Վրեժ ու շահում
Հակամարտության գոտու իրադարձությունների տեսությունը 2016թ. ապրիլի 9-11
Շապիկի լուսանկարը՝ Նուրան Մամեդովի, Բաքու: Զոհված Թեբրիզ Մուսազադեի որդին հրաժեշտ է տալիս հորը
Տեղեկատվություն Բաքվից
Լուրեր հաստատված աղբյուրներից
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական զինված ուժերը վերջին օրվա ընթացքում խախտել են հրադադարը 117 անգամ:
Երեկ, ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջնորդությամբ ավարտվել է կողմերի միջև մարմինների փոխանակման գործընթացը:
Վերջին պաշտոնական տվյալներով, զոհված զինվորների թիվը նախկինի պես 31 է:
Միևնույն ժամանակ, «Խազար» ռազմական հետազոտությունների կենտրոնն այլ թիվ է նշում՝ 93 մարդ:
Meydan TV-ն հրապարակել է զոհվածների իր ցուցակը՝ 87 մարդ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրատվամիջոցներին հայտնել է, որ «տարածաշրջանում ստեղծվել են համագործակցության նոր տարբերակներ և «Ադրբեջան-Իրան-Ռուսաստան», «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա» եռակողմ ձևաչափերը նպաստում են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ու համագործակցության խորացմանը»:
Գերմանիան առաջարկել է ղարաբաղյան հակամարտության իր պլանը, որը կազմված է 7 կետից:
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նրա հարցմանն ի պատասխան Գերմանիայի ԱԳՆ-ից հետևյալ պատասխանն է ստացել. «Գերմանիայի կողմից առաջարկվող պլանի հիմքում զինադադարի ռեժիմի կայունացումն է, երկխոսության ձևավորումն ու վստահության կառուցումը հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու համար: Պլանը ներառում է ԵԱՀԿ ՄԽ գործունեության ինտենսիվացում… և բանակցությունների վարում երկարաժամկետ խաղաղության կնքման համար»:
ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, Իրանի Արդեբիլի շրջանի հոգևոր առաջնորդ Սեիդ Հասան Ամիլին աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Նա նշել է, որ իրանցիները պատրաստ են կռվել Ղարաբաղի համար:
«Այն իսլամական աշխարհի մաս է, որը պետք է վերադարձվի Ադրբեջանին: Անձամբ ես առաջին հնարավորության դեպքում պատրաստ եմ մեկնելու Ղարաբաղ պարտքս կատարելու համար»:
Ապրիլի 9-ին Փարիզում Հայաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է անցկացվել: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, բողոքի ակցիայի մասնակիցների վրա են հարձակվել դիմակներով 20 ծայրահեղական: Միջամտել է ոստիկանությունը, տուժածներին օգնություն է ցուցաբերվել: Անցկացվում է հետաքննություն:
Սոցցանցեր
Թրենդ առաջին. անտեղի զոհեր
«Միայն հատուկ նշանակության ջոկատներին է հրաման տրվում ներխուժել թշնամու կողմից վերահսկվող տարածք 100/150 կմ խորության վրա: Սա 100 տոկոս մահվան ելքով առաջադրանք է: Մենք նույնիսկ 10 կմ չենք խորացել և արդեն 93 զոհի անուն ենք հրապարակում: Ըստ ամենայնի, մեր տղաներին մահվան են ուղարկել: Սա ի՞նչ ստորություն է, ի՞նչ դաժանություն է:
Ո՞ւմ են պետք 93 շահիդների արյան գնով գրավված 3-4 բլուրները: Այդ գնով նվազագույնը մեկ շրջան կարելի էր ազատագրել: Դուք հասաք ձեր ուզածին՝ մարդկանց սգի մեջ պահելով, խուսափեցիք կոռուպցիոն սկանդալից: Ձեզ բոլորին՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ բոլոր խոշոր եղջերավոր չինովնիկներին ցմահ ազատազրկում է հասնում: Անիծվե՛ք դուք»:
Նույն թեմայով բլոգերական հոդվածներ հայտնվել են նաև Ազատություն ռադիոկայանի և Բի-Բի-Սի ադրբեջանական ծառայության կայքերում:
«Մեկ անգամ ևս լավ մտածեք: Ո՞ւմ են պետք հողի համար այս պատերազմները: 12 ժամ հացի փողի համար աշխատող մարդկանց, ինձ նմանների ինչի՞ն է պետք այդ պատերազմը: Կներեք, բայց ես ուզում եմ մեռնել տաք անկողնում, այլ ոչ թե պատերազմում»:
Թրենդ երկրորդ. Ասենք «ոչ» Ծաղիկների տոնին
Ծաղիկների տոնն Ադրբեջանում մայիսի 10-ին մեզ շուքով է նշվում: Մեծ ծաղկային արձաններ են տեղադրվում, ուրախ միջոցառումներ կազմակերպվում:
Լուսանկարը Azpress.az, 2015
Մայիսի 10-ը նաև Հեյդար Ալիևի ծննդյան օրն է:
Ֆեյսբուքի օգտատերերի ուշադրությունը գրավել էր այն, որ տոնի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են՝ չնայած զոհված զինվորների համար սգին, և բողոքի շարժում էր ձևավորվել: Կազմակերպիչները կոչ էին անում բոյկոտել Ծաղիկների տոնն ու ցանկացողներին հրավիրում էին բողոքի ակցիային:
Միջոցառմանը 11 հազ. գրանցված կա: Սակայն այժմ արդեն թեման կորցրել է իր արդիականությունը: Ապրիլի 9-ին հայտարարվել է, որ այս տարի Ծաղիկների տոն չի անցկացվելու:
Թրենդ երրորդ. մենք հաղթել ենք, զոհվածների համար վրեժխնդիր կլինենք
«Գլխավորը, որ Ամերիկան ու Ռուսաստանը հասկանան, որ Ադրբեջանն ուժեղ է Հայասատնից: Կկռվենք, որքան անհրաժեշտ է»:
Փորձագիտական գնահատականներ
Քաղաքական մեկնաբան Նիջաթ Մելիքով՝ Մեյդան TV-ի համար.
«Մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը ոչ ադեկվատ պետություն է: Մենք նման բան տեսել ենք և՛ ցարական, և՛ խորհրդային ժամանակներում: Մենք ականատեսն ենք այն բանի, որ Ռուսաստանի քաղաքական էլիտայի պետական գաղափարախոսությունը պատրաստ է հարվածել տնտեսական շահերին: Մենք ականատեսն ենք քաղաքական էլիտայի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, ռուսական հեռուստաալիքների էքստազի ուկրաինական և ղրիմյան դեպքերի ժամանակ: Մենք նույնպես չենք կարող խոսել Ռուսաստանի նախագահի լիովին մտածված քայլերի մասին: Եվ այդ պատճառով էլ դժվար է ասել, թե ինչ կլինի վաղը:
Բացի այդ, չի կարելի նաև հաշվի չառնել իրանական գործոնը: Վերջերս Թեհրանը տնտեսական առումով ավելի պրագմատիկ քաղաքականություն է վարում, սակայն չմոռանանք, որ մեր հարավային հարևանը թեոկրատական-գաղափարական պետություն է: Պետք է տեսնել Իրանում Հարավային Ադրբեջանի խնդիրը: Ես տեսել եմ Թավրիզում աջակցության ակցիաները ապրիլի 2-5-ը: Թեհրանը նույնպես տեսել է դրանք»:
Եվս մեկ պահ կա. այդ իրադարձությունների ընթացքում Իրանի տարածքում ական է ընկել, իսկ Թեհրանը զգուշացրել է Երևանին, որ հետագա միջամտության պարագայում այլ քաղաքական վերաբերմունք է դրսևորվելու: Ստեղծվել է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, կան որոշակի հաջողություններ, կկարողանա՞նք արդյոք օգտվել դրանից, թույլ կտա՞ն արդյոք մեզ, սա արդեն այլ հարց է»:
Հանկուկի համալսարանի (Հարավային Կորեա) դոցենտ Ռովշան Իբրահիմով.
«Վերջին գործողությունների չնախատեսված և նախօրոք չծրագրված դիվիդենդները շարունակում են աճել: Նախևառաջ փոխվել է Ադրբեջանի ընկալումն աշխարհում: Ադրբեջանի հանդեպ հռետորաբանությունը զգալիորեն փոխվել է: Հայտարարություններն արվում են Ադրբեջանի ընկալման դիրքորոշումից ելնելով, ինչը նախկինում չէր նկատվում, երբ մոտեցումը բալանսավորված չէր և օկուպանտի ու տուժած կողմի միջև տարբերությունը չէր ընդունվում:
Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա Ռուսաստանը սահմանափակվեց բանավոր անհանգստություն արտահայտելով, իսկ Իրանը լռեց: Ընդ որում, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի ղեկավարները կապվել են Ադրբեջանի նախագահի հետ և համերաշխություն հայտնել: Պակիստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան նույնպես աջակցեցին Ադրբեջանին: Իսրայելը նույնպես Ադրբեջանի դիրքորոշման կողմից էր: ԵԽԽՎ ղեկավարությունը կոչ է արել դուրս բերել օկուպանտների զորքերը Լեռնային Ղարաբաղից: ԵՏՄ երկրների առաջնորդները՝ Ղազախստանը, Բելառուսն ու Ղրղզստանը, հրաժարվեցին գագաթնաժողովը Երևանում անցկացնել:
Ռուսաստանն, ինչպես և կարելի էր սպասել, չեղյալ չհայտարարեց արտգործնախարար Լավրովի և վարչապետ Մեդվեդևի այցը Բաքու: Սակայն բանակցությունների թեմատիկան հիմնականում վերաբերում էր տնտեսական համագործակցությանը»:
Տեղեկատվություն Երևանից
Լուրեր հաստատված աղբյուրներից
Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 17 անգամ կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում: Հայ դիրքապահների ուղղությամբ կիրառվել են հրաձգային, այդ թվում նաեւ խոշոր տրամաչափի զինատեսակներ եւ ականանանետեր: Ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը հիմնականում կրել են անկանոն բնույթ: Իսկ «ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ցուցաբերել են զսպվածություն»:
Լեռնային Ղարաբաղի շփման գծում առանձնհատուկ իրադարձություններ չեն եղել: Որոշ հատվածներում հակառակորդը խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը՝ կիրառելով հրաձգային և ականանետային զինատեսակներ: Մասնավորապես հարավային և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա կրակոցներ են արձակվել 60 մմ ականանետից (2 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (14 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը «հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից»:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, համաձայն կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության, այսօրվա ընթացքում ադրբեջանական կողմին հնարավորություն կտրվի շփման գծում շարունակելու իրականացնել դիակների որոնման աշխատանքներ:
ՊԲ-ի մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է մնալ անհայտ, որի վերաբերյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ:
Ապրիլի 10-ի երեկոյան լուռ քայլերթ անցկացվեց, որի մասնակիցները վառվող մոմերով Երևանի կենտրոնից շարժվեցին դեպի Եռաբլուր, որտեղ թաղված են Արցախյան պատերազմի ազտամարտիկները:
Ֆեյսբուքում ապրիլի 2-ին վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով մահացածների հիշատակի էջ է ստեղծվել: Բոլորն ցանկացողներն այստեղ կարող են ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին, աջակցություն՝ վիրավորներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև անհետ կորածներին:
Ապրիլի 9-10 Մինսկի խմբի համանախագահները Երևանում էին Բաքվում և Ստեփանակերտում կայացած բանակցություներից հետո:
ԱԳՆ շենքի մոտ դիվանագետներին դիմավորեցին բողոքի ակցիայի մասնակիցներն, ովքեր պարզել էին պաստառներ Արցախի միասնության, ադրբեջանական իշխանություններին քննադատող և ԼՂՀ ճանաչելու պահանջով:
Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ավարտից հետո կայացել է ՄԽ համանախագահների մամուլի ասուլիսը: Երևանում ակնկալում էին Ադրբեջանի հասցեին քննադատություն լսել որպես շփման գծում ռազմական գործողությունները վերսկսած կողմի: Սակայն այդպիսի բան չեղավ:
Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարեց, որ իրենց մանդատը չէ՝ հետաքննել և պարզել՝ Հայաստանն է սկսել լայնածավալ ռազմական գործողությունները, թե Ադրբեջանը: Իրենց համար կարևոր է, որպեսզի քաղաքական բանակցությունները շարունակվեն, և հրադադարի ռեժիմը պահպանվի:
Խոսելով հակամարտության կարգավորման մասին՝ համանախագահները հայտնել են, որ որևէ նոր փաստաթուղթ գոյություն չունի: Գոյություն ունեն համանախագահների առաջարկությունները, որոնք այս կամ այն տեսքով քննարկվել են վերջին մի քանի տարիների ընթացքում:
Պոպովը հիշեցրեց, որ առաջարկները հիմնված են երեք սկզբունքների վրա.
- ինքնորոշման իրավունք,
- ուժի կիրառման բացառում,
- տարածքային ամբողջականություն:
Նրա խոսքով, նախկինի պես արդիական են վեց հիմնական տարրերից ամենակարևոր երկուսը՝ խոսքը տարածքների վերադարձն է, ԼՂ ստատուսի կարգավորման հարցը։ Դիվանագետն ընդգծեց, որ «այս երկու սկզբունքներն ամբողջական են, մեկը մյուսին ստորադաս չեն»:
Պատասխանելով լրագրողների հարցերին, համանախագահները հաստատեցին, որ որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին նաև, որ խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություններով:
«Տեսել ենք լուսանկարները, լսել ենք այդ մասին տեղեկությունները: Այս հարցը մայրաքաղաքներում ևս բարձրացրել ենք: Կցանկանայի կրկնել, որ խորապես մտահոգված ենք մարդու իրավունքների խախտումների ցանկացած դեպքի առնչությամբ»,- նշեց ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Համանախագահները հայտնեցին, որ քննարկումները կշարունակեն իրենց մայրաքաղաքներում, այնուհետև կհանդիպեն մեկ շաբաթից, դրանից հետո հնարավոր է, որ նորից այցելեն տարածաշրջան:
Երևանյան ասուլիսից հետո մի քանի տասնյակ քաղաքացիներ Երևանի կենտրոնում բողոքի ցույց անցկացրեցին՝ միջազգային կազմակերպություններին, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին կոչ անելով ղարաբաղյան հակամարտության հարցում փոխել դիրքորոշումն ու հավասարության նշան չդնել հակամարտող կողմերի միջև։
Ապրիլի 9-ի երեկոյան կայացել է ևս մեկ հանդիպում. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինչպես հայտնում է նախագահի պաշտոնական կայքը, հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը:
Երևանի սրտում՝ Կասկադում, ապրիլի 9-ին կայացավ «Զինվորիս հետ» խորագրով մոտ մեկ ու կես ժամ տեւողությամբ բացօթյա բարեգործական համերգ-դրամահավաքը, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի պատերազմում զոհված զինվորների և ազատամարտիկների ընտանիքներին: Համերգը կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ազգային ակադեմիական երգչախմբի և Արա Գևորգյանի ժողովրդական գործիքների խմբի մասնակցությամբ:
Սոցցանցեր
Թրենդ առաջին. Ռուսաստանն անազնիվ խաղ է վարում
Ֆեյսբուքյան հայկական օգտատերերը քննարկում էին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը այն մասին, որ, եթե Ռուսաստանը հրաժարվի զենք վաճառել Ադրբեջանին, դա իրավիճակը չի մեղմի, այլ ավելի շատ կբարդացնի, քանի որ «այդ տեղը բաց չի մնա. նրանք զենք կգնեն այլ երկրներից և դրա մահաբերության աստիճանը դրանից չի նվազի»:
«Ռոգոզինը գրում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեր ռազմավարական գործընկերներն են: Եվ իրականում, նա ճիշտ է. պարզապես Ադրբեջանը հարձակվողական բնույթի գործընկեր է, իսկ Հայաստանը՝ պաշտպանվողական»:
«Ատոմային ռումբ էլ վաճառեք Ադրբեջանին, նա լավ կվճարի դրա դիմաց, ընդ որում՝ առձեռն»:
Թրենդ երկրորդ. Հայաստանը դաշնակիցներ չունի
«Մեկ պարզ ճշմարտություն գոյություն ունի. մենք իրական ընկերներ չունենք: Մենք ոչ ոքի վրա չենք կարող հույս դնել: Մենք մենակ ենք և դա մեր առավելությունն է: Դա նշանակում է, որ մենք ենք որոշում՝ ինչպես գործել»:
Թրենդ երրորդ. Ադրբեջանական լրատվամիջոցները դիտավորյալ անընդհատ մոլորության մեջ են գցում իրենց քաղաքացիներին
«Ադրբեջանական մամուլը շարունակում է ժողովրդին ուրախացնել հերթական հաղթանակներով: Հիմա էլ Ֆիզուլին են գրավել: Սպասում ենք ադրբեջանական բանակի կողմից ազատագրված շրջափակված Լենինգրադի և հատուկ ջոկատի կողմից հանգցրած Կարակատաու հրաբխի լուսանկարներին»:
Բացի այդ հայկական Ֆեյսբուքը քննարկում էր ադրբեջանական մամուլում հայտնված լուրն այն մասին, որտեղ հայտնի հայ հեռուստահաղորդավար Նազենի Հովհաննիսյանը ներկայացված է որպես «դիպուկահար»:
«Այժմ, երբ այնքան հեշտ է համացանցում ցանկացած տեղեկատվություն ճշտելը, մի՞թե կարելի է հայտնի լրագրող Նազենի Հովհաննիսյանին «դիպուկահար» դարձնել: Ադրբեջանական պրոպագանդայի թիրախը քարե դարի օգտատերերն են»:
Թրենդ չորրորդ. պետք է հայ օգտատերերին պաշտպանել ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական կայքերից
«Հասկանում եմ, որ երևի այնքան էլ օրինական չէ, սակայն եթե այդ կայքերն իրական վնաս են հասցնում, հնարավոր է, իմաստ ունի այս հարցը բարձրացնել և դիմել բոլոր պրովայդերներին, որպեսզի Հայաստանի տարածքում դրանք արգելափակվեն»:
Թրենդ հինգերորդ. Ռազմական գործողությունների վայրից ամենաարժեքավոր տեղեկատվությունը փաստագրական կադրերն են
Ֆեյսբուքի օգտատերերը տարածում էին Բարս մեդիա ստուդիայի պատրաստած ֆիլմը:
«Ահա այսպես է պետք ներկայացնել իրավիճակն առաջնագծում, այսպես է պետք պատմել բանակի և ռազմական գործողությունների մասին: Իրականությունը ցույց տալու համար պետք է մարդկանց ցույց տալ, իրական գործող մարդկանց»:
Թրենդ վեցերորդ. «Հենրիխը մեզ հետ է»
Ֆուտբոլասերները կիսվում են Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գրառմամբ, որը նա արել է «Լիվերպուլի» հետ խաղից հետո:
«Այսօրվա խաղի ընթացքում բոլոր մտքերս հայրենի Հայաստանի մասին էին»:
Ֆուտբոլասերները նկատել են, որ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել՝ հայկական դրոշով թևկապով:
Փորձագիտական գնահատական
Հատված Lragir.am կայքում հրապարակված տեսաբան Հակոբ Բադալյանի հոդվածից
«Մի քանի շաբաթ առաջ ռուսական լրատվամիջոցներում հայտնվեց Հայաստանին մատակարարվելիք զենքի ցուցակը: Դրա հետ կապված Ադրբեջանը բողոքի նոտա հղեց՝ Ռուսաստանից պահանջելով երաշխիքներ, որ այն չի ուղղվելու Ադրբեջանի դեմ: Ռուսաստանը երկու օր լռում էր, մինչդեռ Պուտինը 2 հեռախոսազրույց ունեցավ Ալիևի հետ: Հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասաց, որ հույսը դնում է Բաքվի «ըմբռնման» վրա, քանի որ Ռուսաստանը պետք է կատարի իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի առջև: Զախարովան նաև նշեց, որ զենքի մատակարարման պարագայում նրանք հաշվի են առնում տարածաշրջանում հավասարակշռության պահպանման խնդիրը:
Սա Բաքվի համար ակնհայտ երաշխիք էր: Փաստացի Ռուսաստանն Ադրբեջանին միլիարադավոր դոլարների զենք է վաճառել՝ Հայաստանին չտալով ոչ մի երաշխիք, բայց հասկանալով, թե ինչ սպասել Ադրբեջանից: Ռուսաստանն ակնհայտորեն ասաց Ադրբեջանին, որ նա անհանգստանալու առիթ չունի, քանի որ Հայաստանին մատակարարվող զենքի պայմանավորվածություններն այնպիսին չեն, որ անհանգստացնեն Բաքվին:
Բաքուն շատ լավ հասկացավ ռուսական կողմի մեսիջը, հասկացավ, որ Հայաստանին զենք չի մատակարարվել և չեն էլ պատրաստում մատակարարել: Այդ տեղեկատվությունը Բաքվին փոխանցեց Ռուսաստանի փոխվարչապետ Ռոգոզինն իր այցի ընթացքում… Ադրբեջանը Ռուսաստանից երաշխիքներ ստացավ, որ նա Հայաստանին ժամանակակից զինամթերք չի մատակարարի և, հետևաբար, սկսեց պատրաստվել հարձակման: Ռուսական կողմն Ադրբեջանին երաշխիքներ տվեց, որ հայկական կողմը միայնակ ունակ չէ ռազմատեխնիկական դիմադրություն ցուցաբերել, որ այն չի ստացել ռուսական զենքը, հետևաբար Մոսկվան Բաքվին բլիցկրիգի համար կանաչ լույս տվեց:
Ռուսաստանի հետագա գործողությունները վկայում են, որ դա միասին ծրագրված արշավ էր, որի նպատակը «տարածք խաղաղապահների դիմաց» պլանի իրագործումն էր, որը կարող էր դուրս թողել հակամարտության գոտում մոնիթորինգի մեխանիզմների տեղակայման ամերիկյան պլանը:
Ռուսաստանն ու Ադրբեջան միայն մի բան հաշվի չէին առել՝ Հայաստանի մարդկային ռեսուրսները: Հավանաբար վերջին տարիների ընթացքում ռուսական հակահայկական պրոպագանդան և դրան ծառայող փորձագետները վստահեցրել էին, որ հասարակության դիմադրության ռեսուրսը զրոյի է հավասարեցվել: Փաստացի «վրիպել է» ռուսական պրոպագանդան՝ կործանելով ռուս-ադրբեջանական արշավը կամ գոնե դրա «կայծակնային արագությունը»: Ռուս-ադրբեջանական պլանի համաձայն, բլիցկրիգը պետք է ճեղքեր Արցախի պաշտպանությունը, սակայն արդյունքում ստացվեց, որ Ադրբեջանը ռուսական զենքով սպանեց մի քանի տասնյակ հայ զինվորների՝ դրանով իսկ խաթարելով Ռուսաստանի դիրքերը Հայասատնում»:
Հատված Հայաստանի ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանի հոդվածից.
«Պետք է կնքել զինադադարի մասին նոր պայմանագիր։ 1994 թ. զինադադարի ռեժիմը դարձել է անախրոնիզմ, այն կնքվել էր 22 տարի առաջ, միանգամայն այլ պայմաններում և հետապնդում էր այլ նպատակ։ Այն իրեն սպառեց շատ չանցած, թեև դա հակամարտող կողմերը չէին ցանկանում ընդունել։ Դա սպառվեց այնժամ, երբ զինադադարից հետո զոհվեցին առաջին զինվորները, երբ տեղի ունեցան դիվերսիոն ներթափանցումներ, երբ չէր դադարում դիպուկահարների պատերազմը։ Միջնորդների ամբողջ հույսը հակամարտող կողմերի առողջ բանականությունն էր։
Ստեփանակերտը պետք է տեղ ունենա բանակցությունների սեղանի շուրջ և դա ոչ թե հայկական կողմի սկզբունքայնությունն է պահանջում, այլ կոնֆլիկտաբանության դասական տեսությունները։ Այլապես լղոզվել է բանակցությունների ամբողջ տրամաբանությունը։ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպում են տարեկան մեկ անգամ, փոխանակում անհյուրընկալ հայացքներ, վերահաստատում ակնհայտը և անարդյունք վերադառնում մայրաքաղաքներ։ Նրանք Մինսկի խմբի համանախագահներին պատվիրակել են լուծումներ գտնել, իսկ Մինսկի խումբը նվաճում է համարում նախագահների հանդիպումը։ Ակնկալիքների միջև խզումն ակնհայտ է։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, հասարակական կազմակերպությունները, մշակութային միությունները, հայազգի հանրաճանաչ անձինք և, ընդհանրապես, հայությունը պետք է օրնիբուն դատապարտի Ադրբեջանին զենք վաճառելու փաստը։ Տնտեսական գործարքի քողի տակ Ադրբեջանին նորագույն զինատեսակներով հարստացնելու քաղաքականությունը չի տեղավորվում գործընկերային հարաբերությունների ոչ մի շրջանակում»:
JAMnews-ի դոսյե
- JAMnews-ի ապրիլի 9-ի իրադարձությունների տեսությունը:
- Հակամարտության կողմերի պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությունն իրարամերժ է և թույլ չի տալիս պատասխանել այն հարցին, թե ով է սկսել ռազմական գործողությունները, ով՝ պատասխանել: Միջազգային աղբյուրները դեռևս նույնպես չեն կարողանում պատասխանել այդ հարցին:
- ԵԱՀԿ Մինսկի խումբը ԵԱՀԿ անդամ երկրների խումբ է, որը գլխավորում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Այն ստեղծվել է 1992թ.: 2016թ. սկզբի տվյալներով Մինսկի խմբի համանախագահներն են Իգոր Պոպովը (ՌԴ), Պյեռ Անդրեն (Ֆրանսիա)՝ 2014-ի հունիսից և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)՝ 2013-ի գոստոսի 6-ից: Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է՝ 11.04.2016