Տների ապամոնտաժում Բաքվի տարբերակով
Բուլվարի երկայնքով ձգվող ճանապարհը զառիթափ է: Աջ կողմում հրշեջների կայանն է լինելու, հետո կտրուկ վերև է բարձրանում, հետո՝ ավտոբուսի կանգառ խանութի մոտ, որը դրա պատվին էլ հենց կոչվում է “Բայիլ մարկետ: Շարունակվում է Գուրբան Աբասովի նեղ փողոցով: Աջից զուգահեռ փողոցները կարծես վեր են բարձրանում ինչպես աստիճաններ՝ դեպի բլուրը:
Բայիլովո թաղը Բաքվի ամենակենտրոնականը չէ, սակայն նախկինում “հաջող էր համարվում. կենտրոնից ուղիղ ճանապարհով 10 րոպե է, ծովի օդ, լավ ենթակառուցվածքներ, քաղաքում ամենալավ տեսարանը դեպի ծովը: Բացի այդ, բուլվարի արմատական վերակառուցումից հետո դրա “նոր հատվածը՝ Դրոշի հրապարակով ու Crystal Hall համերգասրահով, մի քանի քայլ հեռավորության վրա են:
Սակայն արդեն տասը տարի է, ինչ Բայիլովոյում դժվար է դարձել բնակարան վաճառել թաղամասի վերակառուցման պլանի պատճառով: Ակնհայտ է, որ Բաքվի փոխակերպումը տեղական Դուբայի, այդ բլրի վրա ավելի ներկայանալի և դեպի ծովը տեսարան ունեցող ինչ-որ բանի կառուցում է ենթադրում, քան հին երկհարկանի տները: Այնպես որ, հին տներն ապամոնտաժում են: Սկանդալով, թե առանց՝ կախված է նրանից, թե ում է հանձնարարվել դա:
“Այս թաղամասը պետք է նորաձև դառնա, այստեղ հյուրանոցներ են կառուցվում, թանկ տներ, այդ պատճառով էլ մեր շենքը քանդողներ ցանկացողները շատ են: Սակայն բանն այն է, որ մեզ դրա դիմաց փոխհատուցում չեն տալիս, — ասում է Գուրբան Աբասովի փողոցի համար 27 շենքի բնակիչ Էլնարան: Դա հին երկհարկանի տուն է, այսպես կոչված՝ բակի կողմից աստիճաններով ելք ունեցող “իտալական բակ: Այժմ այստեղ 38 ընտանիք է ապրում:
Բնակիչները պատմել են, որ առաջին անգամ FORTIS-BAYIL MTK շինարարական ընկերության աշխատակիցները բակ են եկել հունիսի 7-ին, պլանով թղթեր բաժանել ու խոստումներ տվել: “Նրանք փոխհատուցում էին խոստանում, գումար՝ մեր իրերը տեղափոխելու, վարձով բնակարանի համար և նոր բնակարաններ մեր շենքի տեղը կառուցվող շենքում, ընդ որում՝ ծովի տեսարանով ու մեծ պատշգամբներով, — ասում է շենքի մեկ այլ բնակիչ Հիքմեթը:
Սակայն նրա խոսքով, նա առաջարկած պայմանագրերում ոչ մի հիշատակում չգտավ, որ իրանք նոր բնակարաններ կամ ուրիշ բնակարան գնելու փոխհատուցում կստանան: Դա հաստատեցին նաև շենքի մնացած բնակիչները: Ստացվում է, որ բնակարանի վաճառքը ոչ մի փաստաթղթով չի ամրագրվում, խոսքը գնում է միայն վարձով բնակարանում ժամանակավոր ապրելու մասին:
“Նախկինում այստեղ 45 ընտանիք էր ապրում, սակայն դրանցից 7-ին հաջողվել է համոզել, և ընդհանրապես այդ ընկերության աշխատակիցները շատ համառ էին, — ասում է Հիքմեթը: — Սակայն հեռացան նրանք, ովքեր տեղ ունեին գնալու, օրինակ, մի միայնակ կին, ով տեղափոխվեց դստեր մոտ:
Այն բանից հետո, երբ բնակիչները հրաժարվեցին այդ պայմաններով գնալ, նրանց սկսեցին սպառնալ, որ “փողոց կշպրտեն, հայտարարեցին, որ շենքը վթարային է: “Այն, որ տունը վթարային է, նշված է փաստաթղթերում, որպեսզի տունը չկարողանանք վաճառել, — ասում է Հիքմեթը: — Սակայն մեզ մոտ նման խնդիր չի եղել, բոլոր փաստաթղթերը կարգին են, բոլորը առքի փաստաթուղթ ունեն:
Երբ սպառնալիքները չազդեցին, տունը ցանկապատեցին, իսկ առաջին հարկի դատարկված տների պատերը սկսեցին քանդել: “Դա ոչ միայն հոգեբանական ազդեցություն էր, այլ նաև վանդալիզմ, քանի որ վերևի հարկը պարզապես կարող է փլվել, — ասում է բնակիչներից Վագիֆը:
“Ես նրանց պայմանները ցույց տվեցի իրավաբանին, և նա համաձայնեց, որ դրանք ծայրահեղ կասկածելի են, — ասում է Հիքմեթը: — Այնտեղ խոսվում է բացառապես ամսական 300 մանաթ վարձավճարի մասին, այն էլ բազմաթիվ վերապահումներով, համաձայն որոնց, ընկերությունը կարող է ցանկացած պահի հրաժարվել վճարել մեզ այդ գումարը:
Շենքի բնակիչները բողոքներ են ներկայացնում գործադիր իշխանություն և այլ կառույցներ: Նրանք դիմել են ոստիկանություն, սակայն դա չի օգնել:
Սաբայիլի շրջանի գործադիր իշխանության հումանիտար հարցերով բաժնի պետ Իսրաֆիլ Քերիմովն ասում է. “Անհնար է, որ շենքի բնակիչներին փոխհատուցում չտան: Նրա խոսքով, նա հանդիպել է կառուցապատողների հետ, և նրանք խոստացել են ոչ միայն փոխհատուցում առաջարկել բնակարանի վարձակալման համար, այլ նաև բնակարան՝ կառուցվող շենքում: “Ճիշտ է, պետք է նշեմ, որ բնակիչներին առաջարկված պայմանագիրը չեմ տեսել, — ասում է նա:
Այս պատմությունը լայն արձագանք ստացավ սոցցանցերում, իսկ հուլիսի 11-ին բնակիչներին սկսեցին սպառնալ, թե դատի կտան նրանց, եթե շարունակեն ուշադրություն գրավել: Ինչ-որ մեկը վախեցավ, սակայն առավել ակտիվները շարունակեցին արդարացի գործարք պահանջել: Նույնիսկ համացանցում համապատասխան տեսանյութ տեղադրեցին:
Արդյունքում, մարդկանց իրենց տնից հանելու փորձերը դադարեցին այն բանից հետո, երբ բնակիչները դիմեցին նախագահի աշխատակազմին: Նախորդ շաբաթ, լույսն անջատեցին, ընդ որում, դադարեցին աշխատել մոտակա լուսաֆորները: Հստակ հնարավոր չէր ասել՝ դիտմամբ են արել, թե պատահականություն է, սակայն դառը փորձով խրատված բնակիչները զանգահարեցին նախագահի աշխատակազմ: Լույսը միանգամից տվեցին:
Նույն այդ փողոցի համար 6 շենքն ապամոնտաժեցին գրեթե 1 տարի առաջ: Դրա բնակիչների բախտն ավելի շատ բերեց, և կապալառուն “բարի դուրս եկավ: Ինչպես պատմում է Սայիդա Մամեդովան, նրանց հետ հնարավոր էր պայմանավորվածության գալ:
“Ըստ օրենքի՝ ես կարող եմ իմ բնակարանի դիմաց ցանկացած գումար պահանջել, թեկուզ միլիոն մանաթ: Սակայն մեզ մոտ դա մի քիչ այլ կերպ է տեղի ունենում: Գալիս են մարդիկ, ովքեր չեն ներկայանում, բնակարանային ծառայության՝ խորհրդային կիսամեռ պետկառույցի աշխատակիցների հետ միասին: Ֆորմալ առումով, դու վաճառում ես բնակարանդ ինչ-որ ընկերության, սակայն քեզ ամենասկզբից ասում են, որ շենքն ապամոնտաժում է պետությունը, և հասկացնում են, որ այն այսպես թե այնպես կապամոնտաժեն, համաձեյնես, թե՝ ոչ, որ քեզ որոշակի գումար է հասնում այդքան քառակուսի մետր մակերեսի համար:
Հետո սակարկումը գնում է “քանի մետր հաշվել հարթությունում, հաշվե՞լ արդյոք պատշգամբը, կից կառույցները, ընդհանուր միջանցքները, պատերի հաստությունը և այլն: Իրականում, մակերեսն իհարկե նշանակություն չունի: Ինչպես նաև բնակարանի շուկայական գինը: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան համոզիչ ես դիմադրում:
Սայիդայի բախտը բերել է. իր երկու սենյականոց չվերանորոգած բնակարանը, որը պետք է ապամոնտաժվեր, նա վաճառել է շուկայական գնով: Պետք է հաշվի առնել, որ Բայիլովոյում արդեն տասը տարի է՝ ոչինչ չի վաճառվում, որովհետև ոչ ոք հստակ չգիտի, թե որ շենքերն են ներառված վերակառուցման այդ խորհրդավոր պլանում, և արդյոք բնակիչների հետ մարդավարի կվարվեն, ինչպես համար 6 շենքի, կամ ոչ այնքան լավ, ինչպես համար 27 շենքի բնակիչների հետ:
Հրապարակվել է 26.07.2016