«Մինչ մենք սովորում ենք, նրանք հաստատվում են»․ ծովափնյա սեզոնը «օկուպացված» Բաթումում
Տուրիստական սեզոն Բաթումում
Ազատություն ռադիոկայանի հրապարակումը
Աջարիայում ծովափնյա զբոսաշրջության սեզոնը պաշտոնապես մեկնարկել է հունիսին։ Տեղական իշխանությունների կանխատեսումների համաձայն՝ այս տարի ավելի քան չորս միլիոն զբոսաշրջիկներ են այցելելու: Հիմնական ծանրաբեռնվածությունը, ինչպես միշտ, Բաթումի վրա է։
Սեզոնի սկզբին բաթումցիների մի մասը դժգոհում է այցելուների բացակայությունից, իսկ մյուս մասը նշում է, որ խնդիրը ոչ թե զբոսաշրջիկների պակասն է, այլ մրցակցությունը, որն առաջացրել են ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից այստեղ եկածները։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում Բաթումում զբոսաշրջության ոլորտում աշխատողների համար իրավիճակը զգալիորեն փոխվել է։
«Ահա, թե ինչու եմ ապրում այստեղ»
Բաթումի հայտնի սրճարանների, բարերի և ռեստորանների սեփականատերերն ու մենեջերները պատմում են, որ մեկուկես տարի առաջ, երբ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց հետո ռուս, ուկրաինացի և բելառուս քաղաքացիները զանգվածաբար եկան Վրաստան, այդ թվում՝ ծովափնյա շատ քաղաքներ, իրենք արդեն ունեին ռուսախոս բազմաթիվ հյուրեր։ Բայց այսօր իրավիճակը փոխվել է։
«Դրանք այն մարդիկ էին, ովքեր մեր հյուրերն էին եղել վերջին 10 տարվա ընթացքում։ Դեռևս նախորդ տարի նրանց [ռուսալեզու հյուրերին] վերջ չկար, իսկ հիմա նրանք ունեն իրենց սրճարաններն ու ռեստորանները»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց հայտնի ռեստորաններից մեկի սեփականատեր Իրմա Կոտիան:
Բաթումի հին հատվածում գտնվող, իր վրացական խոհանոցով հայտնի մեկ այլ ռեստորանի մենեջեր Նինո Փալավանդիշվիլին նույնպես հաստատում է, որ վերջին շրջանում իր ռեստորան են այցելում հիմնականում Վրաստանի քաղաքացիներ և եվրոպացիներ.
«Շատ ուսանողներ, որոնք մեր ռեստորան էին գալիս, բացեցին իրենց սրճարանները… Ովքեր եկան ու մնացին, բացեցին: Իսկ նրանք, ովքեր ավելի ուշ եկան, արդեն սկսեցին խմելու գնալ նրանց, ոչ թե մեզ մոտ։ Դա մրցակցություն է»:
Նատաշա Կուշնիրը Ռուսաստանի Բիրոբիջան քաղաքից է: Յութուբում տեսանյութ է տեսել, նրան դուր է եկել, եկել է ու բնակություն հաստատել Բաթումում։ Նա ղեկավարում է բար, որտեղ, ըստ նրա, հիմնականում այցելում են հյուրեր Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից: Շատ են նաև մարդիկ Մերձավոր Արևելքից, արաբական երկրներից։
«Ես իսկապես տեսնում եմ ռուսալեզու քաղաքացիների հոսք։ Կարելի է ասել, որ ալիքները մի քանիսն են եղել։ Եվ ես այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Նկատում եմ, որ քաղաքը զարգանում է, ճարտարապետությունը, ճանապարհները անընդհատ բարելավվում են, իսկ ընդհանուր առմամբ նկատելի շարժ կա դեպի լավը։ Ինձ շատ է դուր գալիս այս քաղաքը, դրա համար էլ այստեղ եմ ապրում»,- ասում է Նատաշան։
«Մեզ համար չափազանց շատ աշխատանք կար»
Туристический сезон в Батуми
Բաթումի բնակիչ Թամար Թոիձեն ավելի քան 30 տարի է, ինչ բնակարաններ է վաճառում և վարձակալության տալիս։ Նա երբեք այսքան ցածր եկամուտ չի ունեցել։ Ասում է, որ Բաթում ժամանած Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիներն իրենք են սկսել անշարժ գույք վաճառել և վարձակալության տալ, հիմնականում աշխատում են իրենց հայրենակիցների հետ։
«Օրինակ, եթե ուկրաինացիներ են գալիս, այստեղ մարդիկ արդեն գիտեն, որ կմնան։ Նրանք մեծ գումարներ են ներդնում։ Եվ եթե նրանք ունեն իրենց սեփական կայքերը, ապա ուկրաինացիները կամ ռուսները գնում են նրանց, ոչ թե մեզ մոտ: Մեկուկես տարի է, ինչ մեր աշխատանքը շատ դանդաղ է ընթանում»։
Շորենա Չագալիձեն Բաթումում բնակարանների ցանց ունի, Ռուսաստանի քաղաքացիները դրանք վարձակալել են ամբողջ ամառվա համար։ Շորենան նույն պատճառն է մատնանշում, ինչ Թամարը.
«Մեծ մրցակցություն կա ոչ միայն զբոսաշրջության ոլորտում, այլև մյուս բոլոր։ Մեկ տարուց ավելի է, ինչ մեզ մոտ անընդհատ գալիս են մարդիկ Ռուսաստանի Դաշնությունից։ Նրանք կապիտալ ունեն և, հետևաբար, նրանց մրցունակությունը տեղի բնակչության համեմատ շատ բարձր է։ Գալիս են, քաղաքում բնակարաններ ու շենքեր են գնում, գյուղերում՝ առանձնատներ, հողեր։ Հյուրատներ են կառուցում, հյուրանոցներ են ղեկավարում, ամբողջ թղթաբանությունն անձամբ են անում»:
Ռուսաստանի քաղաքացիները Բաթումում յուրացրել են ոչ միայն տուրիստական, այլև վերանորոգման, շինարարության, գեղեցկության և հանրային սննդի շուկաները։
«Նրանք սերտորեն կապված են միմյանց հետ։ Բոլորն իրար ճանաչում են։ Ռուսաստանի քաղաքացին հազվադեպ է դիմում Վրաստանի քաղաքացուն որևէ հարցով։ Մրցակցությունն օրեցօր աճում է, քանի որ Ռուսաստանից մարդկանց հոսքը չի դադարում։ Այստեղ շատ են դժգոհ տեղացիները, ովքեր ասում են, որ այս տարի զբոսաշրջիկները քիչ են։ Իրականում դեֆիցիտ չկա, պարզապես Ռուսաստանից եկածները դիմում են Ռուսաստանի քաղաքացիներին»,- «Ազատություն» ռադիոկայանին պատմել է Շորենա Չագալիձեն։
«Բաթումը ռուսալեզու քաղաք է հիշեցնում»
Անդրեյ Չերկասովը Բաթում է ժամանել ինը ամիս առաջ՝ Բելառուսից։ Նա ասում է, որ Վրաստանում իրեն ազատ է զգում։
«Այստեղ ինձ դուր է գալիս լիակատար ազատությունը՝ ինչ ես անում, ինչպես ես անում: Համակարգը չունի սահմանված շրջանակ։ Այսինքն՝ եկար ու քեզ այստեղ ընդունեցին։ Դուք եկել եք, և Վրաստանն ասում է ձեզ. «Բարի գալուստ։ Ուզո՞ւմ եք բիզնես սկսել։ Լավ»: Պայմաններ կան ու դրանք ավելի բարենպաստ են, քան Եվրոպայում»։
Ռաուլ Պատլաձեն դժգոհում է նման «բարեկամական» բիզնես միջավայրից։ Մեկ տարի առաջ Բաթումիում գործող նրա բար-սրճարան էին այցելում բազմաթիվ մարդիկ Ռուսաստանից և Բելառուսից։ Ասում է՝ հիմա քաղաքի հին հատվածում ռուսախոսներն իրենք են սրճարան բացել, իսկ, այսպես կոչված, Նոր Բաթումն «ընդհանրապես օկուպացված է».
«Բաթումը գնալով նմանվում է ռուսալեզու քաղաքի… Այստեղ տեղափոխվածները նույնպես յուրովի փոխում են շատ ուղղություններ: Իսկ մենք պատրաստ չենք կյանքի նման ռիթմին։ Նրանց համար ավելի հեշտ է բիզնես վարել, քանի որ նրանք ավելի լավ գիտեն, թե ինչ է պետք իրենց սփյուռքին… Մինչ մենք սովորում ենք, նրանք հաստատվում են»:
«Ես սովորում եմ վրացերեն, փորձում ենք հասկանալ, մի քիչ դժվար է, բայց փորձում ենք»,- ասում է Անդրեյ Չերկասովը: Նրա դիտարկմամբ՝ «այդ «ռուսականությունը» կարելի է տարբեր կերպ հասկանալ, բայց դա յուրատեսակ հարմարավետություն է ստեղծում… Ծովափնյա շրջանները, որտեղ ավելի շատ հյուրանոցներ և բնակարաններ կան, ավելի շատ են բնակեցված ժամանած մարդկանցով, ովքեր խոսում են ռուսերեն, ուկրաիներեն կամ բելառուսերեն։ Տեսնում ենք, որ դա այդպես է, քաղաքի այդ հատվածում գերիշխում է ռուսերենը, և դա իրականություն է։ Սակայն եթե տեղափոխվենք քաղաքի ներքին հատվածներ, դեպի լեռներին ավելի մոտ գյուղեր, այնտեղ ավելի շատ վրացիներ են ապրում, ավելի շատ վրացերեն խոսք կլսեք… Կան նաև ռուսներ, որոնք ոչինչ չեն բարձրաձայնում։ Նրանք նախընտրում են պարզապես ապրել, լռել ու չհայտարարել իրենց դիրքորոշումը։ Դա ինձ շատ բան է ասում այդ մարդկանց մասին»:
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Сакстат) տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վրաստանում որպես ձեռնարկատեր գրանցվել է Ռուսաստանի ավելի քան 15000 քաղաքացի։ Միայն 2023 թվականի առաջին եռամսյակում նրանք գործարկել են ևս հինգ հազար նոր բիզնես։ Ընդհանուր առմամբ, ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Վրաստան տեղափոխված ռուս ձեռնարկատերերի թիվը գերազանցում է 20 հազարը։
Տուրիստական սեզոն Բաթումում