«ՀՀ եվրաինտեգրման ճանապարհին ամենամեծ խնդիրը ԵՄ-Վրաստան երկխոսության սառեցումն է»․ Փաշինյան
Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում 2026 թ․
«Եվրամիությանը Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը ԵՄ-ի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն»,- Եվրախորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցրել է խորհրդարանի կողմից «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունման մասին և հավելել, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հարևան Վրաստանը ստացել է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ։
«Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի։ Եվ մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական Միություն–Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարևոր է Հայաստանի համար՝ նույնքան կարևոր, որքան Վրաստանի համար»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձել է նաև հարցին, թե երբ Հայաստանը կդառնա Եվրամիության անդամ։ Վարչապետն արձանագրել է՝ ներկա պահին Երևանի խնդիրը բարեփոխումների ճանապարհը շարունակելն է, ԵՄ անդամագրման չափանիշներին համապատասխանելը, քանի որ առանց դրա միությանը չի կարող անդամակցել որևէ երկիր։ Ըստ նրա՝ չափանիշներին համապատասխանելուց հետո կարող է լինել 2 ճանապարհ՝ ԵՄ-ն կընդունի ՀՀ-ին՝ որպես անդամ կամ ոչ։
Փաշինյանի գնահատմամբ՝ ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ներգրավումը պարզ հարց չէ, նաև քաղաքական որոշման խնդիր է։ Ասում է՝ եթե նույնիսկ Հայաստանը կառույցի անդամ չդառնա, էլի կշահի, քանի որ կլինի «ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր»։
Ելույթում Հայաստանի վարչապետն անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին, Բաքվում պահվող հայ գերիներին, երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին և ոչ միայն։ Ներկաները Փաշինյանի ելույթը ողջունել են հոտնկայս ծափահարություններով։
Կարևոր դրվագները
- «Գլուխը պատին է տվել»․ ՀՀ-ում քննարկում են «միութենական պետության» առաջարկը
- «TRIPP-ի համար վտանգավոր չէ»․ ՀՀ Աժ նախագահը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին
- «Երկաթուղիների պետական կառավարումն ավելի ձեռնտու կլինի Հայաստանին»․ կարծիք
«Ցավ ենք ապրում տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում»
Եվրախորհրդարանի լիագումար նիստում ունեցած ելույթում ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։
Ընդգծել է՝ ԱՄՆ հետ Երևանի ունեցած հարաբերությունների մեծ ծավալն ու Իրանի՝ «լավ բարեկամ, հազարամյա հարևան» լինելու հանգամանքը։ Հավելել է, որ Հայաստանը վերջերս պատմական քայլ է կատարել, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սաուդյան Արաբիայի հետ, իսկ ԱՄԷ-ն, Քաթարը, Օմանը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Սիրիան ՀՀ լավ գործընկերներն են։
«Մենք ցավ ենք ապրում՝ տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում։ Միջազգային այսպիսի մասշտաբի ճգնաժամի ֆոնին առավել ևս մենք փոքր, համեստ պետություն ենք և մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության և գործընկեր առաջնորդների իմաստնության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ»,- ընդգծել է վարչապետը։
«Որտե՞ղ կա կատարյալ խաղաղություն»․ Հայաստան-Ադրբեջան գործընթացի մասին
Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ արդեն 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված, հրաձգության հետևանքով ո՛չ զոհ է եղել, ո՛չ վիրավոր։
Եվս մեկ անգամ արձանագրել է՝ խաղաղությունն ունի ամենօրյա խնամքի կարիք․
«Հակառակ դեպքում շատ արագ կփլուզվի, այնպես ինչպես բոլորիս աչքի առաջ օրերի ընթացքում պատերազմի հորձանուտ են մտնում տասնամյակներով կայուն տարածաշրջաններ»։
Նրա փոխանցմամբ՝ ՀՀ իշխանություններին քննադատում են՝ ասելով, թե հաստատված խաղաղությունը կատարյալ չէ։ Նման կարծիք հնչեցնողներին վարչապետը մի շարք հարցեր ունի․
«Խնդրում եմ ասեք, իսկ որտե՞ղ է խաղաղությունը կատարյալ, որտե՞ղ կա կատարյալ խաղաղություն և որտե՞ղ է եղել ու երբ։ Ընդհակառակը, խաղաղության նկատմամբ խնամք տանելու կամքն է, որ այն կատարյալին հնարավորինս մոտ կարող է դարձնել»։
«Պատրաստ ենք Ադրբեջանին տրամադրել նաև ավտոմոբիլային կապ»․ նոր առաջարկ
Խոսելով հաստատված խաղաղության օգուտների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումը, անկախությունից ի վեր առաջին անգամ 2025 թ․-ի նոյեմբերին այդ ճանապարհով բեռ է հասել ՀՀ։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանից նավթամթերքի ներկրումը հայկական շուկայում նավթամթերքի գների նվազման առիթ է դարձել և կոտրել «տասնամյակներով հաստատված մենաշնորհները»․
«Մենք պատրաստվում ենք Վրաստան-Ադրբեջան երկաթուղին օգտագործել նաև արտահանման համար։ Հույս ունեմ՝ առաջիկայում Հայաստանի համար արտահանման հասցե կդառնա նաև Ադրբեջանը»։
Օգտվելով առիթից՝ նորից հնչեցրել է Երևանի առաջարկը՝ հենց այսօր ապահովել տարանցումը Ադրբեջանից դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ։ ՀՀ վարչապետի փոխանցմամբ՝ Բաքուն և Անկարան այդ հնարավորությունից դեռ չեն օգտվել։ Փաշինյանը ենթադրում է՝ կարծում են, թե «նման լուծումը, գուցե, բերի TRIPP նախագծի իրագործման ձգձգման»։
«Հայաստանը TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է ՀՀ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին և որևէ կերպ չի նսեմացնում Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը»,- վստահեցրել է նա։
Հայաստանի վարչապետը ևս մեկ առաջարկ է արել Ադրբեջանին, այս անգամ ավտոմոբիլային ճանապարհ տրամադրելու վերաբերյալ․
«Հայաստանը պատրաստ է այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը»։
Վերադառնալով երկաթուղային հաղորդակցության թեմային՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կապի հաստատմանը, այնպես էլ ՀՀ-ն է սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի և հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը․
«Երկաթուղային այս ուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, ՀՀ-ի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այլ կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի և հյուսիսի միջև։ Ինչպես տեսնում եք, Հայաստանի և Ադրբեջանի սպասումները չեն հակասում իրար»։
«Ընտրությունների արդյունքում պետք է խաղաղությունը դարձնենք անշրջելի»
Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանին հաջողվել է խաղաղության հասնել ժողովրդավարական արժեքներին նվիրվածության շնորհիվ։ Հույս ունի՝ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում կհաջողվի անշրջելի դարձնել ինչպես ժողովրդավարությունը, այնպես էլ խաղաղությունը․
«Այդ ընտրություններով մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի, ապա և խաղաղությամբ ժողովրդավարությունը կդառնա անշրջելի։ Մենք գնում ենք այս ճանապարհով։ Եվ ես սա ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ»։
«Որոշ հոգևորականներ ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը»
Վարչապետի գնահատմամբ՝ Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատման գործընթացից առաջ՝ 2024 թ.-ի մարտ–ապրիլ ամիսներին Հայաստանը հասել էր «պետականության եզրին»։ Ասում է՝ եթե գործընթացը չմեկնարկեր, այսօր ՀՀ-ն կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։
Հիշեցրել է՝ կաթողիկոսի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը ՀՀ-ում շարժում էր սկսել (նկատի ունի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Սրբազան» շարժումը)։ Վարչապետի դիտարկմամբ՝ պահանջը ոչ միայն սահմանազատման չիրագործումն էր, այլև կոնֆլիկտի՝ ղարաբաղյան շարժման ակտիվացումը։
Ասում է՝ բարձրաստիճան հոգևորականների և նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվում էր «ապատեղեկատվության արշավ», մարդկանց փորձում էին համոզել, թե կառավարությունը պատրաստվում է ՀՀ ինքնիշխան տարածքներ և դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ զիջել Ադրբեջանին։
«Ինչպե՞ս մենք լուծեցինք խնդիրը։ Մենք խոսեցինք մեր գործատուի՝ ժողովրդի հետ։ Եվ հիմա Տավուշի մարզի Կիրանց գյուղը սահմանազատումից հետո տների մոտ 50 տոկոս աճ է ունեցել կառավարության աջակցությամբ և այսօր բացարձակապես խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է։ Իսկ հնամյա եկեղեցիները վերականգնվում են կամ նորոգվում», — հայտարարել է նա։
Փաշինյանը շեշտել է՝ խաղաղության դեմ տարվող պրոցեսում ներգրավված հոգևորականներն ու նրանց ներկայացուցիչները Եվրախորհրդարանում և միջազգային կառույցներում փորձում են տարածել հետևյալը՝
- «Հայաստանի կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը,
- ՀՀ-ում բռնապետություն է հաստատվում,
- Հայաստանում կան քաղբանտարկյալներ։
Այդ հոգևորականները ՀՀ-ում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը, իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուստանաբնակ [նկատի ունի Սամվել Կարապատյանին] և բելառուսամետ [նկատի ունի Գագիկ Ծառուկյանին] օլիգարխների, և փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին»։
Փաշինյանի բնորոշմամբ՝ նշված հոգևորականները «ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար»։ Ասում է՝ ոմանց ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով։ Վարչապետը նկատի ունի կաթողիկոսի եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոսի վերաբերյալ ԱԱԾ հրապարակած փաստաթուղթը։
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայ առաքելական եկեղեցու պատարագի տեքստում ավելի քան 40 անգամ հիշատակվում է խաղաղություն բառը, ինչը, ըստ նրա, ոչ միայն մարդու հոգու, այլև համաշխարհային խաղաղության մասին է։
«Իսկ այսօր ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ և/կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար, հատելով ՀՀ օրենսդրության սահմանները։ Սա չի կարող հանդուրժվել որևէ ժողովրդավարական երկրում»,- պնդել է վարչապետը։
«Դիվանագիտական լուռ աշխատանք է տարվում»․ գերիների վերադարձի մասին
Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիներին՝ վարչապետ Փաշինյանը վստահեցրել է՝ Հայաստանի կառավարությունը շարունակում է դիվանագիտական լուռ աշխատանք տանել նրանց ազատ արձակման ուղղությամբ․
«Վերջերս Ադրբեջանը մեր ևս չորս հայրենակիցների ազատ արձակեց։ Հայ հանրությունը, մենք բոլորս երջանկություն ապրեցինք այդ առիթով։ Բայց կառավարությունը շատ արագ վերադարձավ դիվանագիտական լուռ աշխատանքը շարունակելուն՝ հանուն մյուսների վերադարձի»։
Համոզված է՝ եթե մինչ այդ էլ չորդեգրեին դիվանագիտական լուռ աշխատանքի ոճը, 2025 թ․-ի հունվարի 14-ին չորս հայ գերիների վերադարձը տեղի չէր ունենա։
«Պետք չէ նրանց սին հույսեր տալ»․ արցախցիների մասին
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կա հստակ ռազմավարություն, այն է՝ ղարաբաղցի քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում․
«Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4886 ընտանիքներ։ Մեր միջազգային գործընկերների հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք խաղաղության ամրապնդմանն ուղղված այս խնդիրը լուծելու համար»։
Վարչապետը շեշտել է՝ կարևոր խնդիրներից է նաև այն, որ «փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով»։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը նկատի ունի ընդդիմության կողմից պարբերաբար բարձրաձայնվող՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի օրակարգը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում 2026 թ․