Փաշինյան-Պուտին հանդիպում Մոսկվայում. այց ցավոտ հարցերի քննարկման համար
Փաշինյանի այցը Մոսկվա. հանդիպում Պուտինի հետ
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մոսկվան առավոտյան հայտնել էր, որ երկու առաջնորդները «աշխատանքային նախաճաշ» կունենան, սակայն Փաշինյանը Մոսկվա է ժամանել շատ ավելի ուշ։ Բանակցությունները մեկնարկել են երեկոյան։
Կրեմլում կայացել են նաև ընդլայնված կազմով քննարկումներ։ ՀՀ վարչապետը Մոսկվա է մեկնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և նրա տեղակալների հետ։
Դատելով այն փաստից, որ ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են «Ռոսատոմի» ղեկավարն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը, կարելի է ենթադրել, որ հանդիպմանը քննարկվել են նաև այն հարցերը, որոնք Երևանն այս պահին համարում է առավել հրատապ։
Հայկական կողմն ավելի վաղ հայտնել էր գործող ատոմակայանը մոդուլային էլեկտրակայաններով փոխարինելու մտադրության մասին: Ռուսաստանում, հավանաբար, սա գնահատել են որպես մտադրություն՝ դիվերսիֆիկացնելու ՀՀ էներգետիկ համակարգն ու հրաժարվելու «Ռոսատոմի» հետ համագործակցությունից՝ հօգուտ արևմտյան գործընկերների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է Հայաստանի երկաթուղու կոնցեսիան ՀՀ և ՌԴ համար բարեկամական որևէ երկրի փոխանցելու հարցը։ Վարչապետը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանը կորցնում է իր մրցակցային առավելությունը տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցությունների զարգացման գործում՝ այն պատճառով, որ հայկական երկաթուղին կառավարվում է ռուսական ընկերության կողմից։ Ի պատասխան՝ Փաշինյանի ժամանումից մեկ օր առաջ Մոսկվայից հայտարարել էին՝ չեն պատրաստվում հրաժարվել կոնցեսիայից։
2008 թ.-ից ի վեր հայկական երկաթուղիները գտնվում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունն է։ Հայ փորձագետները նշում են, որ այս ընթացքում բեռնափոխադրումները կիսով չափ կրճատվել են, որոշ երթուղիներ դադարեցրել են գործունեությունը, իսկ պարտադիր ներդրումները մնացել են թղթի վրա։
Դեռևս տեղեկություններ չկան փակ դռների հետևում ընթացող բանակցությունների արդյունքների մասին։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այս բոլոր հարցերը քննարկվել են նաև պատվիրակությունների կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի առաջին դեմքերի մասնակցությամբ։
Փաշինյանի և Պուտինի բացման խոսքի կարևոր շեշտադրումները
- «ՀՀ անվտանգության երաշխավորը մեզ առաջնորդել է դեպի սպանդանոց»․ Նիկոլ Փաշինյան
- «Գլուխը պատին է տվել»․ ՀՀ-ում քննարկում են «միութենական պետության» առաջարկը
- «Երկաթուղիների պետական կառավարումն ավելի ձեռնտու կլինի Հայաստանին»․ կարծիք
Պուտին. «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն առանձնահատուկ են»
Հանդիպման բաց հատվածում Պուտինը հայտարարել է, որ անկախ հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ «ռուս-հայկական հարաբերությունների կառուցման և ամրապնդման ուղղությամբ տրամադրվածությունը կշարունակվի»։ Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի «բարեկամները»՝ ռուսամետ քաղաքական ուժերը, նույնպես կկարողանան մասնակցել ընտրություններին։ Նա, ենթադրաբար, նկատի ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին, որը ներկայումս տնային կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար։
Նա նաև անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքի շրջանակներում երկրների միջև առկա տարաձայնություններին: ՌԴ նախագահը ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից Հայաստանի իշխանությունների դժգոհությունը վերագրել է Ղարաբաղի խնդրին: Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը չէր կարող միջամտել Ադրբեջանի մաս կազմող տարածքում հակամարտության լուծմանը: Եվ սա այն պարագայում, երբ Հայաստանը իր դաշնակիցներից օգնություն էր խնդրել 2021-2022 թվականներին՝ իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար:
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Երևանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացմանը.
«Հասկանում ենք, որ ցանկացած երկիր ձգտում է առավելագույն օգուտ քաղել երրորդ երկրների հետ համագործակցությունից։ Սակայն պետք է ակնհայտ լինի, պետք է ազնիվ կերպով, նախապես, ինչպես ասում են, ի սկզբանե ասված լինի, որ Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը և ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է։ Դա պարզապես անհնար է։ Եվ հարցը նույնիսկ քաղաքական չէ, այլ զուտ տնտեսական բնույթի է»:
Փաշինյան. «Հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են»
ՀՀ վարչապետը նախևառաջ ընդգծել է Ռուսաստանի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները։ Նա նկատել է՝ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, Ռուսաստանի հետ համագործակցությունը նույնպես ավելի արդյունավետ է դառնում։ Փաշինյանը հիշեցրել է, որ անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանը երկաթուղային կապ է ստացել Ռուսաստանի հետ։ Հետևաբար, Հայաստանը կարող է ռուսական ապրանքներ ներմուծել Ադրբեջանի տարածքով։ Ավելին, նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նույն երթուղով նաև արտահանում իրականացնել:
Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության հնարավորությանը՝ ՀՀ վարչապետը նկատել է.
«Իհարկե, մենք գիտենք, որ սկզբունքորեն երկու միավորումների անդամակցությունն [նկատի ունի միաժամակ ԵՄ և ՌԴ գլխավորած Եվրասիական տնտեսական միության մաս կազմելը] անհամատեղելի է: Սակայն այն, ինչ մենք անում ենք, և այն օրակարգը, որը մենք ունենք, առնվազն այս պահին համատեղելի են։ Սա փաստ է։ Եվ քանի դեռ կա այդ օրակարգերը համատեղելու հնարավորություն, մենք կշարունակենք դրանք համատեղել։ Իսկ երբ գործընթացները կհասնեն այն կետին, երբ անհրաժեշտ կլինի որևէ որոշում ընդունել, ես վստահ եմ, որ մենք՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, կընդունենք այդ որոշումը։ Իհարկե, այս համատեքստում Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի կասկածի տակ»:
Անդրադառնալով էներգետիկ ոլորտում համագործակցությանը՝ Փաշինյանը նշել է, որ ակտիվ քննարկումներ են ընթանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ արևմտյան գործընկերների հետ։
Նա բացահայտ հայտարարել է, որ Հայաստանը փնտրում է իր էներգետիկ համակարգի հետագա զարգացման համար ամենաշահավետ առաջարկը։
Մատնանշելով ԱՄՆ նախագահի ներդրումն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործում՝ Փաշինյանը նաև ընդգծել է Ռուսաստանի նախագահի առանցքային դերը ընթացող գործընթացներում։ Միաժամանակ նկատել է.
«Այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում, նաև մեր հարաբերությունների համար նոր հնարավորություններ է բացում։ Եվ այժմ դա փաստ է՝ ես արդեն հիշատակեցի Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային կապը։ Մենք այս թեմայի վրա աշխատել ենք տասնամյակներ, բայց, ցավոք, երբեք չի հաջողվել հասնել նման որոշման»:
Խոսելով ղարաբաղյան խնդրի մասին՝ Հայաստանի վարչապետը կրկին հայտարարել է, որ ինքը փակել է այդ հարցը, ինչն էլ դարձել է բավական ամուր հիմք խաղաղության հետագա զարգացման համար:
Վարչապետն արձագանքել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Պուտինի հայտարարություններին.
«Մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց [Հայաստանի ռազմական օգնության խնդրանքին], և չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն»։
Անպատասխան չի թողել և ընտրություններին ռուսամետ ուժերի մասնակցության մասին ՌԴ նախագահի հայտարարությունը.
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեզ մոտ գրեթե մշտապես առկա են քաղաքական գործընթացներ, և դա մեզ համար արդեն սովորական երևույթ է։ Ուզում եմ ասել, որ մեզ մոտ կան քաղաքացիներ, որոնք կարծում են, թե Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը։ Բայց սա մեզ համար սկզբունքային հարց է։ Մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Սա ընտրություններ են, որոնք դե ֆակտո նաև վարչապետի ընտրություններ են։
Եվ ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես հայկական անձնագիր։ Այսինքն՝ ամենայն հարգանքով, բայց ռուսական անձնագիր ունեցող անձինք, ՀՀ Սահմանադրության համաձայն, չեն կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի թեկնածու [նկատի ունի ռուս գործարար Սամվել Կարապետյանին, ով առաջադրվել է վարչապետի պաշտոնում՝ հանդիսանալով ՀՀ, ՌԴ և Կիպրոսի քաղաքացի]»։
Փաշինյանն իր ելույթն ավարտել է՝ շեշտելով, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը կշարունակվի, և կօգտագործվեն բազմաթիվ հնարավորություններ, որոնք դեռ չեն օգտագործվել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանի այցը Մոսկվա. հանդիպում Պուտինի հետ