Հավանակա՞ն, թե՞ ի սկզբանե ձախողված․ ՀՀ-ում քննարկվում է Փաշինյանի իմպիչմենտի հարցը
Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց ՀՀ-ում
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն ակտիվորեն քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ իմպիչմենտի գործընթաց սկսելու հարցը։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ վարչապետի թեկնածու է առաջադրում Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունից հայտնել են՝ պատրաստ են ապահովել իրենց 28 պատգամավորների ստորագրությունները։
Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե միաժամանակ նոր վարչապետի թեկնածու են առաջադրում։ Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, այնինչ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 պատգամավոր։
Իշխանական պատգամավորները բացառել են գործընթացին միանալու հնարավորությունը։ Շեշտել են՝ ՀՀ-ում իշխանություն փոխելու միակ տարբերակն ընտրություններն են։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են, որ չեն միանալու «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը։ Անկախ պատգամավորներ Գեղամ Նազարյանն (դուրս է եկել «Հայաստան»-ից) ու Իշխան Զաքարյանը (դուրս է եկել «Պատիվ ունեմ»-ից) դեռևս հրապարակային չեն արտահայտել իրենց դիրքորոշումը։
Հարկ է ընդգծել, որ 36 պատգամավորի ստորագրություն է պետք նախագծի ներկայացման համար։ Սակայն դրա ընդունման համար անհրաժեշտ է, որպեսզի կողմ քվեարկեն 107 պատգամավորներից առնվազն 54-ը։ Այդ սցենարը, սակայն, անհնար է առանց իշխող ուժի պատգամավորների աջակցության։ Չնայած դրան՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից պնդում են՝ իշխանությանը հեռացնելու համար «ամենահավանական գործիքը» հենց իմպիչմենտի գործընթացն է։
Բոլոր մանրամասները, քաղաքագետների մեկնաբանությունները
- «Նախկիններն ուզում են ցույց տալ, թե մենք էլ ենք իրենց պես թալանչի»․ Փաշինյան
- «Տանգոն մենակ չեն պարում». ինչու՞ Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը
- «Այսօր ավելի անկախ ու ինքնիշխան ենք, քան երբևէ». Փաշինյան
- Բաքվի պահանջից խուսափել չի՞ ստացվում. կարծիքներ «Իրական Հայաստանի» մասին
Ինչպե՞ս իմպիչմենտի հարցը հայտնվեց օրակարգում․ առաջին տապալված փորձը
ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու հարցը երկրի ներքին քաղաքական կյանքում քննարկվում է ապրիլ ամսվա վերջից։ Այդ ժամանակ «Արթուն ենք» շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը 107 պատգամավորի անունով նամակներ էին փոխանցել ԱԺ։ Հայտարարել էին՝ երկրում իշխանափոխություն իրականացնելու միակ հնարավոր տարբերակն իմպիչմենտի գործընթացն է։ Նաև շեշտել էին՝ կաջակցեն պատգամավորների կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին «առանց վերապահման»։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» չէին արձագանքել նամակներին, պատգամավոր Արսեն Թորոսյանը պատռել էր այն, տեսագրել և հրապարակել սոցցանցերում։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից նշել էին՝ այս պահին վարչապետի թեկնածու չունեն, սակայն պատրաստ են «առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցն ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»։ «Հայաստան» խմբակցությունն իր 28 պատգամավորների ստորագրությունների տրամադրման համար նախապայման էր առաջ քաշել։ Նշել էին, որ կմիանան, «եթե գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ հայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին»։
Ավելի ուշ իմպիչմենտի հարց բարձրացրին իշխող ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Նրանք որպես վարչապետի թեկնածու առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի մեկ այլ նախկին թիմակցի՝ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանին։ Իմպիչմենտի գործընթացն այդպես էլ չմեկնարկեց․ խորհրդարանական ընդդիմությունը չաջակցեց Մարուքյանի թեկնածությանը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը, որը հայտարարում էր «առանց որևէ նախապայմանի» վարչապետի թեկնածուի հարց քննարկելու մասին, Էդմոն Մարուքյանին անվանեց «Նիկոլ Փաշինյան 2» և հավելեց․ «Մարուքյանն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը»։
«Սերժ Սարգսյանը [ՀՀ երրորդ նախագահ] այսօր վիժեցրեց Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը»,- ի պատասխան ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա այսօր արձագանքել է նաև Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը։ Մարուքյանի գնահատմամբ՝ դա «նվեր» է իշխանությանը, ամրացնում է Նիկոլ Փաշինյանի դիրքերը։
«Եթե ընդդիմադիր դաշտը չի համախմբվում, չի մերժում նախկիններին և ներկաներին իրար հետ միասին, պասերով հայ ժողովրդին ցույց են տալու՝ այլընտրանքը այդպիսի թեկնածու ունենալն է։ Կամ այլընտրանքը Սերժ Սարգսյանն է, կամ այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն է։ Նիկոլ Փաշինյանին էլ դա է պետք, որ նորից իրենց հաղթի։ Սա «համախմբում Նիկոլ Փաշինյանի շուրջ» ծրագիրն է»։
«Ո՞ւր են պակասող ձայները»
Արձագանքելով «Պատիվ ունեմ»-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելուն՝ «Հայաստան» խմբակցությունից հայտնել են՝ վերահաստատում են պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։
«Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման»,- ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Այս հարցադրումը սոցցանցերի հայկական տիրույթում լայն քննարկման առարկա է դարձել։ Քաղաքացիները հետաքրքրվում են՝ ի վերջո խմբակցությունը անվերապահ ստորագրո՞ւմ է նախաձեռնության տակ, թե՞ առաջադրում է իր նախապայմանները։
«Անհրաժեշտ է ևս 8 ձայն։ Եթե «Պատիվ ունեմ»-ը տրամադրում է իր 6 ձայները, մնում է երկու ձայն։ Այնպես որ երևի ես պետք է հարցնեմ՝ ո՞ւր են պակասող ձայները։ Ավելի լավ է գործընթացը նախաձեռնողները կենտրոնանան պակասող ձայները հայթայթելու վրա, ոչ թե նրանց դեմ, ովքեր արդեն համաձայնել են տրամադրել իրենց ձայները»,- արձագանքել է Վարդանյանը։
Լրագրողների հետ զրույցում պատգամավորն ակնարկել է, թե իր էջը «գրոհում են ինչ-որ մեկի ուղղորդմամբ»։ Նկատել է՝ եթե «Պատիվ ունեմ»-ի գործընկերները կունենան լրացուցիչ հարցեր, կարող են դրանք ուղիղ տալ և հավելել՝ «այս արշավի իմաստը չկա»:
«Վարչապետին հեռացնելու լավագույն ժամանակն է»
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրել, ուստի հիմա նրան հեռացնելու լավագույն ժամանակն է: Կարծում է՝ իմպիչմենտի գործընթացը միակն է, որում Փաշինյանը որևէ մասնակցություն չունի, չունի նաև գործընթացի վրա ազդեցություն․
«Այդ և մի հազար այլ պատճառներով վարչապետին անվստահություն հայտնելու գործիքը համարում ենք ամենաիրատեսականն ու ամենահավանականն այս պահին»։
Մամիջանյանի փոխանցմամբ՝ մինչ այս շարժվել են փողոցային պայքարի ճանապարհով, սակայն այժմ կա առաջարկ՝ գնալ հակառակ ճանապարհով, որպեսզի «իմպիչմենտի գործընթացը լինի տրիգեր՝ փողոցային լայն կոնսոլիդացիայի համար»։
«Վստահ ենք՝ իմպիչմենտի գործընթացը ձախողվելու է»․ իշխող թիմի անդամ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է՝ կառավարող մեծամասնությունը մտահոգություն չունի ««Հանրապետականի» [«Պատիվ ունեմ» ֆրակցիայի] այս կամ այն առաջադրումների» հետ կապված․
«Վստահ ենք, որ իմպիչմենտի գործընթացը ձախողվելու է։ Հանգիստ պատրաստվում ենք 2026 թ․-ի խորհրդարանական ընտրություններին՝ այն վստահությամբ, որ ունենալու ենք ճնշող առավելություն՝ 50+1 տոկոս ձայներով հաղթանակ»։
Լրագրողների դիտարկմանը, թե Գյումրիի և Փարաքարի ընտրությունները հակառակը ցույց տվեցին, Խուդաթյանն արձագանքել է՝ նշելով, որ խոսքը ՏԻՄ ընտրությունների մասին է, որոնք պայմանավորված էին անձերով, ոչ թե կուսակցություններով։
«Ես վստահ եմ, որ դուք էլ չեք կարծում, թե 2026 թ․-ի ընտրություններին Գյումրիի օրինակով ՀՀ-ում կոմունիստական կուսակցությունը կարող է 20 և ավել տոկոս ձայն ստանալ»,- նկատել է նա։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի համոզմամբ՝ գործընթացում ընդդիմությունն ունի մեկ նպատակ՝ 2026 թ․-ի ընտրություններից առաջ դառնալ դաշտի գլխավոր ուժը։
Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը՝ նկատել է՝ գործընթացը վերջանալու է հենց սրանով, նպատակն իրացվել է․
«Ավելին անելու ռեսուրս որևէ մեկը չունի։ Գործընթացը եղավ, իր նպատակին ծառայեց, վերջացավ: Ընթացքում գուցե փորձեն ինչ-որ գործողություններ իրականացնել, բայց դրանք ընդամենը կլինեն թոզ փչելու նման բան»:
Ղևոնդյանը չի կարծում, թե Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծն ի վերջո կներկայացվի ԱԺ։ Մյուս կողմից նկատում է՝ իմպիչմենտի գործընթացն ինքնին չի անհանգստացնում իշխանությանը․
«Գոյություն ունեցող կառուցվածքը հնարավորություն չի տալիս մինչև 2026 թվականի հունիսի 7-ն [խորհրդարանական ընտրություններ ՀՀ-ում] էական որևէ փոփոխություն իրականացնել, եթե որևէ ֆորս-մաժորային իրավիճակ տեղի չունենա»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը խոսել է իմպիչմենտի երկու նախաձեռնությունների մասին և նկատել՝ երկուսից ոչ մեկն էլ չի կարող հավաքել 36 ստորագրություն։
Ըստ նրա՝ ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն ի սկզբանե հայտարարել էին, որ չեն միանա «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հնարավոր նախաձեռնություններին՝ այդ կերպ սահմանափակելով «իրենց ինտեգրացիոն պոտենցիալը»։
«Տրամաբանորեն կանխատեսելի էր, որ Աղազարյան-Ասլանյան զույգի նախաձեռնությունը «արգելափակվելու» է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից»,- նշել է նա՝ նկատի ունենալով Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։
Կարծում է՝ նախկին ՔՊ-ականները, իրենց հերթին, չեն ստորագրելու Դավիթ Համբարձումյանի թեկնածությունն առաջադրող նախագծի տակ։
Սուրենյանցի գնահատմամբ՝ իրավիճակը կարող է փոխել բացառապես փողոցը՝ համաժողովրդական շարժումը։
Ասում է՝ նման շարժում գեներացնելու համար անհրաժեշտ է քաղաքական այլընտրանքային ծրագիր և բովանդակություն: Այս բաղադրիչն ապահովելու պարագայում, ըստ նրա, կարելի է լուծված համարել ոչ միայն 36 ստորագրության, այլև 54 պատգամավորի քվեարկության հարցը, ինչի հետևանքով էլ Փաշինյանը կզրկվի իշխանությունից։
Ընդդիմադիր ուժերը փողոցային պայքարի միջոցով Փաշինյանին հրաժարական պարտադրելու փորձեր անում են 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր։ Նման վերջին փորձը սահմանազատման դեմ շարժումն էր, որ գլխավորում էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ «Սրբազան պայքար» անունը ստացած շարժումը, սակայն, Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատման իրականացումից հետո քիչ-քիչ մարեց։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց ՀՀ-ում