեշտել՝ դա ուղիղ ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։
«Ադրբեջանը պաշտոնական մակարդակով Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի արևմտյան շրջաններն են։ ՀՀ տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»»,- հայտարարել է նա։
«Երևանն առաքված զենքերի վերադարձի հարց չի քննարկում»
Անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ Արևմուտքի հետ ռազմական համագործակցության դադարեցման և առաքված զինամթերքը վերադարձնելու պահանջներին՝ նման արձանագրում է արել Փաշինյանը։
Շեշտել է՝ հարևաններից որևէ մեկի նկատմամբ Հայաստանը տարածքային պահանջ չունի, չի պատրաստվում ռազմական ճանապարհով վերադարձնել նաև իր՝ ավելի քան 200 քառ․ կմ օկուպացված տարածքը։ Վարչապետի խոսքով՝ այդ հարցը կլուծվի սահմանազատման գործընթացի արդյունքում։
«ՀՀ բանակի միակ խնդիրը Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանությունն ու անվտանգությունն է։ Ուրիշ խնդիր ՀՀ բանակը չունի և չի ունենալու»,- ընդգծել է նա և հավելել՝ բանակ ունենալը ցանկացած ինքնիշխան պետության իրավունքն է։
Ըստ նրա՝ հայկական կողմի սպառազինվելու հետ կապված Ադրբեջանի մտահոգությունները կարող են փարատվել, եթե Բաքուն համաձայնի սպառազինությունների վերահսկման համատեղ մեխանիզմ ներդնելու Երևանի առաջարկին։
«Պուտինի հետ խոսակցությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով»
Լրագրողները Փաշինյանին հարցրե՞լ են՝ ի՞նչ են քննարկել ինքն ու Պուտինը ՀՀ՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարների վերաբերյալ, և արդյո՞ք Մոսկվայից սպառնալիքներ են հնչել։
«Ռուսաստանը, իհարկե, պրոցեսի հետ կապված որոշ անհանգստություններ ունի: Մեր խոսակցությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով: Դրանք խոսակցություն, բանակցություն են, մենք դիրքորոշումներ ենք արտահայտում»,- նշել է նա։
Վարչապետի փոխանցմամբ՝ ՌԴ դիրքորոշումների և քաղաքականությունների հետ կապված որոշակի անհանգստություններ ունի նաև Հայաստանը։ Ասում է՝ այն, որ ՀՀ ավելի քան 50 հազար քաղաքացիներ եվրաինտեգրմանը հավանություն են տվել, նաև «ՀՀ-ՌԴ հարաբերությունների օրակարգի» հետ կապված հարց է։
Ընդգծել է՝ փաստ է, որ ՀՀ-ն շարունակելու է Ռուսաստանի հետ երկխոսությունը, բայց նաև շարունակելու է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ։
Վարչապետի համոզմամբ՝ որևէ մեկը չի կարող և չպետք է ժխտի ՀՀ քաղաքացիների ընտրություն ունենալու իրավունքը: Կարծում է՝ սա ընտրություն է նաև ԵԱՏՄ-ի համար՝ «ապացուցել՝ իրո՞ք ԵՄ–ն ավելի լավ տարբերակ է, թե՞ ԵԱՏՄ–ն է ավելի լավ տարբերակ»։
«Պետք է խոսենք մեր երկրի ռազմավարական ապագայի մասին»
Վարչապետը հայտարարել է՝ չենք կարող չնկատել ժողովրդի առնվազն շոշափելի հատվածի ձգտումները ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ՝ տարբերակներ․
«Շատ կարևոր փուլ է, որպեսզի մենք խոսենք մեր երկրի ռազմավարական ապագայի մասին։ Բայց այդ խոսակցությունը չի կարող տեղի ունենալ, եթե ընտրանք չկա»։
Ասում է՝ կառավարությունը պետք է անի այնպես, որ տարբերակների ընտրությունը լինի «օրգանիկ, իրական, ոչ թե կեղծ»։
Ըստ նրա՝ նաև դրա համար է Հայաստանը որդեգրել բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Բալանսավորման ճյուղ է համարում նաև տնտեսական դիվերսիֆիկացիան, այդ թվում՝ դեպի ԵՄ երկրներ արտահանումը խրախուսող ծրագրերի իրականացումը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանի 2025 թ․-ի հունվարյան ասուլիսը