«Ճիշտ չենք անում, երբ անվտանգություն ասելով հասկանում ենք միայն բանակ»․ Փաշինյան
Փաշինյանի հարցազրույցը Wall Street Journal-ին
Հայաստանի վարչապետի հետ հարցազրույցում Wall Street Journal-ի թղթակցի հիմնական հարցերը վերաբերում էին լայնամասշտաբ պատերազմի հավանականությանը, տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությանը և ճանապարհների ապաշրջափակմանը։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց իր դիրքորոշումը՝ սկսել տարածաշրջանում խաղաղության դարաշրջան։ Այս անգամ նա խոսեց կոնկրետ ծրագրի մասին, որը ենթադրում է բաց սահմաններ տարածաշրջանի երկրների միջև և քաղաքական երկխոսություն, տնտեսական և մշակութային կապերի հաստատում։ Գաղափարն այնպիսի կապեր ստեղծելն է, «երբ դիմացինի անվտանգությունն ինչ-որ տեղ կարևոր է դառնում քեզ համար, և քո անվտանգությունը կարևոր է դառնում նաև դիմացինի համար, որովհետև հակառակ դեպքում կարող են առաջանալ տնտեսական և քաղաքական ռիսկեր»:
Նա ընդգծեց. «Տեսեք, այստեղ զենքի մասին խոսք չկա, բայց սա անվտանգության ապահովման կարևոր կոմպոնենտ է»: Հայաստանի վարչապետն ասաց, որ ճիշտ չէ անվտանգություն ասելով՝ հասկանալ միայն բանակն ու զենքը։ Այս միտքը հիմնավորելու համար նա օրինակ բերեց՝ կան երկրներ, որոնք զենքի խնդիր չունեն, բայց անվտանգության հետ կապված խնդիրներ ունեն, երկրներ էլ կան, որ զենքի խնդիր ունեն, բայց անվտանգության խնդիր՝ ոչ։
Փաշինյանն առաջարկում է տարածաշրջանը դարձնել անվտանգային առումով հնարավորինս կառավարելի և կանխատեսելի․
«Այն մոտեցումը, որ ինչ-որ տեղ մենք պետք է դաշնակիցներ գտնենք, զենք բերենք, որ կրակենք մեր հարևանների վրա, դա մեր մոտեցումը չէ: Իհարկե, մենք մտավախություններ ունենք, որ մեր հարևանները կկրակեն մեզ վրա: Նաև այդ մտավախություններն է պետք կառավարել: Բայց մյուս կողմից էլ, կարծում եմ՝ ցանկացած ժամանակակից երկիր պետք է և իրավունք ունի ունենալ ժամանակակից բանակ, զարգացնել զինված ուժերը, իրավունք ունի իր անվտանգային կարիքները բավարարել նաև այս կոմպոնենտով: Բայց իմ արձագանքի, պատասխանի իմաստն այն է, որ մեր պատկերացումն այն չէ, որ միայն բանակով է պետք անվտանգություն ապահովել»։
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի վարչապետի հարցազրույցի այլ կարևոր դրվագներ
- «Ֆրանսիան կօգնի պաշտպանել ՀՀ երկինքը»․ Փարիզում փաստաթղթեր են ստորագրվել
- «3+3» հարթակում ռիսկեր կան, օգուտներ չեն նշմարվում»․ կարծիք Երևանից
- «Բաքուն Սյունիքի օկուպացիայի չի գնա, բայց նոր էսկալացիայի կդիմի»․ կարծիք
Ինչպե՞ս խուսափել լայնամասշտաբ պատերազմից
«Մենք հույս ունենք, որ առաջիկայում այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ, 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ և 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ, կձևակերպվեն, կվերահաստատվեն և կդառնան խաղաղության պայմանագրի հիմքը:
Ուզում եմ հիշեցնել, որոնք են այդ պայմանավորվածությունները։
Առաջին սկզբունքը հետևյալն է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:
Երկրորդ սկզբունքն այն է, որ էլի այդ հայտարարություններում տեղ է գտել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:
Երբ ասում ենք, որ սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, նկատի է առնվում, որ այդ ժամանակներում գոյություն ունեցած պետական քարտեզները պետք է վերցվեն, և դրանք, ըստ էության, պետք է սահմանների դելիմիտացիայի վերահաստատման հիմք դառնան:
Երրորդ սկզբունքը հետևյալն է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ճանապարհների, երկաթուղիների բացումը միմյանց և միջազգային առևտրի համար, պետք է տեղի ունենա սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Ահա այս սկզբունքները գործնականում պայմանավորված են, և մնում է այդ պայմանավորված սկզբունքների հիման վրա ստորագրել խաղաղության պայմանագիր ու գնալ առաջ»։
Ինչո՞վ հիասթափեցրին դաշնակիցները
«2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ է օկուպացրել: Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում:
Նկարագրվածը տեղի չի ունեցել և, բնականաբար, դա հիասթափեցնող է և՛ Հայաստանի կառավարության, և՛ հայ հանրության համար:
Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, և այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և՛ Կառավարության, և՛ հանրության շրջանում:
Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել:
Գոնե այս պահին, իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք [Ռուսաստանի ռազմական ներկայության] առավելությունները, ցավոք, չենք տեսել:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ձախողումից հետո շատ հարցեր են առաջանում, և այդ հարցերը լեգիտիմ են, որովհետև ձախողում ասելով ես նկատի ունեմ, որ փաստ է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը»։
«Խաղաղության խաչմերուկ»․ նոր առաջարկ Հայաստանից
«Մենք արդեն պայմանավորվել ենք Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ և որն արտահայտված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հուլիսի 15-ի հայտարարության մեջ, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության հիման վրա:
Արդյոք դրա արդյունքում Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է Նախիջևանի հետ տրանսպորտային կապ ունենան, այդ թվում՝ Հայաստանի տարածքով: Այո, իհարկե: Արդյոք Հայաստանի Հանրապետությունն այդ նույն ուղիները կարող է օգտագործել իր տարբեր հատվածների միջև, օրինակ, երկաթուղային կապ ապահովելու համար: Այո, իհարկե: Արդյոք Ադրբեջանն այդ պարագայում կարող է օգտագործել Հայաստանի տրանսպորտային ուղիները միջազգային առևտրի համար: Այո, իհարկե: Արդյոք Հայաստանը պիտի հնարավորություն ունենա օգտագործել Ադրբեջանի ճանապարհները միջազգային առևտրի համար: Այո, իհարկե: Արդյոք միջազգային առևտրի մասնակիցները պիտի հնարավորություն ունենան Հայաստանի տարածքով իրենց առևտուրն իրականացնել Թուրքիայի, Իրանի, Վրաստանի հետ՝ որպես գլոբալ առևտրի ճանապարհ: Այո, իհարկե:
Եվ մենք այս առաջարկն անում ենք, մենք այս լուծմանը պատրաստ ենք և այդ առաջարկն անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ» և հրավիրում ենք մեր բոլոր գործընկերներին միասին իրականություն դարձնել այդ նախագիծը»։
100 հազար մարդու ապագան, ովքեր ստիպված են եղել լքել ԼՂ-ը
«Կարճաժամկետում՝ մեր խնդիրը փախստական դարձած մեր հայրենակիցների ամենահրատապ կարիքները հոգալն է: Միջնաժամկետում նույնպես, որպեսզի նրանք ապրելու արժանապատիվ հնարավորություններ ունենան:
Մեր մոտեցումն այն է, որ եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան, ապրեն, ստեղծագործեն Հայաստանի Հանրապետությունում:
Իհարկե ինչպիսի՞ն է լինելու այդ ապագան՝ մեծապես կախված է նրանից, թե ի՞նչ առաջարկություն կանի նրանց, կամ ի՞նչ դիրքորոշմամբ հանդես կգա, կամ ի՞նչ պայմաններ կստեղծի Ադրբեջանը: Եվ այս առումով միջազգային հանրությունն ի՞նքը կքաջալերի և ինչի՞ն կաջակցի:
Բայց նաև, հաշվի առնելով հենց էթնիկ զտումների, մարդկանց սովի մատնելու [անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից շրջափակման ընթացքում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունները], ըստ էության, բռնի տեղահանելու հանգամանքը, շատ մեծ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերն այնտեղ վերադառնալու ցանկություն ունենան՝ այն պարագայում, եթե դրա հնարավորությունն իրատեսականորեն գոյություն կունենա»։
Ռուսաստանը դավաճանե՞լ է Հայաստանին. Պատմական համատեքստ
«Պատմական կոնտեքստում ոչ այնքան կընդգծեի Հայաստանի, հայ ժողովրդի և Ռուսաստանի հարաբերությունները, որքան կընդգծեի Հայաստանի և Թուրքիայի կամ Հայաստանի և տարածաշրջանի թրքախոս ժողովուրդների հարաբերությունը, ավելի ճիշտ՝ Հայաստանի հարաբերությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այստեղ են բոլոր հարցերը և այստեղ են բոլոր հարցերի պատասխանները:
Եվ ես հենց այդ տրամաբանությունն եմ դնում, որ մենք պիտի աշխատենք՝ առաջին հերթին մեր տարածաշրջանում մեր հարաբերությունները բարելավենք: Ում հետ ունենք լավ հարաբերություններ, այդ հարաբերություններն ավելի լավը դարձնել: Խոսքը Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության մասին է։ Ում հետ հարաբերությունները լարված են կամ չկան հարաբերություններ, այդ հարաբերությունները ստեղծենք և փորձենք քայլ-քայլ գնալ առաջ:
Շատ բան կախված է նրանից, թե ինչքանով կկարողանանք ձևակերպել տարածաշրջանային շահեր, որովհետև երբ չկան ձևակերպված տարածաշրջանային շահեր, ինքնիշխան երկրների շահերի միջև սկսում են լարումներ առաջանալ, որոնք չկառավարելու դեպքում դառնում են սրացումներ, էսկալացիաներ, պատերազմներ:
Ինչպիսի՞ն կլինի և պետք է լինի այդ բովանդակությունը, ես չեմ կարող ասել, որովհետև դա կարող է լինել միայն համագործակցության և ինչ-որ տեղ՝ համատեղ աշխատանքի արդյունք»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանի հարցազրույցը Wall Street Journal-ին