Տոնածառերը հավաքելու ժամանակն է
Եթե դուք տոնածառի աբխազական խաղալիքների սիրահար եք, տոնածառը հավաքելիս պետք է շատ զգույշ լինեք: Այս ամանորյա զարդարանքը նույնքան կախարդական է, որքան մանկության տարիներին էր, սակայն նաև նույքան փխրուն. Սուխումում դրանք ապակուց են պատրաստում և, ինչպես հեռավոր անցյալում, ձեռքով: Տոնածառի խաղալիքների արտադրամասը Սուխումում 5 տարի առաջ է բացվել և շատ լավ վաճառք է ապահովում: Նոր տարին թեժ ժամանակահատված է՝ պատվերները շատ են:
Յուրաքանչյուր խաղալիք խանութին է հանձնվում 150 ռուբլով (2 դոլար) և լավ պահանջարկ ունի: Միայն ամանորյա տոներին արտադրամասը, որտեղ ընդամենը 5 հոգի է աշխատում, հանձնել է մոտ 3 հազ. տոնածառի խաղալիք: - Երբ տոներն ավարտվում են, արտադրամասը վերադառնում է իր սովորական առօրյային՝ ֆոտոտպագրությամբ բարձերին, վերնաշապիկներին, մոմերին և այլն: Այս արտադրանքը նույնպես պահանջարկ է վայելում սուխումցիների շրջանում, — պատմում է արտադրամասի տնօրեն Դաուր Գումբան:
Դաուրին օգնում է ևս 4 աշխատող, որոնցից ոմանք պրոֆեսիոնալ նկարիչներ ու ապակի փչող արհեստավորներ են, մեկն էլ ինքնուս Ասիդան է: Ժամանակին նա դպրոցում ուսուցչուհի է աշխատել, իսկ արտադրամասում պատահական է հայտնվել՝ մտել է դպրոցի համար խաղալիք գնելու: Սակայն այս արտադրության գրավչությունն այնքան մեծ է եղել, որ Ասիդան թողել է դպրոցն ու դարձել նկարիչ: “Ես ինքնուս եմ, ամեն ինչ սովորել եմ աշխատանքի ընթացքում: Բայց քանի որ երկու երեխաների մայր եմ ու նաև՝ ուսուցչուհի, ինչ-որ հմտություններ արդեն ունեի, քանի որ երեխաների հետ հաճախ էինք ձեռագործ իրեր պատրաստում: Շատ եմ սիրում աշխատանքս: Դրա միակ վատ կողմն այն է, որ Ամանորի նախօրեին տուն ենք գնում՝ ոտքից գլուխ փայլերի մեջ, — պատմում է Ասիդան:
Ապակին, որից խաղալիք են պատրաստում, հասարակ չէ: Այն առանձնահատուկ մաքրության է, դրանից նուրբ արվեստի կամ ոսկե իրեր են պատրաստում, ինչպես նաև բժշկական իրեր՝ կոլբաներ, չափանոթներ ու փորձանոթներ: Խողովակի տրամագծից է կախված ապագա խաղալիքի չափսը:
Այն բանից հետո, երբ ապակի փչողը փչում է խաղալիքը, այն գնում է այլ արտադրամաս, որտեղ սառչում է ու ներկվում:
Ի սկզբանե բոլոր խաղալիքներն այսպիսի պոչիկներ են ունենում, որոնք կտրվում են այս բոլոր էտապներն անցնելուց հետո: Խաղալիքները լինում են 50-150 մմ տրամագծով: Ապակի փչողները մեկ հերթափոխի ընթացքում 100-150 խաղալիք են պատրաստում:
Այս գործընթացից հետո խաղալիքներն ուղարկվում են նկարիչներին՝ Ասիդային, որի մասին պատմեցինք, և Դմիտրիին: Ընդհանուր առմամբ, մեկ խաղալիքն ավարտելու համար 24 ժամ է պահանջվում:
Գնդաձև առարկայի վրա նկարելը նույնը չէ, ինչ տափակի վրա, չնայած բանը երևի թե փորձառությունն է, ոչ թե հատուկ տաղանդը: Ամենահասարակ խաղալիքների վրա ոսկեգույն ներկով գրում են անուններ և նշում եկող տարին: Դրանք 150 ռուբլի (2 դոլար) արժեն:
Աբխազիայի դրոշով կամ զինանշանով խաղալիքներն ավելի ժամանակատար են և արժեն 700 և ավելի ռուբլի (մոտ 9 դոլար):
Աբխազական Ձմեռ պապի նկարով խաղալիքները վարպետների այցեքարտն են համարվում:
‘Շատ ծանոթներ, տեսնելով, որ գործը թափ է հավաքում, իրենց արտադրամասն են բացում, գալիս խորհուրդ են հարցնում և առաջարկում են գնել իրենց սարքավորումները, երբ արդեն փակում են արտադրամասը: Չէ՞ որ հարցը հաստոցները չեն, որոնք ամեն մեկը կարող է գնել: Հաստոցը հիմար երկաթ է, եթե չեք կարողանում այն աշխատեցնել: Այսինքն, պետք է սովորել, իսկ դա ոչ արագ է լինում, ոչ էլ էժան’, — պատմում է Դաուրը: