«Որոշել ենք դուրս գալ «գրպանից» և լինել անկախ պետություն». Փաշինյան
Փաշինյանը՝ այլ երկրի «գրպանից» դուրս գալու մասին
Հայաստանի վարչապետը խորհրդարանում անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորի մեղադրանքին, ըստ որի՝ Փաշինյանը դեռևս 2018 թ․-ին այլ երկրի ազդեցության գործակալի բարձր պաշտոնների է նշանակել Զինված ուժերում: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ տվյալ պատգամավորի կուսակցությունը` ՀՅԴ-ն, վերջին առնվազն 70 տարում եղել է նույն երկրի ազդեցության գործակալ ամբողջ աշխարհում։
«Այդ կուսակցությունը մինչև հիմա էլ այդ երկրի ազդեցության գործակալական ցանցն է, ընդ որում՝ էական չի, որ երկրի»,- նկատել է նա:
Վարչապետը նշել է, որ կարիք կա որոշում կայացնել՝ արդյո՞ք հանդուրժելու ենք ինչպես խորհրդարանում, այնպես էլ սրբության սրբոցում՝ Մայր Աթոռում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց։ Վստահեցրել է՝ իր գլխավորած քաղաքական ուժը չի հանդուժելու: Կարծում է՝ ընդդիմադիրները փորձում են ՀՀ-ն հետ տանել և տեղավորել այն «գրպանում», որից երկիրը դուրս է եկել:
Փաշինյանը քաղաքական ուժերին և նրանց առաջնորդներին՝ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, մեղադրել է ազդեցության գործակալ լինելու մեջ։ Նշել է, որ այդ անձինք ուզում են «զզվանք, արհամարհանք ներշնչել այսօրվա ՀՀ-ի նկատմամբ»: Միաժամանակ շեշտել է՝ 2018 թ․-ի դրությամբ Հայաստանը գտնվում էր այդ նույն երկրի «գրպանում», որի ազդեցության գործակալներն են նշված անձինք։
Ասում է՝ Հայաստանն այդ «գրպանում» է տեղավորվել անկախության հենց հաջորդ օրից, այնտեղ է հայտնվել «մի գործիքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցով»: Այժմ, սակայն, դուրս է բերվել թակարդից:
«Այսօր Հայաստանը ոչ միայն անկախ պետություն է, այլև ունի ինքնիշխան կամքի կենտրոն և կարող է որոշումներ կայացնել»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Արձագանքելով զիջումների գնալու մեղադրանքներին՝ շեշտել է․ «ինչ ուզել են, ոչ մի բան չենք տվել»: Իր խոսքում Փաշինյանն ակնարկել է, որ 2018 թ.-ին ՀՀ-ից ակնկալվել է երկրի ինքնիշխանության և անկախության զիջում, ինչին իշխող ուժը չի գնացել:
Վարչապետի ելույթի կարևոր դրվագները՝ հակիրճ
- «Անկլավների թեման կքննարկվի միայն սահմանազատումից հետո»․ կարծիքներ Երևանից
- «Հետ գնալու դեպքում քարտեզներում չենք տեսնի Ադրբեջանը»․ արձագանք Ալիևին
- «Թրամփի ուղի». Արևմուտքի պատրա՞նք, թե՞ Հարավային Կովկասի պատմության շրջադարձային պահ
Խաղաղ զարգացման դարաշրջան բացելու առաքելությունն իրականացվել է
«Կառավարության [2021 թ.-ի ծրագրում] կա մի բարձրագույն, վսեմագույն առաքելություն և դա խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է տարածաշրջանի և Հայաստանի համար: Մենք մեր մեծագույն առաքելությունն իրականացրել ենք։
Այս մարդիկ [խորհրդարանական ընդդիմությունը] ասում են՝ չէ, դա խաղաղություն չի, իսկ ո՞րն է խաղաղությունը: Մենք չգիտենք՝ որն է խաղաղությունը, Հայաստանի Հանրապետությունը չունի այդպիսի գիտելիք, չունի այդպիսի փորձ, թե որն է խաղաղությունը։ Մենք ասում ենք՝ որն է խաղաղությունը։
Խաղաղությունն այն է, որ 1 տարի 8 ամիս Հայաստանի սահմաններում փոխհրաձգությունից զինվոր չի զոհվում։ Խաղաղությունն այն է, որ սահմանամերձ բնակավայրերում արդեն 3 ամիս կրակոցների ձայն մարդիկ չեն լսում: Խաղաղությունն այն է, որ գնացք է մտել Հայաստան Ադրբեջանի տարածքով, վերջին 30 քանի տարում: Գնացք է մտել, որը բերել է ցորեն»:
Ղարաբաղի անկախության թեման ֆեյք է
«Մեր ծրագրում [2021 թ.-ի նախընտրական] Ղարաբաղի մասին էլ են դրույթներ եղել: ՀԱՊԿ-ի մասին էջեր կան գրած, թե ինչպես ենք մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում խորացնելու մեր հարաբերությունները և այլն: Ղարաբաղի մասին էլ է գրած, գրած է, որ խաղաղապահները, Հայաստանն էլ, բայց խաղաղապահներն էլ, երաշխավորում են և այլն, և այլն։
Ղարաբաղի մասին կա՞ն դրույթներ, իհարկե, կան: Կարո՞ղ էինք գնալ, շարունակել, այդ դրույթների հետևից գնալ այդպես՝ բուլդոզերի նման, կարող էինք, բայց կկորցնեինք մեր պետությունը։
Քաղաքական առաջնորդությունն այդտեղ է, որ դու քեզ վրա պատասխանատվություն ես վերցնում, որը ոչ մեկ չէր վերցնի։ Հեսա բանակցային թղթերը կբացահայտվեն և կտեսնեք, որ Ղարաբաղի անկախության թեման ֆեյք է»։
Եթե ՔՊ-ն չլիներ իշխանության, ՀՀ չէր լինելու
«Եթե 2018 թ.-ի դրությամբ մենք իշխանություն չլինեինք, մենակ մենք էինք, որ կարող էինք այս ճանապարհով անցնել։ Ուրիշ որևէ մեկը մնար, այսօր Հայաստանի Հանրապետություն չէր լինելու: Ինչքան էլ անհամեստ է, ես սա պարտավոր եմ ասել: Եվ այո՛, սա առաքելություն է, մենք այս առաքելությունն անում ենք:
2021 թ.-ին ընտրություններ էինք անում, ասացի՝ եթե մեր ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես լուռ ու մունջ պատի տակ կանգնելու եմ: Հիմա էլ եմ ասում: Բայց եթե այն ժամանակ շփոթված էինք ինչ-որ առումով, հիմա վստահ ենք: Հիմա ես վստահ եմ այն ճանապարհի մեջ, որը մենք անցել ենք:
Մենք նոր-նոր սովորում ենք, թե ինչ է պետությունը: Իրենք [նախկին ղեկավարներն ու նրանց քաղաքական ուժերը] չգիտեն՝ ինչ է պետությունը, իրենք գիտեն, թե ինչ է ֆորպոստը: Մենք էլ ենք ֆորպոստի մեջ եղել, մենք էլ ենք գրպանում եղել, բայց մենք որոշել ենք, որ պետք է դուրս գանք գրպանից, մենք որոշել ենք, որ պետք է անկախ պետությունը լինենք»:
Ղարաբաղն օգտագործել են որպես խայծ
«Այն որ ասում են [ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է ասել,- խմբ.] ՝ այդ 29.743 քառակուսի կիլոմետրը վատ է, իրենք ասում են՝ ինչպե՞ս, պետք է հետ գնանք այդ գրպան [այլ երկրի], դուք ո՞նց եք դուրս եկել այդ գրպանից, աշխարհում այդ գրպանից ավելի լավ տեղ չկա։ Եվ մեզ այդ գրպանում պահել են՝ Ղարաբաղը, ամենայն հարգանքով, որպես խայծ օգտագործելով։
Տպավորություն են փորձում ստեղծել, թե մենք Ղարաբաղի ժողովրդի հետ կամ Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ ինչ-որ վերաբերմունք ունենք, անվստահություն ունենք: Այսօրվա մեր Զինված ուժերի ղեկավարության կեսը ղարաբաղցի է: Բա եթե մենք ղարաբաղցիներին չենք վստահում, չենք սիրում, ինչպե՞ս ենք այդ մարդկանց տարել այդ տեղերում նշանակել»:
Ոչ մի միլիմետր չշեղվել խաղաղության օրակարգից
«171 միլիարդ դրամի պատվեր կա ռազմարդյունաբերության համակարգում։ Վերադառնալով ռազմական սպառազինությանը և ռազմական տեխնիկային, առանց այն արձանագրման, որ մեր խնդիրը ոչ թե մարտունակությունն է, այլ պաշտպանունակությունը, և մենք մեր միջազգային ճանաչված տարածքից դուրս խնդիր չունենք լուծելու, եթե այս ամեն ինչն իրար հետ չհամադրվեն, դա աղետ է Հայաստանի համար։ Եվ իրենք [ընդդիմադիր ուժերը] ուզում են մեզ անընդհատ հրեն և հրահրեն այդտեղ:
Մենք ոչ մի միլիմետր չենք շեղվել և չենք շեղվելու խաղաղության օրակարգից, որը մեր ժողովրդի առաջ ստանձնած մեր պարտավորությունն է։ Եվ այո՛, մենք խոսելու ենք միայն ու միայն, բացառապես պաշտպանունակության մասին։
Եվ մենք ասում ենք՝ մենք Արծվաշենի համար ռազմական օպերացիա չենք անելու, ոչ էլ մյուս տեղերի համար, որովհետև դրա կարիքը չկա։ Ասում են՝ ինչ է, թուղթ է ստորագրած է, ինչ է այն մեկը նախաստորագրած է…
Խաղաղությունը կառուցվում է: Որ խաղաղություն լիներ, այս քայլ-քայլի անհրաժեշտությունը չէր լիներ: Կասեինք՝ կա խաղաղությունը, ընդամենը մնում է իրեն պահպանել։ Հիմա արդեն ասում ենք, որ կա խաղաղությունը, ընդամենը մնում է իրեն պահպանել»:
Այսօր Հայաստանի ճակատագրի ղեկը սեփական ձեռքերում է
«Մենք պետք է կարողանանք պաշտպանել այսօրվա Հայաստանը, որովհետև այսօրվա Հայաստանը շատ ավելի ուժեղ, շատ ավելի ինքնավստահ պետություն է, ավելի պետություն է, քան երբևէ, ոչ միայն 2018 թ.-ին:
Այսօրվա Հայաստանը մի պետություն է, որի ճակատագրի ղեկը գտնվում է հենց իր և իր ժողովրդի ձեռքում: Համոզված եմ, որ այս իրադրությունը ոչ թե պահպանվելու, այլ զարգանալու է, որովհետև սա պատմական շրջադարձ է:
Հայաստանն իր պատմության ընթացքում պետություն լինելու, բարեկեցիկ լինելու, երջանիկ լինելու, անկախ լինելու, անվտանգ լինելու, երբեք այսպիսի շանս չի ունեցել: Խոսքը վերջին հինգ տարվա մասին չէ, խոսքը վերջին 500 տարվա մասին է։
Եվ այո՛, պետք է խոստովանել՝ մենք այդ խնդիրը լուծել ենք շատ դառը, դաժան փորձությունների միջով անցնելով։ Մենք այս անկախությունը ձեռք ենք բերել մեր նահատակների կյանքի գնով։ Եվ այսօրվա Հայաստանն ապրում է իր վերջին 500 տարվա պատմության լավագույն շրջանը։ Եվ շատ կարևոր է սա տեսնել»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը՝ այլ երկրի «գրպանից» դուրս գալու մասին