«Հայաստանն այսօր ամենապակաս խոցելի վիճակում է»․ Փաշինյան
Փաշինյանի ճեպազրույցի կարևոր թեմաները
«Եթե պարոն Օ’Բրայենը խոսում է Հայաստանի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ Հայաստանը, ցավոք, ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում։ Ուզում եմ հիշեցնել 2023 թ․-ի, 2022 թ․-ի, 2021 թ․-ի իրադարձությունները։ Մենք երբեք բավարարված չենք եղել այն աշխատանքից, որ ԱՄՆ-ի՝ այդ պահին գործող վարչակազմն իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին աջակցելու համար»,- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ՝ Բրայենի հոդվածին։
Օ՝Բրայենն իր հոդվածում պնդել էր, թե Թրամփ-Փաշինյան-Ալիև վաշինգտոնյան հանդիպման արդյունքում «Ադրբեջանը մեծ հաղթանակ տոնեց, Ամերիկան Բաքվին կանխավճար տվեց լոկ խաղաղության մասին հայտարարությունների դիմաց, մինչդեռ Հայաստանը հայտնվեց խոցելի վիճակում»։
Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանն այսօր իր նորանկախ պատմության մեջ ամենապակաս խոցելի վիճակում է։
Կարծում է՝ Օ՝Բրայենի գնահատականները կարելի է «բացարձակապես տարօրինակ» չհամարել՝ հաշվի առնելով այն, որ նա Թրամփի պաշտոնավարման արդյունքում զրկվել է իր բարձրաստիճան պաշտոնից և «հիմա խնդիր ունի բացատրելու, թե ինչու նախագահ Թրամփի վարչակազմը կարողացավ անել այն, ինչ իրենք չկարողացան անել»։
Հայաստանի ղեկավարը ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյային հորդորել է «ինքնահայեցմամբ զբաղվել, այլ ոչ թե փորձել աշխատանքը կորցնելու մեղքը բարդել Հայաստանի վրա»։
Արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհրդի համար հրապարակած ծավալուն հոդվածում ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը գնահատել էր նաև Սպիտակ տանը ՀՀ-ի ստացած օգուտները։ Նա արձանագրել էր՝ «սա խայտառակություն է»։
«Թուրքիայի հետ բաց սահման չկա, Հայաստանի օգտին լրացուցիչ ներդրումներ չեն լինի (բացի նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից 2024 թ․-ի ապրիլին խոստացվածից և օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրից), կլինի միայն միջանցք, որն իրար է կապում Ադրբեջանի տարբեր հատվածները»,- գրել էր նա։
Հոդվածում Օ՝Բրայենը կարծիք էր հայտնել, որ «եթե միջանցքը շուտով չդառնա համաշխարհային ցանցի մաս, ապա այն հետաքրքիր կլինի թերևս լոկ Ադրբեջանի համար»։
Հայաստանի վարչապետը նոր ձևաչափ է ընտրել լրագրողների հետ շփման՝ մեկ ժամ տևողությամբ ամենշաբաթյա ճեպազրույցներ։ Այս շաբաթ նա անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, ՌԴ հետ հարաբերություններին, ՀՀ-ի նախկին նախագահներին և Ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության թեմային։ Փաշինյանի ճեպազրույցի ամենակարևոր դրվագները՝ հակիրճ
- «Թրամփի ուղին» ներդրումային նոր հնարավորություններ կբացի»․ հայ տնտեսագետ
- «TRIPP-ը կդառնա Հայաստանի անվտանգության նոր բաղադրիչ». Փաշինյան
- «Պատմական գագաթնաժողով»․ Երևանն ու Բաքուն Թրամփի միջնորդությամբ փաստաթղթեր ստորագրեցին
- Ի՞նչ կշահի և ի՞նչ կկորցնի Վրաստանը․կարծիքներ Թրամփ-Ալիև-Փաշինյան հանդիպման մասին
Ադրբեջանի հետ խաղաղությունն այլևս անշրջելի է
«Երբ մենք արձանագրում ենք, որ խաղաղությունը [Ադրբեջանի հետ] է հաստատվել, չենք արձանագրում, որ կողմերն այլևս հարց չունեն միմյանց։ Նման բան չի լինում նաև այն երկրների հետ մեր հարաբերություններում, որոնց հետ մենք երբեք կոնֆլիկտ չենք ունեցել, խնդիր չենք ունեցել, նույնիսկ ունենք բարեկամական հարաբերություններ։ Միջպետական հարաբերությունների հաստատումը դինամիկ պրոցես է, կողմերն ունեն իրենց և՛ համաձայնությունները, և՛ անհամաձայնությունները, որն ընդհանուր պատկերի վրա իր ազդեցությունը չի ունենում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, և այդ խաղաղությունը ինստիտուցիոնալացման կարիք ունի։ Իհարկե, որևէ կասկած չկա, որ ես, մեր կառավարությունը վճռականորեն և հետևողականորեն գնալու ենք այդ խաղաղության ինստիտուցիոնալացման հետևից։ Մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի։ Արդեն հասցրել ենք խաղաղ հանգրվանի, հիմա անհրաժեշտ է, որ այդ նավամատույցները ավելի հուսալի լինեն, ավելի կայուն լինեն և ի վերջո կառուցված լինեն։ Խաղաղությունն այլևս անշրջելի է, և մեր կառավարության և իմ անձնական առաքելությունը ես համարում եմ դա»։
Էքսկլավ/անկլավների հարցն օրակարգում է
«Նույնիսկ մեծ ցանկության դեպքում Հայաստանի որևէ կառավարություն չի կարող հրաժարվել էքսկլավ, անկլավների թեմայից, քանի որ հայկական կողմն ունի Արծվաշեն։ Արծվաշենից` որպես ՀՀ ինքնիշխան տարածքի մի մաս, մենք չենք կարող հրաժարվել։
Ինչ վերաբերվում է շեշտադրմանը, որ դրանք ինքնիշխան տարածք են [Ադրբեջանի զավթած 200 քառ․ կմ-ը], բոլոր տարածքները ինքնիշխան են [նկատի ունի՝ նաև անկլավները] և 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը արձանագրում է, որ Խորհրդային Հայաստանն իր ամբողջական ադմինիստրատիվ տարածքով և սահմաններով դառնում է անկախ Հայաստան, իսկ Խորհրդային Ադրբեջանը՝ անկախ Ադրբեջան։ Պայմանավորվածությունը, որը արձանագրվել է առաջին անգամ 2022 թ․-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, դա է։ Մենք գնում ենք դրա ինստիտուցիոնալացման ճանապարհով, և այդ ճանապարհը շարունակելու ենք»։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը վերադարձ չի լինելու
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին վերադառնալն իմաստ չունի, քանի որ այդ փաստաթուղթն անցյալում է մնացել»։
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև Արցախում ռազմական գործողությունների դադարեցման հայտարարություն է ստորագրվել։ Դրա դրույթների մեծ մասը խախտվել է Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից։ Հայ վերլուծաբանների մի մասը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն այդ փաստաթղթը չեղարկելու նպատակով։
Առաջիկայում կլինի այց Ռուսաստան
«Ուրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում։ Ես գիտեմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, ես միշտ սպասում եմ ՌԴ այցելելու հերթական հնարավորությանը։ Ինչպես տեսնում եք, բավականին ակտիվ փոխայցերի պրակտիկա կա։
Առաջիկայում, այո, սեպտեմբերի վերջին նախատեսվում է այդպիսի այց։ Բայց մինչ այդ այցը Պեկինում Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ շփվելու հնարավորություն կունենամ։ Այս ամիս նաև հեռախոսազրույց ենք ունեցել»։
ԵԱՏՄ-ից դուրս գալու սցենար նույնպես հնարավոր է
«Սա նոր թեմա չէ։ Ու այն քննարկվում է ՀՀ ԱԺ-ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագծի ընդունումից հետո։ Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցումը հնարավոր չէ։ Երբ գա այդ կետը, երբ ընտրությունը լինի անխուսափելի, մենք կկայացնենք համապատասխան որոշում։
Եթե մենք սա հայտարարում ենք պաշտոնական մակարդակում, ուրեմն հնարավոր է դուրս գալը [ՌԴ հովանու ներքո գործող ԵԱՏՄ-ից]: Հնարավոր է ցանկացած սցենար։
Դա կապված է, այդ թվում՝ մեր ժողովրդի արտահայտած կամքի հետ, մեր ընթացիկ իրավիճակների հետ և բանակցային գործընթացների հետ, իրադրության, հնարավորությունների և այլընտրանքների վերլուծության, մեր արդյունքների և հեռանկարների հետ»։
Կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին
«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու վերաբերյալ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել որևէ հանգամանքի ներքո։ Կտրիճ Ներսիսյանը [կաթողիկոսի ավազանի՝ աշխարհիկ անունը] պետք է Վեհարանից հեռանա։ Այո, Վեհարանը պետք է ազատվի Կտրիճ Ներսիսյանից և պետք է ազատվի սուրբ եկեղեցու հետևորդների ջանքերով, որոնցից մեկը ես եմ։ Ես ասել եմ, որ առաջնորդելու եմ այդ գործընթացը, և կարծում եմ՝ առաջիկայում դրա դրսևորումները [ավելի վաղ Փաշինյանն Էջմիածնում հանրահավաք անցկացնելու մտադրություն էր հայտնել] դուք անպայման կտեսնեք։
Բայց ճիշտ կլինի՝ Կտրիճ Ներսիսյանը ժամանակը չվատնի և կայացնի այն որոշումը, որը պետք է կայացնի, այն որոշումը, որը չի կարող չկայացվել։
Լեգենդներ են հյուսվում, թե ինչ-որ բռնություններ են պատրաստվում, բռնի մեթոդներ են որդեգրվում: Մեր քաղաքական պրոցեսում բռնություն չենք արել, ուր մնաց թե՝ Հայ առաքելական եկեղեցու պրոցեսների հետ կապված բռնության դիմենք»։
Նախկին նախագահների «քաղաքական լեզուները» կկտրվեն
«Մեր ժողովուրդը Սերժ Սարգսյանին էլ է իր տեղը ցույց տվել, Ռոբերտ Քոչարյանին էլ է իր տեղը ցույց տվել, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ է իր տեղը ցույց տվել։ Արձանագրենք, որ նրանք, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, մարդիկ են, որոնք երբեք Հայաստանի որևէ ընտրությունում չեն հաղթել։ Հասկանում եք՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ բացի 1991 թվականի ընտրություններից, ոչ մի անգամ լեգիտիմ, ժողովրդավարական ընտրություններում չեն հաղթել։
Երբ ես գնում եմ մարզեր և շփվում եմ մարդկանց հետ, ինձ ամենաշատը մեղադրում են նրա մեջ, որ այդ մարդիկ դեռ Հայաստանի քաղաքական կյանքում գոյություն ունեն։ Ես պիտի Հայաստանի ժողովրդի առաջ արդարանամ նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի լեզուն դեռ պտտվում է՝ Հայաստանում որևէ բան ասելու։
Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններում մեր ժողովուրդը հնարավորություն կունենա և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական լեզուները վերջնականապես կտրել և արմատախիլ անել։ Ընդ որում, դա պետք է տեղի ունենա քաղաքական, քաղաքակիրթ ճանապարհով»։
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու Նեթանյահուի հայտարարությունը
«Մենք պետք է հասկանանք, մենք ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր պետության շահերի և ժողովրդի շահերի հետ կապ չունի։ Մենք ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանությունը լինի հարցազրույցում պատահականության կամ շփոթմունքի արդյունքում արտահայտված ինչ-որ մի բան։
Ես չեմ ուզում, որ մենք մեր նահատակներին այդպիսի կարգավիճակի մեջ դնենք։ Մենք պետք է կենտրոնանանք մեր պետության շահերի վրա։ Այդքան երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Եկեք հիմա գույքագրենք, թե ՀՀ-ն ի՞նչ է շահել դրանից, ի՞նչ ենք մենք ստացել դրանից»։
Հայ-ասորական ծագումով ամերիկացի հաղորդավար Պատրիկ Բետ-Դևիդն Իսրայելի վարչապետին հարցրել էր, թե ինչու Իսրայելը չի ճանաչում հայերի, ասորիների, հույների ցեղասպանությունը։ Ի պատասխան Նեթանյահուն հայտարարել էր, որ եթե չի սխալվում, իրենք դա արել են Քնեսեթի բանաձևով։ Բետ-Դևիդն ասել էր, որ ակնկալում է դա հենց Նեթանյահուից լսել։ «Ես հենց նոր արեցի դա»,- պատասխանել էր Նեթանյահուն։ Պաշտոնական Անկարան քննադատել էր Իսրայելի վարչապետի այդ հայտարարությունը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանի ճեպազրույցի կարևոր թեմաները