Տգեղ կատակներ
«Գիտեք, ես երեկ Հիլարի Քլինթոնին գարշելի կին անվանեցի», — հինգշաբթի երեկոյան ասաց Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով «Ուոլդորֆ-Աստորիա» հյուրանոցում Ալֆրեդ Սմիթի հիմնադրամի կազմակերպած ընթրիքին:
Հիլարի Քլինթոնը, որին այդ սեղանի շուրջ Թրամփից միայն Նյու Յորքի կարդինալ Թիմոթի Դոլանն էր բաժանում, գլուխը խոնարհեց, նրա դեմքը ոչինչ չէր արտահայտում:
«Սակայն ամեն ինչ հարաբերական է, — շարունակել է Թրամփը: — Լսելով Հիլարիի մշտական շաղակրատությունը, Ռոզի Օ’Դոնելին սկսեցի ավելի լավ վերաբերվել»:
Այդ ասելիս Թրամփը իջեցրեց ձայնն ու անցավ տնքոցի. «Ես գրեթե սիրում եմ Ռոզիին»:
Քլինթոնը ծիծաղեց, ներկաները՝ նույնպես, սակայն մինչև վերջ վստահ չլինելով, թե ինչով այս ամենը կավարտվի և արդյոք բարեհաջող կավարտվի: Չավարտվեց: Դժվար է ասել, թե որ պահին Թրամփը կարողացավ լսարանի մոտ այն զգացողությունն առաջացնել, կարծես Քլինթոնին ցեխի մեջ են թավալել: Սակայն դրան հասնելով՝ նա արդեն ցեխը չէր խնայում:
Ալֆրեդ Սմիթի հիմնադրամը նման ընթրիք ամեն տարի է կազմակերպում՝ նպատակ ունենալով կաթոլիկ եկեղեցու բարեգործական նախագծերի համար նվիրատվություն հավաքել: Ենթադրվում է նաև, որ այդ հարթակում դեմոկրատների և հանրապետականների միջև անգամ ամենադաժան տարաձայնույթունների ժամանակ երկու խոշորագույն կուսակցությունների թեկնածուները կարող են իրենց թույլ տալ ժպտալ միմյանց, իսկ նրանց կողմնակիցները՝ կատակներով փոխանակվել:
Ահա այն սրամտություններից մեկը, որը Թրամփն իրեն թույլ տվեց երեկ. «Հիլարին կենսական կարևորություն է տալիս մարդկանց խաբելուն՝ հանրային քաղաքականությունում հռչակելով մի բան, դրա հակառակն անելով մասնավոր կյանքում». նկատի ուներ «Վիկիլիքսի» նյութերը:
«Օրինակ, — շարունակել է Թրամփը, — այսօր հանրային ելույթ ունենալիս նա փորձում է ձևացնել, թե կաթոլիկների հանդեպ ատելություն չի զգում»: Այստեղ, սակայն, նա սահմանն անցավ:
Թրամփի կատակն աղավաղված ձևով այն նամակի բովանդակությունը ներկայացնելու փորձ էր, որն էլեկտրոնային փոստով ուղարկել էր Քլինթոնի կաթոլիկ օգնական Ջենիֆեր Փալմիերին, որում նա կաթոլիցիզմը «սոցիալական տեսանկյունից ամենաընդունելի քաղաքականապես պահպանողական կրոն» էր անվանել: Թրամփի մեկնաբանությամբ՝ դա նշանակում էր, որ մի վայրում, որտեղ բազմաթիվ կաթոլիկներ են հավաքվել, մոլեռանդ կրոնական Քլինթոնն է ներկա, որը դեմ է կաթոլիկ հավատքին:
Դպրոցական խուլիգանի իր բնազդին հետևելով՝ Թրամփն ուզում էր ոչ միայն ծաղրի ենթարկել Քլինթոնին, այլ համոզել ներկաներին ամաչել նրա ծաղրի առարկային ներկաների այդքան մոտ լինելուց: Նա ձեզ չի էլ սիրում, ուզում էր ասեր նա:
Համարը չստացվեց. չհասցրեց Թրամփն իր կատակն ավարտին հացնել, երբ դահլիճում վրդովված աղմուկ բարձրացավ: «Չգիտեմ, Հիլարի, թե ումից են նրանք դժգոհ՝ Ձեզնի՞ց, թե՞ ինձնից, — ասաց Թրամփն՝ ակնհայտորեն մոռանալով, որ դա սեփական նախընտրական հանրահավաքը չէ, որտեղ մարդիկ պատրաստ են գոռալ՝ «Նստեցրու դրան»: — Ասում են, երեկ երեկոյան մենք քաղաքականության մեջ ամենադաժան դեբատներն ենք անցկացրել»: Թրամփը հեգնեց. «Չգիտեմ, պետք է հպարտանա՞լ դրանով, թե՞ նեղսրտել»:
Ի վերջո, որոշեց հպարտանալ: Եվ լավ սկսեց. ինքնանվաստացուցիչ կատակ արեց իր «գեղեցիկ ձեռքերի» վերաբերյալ, որոնք նա, մատները շարժելով, ցուցադրեց հանրությանը: Սակայն նրանք, շարունակում էր հռետորը, իհարկե այն ուժը չունեն, ինչպես Աստծո ձեռքերը, քանի որ «ոչ ոք չի կարող մրցակցել Աստծո հետ, ճի՞շտ է» (ակնարկ է Սբ. Պատրիկի և Հինգերորդ ավենյուում գտնվող Թրամփ-թաուերի հարևանությամբ գտնվելը):
Թրամփը փորձում էր համապատասխանել միջոցառման ոգուն, երբ ասաց. «Նախքան սեղան նստելը, Հիլարին պատահաբար ինձ հրեց և շատ քաղաքակիրթ ձևով ներողություն խնդրեց, — այս հատվածում Քլինթոնը ծիծաղեց, իսկ Թրամփը շարունակեց, — իսկ ես շատ սիրալիր պատասխանեցի, որ այդ մասին կխոսենք այն ժամանակ, երբ ես արդեն նախագահ դառնամ»:
Եվ երբ նա կատակում էր իր հանդեպ ԶԼՄ անարդար վերաբերմունքի վերաբերյալ, ընդհանուր առմամբ նույնպես չանցավ քաղաքավարության սահմանները: «Դուք ապացույցնե՞ր եք ուզում: Միշել Օբաման ելույթ է ունենում, և բոլորը հիանում են: Հրաշալի ելույթ է: Միշելը ցնցող է: Սակայն երբ իմ կինը՝ Մելանիան, է նույն ելույթով հանդես գալիս, նրա վրա հարձակվում են: Ես դա չեմ հասկանում»:
Փոխարենը Մելանիան է ամեն ինչ հասկանում: Նա ծաղկում է ամուսնու կատակից, որը ներկաների ուշադրությունը նրա վրա է սևեռում: «Նրա հետ հաճախ են կոպիտ վարվում: Օհ, կարծես թե այսօր տանն ինձ կշտամբելու են: Կարդինալ, խնդրում եմ, խոսեք նրա հետ»:
Զգացվում է, որ Թրամփի ամենահաջող ինքնանվաստացուցիչ կատակներն ուղղված են ոչ թե հենց իրեն, այլ կնոջը:
Այնուհետև նա սկսեց մեկ այլ կնոջ վիրավորել, որը սեղանի կենտրոնում էր նստած:
«Հիլարին այնքան կոռումպացված է, որ նրան վռնդեցին Ուոթերգեյթի հետաքննության հանձնաժողովից, — ասաց Թրամփը: — Այդ որքա՞ն կոռումպացված պետք է լինել, որպեսզի քեզ Ուոթերգեյթի հետաքննության հանձնաժողովից վռնդեն»:
Իսկական կատակները միշտ բազմաշերտ են, և դա միակ բանն է, ինչ հիշեցնում է Թրամփի ստերի մասին: Մեր ստուգված փաստերի համաձայն, Քլինթոնին չեն վռնդել Ուոթերգեյթի հետաքննության հանձնաժողովից, որտեղ նա աշխատում էր որպես երիտասարդ իրավաբան, այն էլ՝ կոռուպցիայի համար:
Թրամփը միամտորեն կարծում է, որ պետք է շատ կոռումպացված լինել, որ քեզ վռնդեն Ուոթերգեյթի հետաքննության հանձնաժողովից: Կամ էլ, հնարավոր է, նա կարծում է, որ հետաքննող հանձնաժողովն է 1972թ-ին ներխուժել Դեմոկրատական կուսակցության շտաբ-բնակարանն, այլ ոչ թե Ռիչարդ Նիքսոնի ուղարկած գործակալները: Կամ էլ Թրամփը կարծում է, որ իրավաբանների ցանկացած խումբ, որը ցանկանում է հանրապետական նախագահին սանձել, գողերի խումբ է:
Ենթադրվում է, որ ինչ-որ պահի ելույթ ունեցողները պետք է լուրջ թեմաների կամ ինքնավերլուծության անցնեն: Ի վերջո, բարեգործական երեկոն նվիրված է 20-ականներին Նյու Յորքի մարզպետ և առաջին կաթոլիկ Ալֆրեդ Սմիթին, որին առաջատար կուսակցություններից մեկն առաջադրել էր որպես նախագահի թեկնածու:
Թրամփը տպավորված էր այդ երեկո հավաքված 6 մլն գումարով («մաքո՜ւր…») և «կյանքի մշակույթի» մասին միտք արտահայտեց, որին ավելի ու ավելի մտահոգ դարձող կարդինալ Դոլանն իր մեջ ուժ գտավ ծափահարելու: Երբ ծափահարությունները լռեցին, կարդինալը ճակատը մաքրեց անձեռոցիկով: (Հաջորդ առավոտյան կարդինալն Էն-Բի-Սի հեռուստաընկերությանը հայտարարեց, որ ընթրիքից առաջ Քլինթոնն ու Թրամփը միասին աղոթել են):
Ինչ-որ պահի Թրամփն ասաց, որ Քլինթոնն ավելի հազվադեպ է ծիծաղում, քան երեկոյի մնացած մասնակիցները: Իրականում նա երբեմն ավելի հաճախ էր ժպտում, քան մնացածները: Այնպիսի տպավորություն է, որ Թրամփը դադարել է նրան լրջորեն անհանգստացնել: Բացառություններ նույնպես լինում էին, օրինակ, երբ Թրամփը սկսեց մեղադրել Քլինթոնների զույգին Հայիթին թալանելու համար («նրանք ամբողջական գյուղեր են գրավում»): Այդ հատվածում նա չկարողացավ զսպել սառը հայացքը Թրամփի ուղղությամբ:
Իր ելույթում Քլինթոնը կատակում էր այն մասին, թե ինչպես գյուղ գրավելն իրեն օգնեց զվարճալի ելույթ գրել: Նրա որոշ կատակներ ծիծաղելի էին կամ, ինչպես կասեր Բարաք Օբաման, լիովին ծիծաղելի: Նա, օրինակ, զարմացավ, որ Թրամփն իրեն զիջեց բարձրախոսը. «Չէի սպասում, որ նա այդքան հեշտ կհամաձայնի խաղաղ իշխանափոխության»:
լինթոնի ինքնանվաստացումն էլ սպասեցնել չտվեց, նա նշեց, որ «խստորեն հետևում է քնի ռեժիմին»:
«Սովորաբար ես այսպիսի ելույթների դիմաց մեծ հոնորար եմ վերցնում», — ասաց նա՝ ավելացնելով, որ ներկաներին այնքան ուժեղ է սիրում, որ կցանկանար նրանց հավաքածուն ունենալ:
Մի քիչ ծեծված կատակ էլ կար այն մասին, որ Թրամփն Ազատության արձանին չորս, թե հինգ է դնում, այն դեպքում երբ նա նախընտրում է 45 թիվը (ակնարկ, որ նա ԱՄՆ 45-րդ նախագահն է դառնալու): Այդ հատվածում Մելանիա Թրամփը նրա վրա խեթ հայացք գցեց:
Սակայն նա չմոռացավ նաև հարվածել: Մատնացույց անելով երեկոյին ներկա Ռուդի Ջուլիանիին, Քլինթոնն ասաց, որ կարիերայի սկզբում նա հարկային խախտումներն էր հետաքննում, իսկ հետո որոշեց, որ «եթե այս տղաներին հնարավոր չէ հաղթել, ավելի լավ է «Ֆոքս» հեռուստաալիք գնամ և նրանց հանճարներ անվանեմ»: Ջուլիանին մռայլվեց:
Քննարկելով Թրամփի առողջությունը, Քլինթոնն ասաց. «Դոնալդն իրոք ձիու պես առողջ է, այն ձիու, որը հեծնում է Վլադիմի Պուտինը»: (Նա հաղորդեց նաև, որ Թրամփի ելույթները «թարգմանված են» ռուսերենից, որ նրա ելույթն իրեն դուր եկավ և ինքը «հաճույքով կլսի, թե ինչպես է Մայք Փենսը հերքելու, որ Թրամփն այդ ելույթն ունեցել է»): Դա արդարացի էր, սակայն մռայլ էր հնչում:
Քլինթոնի և Թրամփի տարբերություն ավելի զգալի էր այն պահին, երբ նրանք փորձում էին համապատասխանել միջոցառման ոգուն և խոսել մեղքերի թողության մասին:
Քլինթոնը խոսում էր Ալֆրեդ Սմիթի և այն մասին, թե ինչպիսի մոլեռանդ հակակաթոլիկ արձագանք առաջացրեց նրան առաջադրելը որոշ շրջանակներում:
«Վախի և անվստահության հաշվին արված փորձերը մեզ ստիպում են միմյանց մեջ «օտարների» տեսնել: Այդպիսի հռետորաբանությունը խանգարում է մեզ տեսնել, լսել և հարգել միմյանց, սիրել շրջապատի մարդկանց և ինքներս մեզ»:
Թվաց, որ դահլիճում իրավիճակը փոխվեց այնպես, ինչպես տպավորություն է ստեղծվում, որ վերջին մի քանի շաբաթում Թրամփն ու նրա գաղափարները սկսել են ավելի մեծ դիմակայություն հանդիպել:
«Հրեշավոր երեկո է», — իր ելույթի սկբում ասաց Թրամփը: Հրեշավոր էր նախագահական ընտրարշավը: Այն գրեթե ավարտվում է:
Հրապարակվել է 25.10.2016