«ՀՀ-ում 2018 թ․-ից ի վեր որևէ հանրահավաք չի արգելվել»․ Փաշինյանը՝ Իրանի դեսպանին
Փաշինյանի արձագանքը ՀՀ-ում Իրանի դեսպանին
«2018 թվականից ի վեր Հայաստանում երբեք որևէ հանրահավաք չի արգելվել, և մենք չէինք կարող որևէ առանձին դեպքում այլ կերպ վարվել»,- այսպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարություններին։
Նախօրեին Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին դժգոհել էր, որ Հայաստանի իշխանությունները «թույլ են տվել» մի քանի օր շարունակ ցույցեր անցկացնել ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց։ Նրա հայտարարությունից հետո էլ ՀՀ-ում հաստատված իրանցիները հավաքվել էին Իսլամական Հանրապետության դեսպանության դիմաց՝ պահանջելով «դադարեցնել արյունահեղությունը»։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանը շատ ուշադիր է հարևան Իրանից հնչող հայտարարությունների նկատմամբ, արել և շարունակելու է անել ամեն բան «բարեկամ և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու» համար։
Նման շեշտադրումներով դեսպանի հայտարարությանն արձագանքել էին նաև Ներքին գործերի նախարարությունից՝ հայտարարելով, որ «Հայաստանը՝ որպես ժողովրդավարական պետություն, պարտավոր է չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը»։
Իրանում բողոքի ցույցեր են ընթանում սկսած 2025 թ․-ի տարեվերջից։ Երկրում բողոքի ալիք է բարձրացրել իրանական արժույթի՝ ռիալի արժեզրկումը։ Ժամանակի ընթացքում, սակայն, սոցիալական բաղադրիչ ունեցող ցույցերը վերաճել են հակակառավարական ցույցերի։
Երկրից դուրս եկած իրանցիների փոխանցմամբ՝ տևական ժամանակ է, ինչ Իրանում ինտերնետ կապ չկա, հեռախոսային կապը հասանելի է միայն երկրի ներսում, արտերկիր զանգել հնարավոր չէ։ Հաղորդվում է ցույցերի մասնակիցների և իրավապահ մարմինների շրջանում հարյուրավոր զոհերի մասին։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին տեղեկություններ են հասել հայերի շրջանում 12 զոհի մասին, երկուսի մահն արդեն հաստատվել է։
- ԱՄՆ-ն կդադարեցնի ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի, այդ թվում՝ Վրաստանի և ՀՀ քաղաքացիներին
- «Չպետք է տեղավորվենք Բաքվի և Անկարայի վիրտուալ իրականության մեջ»․ կարծիք Երևանից
- «Հայաստանը փորձում է ՌԴ-ին ցույց տալ՝ TRIPP-ին հավակնել չի կարող»․ կարծիք
Դեսպան․ «Մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվում՝ գալ Իրանի դեսպանատան դիմաց»
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին նախօրեին տեղական լրատվամիջոցների հետ ասուլիսում հայտարարել էր․
«Մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվում գալ Իրանի դեսպանատան դիմաց և հանդես գալ անհարգալից ու վիրավորական հայտարարություններով»։
Նրա փոխանցմամբ՝ շուրջ 6 օր է, ինչ երեկոյան ժամերին՝ ժամը 18:00-ից մինչև 21:00-ն, Իրանի դեսպանատան դիմաց նման հավաքներ են տեղի ունենում։
«Մենք բազմաթիվ անգամներ փոխանցել ենք մեր բողոքը Հայաստանի համապատասխան մարմիններին։ Սակայն այդ գործընթացը շարունակվում է»,- նկատել է նա։
Իրանի դեսպանը շեշտել է՝ ամենածանր պահերին կանգնած են եղել ՀՀ կառավարության կողքին, հիմա իրենք են ծանր վիճակում։ Հավելել է, թե դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցածը «կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։
Շիրղոլամիի գնահատմամբ՝ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է «Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն»։
Ըստ նրա՝ եթե «այդ ուժերին հաջողվի մասնատել Իրանը, Հայաստանը ևս պարտվողների շարքում է լինելու»:
Փաշինյան․ «Կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր, որպեսզի որևէ խնդիր չառաջանա»
Արձագանքելով դեսպան Շիրղոլամիի պնդումներին՝ Հայաստանի վարչապետը հիշեցրել է՝ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, ցույցերի անցկացումը երկրում արգելված չէ։ Միևնույն ժամանակ Փաշինյանը նշել է՝ կիսում է այն մոտեցումը, որ «արտահայտման ձևերը չպետք է խաթարեն Իրանի Իսլամական Հանրապետության կամ որևէ այլ դեսպանատան բնականոն աշխատանքը»։
«Մենք ուշադիր կհետևենք իրավիճակին, այդ թվում՝ դրա շուրջ առկա մտահոգություններին, և կգործենք մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում»։
Կառավարության ղեկավարը վստահեցրել է՝ կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի բարեկամական և եղբայրական Իրանի դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա։
«Իսկ այն անձանց նկատմամբ, որոնք կանցնեն օրենքի սահմանը, կիրականացվեն համապատասխան վարույթներ։ Գիտեմ, որ արդեն մի քանի դեպքերով վարչական վարույթներ են հարուցվել»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը։
Հունիսի 14-ին ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց հավաքվել էին տասնյակ իրանցիներ, որոնք հաստատվել են Հայաստանում։ Նրանց մի մասը մատնանշում էր երկրի ծայրահեղ ծանր տնտեսական իրավիճակը, ինտերնետի և կապի միջոցների բացակայությունը։ Մյուսները բարձրաձայնում էին իրավապահների կողմից կիրառվող անհամաչափ ուժի, բռնությունների մասին։
«Մենք ունենք ապացույցներ և տեղեկություններ, որ բուժհաստատություններում վիրաբույժները չեն բավարարում, հիվանդանոցներ տեղափոխվող վիրավորների թիվը շատ մեծ է», — «Ազատությանը» պատմել էր քաղաքացիներից մեկը։
Իրանցիների գլխավոր պահանջը «արյունահեղությունը» դադարեցնելն է։
Իրանի դեսպանի հայտարարությանն արձագանքել էր նաև ՆԳՆ-ն
ՀՀ Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ ՀՀ-ն ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ․
«Բոլոր հավաքները սպասարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ապահովվել է ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ դեսպանատան շենքի անվտանգությունը»։
Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հավաքներից մեկի ընթացքում մասնակիցներից մեկը ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանի արձագանքը ՀՀ-ում Իրանի դեսպանին