Փաշինյանը Թեհրանում է․ ո՞ր ուղղությամբ կզարգանան հայ իրանական հարաբերությունները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ժամանել է Իրան, երեկոյան նա մասնակցելու է ԻԻՀ նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը։
Քննարկված հարցերի շրաջանակում են էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվացումը, «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման ծրագրին Իրանի մասնակցությունը։
- Հայաստանը կարևո՞ր է Իրանի համար․ արևելյան դիվանագիտություն առանձնահատկությունները
- Պատվաստումային տուրիզմ․ իրանցիների հոսքը Հայաստան շարունակվում է
Ողջույնի խոսքեր
Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիին այս պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ընդգծել, որ Իրանի հետ բազմակողմանի համագործակցությունը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի․
«Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական և մշակութային սերտ առնչությունները հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել զարգացնելու համար»,- նշել է ՀՀ վարչապետը։
Ի պատասխան՝ նա լսել է Ռայիսիի հավաստումը․ «Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը»։
Տարածաշրջանային անվտանգություն
Հայաստանի վարչապետը կարևորել է նաև տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետևողական ջանքերը։
Իսկ Իրանի նախագահը շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար անհրաժեշտ է բոլոր հարցերը կարգավորել երկխոսության միջոցով։
Տնտեսական կապեր
Այս ուղղությամբ Հայաստանի և Իրանի ղեկավարների քննարկած հարցերի շրջանակում առավել կարևոր են թվում էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։
Խոսքը գնում է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը սկսելու, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի երկարաձգման և դրա ծավալների մեծացման մասին։ Այս ամենն ուղղված է Հայսատանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։
Խոսվել է նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվությունն ապահովելու մասին։ Ու Հայաստանի համար առանցքային մի հարցի, որն է՝ Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային և մալուխային կապի զարգացումը։
Իրանական կողմը հետաքրքրություն է հայտնել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրին իր մասնակցության հարցով։ Եվ Փաշինյանը պատասխանել է, որ իր կառավարությունը պատրաստ է քննարկել Իրանի շինարարական ընկերությունների մասնակցությունը այս ծրագրին, մասնավորապես, Սիսիան-Մեղրի հատվածի համար հայտարարվելիք միջազգային տենդերին։
Հյուսիս-հարավ նախագծի շնորհիվ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ։ Հյուսիսում ճանապարհը կմիացնի Հայաստանն ու Վրաստանը և կապահովի ելքը դեպի Սև ծով և եվրոպական երկրներ։ Հարավում մայրուղին երկիրը կկապի Իրանի հետ։ Հայաստանն այս ճանապարհը կառուցում է 2012 թ-ից։ 2019-ին ճանապարհը պլանավորվում էր ամբողջությամբ կառուցել, սակայն դեռևս կառուցվել է մայրուղու շուրջ 20 տոկոսը։ Եվրամիությունը հայտնել է այս ծրագրի իրականացման համար 600 մլն եվրո հատկացնելու մասին։
Իրանի հայ համայնք
Հայաստանի վարչապետը կարևորել է Իրանի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում և շնորհակալություն հայտնել Իրանի ղեկավարությանը հայ համայնքի ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր հնարավորություններն ապահովելու համար։
Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին հրավիրել է Հայաստան։ Ռայիսին սիրով ընդունել է հրավերը։