Տեքստիլ արտադրությունը Հայաստանում․ նախկինում ուժեղ, այժմ՝ զարգացող
Տեքստիլ արտադրությունը ՀՀ-ում
Հայաստանում ներկայումս տեքստիլ արդյունաբերությունը տնտեսության համեմատաբար թույլ զարգացած ճյուղերից է։ Այն դեպքում, որ ԽՍՀՄ տարիներին սա բավականին մրցունակ ուղղությունն էր արտահանման մեծ ծավալով: Որպեսզի ոլորտն առաջընթաց գրանցի և ողջ ներուժով աշխատի, պետությունը տեքստիլագործությունը հայտարարել է արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկը:
Սա նշանակում, որ պետությունը տարբեր գործիքներով օժանդակում է արտադրողին։ Մասնավորապես, արտադրության համար ներկրվող գործիքների մաքսազերծման արտոնություններ է տրամադրում, վարկային միջոցների սուբսիդավորում, հարկային որոշ արտոնություններ:
Հատկանշանական է, որ սա տնտեսության այն բացառիկ ուղղություններից է, որն ապահովում է բարձր զբաղվածություն կանանց շրջանում։ Խոսքը գնում է ավելի քան 90 տոկոս ներգրավվածության մասին։ Հայաստանի տեքստիլ արդյունաբերությունում այժմ գործում են շուրջ 260 ընկերություններ, աշխատում է մոտ 7400 մարդ: Սա բավականին համեստ ցուցանիշ է՝ հաշվի առնելով ոչ հեռու անցյալի արտադրական հզորությունները:
Ոլորտում միայն մի քանի խոշոր ընկերություններ են կարողանում իրենց արտադրանքն արտահանել։ Միջին և փոքր արտադրողները ստիպված են հաղթահարել բազմաթիվ խնդիրներ՝ չհաշված ներքին մրցակցությունը։
Ինչ խնդիրների են բախվում նրանք և ինչպես են հաղթահարում՝ պատմում ենք հենց իրենք, արտադրողները:
- «Որակական թռիչքի համար տնտեսության արդիականացում է պետք»․ կարծիք Երևանից
- Հայաստանում կկրկնապատկվի շահումով խաղերի ոլորտի պետական տուրքը
- ՀՀ-Վրաստան ապրանքաշրջանառությունը 2024 թ.-ին․ նկատելի անկում՝ լավատեսության ֆոնին
Կտոր արտադրողը՝ իր բիզնեսի խնդիրների մասին
Անդրանիկ Խաչատրյանը տեքստիլ արտադրության ոլորտում մոտ 40 տարվա փորձառություն ունի: Երկար տարիներ ղեկավարել է Նուրբ բրդյա գործվածքների կոմբինատի արտադրամասերից մեկը։ Հիշում է՝ այն ժամանակ գործարանում 3000 մարդ էր աշխատում, հզոր արտադրություն էր։ Իսկ հիմա երկրում մի քանի ընկերություններ կան, որոնք կարողանում են մեծ ծավալներ թողարկել և արտահանել։ Մատնանշում է հատկապես «Ալեքս» տեքստիլը, «Մարալիկի բամբակամանվածքային գործարանը»:
Տարիների կուտակած գիտելիքն ու փորձը Անդրանիկը որոշել է ներդնել կտորի արտադրության ոլորտում և հիմնել է «Ֆաբրիկ» արտադրամասը: 6 մեքենայով կարողանում է բավական մեծ քանակի կտոր արտադրել:
«Մեր հնարավորությունները սահմանափակ են ոչ միայն սարքավորումների, այլև մասնագետների առումով: Այս պահին մեր արտադրությունում աշխատում են միայն կանայք, այն էլ 65 տարեկանից բարձր: Երիտասարդ կադրեր չկան, որովհետև մասնագիտական գիտելիք ստանալու հնարավորություն չունեն։ Իսկ նախկինում համապատասխան ուսումնարաններ կային, որոնց պատրաստած մասնագետներն արագ համալրում էին աշխատաշուկան»,- ասում է նա:

Բացատրում է՝ մեծ արտադրական հզորությունների դեպքում նեղ մասնագետների կարիք այդքան էլ չի զգացվում՝ ամեն ինչ ավտոմատացված է։ Սակայն փոքր և միջին արտադրողները, որոնք աշխատում են հին սարքավորումներով, մի քանի տարի հետո այլևս չեն գտնի համապատասխան մասնագետների:
Անդրանիկի խոսքով՝ իր ցեխում օգտագործողվող թելերը կա՛մ ներկրված են Չինաստանից, կա՛մ տեղական արտադրության են: Արտադրանքի իրացման խնդիր չի ունենում։ Մոտ 10 տեսակի գործվածքեղենը արագ սպառվում է հայկական շուկայում։ Հիմնական գնորդներն են կարի ֆաբրիկաները, հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները, տպարանները և այլ արտադրություններ։
«Ամեն դեպքում, արտադրողի համար դժվար է այս ոլորտում մրցակցությանը դիմանալը: Օրինակ, հիմա բավականին պասիվ է արտադրությունը, որովհետև գնորդների տրամադրությանն ու վաճառքներին ազդող գործոններ կան՝ քաղաքական վիճակը, հարկերն ու տուրքերը, թանկացումները և այլն»,- պատմում է արտադրողը:
Տեքստիլ արտադրություններրը առավել ճնշվում են, երբ քաղաքական շրջանակներում ակտիվանում է Թուրքիայի հետ սահմանների հնարավոր բացման հարցը:
Անդրանիկն էլ համոզված է՝ հարևան երկիրը շատ կարճ ժամանակում կգրավի Հայաստանի շուկան։ Միջին և փոքր արտադրողները չեն դիմանա այդ հարվածին և կդադարեցնեն գործունեությունը: Մտածում է՝ միայն խոշոր տեղական արտադրողները միգուցե կարողանան ելք գտնել և մրցակցել թուրքական արտադրության հետ:
Հագուստ արտադրողը՝ առցանց հարթակներում ապրանքի իրացման մասին
Քիչ արտադրանք ունեցող ընկերությունները գտել են տեղական շուկայում իրացման խնդիրը լուծելու ճանապարհը։ Նրանց օգնության են եկել առցանց վաճառքի հարթակները:
Ալինա Կասյանն իր տան նկուղային հարկում փոքրիկ արտադրություն է հիմնել, մանկական հագուստ է արտադրում։ Ունի չորս աշխատող: Հումքը հիմնականում ներկրում է դրսից և վճարում արտարժույթով։ Հետևաբար, տատանումների ժամանակ խնդիրներ է ունենում:
«Շատ երկար ժամանակ պահանջվեց մինչև կարողացա հարմար գնառաջարկ անող ընկերություն գտնել դրսում։ Բայց արդեն երեք տարի է աշխատում եմ և շատ գոհ եմ: Հայաստանում հագուստ վաճառելը խնդիր է։ Քանի որ մեծ ծավալներ չունենք, խանութ բացելն անօգուտ է, պետք է առցանց վաճառել»,- ասում է Ալինան:
Մի քանի ամիս է համագործակցում է Wildberries անցանց առևտրային հարթակի հետ։ Ամսական համարյա մեկ միլիոն դրամի շրջանառություն է ունենում:
«Չնայած համեստ եկամուտներին՝ համառորեն շարունակում եմ զարգացնել արտադրությունը։ Առաջիկայում ևս երկու կարի մեքենա կգնեմ և երկու հոգու էլ աշխատանքի կվերցնեմ: Ուզում եմ արտադրության դանդաղ, բայց կայուն զարգացում ապահովել: Այնպես անել, որ ճգնաժամային փուլերում դիմանալու տեղ ունենամ: Աշխատակիցներս ևս պատրաստ են դեռևս ոչ բարձր աշխատավարձով, բայց կայուն աշխատանք ունենալ: Խրախուսում եմ նրանց, լավ վաճառքների ժամանակ բոնուս կամ հանգստյան ավել օր տրամադրում»,- պատմում է նա:

Ըստ Ալինայի՝ շուկայում շատ անորոշություններ կան։ Նույնիսկ ամենափոքր քաղաքական կամ տնտեսական ցնցումը Հայաստանում ազդում է իրենց աշխատանքի վրա.
«Գուցե ձեզ տարօրինակ թվա, բայց առաջին հայացքից մեզ հետ կապ չունեցող քաղաքացիների պարտադիր հայտարարագրման պրոցեսն ազդել է մեր վաճառքների վրա: Ֆեյսբուքյան վաճառքի հարթակում հունվարին երեք ապրանք ենք միայն վաճառել, մինչդեռ նախորդ տարվա հունվարին միայն այդ հարթակում 700-800 հազար դրամի ապրանք ենք վաճառել: Այնուամենայնիվ, լավատեսությունն ինձ միշտ օգնել է։ Եթե լավ կարողություններ ունենաս և լավ արտադրանք, քեզ կճանաչեն ոլորտում: Դա, կարծում եմ՝ նոր դռներ կբացի»:
Կրթությունը չի բավարարում եղած պահաջարկը
Հայաստանում ոլորտի համար մասնագետներ են պատրաստում բարձրագույն ուսումնական հաստատություններից երկուսը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն ունի երկու ֆակուլտետ․ «Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա, մեքենասարքավորումների տեխնիկական շահագործում» և «Հագուստի մոդելավորում»։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան էլ ունի «Հագուստի մոդելավորում» ֆակուլտետ:
Մասնագետներ են պատրաստում նաև միջին մասնագիտական կրթություն տրամադրող հաստատությունները:
Սակայն տեքստիլ արտադրողները գոհ չեն երիտասարդների կրթության որակից: Ասում են՝ նրանց ստացած այսօրվա գիտելիքները չեն բավարարում իրենց պահանջները, կարծես կրթությունն ու աշխատաշուկան իրարից տեղյակ չլինեն:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 2024թ-ի տարեվերջին հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչներին։ Հավաստիացրել է, որ կառավարությունը շարունակելու է խթանել ոլորտի զարգացումը: Կպահպանվեն որոշակի հարկային և մաքսային արտոնությունները, ինչպես նաև տեքստիլ արտադրության ոլորտ կներգրավեն բարձր որակավորում ունեցող միջազգային մասնագետներ։ Նրանք կվերապատրաստեն տեղացի մասնագետներին և կբարձրացնեն նրանց կարողությունները:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Տեքստիլ արտադրությունը ՀՀ-ում