Բարեփոխումներ Հայաստանի բիզնես միջավայրում՝ ի նպաստ տեղական արտադրողի
Տեղական արտադրանքը առևտրային ցանցերում
Հայաստանում տարիներ շարունակ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները դժգոհել են տեղական արտադրանքը առևտրային ցանցերում ներկայացնելու հետ կապված խնդիրներից ու խոչընդոտներից: Բողոքել են առևտրային ցանցերի կողմից դրսևորվող խտրական վերաբերմունքից, ընդունած ապրանքի դիմաց վճարումների երկարատև ուշացումներից:
Բոլոր այս խնդիրները շտկելու նպատակով պետական մի քանի կառույցներ հանդես եկան օրենսդրական բարեփոխումների համատեղ առաջարկով։ Այս տարեսկզբին Ազգային ժողովն արդեն ընդունեց փոփոխությունները:
Մանրամասներ՝ ինչ հարցեր են լուծվում ներդրված բարեփոխումների շնորհիվ, ինչպես են գործարարները գնահատում պետական համակարգի արձագանքն իրենց խնդիրներին, էլ ինչ ակնկալիքներ ունեն:
- «Ոչ նպաստավոր պայմաններում ՀՀ տնտեսական աճը կլինի 3-4%-ի սահմանում». կարծիք
- Տնային կալանք ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ․ ինչո՞ւմ է մեղադրվում
- Ամերիաբանկը կվաճառվի․ ի՞նչ ընկերություն է գալիս ՀՀ՝ վրացակա՞ն, թե՞ բրիտանական
Բիզնեսի խնդիրները առևտրային ցանցերի հետ հարաբերություններում
37-ամյա Արմեն Ա.-ն զբաղվում է պահածոների արտադրութամբ: Փոքր բիզնեսի հիմնադրման գաղափարը նրա մոտ առաջացել է 2019 թվականին: Կապեր է հաստատել գյուղացիների հետ, մթերել գյուղմթերքը, ստացել առաջին ապրանքատեսականին։ Ապա սկսել է մտածել այն սպառողին ներկայացնելու ուղիներ գտնելու մասին:
«Առևտրային ցանցեր մուտք գործելու առաջին խնդիրը, որին բախվել եմ, վերաբերում էր դրանց կողմից ԱԱՀ հարկային դաշտում գործող բիզնեսներին նախապատվություն տալուն: Որպեսզի կարողանայինք առևտրային ցանցերի հետ աշխատել, ստիպված էինք անցնել ԱԱՀ դաշտ, հավելյալ հարկային բեռի տակ մտնել։ Իսկ դա նորաստեղծ ու փոքր բիզնեսի դեպքում այդքան էլ հարմար չէր։
Առաջին պատնեշը հաղթահարելուց հետո բախվեցինք գումարի վճարման ուշացումների խնդրին: Ստիպված էի անընդհատ հավելյալ ջանք, գումար, ժամանակ ծախսել ու ամեն անգամ հիշեցնել կատարվելիք վճարումների ու ուշացումների մասին»,- հիշում է Արմենը:
Գործարարը շեշտում է՝ հատկապես փոքր բիզնեսի համար առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կարող են վճռորոշ դեր ունենալ։ Նույնիսկ հանգեցնել սնանկացման․
«Դու երկու տարբերակ ունես. կամ անվերջ սպասել, կամ ընկնել դատական քաշքշուկների մեջ։ Դա էլ կարող է այնքան երկար տևել, որ դառնա անիմաստ: Միևնույն ժամանակ այդ պրոցեսը կարող է փչացնել առևտրային ցանցերի հետ հարաբերությունները՝ զրկելով հետագայում դրանց սրահներում ներկայացված լինելու հնարավորությունից»:
Վստահեցնում է՝ նման խնդիրների բախվել են իր գործընկերներից շատերը։ Արդյունքում ստիպված են եղել հրաժարվել առևտրային խոշոր ցանցերում ներկայացված լինելու գաղափարից և փնտրել արտադրանքն իրացնելու այլ ուղիներ ու շուկաներ:
Պետական կառույցները հաստատել են խնդիրների առկայությունը
Հայաստանում ընդհանուր մանրածախ առևտրաշրջանառության ավելի քան 53%-ը բաժին է ընկնում առևտրային ցանցերին: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կատարել է ուսումնասիրություն մանրածախ առևտրի ոլորտում առևտրային ցանցերի իրացման ծավալները և առկա խնդիրները պարզելու համար։ Արդյունքում վեր է հանել մատակարարների՝ գերփոքր, փոքր, միջին բիզնեսի և առևտրային ցանցերի հարաբերություններում առկա հետևյալ խնդիրները.
1. Խոշոր առևտրային ցանցերը հաճախ շատ ավելի ցածր գնով են ապրանքն ընդունում մատակարարից, քան փոքր առևտրային կետերը։
2. Առևտրային ցանցում ապրանքի ներկայացվածությունը ապահովելու ու ապրանքի իրացումը խթանելու նպատակով մատակարարից պահանջում են հավելյալ վճարումներ:
Հանձնաժողովը փաստել է, որ վերոնշյալ պարագայում մատակարարները ստիպված են եղել ընտրութուն կատարել. վճարել և ապահովել բարենպաստ ու մեծ տարածքներ ցուցասրահում կամ զրկվել հավասար մրցակցային պայմաններում ներկայացված լինելու հնարավորությունից:
Հանձնաժողովի վելուծությամբ պարզ է դառնում, որ առևտրային ցանցերում ապրանքերի իրացումը խթանելու համար կատարող վճարումների
- 33%-ը բաժին է ընկնում գովազդային վահանակների տեղադրմանը,
- 22%-ը՝ առավել տեսանելի վայրում ցուցադրելուն,
- 22%-ը՝ համտեսի կազմակերպմանը,
- 16%-ը՝ ցուցապահարանների, սառնարանների համար,
- 7%-ը՝ պարզապես տվյալ առևտրի կետում ներկայացված լինելու համար:
3․ Խոշոր առևտրային կետերը նախընտրում են աշխատել ԱԱՀ-ով աշխատող մատակարարների հետ:
«Փաստորեն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ առևտրային ցանցերը հիմնականում չեն աշխատում ԱԱՀ հարկման դաշտում չգործող ընկերությունների հետ: Ինչի արդյունքում՝ վերջիններս կարող են զրկվել սպառողների լայն շրջանում ներկայացվածություն ապահովելու հնարավորությունից և հայտնվել անհավասար մրցակցային պայմաններում ԱԱՀ վճարող ընկերությունների նկատմամբ»,- եզրահանգել է հանձնաժողովը:
4․ Մատակարարված ապանքների դիմաց առևտրային ցանցերը ուշացնում են վճարումները ընդհուպ մինչև մեկ տարի։ Դրա հետևանքով մատակարար ընկերությունների համար առաջանում են ֆինանսական ու կանխիկի շրջանառության խնդիրներ:
«Առևտրային ցանցերը այն ճանապարհն են, որի միջոցով փոքր ու միջին բիզնեսը հնարավորություն է ստանում մտնել շուկա, զարգանալ և առաջ գնալ: Առևտրային ցանցը կարող է իր նախընտրությամբ մեկին շուտ վճարել, մեկին ուշ։ Այնինչ գումարի շարժը կենսական է յուրաքանչյուր բիզնեսի համար»,- լրագրողներին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:
Օրենսդրական բարեփոխումներ։ Ի՞նչ է փոխվել
Հիմք ընդունելով այս ուսումնասիրության արդյունքները, 2024 թվականի հունվարին Ազգային ժողովը հաստատեց փոփոխություններ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում և լրացումեր՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։ Փաստաթղթերը պաշտոնապես հրապարակվեցին փետրվարի 2-ին: Էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ դրանք ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց՝ մայիսի 2-ից:
Ստորև ներկայացնում ենք առավել կարևոր փոփոխությունների ցանկը.
- գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող առևտրային ցանցերը, գործարանները, մթերող կազմակերպությունները մատակարարված ապրանքի դիմաց պետք է վճարեն մատակարարման պահից 30 օրվա ընթացքում,
- առևտրային ցանցը պետք է իր կայքում հրապարակի հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները, իրացվող ապրանքատեսակների ցանկը, ապրանքի ցուցադրման պայմանները և պայմանագրի դադարեցման հիմքերը,
- առևտրային ցանցը մատակարարի հետ պետք է պարտադիր կնքի գրավոր պայմանագիր` ներառելով օրենքով սահմանված պարտադիր տեղեկատվությունը,
- առևտրային ցանցի կողմից մատակարարին ապրանքի դիմաց վճարումը պետք է իրականացվի ոչ ուշ, քան.
1) սննդամթերքի համար` 30 օրվա ընթացքում,
2) ոչ պարենային ապրանքների համար՝ 60 օրվա ընթացքում:
- ժամանակին չվճարելը կհամարվի բանակցային ուժեղ դիրքի չարաշահում և կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն,
- եթե առևտրային ցանցը մատակարարի նկատմամբ թույլ է տվել վճարումների իրականացման 3 միլիոն կամ ավել դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավել ժամկետով խախտում, դա կհամարվի բանակցային ուժեղ դիրքի չարաշահում և կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն:
«Սա խթան է հադիսանալու գյուղացիական տնտեսությունների գործունեության համար, որովհետև գյուղացիներն իրենց գործունեությունը ծավալում են նաև վարկային միջոցների հաշվին։ Իսկ մթերման դիմաց կատարվելիք ուշացումները հաճախ դառնում են հավելյալ վարկային տոկոսների ու տույժերի վճարման պատճառ: Ինչ վերաբերում է փոքր ու միջին բիզնեսներին, դրանք ավելի պաշտպանված կլինեն հնարավոր չարաշահումներից»,- կարծում է Մրցակցության պաշտպանության հանձաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:
Գործարարների և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի «երկխոսությունը» JAMnews-ի միջնորդությամբ
«Վճարման համար 30-օրյա ժամկետի սահմանումը գոհացնում է և շատ իրատեսական է։ Ինչ վերաբերում է վճարումների ուշացման դեպքում գումարի սահմանաչափին, ապա հատկապես փոքր բիզնեսի համար նախընտրելի կլիներ 3 մլն դրամից ցածր սահմանաչափի ամրագրումը»,- կարծում է Արմեն Ա.-ն:
Գործարարի այս դիտարկմանն ի պատասխան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գլխավոր քարտուղար Աշոտ Վահանյանը գրավոր պարզաբանում է.
«Սահմանաչափի որոշման գործընթացում հաշվի են առնվել համապատասխան միջազգային փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև շահագրգիռ սուբյեկտների, այդ թվում մատակարարների, փոքր ու միջին ձեռնարկությունների հետ քննարկումների արդյունքները»:
Այդուհանդերձ, հանձնաժողովը չի բացառում, որ սահմանված կարգավորումների փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առաջանա դրանց գործնական կիրառության արդյունքում:
Մեզ հետ զրուցած փոքր բիզնեսի ներկայացուցիչներն անհրաժեշտ փոփոխությունների շարքում մատնանշեցին ևս երկու դեռ չկարգավորված հարց:
Առաջինը՝ առևտրային ցանցերի կողմից ԱԱՀ-ով աշխատող բիզնեսների հետ համագործակցելու նախապատվությունն է, որն արձանագրել էր նաև Տնտեսական մրցակցության հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքում։ Երկրորդ մտահոգությունն այն է, որ օրենսդրական կարգավորումները չեն տարածվում խանութների վրա։ Արդյունքում՝ դրանք կարող են շարունակել կամայական մոտեցում ցուցաբերել փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ:
Վերոնշյալ կետերի մասով Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից մեր հարցմանն ի պատասխան հղում են անում «Առևտրի ու ծառայությունների մասին» օրենքի երկու կետերին։
15.8 կետը սահմանում է. «Արգելվում է առևտրային ցանցի կողմից խտրական պայմանների սահմանումը և կիրառումը մատակարարների հետ հարաբերություններում»։
Իսկ 15.9 կետով սահմանվում է առևտրային ցանցի պաշտոնական կայք ունենալու ու հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջների, իրացման ենթակա ապրանքատեսակների ցանկի, դրանց ցուցադրման պայմանների հրապարակման պահանջ:
Գործարարները, սակայն, նշում են, որ այս փոփոխությունները լիարժեք ու հստակորեն չեն ամրագրում անկախ գործունեության հարկային դաշտից համագործակցության պահանջ։ Հետևաբար, այս մասով ընտրությունը շարունակում է մնալ առևտրային ցանցերի հայեցողությանը:
Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխությունների՝ խանութների վրա չտարածվելուն, հանձնաժողովից նկատում են՝ այս մասով հաշվի է առնվել առևտրային ցանցերի բանակցային ուժեղ դիրքի առկայությունը:
Բիզնեսի ու պետական համակարգի ակնկալիքները
Գործարարների դիտարկմամբ՝ վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները չափազանց կարևոր են, բայց ուշացած:
«Պետական համակարգը բավականին դանդաղ է աշխատում: Կառավարությունը սովորաբար ի հայտ եկող կամ առկա խնդիրներին է արձագանքում, այն էլ բավականին ուշացումով, այնինչ պետք է հնարավոր ռիսկերը նախապես կանխատեսել և կանխարգելել»,- ասում է Արմեն Ա.-ն:
Շեշտում է՝ պետական համակարգի դանդաղումը բացասաբար է անդրադառնում գործարար միջավայրի ու տնտեսության վրա․
«Մեր պարագայում, օրինակ, առևտրային ցանցեր կան, որ մի քանի տարի ձգձգել են վճարումները։ Ու մինչ օրս ունենք չվճարված ապրանքներ: Եթե օրենքն ավելի վաղ ընդունվեր, բիզնեսն ավելի փոքր ֆինանսական կորուստներ կունենար»:
Այդուհանդերձ, գործարարը լիահույս է՝ օրենքի ընդունումից հետո առևտրային ցանցերի կողմից ուշացումները կհասցվեն նվազագույնի:
«Մինչ այժմ փոքր ու միջին բիզնեսը այն դիրքերում չի եղել, որ ստիպեր առևտրային ցանցերին պայմանագիր կնքել ու ժամկետներ ֆիքսել վճարումների համար։ Թե պարտքն ինչպե՞ս կվճարվի, ե՞րբ կվճարվի, եղել է անհատական հարաբերությունների մակարդակում, որն այնքան էլ լավ չի պետական շահի տեսանկյունից»,- նկատում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը։
Կարծում է՝ օրենսդրական փոփոխությունները զգալի տնտեսական ու սոցիալական ազդեցություն կունենան:
Իսկ ի՞նչ է ակնկալում օրենսդրական բարեփոխման արդյունքում էկոնոմիկայի նախարարությունը։ Մեզ պատասխանել է նախարարության գլխավոր քարտուղարի ԺՊ ժաննա Զաքարյանը.
«Ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր առևտրային ցանց-մատակարարներ հարաբերությունների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքների իրացման շուկայի համար, որը կնպաստի արդար առևտրի իրականացմանը, այդ թվում՝ մրցակցային միջավայրի բարելավմանը և սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Տեղական արտադրանքը առևտրային ցանցերում