Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով տեղահանված ու Հայաստանում բնակություն հաստատած արցախցիներից շատերը դեռ չեն լուծել իրենց զբաղվածության խնդիրը, հետևաբար՝ նաև բնակարանային ու ֆինանսական միջոց պահանջող մյուս խնդիրները:
Սա է պատճառը, որ գերատեսչությունը որոշել է վերանայել ծրագրի ժամկետն ու երկարաձգել դրամական օգնության տրամադրումը: Հունվար և փետրվար ամիսներին ևս ՀՀ կառավարությունը կաջակցի արցախցիներին:
Արցախից տեղահանված ընտանիքներին ՀՀ բյուջեից դրամական օգնություն է տրամադրվում՝ սկսած 2020 թ.-ի նոյեմբերից: Թեև որոշման ժամկետը 4 ամիս էր, բայց ելնելով քաղաքացիների կարիքներից՝ այն պարբերաբար երկարաձգվում է:
Ըստ նախագծի հիմնավորման՝ միջոցառման շահառուների թիվը 42 հազարից ավելի է:
«Հաշվի առնելով, որ շահառուները գտնվում են սոցիալական անբարենպաստ վիճակում և հատկապես ձմեռային ամիսների ընթացքում կատարում են ավելի շատ ծախսեր՝ կապված կոմունալ վճարումների հետ, նպատակահարմար է երկարաձգել տրամադրվող աջակցության ժամկետները ևս 2 ամսով», — ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Արցախից տեղահանված երեխաներին, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվելու է ամսական 40 000 դրամ, մյուս բոլոր խմբերին` 20 000 դրամ:
Դրամական օգնությունը նշանակելու և վճարելու է նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը անկանխիկ եղանակով:
Նախարարությունը տեղեկացնում է, որ ծրագրից օգտվելու համար նոր դիմում ներկայացնելու կարիք չկա․ շահառուներին նախկինում էլ աջակցել են, նրանց տվյալներն ունեն:
Նոր որոշման ընդունման արդյունքում 2022 թ. պետական բյուջեի՝ հունվար–փետրվար ամիսների համար նախատեսված ծախսերն ավելանալու են 2 241 720 մլրդ դրամով։