«Չենք գործելու ՌԴ դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի շահի»․ Փաշինյան
Փաշինյանը’ Վենսի այցի արդյունքների մասին և ոչ միյան
«Մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության շահի: Սա մեր ռազմավարությունն է»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Շեշտել է՝ Երևանը միջազգային գործընկերների հետ շփումներում նույնպես հստակ արձանագրում է՝ «Ռուսաստանին, Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում»։
Փաշինյանը նաև ընդգծել է՝ կարող են լինել խնդիրներ, բայց Երևանը պատրաստ է բաց երկխոսության։ Որպես օրինակ ներկայացրել է 2025 թ․-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններն ու այդ ֆոնին Մոսկվայի մտահոգությունները։ Վարչապետի փոխանցմամբ՝ «Թրամփի ուղու» նույն բովանդակությունը նախորդ տարիներին առաջարկվել է նաև Ռուսաստանին։
«Մենք հինգ բառ ենք ուզել ընդամենը։ Այդ բառերն են եղել՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Սսել ենք՝ դրեք այս հինգ բառը թղթի մեջ, և ես ցանկացած պահի պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել: Եվ իմ ասածի մեջ ոչ մի չափազանցություն չկա»,- մանրամասնել է նա։
Ըստ Փաշինյանի՝ միշտ էլ լինում են լարումներ, սակայն ՀՀ-ն Ռուսաստանի հետ չի կռվելու, պրոբլեմներ չի ստեղծելու, այլ քննարկելու է բոլոր հարցերն ու գնալու է իր շահերի հետևից։
Հարցազրույցում վարչապետն անդրադարձել է նաև ԱՄՆ փոխնախագահի այցին և TRIPP նախագծին, Աբու Դաբիում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, ՌԴ կողմից երկաթուղու բացակայող հատվածների վերակառուցմանը, ՀՀ-ում կայանալիք ընտրություններին, եկեղեցու բարենորոգման օրակարգին։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- «Կան քննարկման ենթակա հարցեր»․ ՀՀ ԱԺ նախագահը՝ Լավրովին
- «Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» կներկայացնի ՌԴ շահերը»․ կարծիք
- «Ուժային միջամտության արդարացման փո՞րձ»․ հայ գործիչների արձագանքը Սոլովյովին
«Ստացանք այն, ինչ սպասում էինք»․ Ջեյ Դի Վենսի այցի մասին
ՀՀ վարչապետի խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահի այցը Երևան Հայաստանը դրել է համաշխարհային ուշադրության կենտրոնում:
«Շատ կարևոր է, որ Նահանգների ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հրավիրվում է Հայաստանում բացված և բացվող ներդրումային հնարավորությունների վրա»։
Փաշինյանի բնորոշմամբ՝ գործնականում Երևանը Վենսի այցից ստացել է այն, ինչ սպասում էր։ Ասում է՝ հրապարակված թվերը դեռ դառնալու են կոնկրետ նախագծեր և հասցեներ,, սակայն դրանք արդեն իսկ ցույց են տալիս «Հայաստանին աջակցելու ԱՄՆ մեծ քաղաքական կամքը»։
Իրականացվող ծրագրերն, ըստ նրա, խաղաղության օրակարգի արդյունքներն են և ցույց են տալիս, որ 2025 թ․-ի օգոստոսի 8-ի հայտարարությունը հաջողություն է գրանցել։
«Մենք չքննարկեցինք, չխոսեցինք սահմանային վիճակի մասին, ռեգիոնալ լարվածության մասին։ Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է, որ չկա օրակարգում այդպիսի հարց: Իհարկե, օրակարգում կան կոնֆլիկտի կամ հետկոնֆլիկտային վիճակի հետ կապված հարցեր, որոնք քննարկվել են»,- մանրամասնել է նա։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Վենսի հետ հանդիպման օրակարգում է եղել նաև Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։
Մանրամասներ, սակայն, չի ներկայացրել։ Ասում է՝ փորձը ցույց է տալիս, որ այդ հարցի շուրջ պետք է գործել «անաղմուկ»։
«ԱՄՆ-ն ասում է՝ ինքնիշխան ՀՀ-ն առնվազն 99 տարի գոյություն է ունենալու»
Խոսելով հայ-ամերիկյան «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի մասին՝ Փաշինյանը հայտարարել է՝ ներդրումային ծրագիրն իրականացվելու է առնվազն 99 տարով։
«Աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը 99 տարի, որպես անկախ, ինքնիշխան պետություն, կներեք, գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ և այդտեղ լինելու է նորմալ ներդրումային միջավայր»։
Ինքը՝ Փաշինյանը փնտրել ու չի գտել պատմության որևէ այլ ժամանակաշրջան, որտեղ ՀՀ-ն իր առջև 99 տարվա հեռանկար ու պլան է ունեցել, այն էլ աշխարհի թիվ մեկ գերտերության հետ։
TRIPP նախագծի 74% բաժնեմասը Նահանգներինն է, 26%-ը՝ Հայաստանինը։ Այդ փաստն ընդդիմությունը քննադատաբար է ընդունել։ Վարչապետ Փաշինյանը, սակայն, հիշեցնում է՝ 50 տարուց հարաբերակցությունը փոխվելու է, և Հայաստանն ունենալու է արդեն 49%: Մինչ այդ, ըստ նրա, ներդրողները պետք է կարողանան շահույթ ստանալ նախագծից և «հետ բերել իրենց գումարները»։
«Հայ տնտեսվարողներն արտահանման համար կարող են օգտագործել Ադրբեջանի երկաթուղին»
Փաշինյանի փոխանցմամբ՝ Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման ժամանակ նկատել է՝ երկկողմ խոսակցության մեջ հայտնվել է «շատ էական տնտեսական բովանդակություն».
«Մենք քննարկում էինք, թե տնտեսական ինչ նախագծեր կան, որոնք ունեն փոխադարձ հետաքրքրություն, ընդ որում՝ երկկողմ առևտրի մասին է խոսքը»։
Վարչապետն արձանագրել է՝ Հայաստանից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը նույնպես բաց է․
«Ադրբեջանի ներկայացուցիչները հավաստիացրին, որ այդ ճանապարհը չի փակվելու և այդ ճանապարհը բաց է” Վերահաստատեցին, որ հայկական բիզնեսը, տնտեսվարողներն արտահանման համար կարող են օգտագործել Ադրբեջանի երկաթուղին»։
Խոսքը, մասնավորապես՝ ՀՀ- Վրաստան-Ադրբեջան և այնտեղից Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Չինաստան արտահանում իրականացնելու մասին է։
Երկրի ղեկավարի փոխանցմամբ՝ երկաթուղային նախագծերի իրագործումից հետո կբացվեն նաև ավտոճանապարհները, այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում։
«Չպետք է կորցնենք մեր մրցակցային առավելությունը»․ երկաթուղու բացակայող հատվածների նորոգման մասին
Հայկական կողմն ակնկալում է, որ ՌԴ-ն կվերակառուցի երկաթուղու Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Փաշինյանն անձամբ է դիմել նման խնդրանք-սռաջարկով և նշել, որ կան «դրական ազդակներ»։ Մոսկվայից, սակայն, պաշտոնական արձագանք դեռ չկա։
Վարչապետի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ երկաթուղին Զանգելանից մտնելու է Մեղրի, Մեղրիից՝ Նախջևան և այլն: Ըստ նրա՝ շատ կարևոր է, թե ինչպես է շարունակվելու այդ երկաթուղին, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը հայտարարել են Կարսից Նախջևան նոր երկաթուղի կառուցելու մասին․
«Ակնկալում ենք, որ միջազգային երթուղին գործի Երասխ-Ախուրիկ ճանապարհի երթով, որտեղ կա գործող երկաթուղի, որովհետև Երասխի հատվածում ընդամենը մի քանի կիլոմետր է պակասում երկաթուղային ռելսերը, իսկ Ախուրիկում՝ ավելի կարճ, դա արդեն Թուրքիայի սահմանն է։ Եվ հիմա մենք պետք է կենտրոնանանք մեր մրցակցային առավելությունների վրա»։
Ասում է՝ միջազգային լարված համատեքստում ավելի նպաստավոր է ներկայացվում Կարսից Նախիջևան տանող երկաթուղին, քանի որ ՀՀ տարածքով անցնող երկաթուղին գտնվում է «Ռուսական երկաթուղիների» կառավարման ներքո։
«Զգում ենք, որ մենք այստեղ մեր մրցակցային առավելությունը կորցնում ենք: Եվ պետք է մտածենք՝ ինչ պետք է անենք, որովհետև սա մի տարվա, երկու տարվա, երեք տարվա, չորս տարվա հարց չէ»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը։
Երկաթուղու բացակայող հատվածները վերականգնելն, ըստ նրա, առանձնապես մեծ խնդիր չէ ո՛չ ֆինանսական, ո՛չ տեխնիկական առումով, բայց կարիք կլինի ապահովել այդ երկաթուղու արագությունը։ Նրա խոսքով՝ երկաթուղին ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար մի քանի հարյուր միլիոն դոլարի լրացուցիչ ներդրում պետք կլինի:
Փաշինյանը կարծում է՝ պետք է ռուսական կողմի հետ լուծում գտնել բարեկամական տրամաբանությամբ մեջ։ Շեշտում է՝ խոսքը Հայաստանի ռազմավարական երկարատև շահերի մասին է․
«Մեր բոլոր բարեկամ երկրները պետք է շահագրգռված լինեն, որ մեր շահերը սպասարկվեն և ոչ թե հակառակը՝ հայտնվեն փակուղու մեջ»։
2008 թ․-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ Հայաստանի երկաթուղային ցանցը կառավարում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։ Այն Ռուսաստանի պետական «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով։ Կողմերի համաձայնության դեպքում այն կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ Սակայն այժմ քննարկվում է ռուսական ընկերության ծառայություններից հրաժարվելու հնարավորությունը, եթե ինչ-ինչ պատճառներով ՌԴ-ն չկարողանա անմիջապես զբաղվել երկաթուղու պակասող հատվածների վերականգնմամբ։
«Եկեղեցին փորձում է դիրքավորվել՝ որպես օտարերկրյա պետություն պետության մեջ»
Փաշինյանի փոխանցմամբ՝ խնդիր ունեն հանրության համար ավելի հասկանալի դարձնել եկեղեցու բարենորոգման օրակարգը։ Նրա փոխանցմամբ՝ կա երկու կարևոր կետ, որ պետք է նկատի ունենալ՝
- եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ,
- եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ներքաղաքական կյանքի մասնակից պետք է չլինի:
«Մենք նախորդ շրջանում, ցավոք, տեսել ենք անընդհատ դրսևորումներ, որ եկեղեցին ոչ միայն փորձում է դիրքավորվել որպես պետություն պետության մեջ, այլ՝ որպես օտարերկրյա պետություն պետության մեջ»,- հայտարարել է նա։
Որպես եկեղեցու՝ քաղաքականությամբ զբաղվելու օրինակ Փաշինյանը ներկայացրել է կաթողիկոսի՝ իր հրաժարականը պահանջելը, Տավուշի թեմի առաջնորդի՝ «Սրբազան շարժում» սկսելը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եկեղեցու բարենորոգման օրակարգը հոգևորականների բարեվարքության, ֆինանսական թափանցիկության, ինչպես նաև հաշվետվողականության մեխանիզմների ներդրման մասին է․
«Մենք այսօր ունենք ինֆորմացիա, որ ճշտման փուլում է, որ այդ թվում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ձևաչափերով, ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու և այլն»։
Պնդել է՝ 2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարագների քարոզների ժամանակ հնչում են «քաղաքական ռադիկալ տեքստեր»։ Քաղաքական քարոզի համար խորանի օգտագործումը բնորոշել է որպես սրբապղծություն։
«Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն, պատմական ընտրության առաջ ենք»
Կառավարության ղեկավարն անդրադարձել է 2026 թ․-ի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և նշել՝ «պետք է կատարենք ոչ թե քաղաքական, այլ պատմական ընտրություն»։
Հիշեցրել է՝ հաստատվել է խաղաղություն, որը «իդեալական չէ», բայց ստեղծում է բարեկեցության, ազատության և երջանկության պայմաններ․
«Հայաստանը մեր աչքի առաջ և մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն: Եվ ՀՀ քաղաքացին առաջիկա ընտրություններին տեր պիտի կանգնի իր ջանքերով, իր զրկանքներով և կորուստներով ձեռքբերված խաղաղությանը»։
Շեշտել է՝ քաղաքացիները պետք է տեր կանգնեն նաև ծայրագավառից աշխարհի կենտրոնում հայտնվելու այս գործընթացին: Միաժամանակ հայտարարել է՝ աշխարհի կենտրոն ենք դառնում հենց մեր տարածաշրջանով։
«Սա է խաղաղության երաշխիքը, երբ խաղաղությունը մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կլինի ավելի շահավետ, ձեռնտու, քան հակառակը»,- ամփոփել է Փաշինյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը’ Վենսի այցի արդյունքների մասին և ոչ միյան