Տոնին պետք է մասնացեին, ցույցի մեջ հայտնվեցին
Հրապարակման օրիգինալը՝ «Նովայա գազետայի» կայքում
Էվելինա Մուրթազինան Պետերբուրգ էր եկել մի քանի օրով, որպեսզի ծանոթանա իր աղջկա ընկերոջ հետ: Երիտասարդները հանդիպում էին արդեն մեկ տարի, իսկ մայրն այդպես էլ չգիտեր, թե ով է Իրինայի ընտրյալը: Էվելինան և Իրինան Մոզդոկից են:
Հունիսի 12-ին պայմանավորվել են երեքով հանդիպել՝ մայրը, դուստրն ու դստեր ընտրյալը, պաղպաղակ ուտել, հիանալ առափնյա հատվածով: Երիտասարդն ուշանում էր, և կանայք որոշեցին հասնել Մարսի դաշտ: «Մենք լսել էինք, որ Ռուսաստանի օրն է, կոռուպցիայի դեմ ինչ-որ ցույց է լինելու: Մենք դա ընկալեցինք որպես Ռուսաստանի օր, իսկ ինքներս սատարում ենք նրանց, ովքեր կոռուպցիային դեմ են, իսկ թե ով է ցույցը կազմակերպել, չգիտեինք: Լսել էի ոմն Նավոլնիի մասին, սակայն թե ով է նա, չգիտեի»:
Կանայք գնացել են ամբոխի hետևից: «Շատերի ձեռքին բադիկներ, Ռուսաստանի դրոշներ կային, տոնական տրամադրություն, մեզ համար ամեն ինչ նորույթ էր, չէ՞ որ մենք Կովկասից ենք, մեզ մոտ այդպիսի բան չկա», — պատմում է մայրը:
Հանկարծ ոստիկաններով լի ավտոբուսներ եկան, և ամբոխը բղավելով փախավ: Քաոս սկսվեց: Նրանք կանգնած էին՝ կատարվածից ապշած, երբ դեպի իրենց վազեցին սաղավարտներով ոստիկանները: «Մեկը աղջկաս բռնեց, գցեց շրջանի մեջ և մահակով խփեց, աղջիկս լաց եղավ, ես գնացի նրա հետևից: Այդպես մենք հայտնվեցինք ոստիկանական շղթայի ներսում»:
Շղթայում Իրինան ու Էվելինան մոտ կես ժամ անցկացրին:
Երբ կանանց տարան դեպի ավտոբուսները, նրանք փորձեցին հարցնել, թե ինչ հիմքով են իրենց ձերբակալում: Սակայն նրանց կարծես չէին նկատում: Դեպի ավտոբուս գնալիս մեկը Էվելինայի ձեռքը մի թուղթ գցեց, որում գրված էր, թե ինչպես պետք է վարվել, երբ քեզ ձերբակալել են: Էվելինան հասկացավ, որ մարդիկ պատրաստ էին իրադարձությունների նման զարգացմանը:
Բաժանմունքում, ուր նրանց բերել էին, նախասրահում ընդամենը երկու աթոռ կար: «Աթոռների վրա հերթով նստում էր 22 մարդ 8 ժամ անընդմեջ: Ոչ ջուր էին տալիս, ոչ սնունդ, չնայած որ օրենքով մեզ պետք է կերակրեին երեք ժամ անց. ինստրուկցիայի մեջ էր այդպես գրված: Ով փող ուներ, ավտոմատից կարող էր թեյ վերցնել, սակայն ես ու աղջիկս փող քիչ ունեինք», — հիշում է Էվելինան:
Շուտով բաժանմունք է եկել Իրայի ընկերը. այնտեղ էլ նա ու Էվելինան ծանոթացել են: «Նա մեզ ուտելու բան էր բերել, անհանգստանում էր: Փառք Աստծո, որ նա էլ մեզ հետ պատմության մեջ չընկավ. նա սովորում է, նրա համար դա վտանգավոր է»:
«Մեզ դեռ մեղադրանք չէր առաջադրվել, սակայն մեզ հետ վարվում էին որպես հանցագործների: Մեզ մի սարսափելի խուց տարան. քնադարակները կղանքի մեջ էին, անտունների հոտ էր գալիս: Ես մտածում էի, թե մեր ինքնությունները կպարզեն, կենսագրությունը կստուգեն, կհասկանան, որ սխալմունքով են ձերբակալել և բաց կթողնեն: Սակայն մեզ մեղադրեցին ոստիկանությանը չհնազանդվելու և ապօրինի ցույցի մասնակցելու համար: Երբ մեզ բանտախուց տարան, ես հասկացա, որ ապօրինություն է տեղի ունենում, որ դու անզոր ես, դու պարզապես միջատ ես, որին հեշտությամբ կարելի է ճզմել»:
Հաջորդ օրը Իրային դատապարտեցին 8 օրվա բանտարկության և տուգանեցին 10 հազար ռուբլով: «Ես հրաժարվեցի փաստաբանից, քանի որ պատրաստվում էի դատավորին խնդրել ինձ աղջկաս հետ թողնել: Դատարանում ես անկեղծ ասացի, որ պետությունից պաշտպանություն էի սպասում, այլ ոչ թե ծաղր: Որ կարգախոսներ չեմ վանկարկել, որոնք ինձ վերագրում են, որ ցույցին պատահական եմ հայտնվել: Որ չեմ ճանաչում Նավոլնիին, այո, այդպես էլ ասում էի նրա ազգանունը: Որ լսել եմ, որ մարդիկ կոռուպցիայի դեմ են բողոքում և նույնպես դեմ եմ կոռուպցիային: Պատմել եմ իմ զինվորական որդու մասին: Որ նա ծառայության ժամանակ երկար սպասել է պաշտոնի բարձրացման, և հանկարծ նրան ասում են՝ իսկ քո տեղն ուրիշը գնել է: Եվ որ հենց դա է կոռուպցիան, և յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է դիմակայել դրան»:
Ոստիկանական բաժանմունքում: Լուսանկարը՝ Էվելինա Մուրթազինայի: Երկնագույն բաճկոնով նրա աղջիկն է՝ Իրինան՝ հեռախոսով
Դատավոր Շչերբակովն Էվելինային երկու օրվա կալանք է նշանակել. հաշվի առնելով ձերբակալման ժամանակը, նա նույն օրը կարող էր ազատ արձակվել: Սակայն Էվելինան դատավորից ներողամտություն է խնդրել. «Այնտեղ իմ աղջիկն է, մենք Կովկասից ենք, այդպես մենք չենք կարող: Ես չեմ կարող աղջկաս մենակ թողնել՝ չիմանալով, թե ինչ է լինելու նրա հետ և ինչպես են նրան վերաբերվում: Նա խնդրեց ևս մեկ անգամ մտածել: Ես ասացի, որ ամեն ինչի մասին արդեն մտածել եմ: Նա այդ համակարգում միակ մարդն էր, որը մարդկային պահեց իրեն մտավ դրությանս մեջ: Ես անսահման շնորհակալ եմ դատավորին…»:
Մայր ու աղջիկ միավորվել են ավտոբուսում, որը նրանց տարել է մեկուսարան: Այստեղ, Էվելինայի խոսքով, ոստիկանական բաժանմունքի համեմատ հանգստավայր էր: Նոր բանտախցեր, նոր ներքնակներ և բարձեր («մենք ինքներս ենք դրանք տոպրակներից հանել»), երեք անգամյա սնունդ (բորշչ, աղապուր, երկրորդ), օրը մեկ անգամ զբոսանք, 15 րոպե շփում հեռախոսով:
Ազատության մեջ
Հունիսի 20-ին Էվելինային ու աղջկան ազատ են արձակել: Նրանց դիմավորել են լրագրողներն ու Վոլոդյան, որն անընդհատ նրանց համար սնունդ և գրքեր էր բերում:
Էվելինան մտադիր է բողոքարկել դատավորի որոշումը, քանի որ իրեն անմեղ է համարում. «Ինձ ասել են, որ վճիռը կարող է ազդել մեր կյանքի վրա: Օդանավակայանում կարող են տեսնել, որ ես ու աղջիկս դատապարտվել ենք: Որդուս կարիերայի վրա էլ կարող է ազդել: Փաստաբանի հետ կհանդիպենք և կորոշենք՝ ինչ անել»:
Փաստաբան Իգոր Անայի կարծիքով՝ Մուրթազինա մոր ուղջկա մասնակցությունը չարտոնված ցույցին չի հաստատվում, քանի որ դատավորների եզրակացությունն այն մասին, որ Էվելինան և Իրինան կարգախոսներ են վանկարկել, ինչպես նաև այն, որ նրանք գտնվել են ցույցի մասնակիցներից 10 մետրից պակաս հեռավորության վրա, չի հաստատվում որևէ արժանահավատ ապացույցով: