Տարօրինակ վայր Վրաստանի կրկնակի փախստականների համար
2010-2011 թթ—ին Վրաստանի իշխանությունները որոշեցին երկրի տարբեր շրջաններում վերաբնակեցնել Աբխազիայից եկած փախստականներին, որոնք ապրում էին պետական սեփականությունում հանդիսաող շենքերում:
Գործընթացը ցավոտ էր ընթանում. մարդկանց ուժով մայրաքաղաքից տեղափոխում էին շրջաններ, գյուղեր: Հաճախ նրանց այնտեղ ոչինչ չէր սպասում չորս պատից բացի՝ ոչ աշխատանք, ոչ գործող ենթակառուցվածքներ, ոչ բերրի հող:
Այդպիսի վայրերից մեկն, ուր վերաբնակեցրին փախսականներին, Փոցխոեցերի ավանն էր: 7 տարի առաջ այստեղ 170 ընտանիք վերաբնակեցրին: Սակայն JAMnews-ի թղթակիցներ Դավիթ Կանչաշվիլին և Դավիթ Պիպիան, որոնք Փոցխոեցերի են մեկնել փախստականներին այցելելու, այնտեղ գրեթե ոչ ոքի չեն հանդիպել:
Երկար ճանաապրհից հետո մեքենան կանգնեցնում ենք: Առջևում երկար անանուն փողոց է: Ձախից՝ դեռևս խորհրդային տարիներին կառուցված ցածրահարկ շենքեր են: Չնայած որ այդ առանց տանիքի և ապակիների փլատակները դժվար է շենք անվանել:
Երկար մեկհարկանի տան ճակատային հատվածում աչքի են ընկնում անձրևից խունացած նախընտրական պաստառներ: Դրանց վրա դեռ կարելի է կարդալ. «Լևան Կարդավա, №5», «Գեորգի Մարգվելաշվիլի» [Վրաստանի ներկայիս նախագահ], «Բեսիկ Փարցվանիա, №41» [քվեաթերթիկներում 5 և 41 համարները գլխավոր ընդդիմադիր «Ազգային շարժում» և իշխող «Վրացական երազանք» կուսակցությունների համարներն են]:
Փողոցի աջ կողմում ևս մի քանի շենքեր կան, ճակատային հատվածից դատելով՝ դրանք ներկել են մի քանի տարի առաջ: Սակայն կյանքի նշույլներ այստեղ էլ չեն նկատվում:
Այդ շենքերում ոչ մի տեղ լույս չի վառվում, պարանների վրա լվացք չի չորանում: Այստեղ ոչ մի մեքենա կանգնած չէ, ոչ մարդ է երևում, ոչ թափառական շուն: Նույնիսկ աղբ չկա, որը կվկայեր մարդու գոյության մասին: Ոչ մի ձայն չի լսվում այստեղ:
Մի քանի րոպե քայլելուց հետո փողոցի անկյունում 6-7 տարեկան տղա ենք նկատում: Նա ծնկից վերև ռետինե երկարաճիտ կոշիկներ է հագել, խունացած մուգ տաբատ և երկարաթև վերնաշապիկ: Նրա գլուխը սափրած է, մեզ է նայում իր մեծ զարմացած աչքերով: Դեմքի արտահայտությունը «Քայլող դիակներ» հայտնի սերիալի հերոսի արտահայտությանն է նման, որը քանդված քաղաքի փողոցում մեկ այլ կենդանի մարդու է տեսել և չգիտի՝ ուրախանա՞լ, թե՞ վախենալ:
—Ի՞նչ է անունդ, — հարցնում եմ:
— Սանդրո, — ասում է և ժպտում:
— Ի՞նչ ես այստեղ անում:
— Ոչինչ:
— Ինչ—որ տե՞ղ ես գնում:
— Ոչ մի տեղ:
— Իսկ ո՞ւր են մարդիկ, — հարցնում է Դաթոն:
— Չգիտեմ:
— Այստեղ ինչ—որ մեկը կա՞: Ոստիկանություն, պոլիկլինիկա կամ եկեղեցի:
— Ոչ:
— Իսկ դեղատո՞ւն:
— Ոչ:
— Իսկ ի՞նչ կա, — ձեռք չի քաշում Դաթոն:
— Կորպուսներ:
— Իսկ մարդիկ այդ կորպուսներում ապրում ե՞ն:
— Ահա այնտեղ մի տղա է ապրում: Այստեղ էլ մի քանի հոգի կա, — ասում է Սանդրոն՝ ձեռքով ցույց տալով:
Ո՞ւր են մարդիկ
Փոցխոեցերի ավանը գտնվում է հակամատտության գոտուն շատ մոտ, գրեթե Աբխազիայի հետ վարչական սահմանի մոտ:
Այստեղից մի քանի կիլոմետր հեռու Ինգուրի ՀԷԿ—ն է՝ Վրաստանի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը: Փոցխոեցերիում խորհրդային տարիներին Ինգուրի ՀԷԿ—ի շինարարներն են ապրել, ավանը հատուկ նրանց համար էլ կառուցել են:
1992թ—ին՝ վրաց—աբխազական հակամարտությունից հետո, այստեղ բնակություն է հաստատել փախստականների առաջին ալիքը: Անանուն փողոցի մյուս կողմի բնակավայրում այդ փախստականները մինչև այսօր ապրում են:
Եվ ահա 2010—ին ավանում նոր փախստականներ հայտնվեցին, այս անգամ՝ մայրաքաղաքի կենտրոնական շրջաններից:
Եթե խիստ խոսենք, Թբիլիսիում փախստականներին սկսեցին զանգվածաբար տեղահանել պետական սեփականություն հանդիսացող շենքերից, որոնք նրանք ինքնակամ զբաղեցրել էին 90-ականների սկզբին: Այդ շենքերի մեծ մասը քաղաքի կենտրոնական շրջաններում են և գրավիչ էին ներդրողների համար: Եվ պետությունը լուծեց հարցը:
Այդ գործընթացը դրամատիկ էր. մարդիկ չէին ուզում կրկին փախստական դառնալ: Տան հետ միասին շատերը կորցրին նաև իրենց աշխատանքը մայրաքաղաքում:
Կրկնակի փախստականներ
Սերգո Բոկուչավան տասնյակ հազարներից մեկն է: Առաջին անգամ փախստական դարձավ 1992-ին , երբ Աբխազիայում պատերազմ սկսվեց: Երկրորդ անգամ՝ երբ նրան ստիպեցին մեկնել Թբիլիսիից Փոցխոեցերի:
Դա տեղի է ունեցել տեսախցիկների առջև, արտասահմանյան դիտորդների և մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աչքի առջև: Օգնություն ոչ մեկից չէր սպասվում, դեռ բախտը բերել էմ որ չեն ձեռբակալել և տուգանել դիմադրություն ցույց տալու համար:
Չորսհարկանի հանրակացարանում, ուր նա ապրում է մոր հետ Փոցխոեցերիում, 32 բնակարան կա: Սկզբում դրանցում բնակեցրել են փախստականներին: Այսօր միայն 4 ընտանիք է մնացել: Մնացածները լքել են ավանն աշխատանք գտնելու հույսով:
Սերգոն աշխատանք չունի: Պետության կողմից տրվող նպաստը 45 լարի է [մոտավորապես $18]: Ձմռանը նրա համար տաքանալու միակ միջոցն անկողնում պառկելն է: Նա վառարան ունի, սակայն փայտ չկա. անտառային դեպարտամենտը թույլատրում է ծառ կտրել այն հատվածում, որտեղից շատ թանկ է արժենում ծառ կտրելն ու տուն հասցնելը:
Ցալենջիխի վարչատարածքի ղեկավարի խոսքով, պաշտոնապես բնակարանից միայն 8 ընանիք է հրաժարվել, իսկ մնացածը կողպել են պետությունից ստացած բնակարաններն ու աշխատանք և հաց գտնելու հույսով տեղափոխվել Զուգդիդի կամ վերադարձել Թբիլիսի:
Հող, որի վրա քարեր են աճում
Եթե ճանապարհի երկայնքով քայլես, ավանի վերին հատվածում կնկատես մի քանի փոքր, ձեռքի տակ եղած միջոցներով ցանկապատած հողատարածքներ: Դրանցից մեկը մի 60 տարեկան կին է մշակում: Մեզ հետ զրույցում ասում է, որ դժվարությամբ է մշակում 80 քառակուսի մետր տարածքը:
«Ես այստեղից 3 մեքենա քար եմ թափել: Սակայն քարերն ամեն օր հայտվում են: Դրանք այստեղ ծնվո՞ւմ են, ինչ է: Հավաքում եմ և դեն նետում: Այդպես տանջվում եմ 12 տարի: Ողջ ավանում է այդպես: Այս հողը բանի պետք չէ, քարերով լի է: Այդ պատճառով էլ շատերն այստեղ չեն կարողանում մնալ», — ասում է նա:
Հարցնում եմ՝ ինչ է անունը: Նա ծիծաղում է և ասում, որ դա նշանակություն չունի, գրի «չքավորության մեջ գտնվող մարդ»:
Նրա ամուսինը, որն աշխատել է Ինգուրի ՀԷԿ—ում, մահացել է 15 տարի առաջ: Նա տխրում է այն բանից, որ չի կարողանում աշխատանք գտնել: «Նույնիսկ ավել անելու աշխատանք ինձ համար չգտնվեց: Վեց ամիս է, ինչ թոշակ եմ ստանում»:
Նա բիբար և լոլիկ է աճեցնում, և չգիտի, թե ինչ բերք կտա նրան այս տարի հողը:
«Սոցիալական օգնություն ինձ չտվին: Երբ սոցիալական գործակալն իմ տուն եկավ, ասաց, իբր վատ չես ապրում, քեզ օգնություն չի հասնում: Տունս մաքուր է, կեղտի մեջ կորած չեմ, և ի՞նչ: Պահարաններ ունեմ, ներքնակներ, դաշնամուր, սակայն ինչի՞ս են պետք դրանք: Նա ասաց, որ վաճառեմ, իսկ ես նրան ասացի՝ գնա քո տունը վաճառիր ընտանիքիդ հետ միասին»:
40 րոպե մինչև դեղատունը
Փոցխոեցերիում մի քանի հասարակական հաստատություն կա: Մի դպրոց կա՝ մինչև 9-րդ դասարան, մանկապարտեզ և հին հյուրանոց, որը ժամանակին կառուցել են Ինգուրի ՀԷԿ—ի հյուրերի համար:
Այստեղ աշխատանք գտնելն անհնար է:
Ինչպես ասում են տեղացիները, բուժօգնության, դեղորայքի և այլ կարիքների համար մեկնում են Ջվարի ավան, որը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում:
Ջվարի օրը մեկ մի տրանսպորտ է գնում, որը բարձր դասարանցիներին տանում—բերում է:
Մնացածը ստիպված ե ոտքով քայլել մոտ 40 րոպե: Քայլելն էլ դժվար է՝ կզբում պետք է ոլորապտույտ լեռնային ճանապարհով անցնել, այնուհետև՝ անցնել կամուրջն ու երկար զառիթափ ճանապարհ հաղթահարել: Այդ վայրերը բանուկ չեն, և տեղացիներն ասում են, որ վայրի կենդանիներն այստեղ հազվագյուտ երևույթ չեն:
Շաբաթը երեք անգամ միկրոավտոբուս է մեկնում Զուգդիդի: Սակայն տեղացիների համար այն չափազանց թանկ է՝ 2.5 լարի [մոտավորապես $1].:
Տեղական դպրոցում 12 ուսուցիչ և 30 աշակերտ կա:
Երբ Թբիլիսիից փախստականների հոսքը եկավ, աշակերտների թիվը հասավ 70-ի: Սակայն մարդիկ հետո կրկին սկսեցին հեռանալ, և աշակերտների թիվը պակասեց:
Առավոտյան դպրոցը բացում է պահակը: Ձմռանը նա շրջում է բոլոր դասասենյակներով և վառարաններն է վառում, որպեսզի մինչև երեխաների գալը գոնե մի քիչ ավելի տաք լինի:
Ձմեռը Փոցխոեցերում ցրտշունչ է:
Չնայած որ ավանը գտնվում է Վրաստանի ամենամեծ ՀԷԿ—ի կողքը, այստեղ ապրող փախստականներն էլեկտրաէներգիայի մատկարարման ոչ մի արտոնություններից չեն օգտվում: Դպրոցն էլ արտոնություններ չունի, այլապես, ասում են այստեղ, այն էլեկտրականությամբ կտաքացնեին:
Հանրակացարաններից մեկի մոտ մայթին նստած մի տղայի եմ հանդիպում: Նա ասում է, որ անունը Նիկա Քուրդիանի է: Նա Աբխազիայի փախստական է: Մինչև 2011թ—ը նրա ընտանիքն ապրել է Թբիլիսիում: Երբ տեղափոխվել են Փոցխոեցերի, նա դեռ դպրոցական է եղել: Նա այժմ էլ է հիշում իր թբիլիսյան դպրոցն ու դպրոցական ընկերներին, որոնց այդ օրվանից չի տեսել: Փոցխոեցերիում նա 9-րդ դասարանն է ավարտել: Այժմ մտածում է՝ ինչ անել: Ուզում է ուսումը շարունակել, սակայն որտեղ և ինչպես՝ դեռ չգիտի:
Հետաքրքրվում եմ, թե ինչով է զբաղվում օրվա ընթացքում, ինչպես է ժամանակն անցկացնում: Այդ հարցին ժպտում է. «Ոչինչ չեմ անում: Արթնանում եմ, վեր կենում, դուրս գալիս փողոց: Երբեմն հարևանս է կանչում, խնդրում ինչ—որ բանով օգնել»:
Լրագրողները
Ավանի բնակիչները սովոր են լրագրողներին: Գալիս են, ամեն ինչ տեսնում, զարմանում, մարդկանց հարցնում՝ ինչպե՞ս եք ապրում: Ինչպե՞ս եք կենդանի մնում: Ձեզ այստեղ Թբիլիսիից բռնի ուժո՞վ են տեղափոխել: Կարո՞ղ եք դա տեսախցիկի առջև ասել: Հետո օպերատորին ասում են՝ խոշոր պլան վերցրու, ցույց տուր այս քանդված շենքը… Ինչ—որ բան գրում են բլոկնոտում և հեռանում:
Տեղացիները ժպտում են. Որքա՞ն պատմեն նույն բանը: Մեկ ինչ—որ թերթից են, մեկ հեռուստատեսությունից…
«Ի՞նչ իմաստ կա դրանում», — ասում են, միևնույն է, ոչ ոքի դա չի հետաքրքրում: Մենք մի թեթև սկսում ենք ամաչել, խոստանում ենք, որ կգրենք և ցույց կտանք, միգուցե ինչ—որ մեկն ուշադրություն դարձնի: Չնայած դրան՝ նրանք արդեն չեն հավատում: «Մենք Թբիլիսիում էին, նրանց [իշխանությունների] կողքին: Եթե ցանկանային հոգ տանել մեր մասին, մեզ այնտեղից դուրս չէին անի», — ասում է Յուրի Ցերկավան:
Նա էլ է փախստական: Կարճ ժամանակով աշխատանքի է մեկնել Մոսկվա, սակայն 2006թ—ին արտաքսվել է մյուս վրացիների հետ միասին և հայրենիք հասցվել բեռնատար ինքնաթիռով: Այժմ ապրում է Փոցխոյում և հացի փող վաստակելու համար շրջում գյուղերով:
«Մեկին պետք է հող փորել, մյուսին՝ փայտ կտրել, մի քիչ վճարում են»: Դժգոհ է նրանից, որ այդպիսի աշխատանք հազվադեպ է լինում: «Չէ՞ որ մի իմաստ պետք է լինի մեր կյանքում», — ասում է նա:
Գամգեբելին՝ տեղական կառավարման մարմնի ղեկավարը
Ցալենջիխի մունիցիպալիտետի ղեկավար Բեսիկ Փարցվանիան հիշում է այն գիշերը, երբ փախստականներին բռնի վերաբնակեցրին Փոցխոեցերիում:
«Երբ նրանց բերեցին, նրանք պատկկերացում չունեին, թե որտեղ են հայտնվել: Փոցխոն նրանք ոչ թե չէին տեսել, անգամ չէին լսել նրա մասին: Նրանց գիշերը բերեցին, այնտեղ ոչ լույս կար, ոչ սնունդ: Բնակարանները դեռ գրանցված չէին, այդ պատճառով էլ էներգաընկերությունը լույս չէր տալիս: Մի քանի օր մարդիկ առանց լույսի և սննդի էին»:
Բեսիկ Փարցվանիան հիշում է, որ փախստականների համար ավանը մեկուկես տարի է կառուցվել [խոսքը գնում է հին, բոլորովին անպետք դարձած շենքերի վերակառուցման մասին — JAMnews]: Ընդհանուր 14 բնակելի կորպուս են կառուցել, որոնց վրա 11 մլն լարի (մոտ 4.5 մլն դոլար) են ծախսել:
«Ես այն ժամանակ աշխատում էի շինարարական ընկերությունում («Բլոկ Ջորջիա»), որը կառուցում էր այս տները, այդ պատճառով էլ լավ եմ հիշում», — ասում է նա:
Նրա խոսքով՝ Փոցխոեցերիի փախստականները փախել են, առաջին հերթին, գործազրկության պատճառով: Այն հարցին, թե կա արդյոք փախստականների համար աշխատատեղեր ստեղծելու ծրագիր կամ իրավիճակից ինչ—որ ելք, գամգելեբին պատասխանում է, որ Փոցխոյում պետք է զարգացնել զբոսաշրջային ներուժը, և նախագիծը պատրաստ է:
«Ինգուրի ՀԷԿ—ը մշակութային հուշարձանի կարգավիճակ է ստացել, և, ինչպես ինձ ասել են, մշակութային ժառանգության գործակալությունը շատ հետաքրքիր նախագծով է զբաղված: Դրա նմանը միայն Կոլորադոյում կա: Իսկ երկրորդը մեզ մոտ՝ Ինգուրիում է: Ջամփինգներ, յախտ—ակումբներ, համերգային տարածք Ինգուրիում, դա մոտ 3 տարվա նախագիծ է լինելու, որը կարժենա մոտ 45 մլն դոլար: Եվ կարելի կլինի այս մարդկանց էլ աշխատանքով ապահովել: Զբոսաշրջային ներուժի աճը զգալի ազդեցություն կունենա և Փոցխոյի վրա»:
Հետաքրքրվում եմ ֆինանսավորման աղբյուրով: Բեսիկ Փարցվանիան ասում է, որ այդ մասին դեռևս ոչինչ հայտնի չէ և դրա համար միջազգային տենդեր է պետք հայտարարել:
—Արդեն չորրորդ օրն է՝ մենք Փոցխոյում ենք: Անանուն փողոցն արդեն այդքան դատարկ չի թվում: Արտաքուստ ոչինչ չի փոխվել, սակայն ես արդեն գիտեմ, որ այս հանրակացարանի շենքում, մի սենյակում ապրում է Սերգոն իր մոր հետ: Երկրորդ հանրակացարանում, առաջին հարկում, վերջին բնակարանում ապրում է Զուրան: Փողոցի մյուս կողմում գտնվող հյուրանոցի շենքը դատարկ է, սակայն երբ մթնում է, դրա միակ բնակիչը Ջվարիից վերադառնում է, որտեղ մեքենաների լվացման կետում է աշխատում: Նա ոտքով կիջնի ներքև, կանցնի կամուրջը և երկար վերելքը կհաղթահարի:
Այս չորսհարկանի շենքն այլևս դատարկ չի լինի, երբ դրա միակ բնակիչը լամպը միացնի:
Փոցխոն դեռևս նման չէ Կոլորադոյի, և երեկոյան այստեղ սարսափելի լռություն է: Այստեղ—այնտեղ վառվող լամպերը միակ նշանն են այն բանի, որ կյանքն այստեղ դեռևս շարունակվում է: