Հայաստանում քննարկվում է տրանսգենդեր կնոջ ելույթը խորհրդարանում
Հայաստանի խորհրդարանում տրանսգենդեր կնոջ անսպասելի ելույթը սկանդալի և վեճերի առիթ է դարձել։ Հարցը քննարկվել է խորհրդարանում, սոցցանցերում և բոլոր լրատվամիջոցներում։
• Միասեռ զույգի պատմությունը Հայաստանում՝ երջանիկ, բայց շատերի համար անհասկանալի
• «Երբեք չգիտես՝ կենդանի տուն կվերադառնա՞ս, թե՞ ոչ»
Ինչպե՞ս է տրանսգենդերը հայտնվել Հայաստանի խորհրդարանում
Հայաստանի խորհրդարանի ամբիոնից առաջին անգամ կին տրանսգենդեր է ելույթ ունեցել՝ Լիլիթ Մարտիրոսյանը։ Ելույթը տեղի է ունեցել ապրիլի հինգին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ․ ՄԱԿ-ի մոնիթորինգ» թեմայով հասարակական լսումների ժամանակ։
Լսումներին հրավիրված էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև «Իրավունքի կողմը», որը գլխավորում է Լիլիթ Մարտիրոսյանը։
Այն մասին, որ ինքը տրանսգենդեր կին է, Լիլիթ Մարտիրոսյանը հայտարարել է իր ելույթի ընթացքում․
«Խնդրում եմ ինձ որպես հավաքական կերպար ընդունեք․․․ Ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանված, մահափորձի ենթարկված, արտագաղթած, խարանի ու խտրականության ենթարկված հայ տրանսգենդերի կերպարը»։
Ի՞նչ արձագանք է դա առաջացրել
Մարտիրոսյանի ելույթը սկզբում ոչ միանշանակ արձագանք էր առաջացրել հենց խորհրդարանում՝ քննարկումների մասնակիցների շրջանում։ Առաջին հերթին, ելույթի բովանդակության վերաբերյալ իր դժգոհությունն էր հայտնել մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա թույլ է տվել Լիլիթ Մարտիրոսյանին ավարտել ելույթն՝ առանց նրան ընդհատելու։ Սակայն հետո վրդովվել է, թե ինչ գործ ունի նա դահլիճում և, առավելևս, ինչու է այդ օրվա լսումների թեմային չհամապատասխանող բովադակությամբ ելույթ ունենում։ Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ քննարկումների թեման դատաիրավական ոլորտի բարեփոխումներն են, հաշմանդամների և երեխաների իրավունքները։ Այդ պատճառով Մարտիրոսյանի ելույթը նա իր և խորհրդարանի հանդեպ անհարգալից քայլ է համարել։
«Ոչ ոք չի խախտում ձեր իրավունքները, սակայն մենք հստակ օրակարգ ունենք, և դուք այն խախտում եք։ Դա անհարգալից վերաբերմունք է հանձնաժողովի և մարդու իրավունքների հանդեպ», — հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։
Նրա դիրքորաշումը պաշտպանել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը։
«Որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայ, ադաթով, դաստիարակությամբ, հավատքով, եկեղեցիով դա մեր համար անընդունելի է․․․ Դա արատ է: Արատը ոնց որ եղել է թաքուն պահել, պետք է թաքուն պահենք: Մենք թույլ չենք տալու երբեք ու երբեք դա տարածվի», — հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ մյուս ներկայացուցիչները նույնպես անդրադարձել են այս հարցին։
«Ընդհանրապես խայտառակություն է Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական ամբիոնը տրամադրել նմանատիպ մարդկանց։ Հիմա դուք եկել ուզում եք եվրոպական էդ բարքերը բերել Հայաստան, չարաչար սխալվում եք: Էստեղ կան մարդիկ, որոնք դրանց դեմ են: Եվրոպան այսօր դատարկվում է, աճ չունի, որովհետև եթե կանայք իրար հետ են ամուսնանում, տղամարդիկ, ծնելիություն չկա: Ստատիստիկա կա, 10 տարվա ընթացքում Եվրոպան դատարկվելու է», — հայտարարել է պատգամավոր Վարդան Ղուկասյանը։
Դժգոհություն՝ խորհրդարանի պատերից դուրս
Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ ապրիլի ութին բողոքի ակցիա տեղի ունեցավ Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի դեմ։ Դրա մասնակիցները, որոնց թվում էին նաև հոգևորականներ, իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպում էին պահանջում, ինչպես նաև օրենսդրորեն արգելել սեռական փոքրամասնությունները։
Նրանք առաջարկել են «խնկարկություն անցկացնել» Ազգային ժողովի նիստերի դահլիճում, այն «տրանսգենդերից մաքրելու համար»։
«Քաղաքական սադրանք»
Այս հարցի շուրջ սկանդալը վարչապետին էլ է հասել։ Պարզվել է, որ նա մանրամասն ուսումնասիրել է հարցն՝ ընդհուպ մինչև խորհրդարանում ելույթ ունեցած հռետորի կենսագրությունը։
Նիկոլ Փաշինյանը Լիլիթ Մարտիրոսյանի ելույթն անվանել է «պլանավորված քաղաքական սադրանք» նախկին իշխող Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի ներկայիս իշխանության դեմ։
Բանն այն է, որ խորհրդարանում Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի առթիվ քննարկումների թեժ պահին նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչները նոր իշխանություններին մեղադրեցին սեռական փոքրամասնություններին սատարելու համար։
Ի պատասխան այս հայտարարություններին Փաշինյանն ասաց, որ ՀՀԿ կառավարման տարիներին Հայաստանի քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանը Լիլիթ Մարտիրոսյան անունով անձնագիր է ստացել։
«2015թ. Հայաստանի պահպանողական իշխանությունը ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր: Ընդ որում՝ անձնագիր է տվել, գրել է՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռը՝ արական: Հիմա ՀՀԿ շարքերում ընդունված բան ա՞, որ արական սեռի ներկայացուցչի անունը Լիլիթ է: Էն պահին, երբ այդ ՀՀԿ իշխանությունն այդ մարդուն տվել է ՀՀ քաղաքացու անձնագիր՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռը արական, նրան ընդգրկել է ընտրական ցուցակներում, ուրեմն՝ նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով: Եվ այսօր Հանրապետականները… երբ որ ես իրենց ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք, իրանք չէին հավատում, և սա ևս մեկ ապացույց է»։
Վարչապետը պարզել է նաև, որ խորհրդարանական քննարկումների մասնակիցների ցուցակը, որում ներառված է եղել Լիլիթ Մարտիրոսյանը, ստորագրել է մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Այնպես որ, նրա վրդովմունքը, թե ինչպես է ԱԺ ամբիոնի մոտ այս հռետորը հայտնվել, վարչապետն անհիմն է համարել։
Այս առնչությամբ Փաշինյանը դիմել է նաև ԲՀԿ ներկայացուցիչներին, որոնք արդարացնում էին իրենց կուսակցի պահվածքը, Լիլիթ Մարտիրոսյանին դուրս հրավիրելով նիստերի դահլիճից։
«Այն պահվածքը, որ էս ամեն ինչի վերաբերյալ ցուցաբերում է ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը, ընդհանրապես կասկածի տակ է դնում մարդու իրավունքների վիճակը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պետք է ընդհանրապես մտածի՝ իրենց ներկայացրած մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն արդյո՞ք մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է», — հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ինչ են գրում սոցցանցերում
Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը երկու ճամբարի են բաժանվել։ Մի մասը կարծում է, որ Լիլիթ Մարտիրոսյանը միանշանակ իրավունք է ունեցել ելույթ ունենալու խորհրդարանի ամբիոնից։ Մյուս մասը դա խայտառակություն է համարում։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Լիլիթ Մարտիրոսյանն ազգային հերոս է»։
«Այս ո՞ւր ենք հասել։ Նախկինում մարդիկ ռիսկ չէին անի ԼԳԲՏ համայնքին պատկանելու մասին ինչ-որ բան ասել, իսկ այժմ խորհրդարանի ամբիոնից են ելույթ ունենում»։
«Աստվածային կատակերգություն»։
«Կրկես»։
«Եթե մեր երկրում մեր սեփական Ռամզան Կադիրովը կամ Հաբիբ Նուրմագոմեդովը լիներ, բնության նման սխալները մի վայրկյան անգամ այստեղ չէին մնա»։
«Որևէ օրենք կա՞, որ տղամարդուն արգելում է Լիլիթ անունը կրել»։