Ցույցեր Ռուսաստանում․ ինչի՞ց զգուշանալ, ինչի՞ հույս ունենալ
Մոսկվայի Տրուբնայա հրապարակում մի քանի օր է՝ շարունակվում է Մոսկվայի քաղաքային դումայի (քաղաքային խորհրդարան) ընտրություններին անկախ թեկնածուներին գրանցելու պահանջով ակցիան, որոնք կայանալու են սեպտեմբերի 8-ին։
Հուլիսի 14-ից ամեն օր ակցիային հարյուրավոր մարդիկ են հավաքվում։ Հարյուրավոր մարդկանց են ձերբակալում, հաճախ՝ ուժի կիրառմամբ։ Մեծ մասին ազատ են արձակում, և նրանք կրկին հաջորդ օրն ակցիայի են գալիս։
Ո՞րն է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների շուրջ կոնֆլիկտը
Ոչ խորհրդարանական կուսակցությունների (հիմնականում դա ընդդիմությունն է) թեկնածուները պետք է ընտրողների մի քանի հազար ստորագրություն հավաքեին։ Նրանք հավաքել են։ Սակայն, ինչպես պնդում են ընդդիմադիր քաղաքական գործիչները, գրանցման ժամանակ զանգվածային զեղծարարություն է տեղի ունեցել։
Նրանց խոսքով՝ ընտրական հանձնաժողովի անդամները հատուկ սխալներ են արել ընտրողների տվյալներն էլեկտրոնային համակարգ մտցնելիս, որպեսզի հետո դրա հիման վրա նրանց ստորագրություններն անվավեր ճանաչվեն։
Ընդդիմադիր քաղաքական գործիչները փողոց են դուրս եկել։ Ինչպես ասում է թեկնածուներից մեկը՝ Լյուբով Սոբոլը, որին հրաժարվել են գրանցել, «եթե հիմա այս ընտրությունները գողանան, մենք այլևս երբեք ընտրություններ չենք ունենա»։
Սակայն կարևոր է հաշվի առնել, որ Մոսկվայում կանոնավոր դարձած ցույցերը բնավ Ռուսաստանում միակը չեն։
Երկիրը թևակոխում է սուր քաղաքական ճգնաժամի փուլ. վայրերի քանակը, որտեղից լուրեր են ստացվում տեղի բնակչության ցույցերի մասին, ավելանում է ամեն օր։
•Կարծիք․ «Մոռացեք, որ Պուտինը լիբերալ է։ Հիշեք նրա պատերազմները»
• Թե ինչպես են Ռուսաստանում թմրանյութեր վերագրում նրանց, ովքեր քննադատում են իշխանություններին
Էլ ի՞նչ ցույցեր են միաժամանակ գնում Ռուսաստանում
•Դիմակայություն Ինգուշեթիայում, որտեղ մարդիկ բողոքում են այն բանի դեմ, որ ինգուշական հողերի մի մասը փոխանցվել է հարևան Չեչնիային։
•Կոնֆլիկտ Եկատերինբուրգում. այստեղ իշխանությունները պլանավորում էին ուղղափառ եկեղեցի կառուցել քաղաքային պուրակի տեղը։ Զանգվածային ցույցերից հետո իշխանությունները ստիպված էին հրաժարվել այդ պլաններից, բայց հիմա նրանք որպես պատասխան սկսել են ձերբակալել ցույցի առաջնորդներին։
•Բախում ոստիկանության հետ Մոսկովյան շրջանում. այստեղ են աղբավայր կառուցել հենց անտառում՝ Լիկինո-Դուլևո քաղաքի մոտ։ Ակտիվիստներին դաժանաբար ծեծում էին, մի տղամարդու ձեռք են կոտրել, մի աղջկա ոտք։
•Բախումներ ոստիկանության հետ Արխանգելսկի շրջանում՝ կրկին աղբի պատճառով. որոշել են աղբի պոլիգոն կառուցել, որպեսզի այնտեղ տարվի աղբը Մոսկվայից և Մոսկովյան շրջանից՝ մայրաքաղաքի մերձակայքում հուզումներից խուսափելու համար։
•Մոսկվայի ցույցերին զուգահեռ, որտեղ պահանջում են գրանցել անկախ թեկնածուներին, ցույցեր են ընթանում Սանկտ-Պետերբուրգում, որտեղ խոսում են արդեն կայացած տեղական ընտրություններից և պահանջում չեղարկել դրա արդյունքները։
Եվ սա միայն այն է, ինչի մասին խոսվում է, միայն այն, ինչ տեղի է ունենում անմիջապես այս օրերին։
Այն, որ մի քանի բողոքի ակցիաներ ժամանակային առումով համընկել են, պատահական չէ
Ռուսական շրջաններում ցույցերի պատճառները ոչ միայն կոնկրետ ակցիաների կոնկրետ պատճառներ են, այլ նաև այդ երկրում կյանքի ընդհանուր համատեքստը։
Առաջին հերթին, ռուսական տնտեսության բազմամյա ճահճացումն, այդ թվում՝ Ղրիմի բռնակցման և ամերիկյան ընտրություններին միջամտելու համար միջազգային պատժամիջոցների պատճառով։
Երկրորդ հերթին, դա երիտասարդների մոտ անհուսության և սոցիալական փակուղու զգացողություն է, որոնք դարձել են իշխանությունների դեմ ներկայիս դիմակայության գլխավոր շարժիչ ուժը։
Եվս մեկ հանգամանք կա, որը վատթարացնում է իրավիճակը։ Քաղաքական մրցակցության բացակայության երկար տարիների ընթացքում ռուսական իշխող խավն ինտելեկտուալ դեգրադացիայի է ենթարկվել։
Կարելի է հիշել Վրաստանի տարածքում ամերիկացիների կողմից կենսաբանական զենքի արտադրության մասին նախագահ Պուտինի պատմությունները։
Կամ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևի հայտարարությունն այն մասին, որ ռուսական հետախուզությունը կարողացել է ներխուժել ԱՄՆ պետքարտուղարի ենթագիտակցություն։
Կամ ռուսական հեռուստատեսությունում պոպուլյար դատողություններն այն մասին, որ Երկիրը, հնարավոր է, տափակ է, իսկ Դարվինի տեսությունն ապացուցված չէ։
Ռուսաստանի գլխավոր խնդիրը 2024 թվականն է
Ի՞նչ սպասել Ռուսաստանի Դաշնությունից այս իրավիճակում։
Ռուսական իշխանությունների գլխավոր խնդիրը 2024 թվականն է։ Դա այն ժամանակն է, երբ Վլադիմիր Պուտինը պետք է լքի նախագահի պաշտոնը։
Այդ պաշտոնում մնալ ներկայիս սահմանադրության պարագայում նա չի կարող. նրա լիազորությունների երկարաձգման բոլոր օրինական ժամկետները սպառվել են։
Սակայն հեռանալ նա ու նրա շրջապատը չեն կարող։
Արդեն դիտարկվում են Պուտինի՝ որպես առաջին դեմքի պահպանման մի քանի տարբերակ այն բանից հետո, երբ ավարտվի նրա նախագահական ժամկետը։
Պուտինը, ենթադրաբար, կրկին կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Նման «տեղափոխում» նախկինում արդեն եղել են։ Պուտինն առաջին անգամ նախագահ է դարձել 1999թ-ին, սպառել երկու թույլատրված ժամկետ, 2008-2012թթ-ին եղել կառավարության ղեկավար և վերադարձել նախագահության։
Սակայն այդ քայլը կրկնել և նախագահության վերադառնալ արդեն անհնար կլինի։ Այդ պատճառով էլ, ինչպես գրում է Bloomberg գործակալությունը, Կրեմլը սկսել է սահմանադրությունը փոփոխելու նախապատրաստումներ։
Փոփոխությունները ենթադրաբար երեքն են լինելու.
•Զգալիորեն կավելացվեն վարչապետի լիազորությունները և, հետևաբար, կկրճատվեն նախագահինը։
•Կընդլայնվեն Պետդումայի լիազորությունները. հենց Դուման կնշանակի վարչապետին։
•Պետդուման կավելացնի պատգամավորների թիվը, որոնք ընտրվում են ոչ կուսակցական ցուցակներով, այսպես կոչված «անկախ պատգամավորներինը»։
Ի հաստատումն Bloomberg—ի վարկածի՝ հուլիսի 17-ին հետևյալ լուրը տարածվեց. Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն արդեն երկրորդ անգամ է առաջարկել փոփոխել ռուսական Սահմանադրության տեքստը՝ խորհրդարանին ավելի շատ լիազորություններ տալով։
Իրադարձությունների զարգացման այլ տարբերակ էլ կա. մասշտաբային հակամարտության հրահրում
Իրադարձությունների զարգացման նման տարբերակ նույնպես հնարավոր է։ Ռուսաստանի բնակիչները պետք է պատրաստ լինեն սադրանքների, որոնց գլխավոր նպատակն է լինելու մասշտաբային քաղաքական կամ սոցիալական հակամարտությունը։ Այդ ժամանակ երկրում կարելի կլինի արտակարգ դրություն մտցնել և ընդհանրապես հրաժարվել ընտրություններից։
Ռուսական իշխանությունը լիովին կարող է նաև փորձել իր վարկանիշը բարձրացնել արտաքին քաղաքական ագրեսիայի հաշվին. այնպես որ, Ռուսաստանի մոտ հարևանները նույնպես պետք է պատրաստ լինեն սադրանքների։ Դա մի անգամ Ղրիմի դեպքում աշխատել է, ուրեմն ինչո՞ւ կրկին չփորձել։
Ռուսաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացման լավատեսական սցենարներ չեն մնացել։
Իշխանությունները սկսել են զիջել փողոցի ճնշմանը, և ցուցարարները սկսում են հասկանալ, որ փողոցում իրենք պետք է շատ լինեն
Իշխանությունները ցույց են տալիս, որ զիջում են փողոցի ճնշմանը։ Ցուցարարներն այդ դասը յուրացնում են և հասկանում, որ փողոցում իրենք պետք է ավելի շատ լինեն, որ բեկում տեղի ունենա։
Որտեղ այն տեղի կունենա, երբ նոր սերունդը կոշտ կերպով կպահանջի իր իրավունքների պահպանումը, ոչ ոք չգիտի, սակայն հողը պարարտ է։
Արխանգելսկ, Ինգուշեթիա, Մոսկվա, Պետերբուրգ, Եկատերինբուրգ։ Աղբ, խլած կենսաթոշակ, վերագրվող թմրանյութեր, գողացված ընտրություններ, պարզապես աղքատություն և անհուսություն։
Այն ամենն, ինչ հիմա տեղի է ունենում, մինչև առաջին արյունն է։ Վաղ թե ուշ մեկի նյարդերը տեղի կտան, կամ մեկը պարզապես չափը կանցնի, կամ մեկը դիտավորյալ սադրանքի կգնա. տարբերակներըշ շատեն, վերջաբանը՝ մեկը։
Հետո՝ կամ տոտալ բռնաճնշումների և մշտական գազազության միջանկյալ փուլ, կամ վայրկենական զանգվածային արձագանք։
Հարցը միայն զոհերի քանակն է։
Հուլիսի 20-ին Մոսկվայում քաղաքային խորհրդարանի գալիք ընտրությունների կեղծման դեմ հանրահավաք կանցկացվի։ Դրա մասնակիցների թիվը կօգնի հասկանալ, թե որ սցենարով կզարգանան իրադարձությունները մոտ ժամանակներս։