Վրաց-աբխազական պատերազմի իրադարձություններին նվիրված հուշարձան Շոտլանդիայում. կքանդվի՞, կձևափոխվի՞, թե՞ կտեղափոխվի Աբխազիա
Շոտլանդիայի Կիլմարնոկ փոքր քաղաքում գտնվող ոչ մեծ հուշարձանը, որի մասին մի քանի օր առաջ քչերը գիտեին, հանրագրերի, հանրահավաքների, կլոր սեղանների, բարձր մակարդակում քննարկումների, աբխազական և վրացական սոցցանցերում բուռն դիսկուսիաների պատճառ է դարձել:
Կոթողը կանգնեցվել է 1995թ-ին, դրա վրա փորագրված է աբխազական դրոշն ու հետևյալ գրառումը. «Ի հիշատակ մեր քույր-քաղաք Սուխումի բնակիչների, որոնք զոհվել են 1992-1993թթ-ի վրաց-աբխազական
հակամարտությունում»: Հուշարձանը հայտնվել է հենց այնտեղ, քանի որ Կիլմարնոկն ու Սուխումը քույր-քաղաքներ են դեռևս Խորհրդային Միության ժամանակաշրջանից:
Այն ժամանակ՝ 1995թ-ին, դրա բացմանը ժամանել էր Սուխումի քաղաքապետ Գարի Այբան: Եվ որպես պատասխան ժեստ Սուխումի փողոցներից մեկը վերանվանվել է Շոտլանդականի:
Սակայն Վրաստանի ղեկավարությունը հուշարձանի գոյության մասին իմացել է միայն հիմա՝ մի քանի օր առաջ: Մեծ Բրիտանիայում Վրաստանի դեսպան Թամար Բերուչաշվիլին պաշտոնական Լոնդոնին իր առարկություններն է ուղարկել. նրա հետ համաձայնել են և որոշում կայացրել ապամոնտաժել հուշարձանը:
Դրա տեղադրումից 22 տարի է անցել, և հուշարձանի մասին Շոտլանդիայում շատերն արդեն մոռացել են: Սակայն վրացական և աբխազական հասարակություններում հուշարձանի նախտեսվող ապամոնտաժման մասին հաղորդագրությունը փոթորիկ է առաջացրել, հատկապես այն բանի ֆոնին, որ վերջին ժամանակներս նրանք քննարկման շատ քիչ համատեղ թեմա ունեին:
Աբխազական կողմի արձագանքը
Աբխազիայում ստորագրահավաք է սկսվել հուշարձանի պահպանման համար, որը հասցեագրված է Կիլմարնոկի և Շոտլանդիայի իշխանություններին:
Աբխազիայի ԱԳՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել, որում Վրաստանի պահվածքը հուշարձանի ապամոնտաժման այս պատմությունում գնահատել է որպես «վանդալիզմի ակտ, որն ուղղված է աբխազ ժողովրդի պատմական հիշատակի ոչնչացմանը»:
Հայտարարությունում ասվում է նաև, որ «հուշարձանի դեմ պաշտոնական Թբիլիսիի պայքարը նման է վրացի գվարդիականների կողմից 1992թ-ի հոկտեմբերին աբխազական պետական արխիվի և Լեզվի, գրականության և պատմության աբխազական ինստիտուտի այրմանը»:
Աբխազիայի ԱԳՆ-ն Ժնևյան միջազգային քննարկումների միջազգային միջնորդներին կոչ է արել «համաչափ և անաչառ գնահատական տալ Վրաստանի ապակառուցողական գործողություններին»:
Նմանատիպ հայտարարություններով հանդես եկան աբազական գրեթե բոլոր քաղաքական կազմակերպությունները: Հատուկ հայտարարություն տարածեց Հանրային պալատը:
Աբխազական սոցցանցերը կտրականապես քննադատում են հուշարձանի ապամոնտաժման մասին որոշումը: Մի քանի բնորոշ օրինակ.
«Հուշարձանների հետ պատերազմում են ֆունդամենտալիստները, խավարամիտ վանդալները, քանի որ նրանք մշակույթն ատողներ են: Տվյալ պարագայում մեծ տարբերություն չեմ տեսնում թալիբների, իլիպցիների և քաղաքակիրթ եվրոպացիների միջև»:
“Սա հետևողական քաղաքականություն է. Աբխազիայի համար ամեն հնարավոր տեղ ամեն ինչ փչացնել: Մեկ փորձում են երեխաներին արգելել համերգի կամ մրցումների մեկնել, հիմա էլ՝ հուշարձանը»:
“Այս ո՞ւր ենք հասել, փորձում են հիշողությունը ջնջել: Մահացածներին գոնե արդեն հագիստ թողնեին»:
«Կիլմարնոկի հարևանությամբ Moscow անունով բնակավայր կա: Միգուցե խնդրեն միանգամից այն է՞լ քանդել»:
«Անզորները միայն հուշարձաններին կարող են հաղթել: Պետք չէ վշտանալ: Թույլից ի՞նչ սպասենք»:
“Այն ապամոնտաժելուց հետո պետք է Աբխազիա բերել և տեղադրել Շոտլանդական փողոցում և տեղեկացնել շոտլանդացիներին: Թող ամաչեն: Եթե լեռնեցիներից ինչ-որ բան մեջները մնացել է, հուսով եմ, որ կամաչեն»:
«Պատերազմի ժամանակ վրացիներն այրել են մեր արխիվները, այժմ քանդում են հուշարձանները. ահա այսպիսի փաստերով է կառուցվում ժողովրդի պատմական հիշողությունը»:
Վրացական կողմի արձագանքը
Վրացական կողմը հայտարարում է, որ խոսքը հուշարձանի ապամոնտաժման մասին չէ. այն պարզապես կփոփոխվի և կվերադարձվի իր տեղը:
«Մենք պարզապես տեղի իշխանություններին մատնանշել ենք, որ հուշարձանը քաղաքականացված խորհրդանիշներ ունի և չի համապատասխանում Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը: Տեղի իշխանությունները համաձայնել են այդ փաստարկին և խոստացել հուշարձանը համապատասխանեցնել: Այդ նպատակով այն ժամանակավորապես ապամոնտաժել են և ուղղելուց հետո կվերադարձնեն տեղը», — ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուան Վրաստանի ժողովրդական պաշտպանի կողմից հատուկ այս թեմայով կազմակերպած հանդիպմանը (մեջբերումն՝ «Էխո Կավկազա» առցանց պորտալի):
Վրաստանում, սակայն հուշարձանի ապամոնտաժման դեմ բողոքի ակցիա անցկացրեց միանգամից մի քանի ոչ կառավարական կազմակերպություն, և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից շատերը ստորագրել են Աբխազիայում նախաձեռնած հանրագիրը:
«Մենք համերաշխ ենք աբխազների հետ այն հարցում, որ 21-րդ դարում հուշարձանների հետ մարտնչելն անիմաստ է և անհեռատես: Մեր իշխանությունների այս որոշումը ուղիղ հարված է խաղաղապահությանն ու չի նպաստում հարաբերությունների բարելավմանն, այլ ընդհակառակը, ավելի շատ է աբխազներին հեռացնում մեզնից: Միջազգային հարթակում հաշտվելու ցանկության մասին հայտարարելով՝ գործնականում մենք ուղիղ հակառակն ենք անում», — JAMnews-ին ասել է լրագրող, խաղաղ գործընթացի մասնակիցներից մեկը՝ Ռուսիկո Մարշանիան:
Վրացական սոցցանցերում նույնպես ծայրահեղ սուր քննարկում է գնում հուշարձանի հետ կապված պատմության շուրջ: Մի քանի բնորոշ մեկնաբանություն
«Հուշարձանների, դրոշների և քարերի դեմ պայքարը ցույց է տալիս վրացական կառավարության թուլությունը: Թող, ավելի լավ է, գործով զբաղվեն, օրինակ, կանգնեցնեն լարիի արժեզրկումը»:
«Շատ եմ կասկածում, որ Շոտլանդիայի հուշարձանին վրացական իշխանությունների արձագանքը կարևոր ինչ-որ բան կավելացնի չճանաչման քաղաքականությանն ու Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքին: Իսկ ինչ վերաբերում է վստահությանն, ապա այստեղ ընդհակառակն է, մեծ վնաս է հասցվել: Կան հարցեր, որտեղ մենք առանձնապես նրբանկատ պետք է լինենք»:
«Թող այդպիսի հուշարձաններ կանգնեցնեն ռուսական քաղաքներում: Քաղաքակիրթ աշխարհում տեղ չկա աբխազների և նրանց հուշարձանների համար»:
«Ինչպե՞ս կարող էին վրացական իշխանություններն այսքան ժամանակ թույլ տալ, որպեսզի աբխազական դրոշը փայլի Շոտլանդիայում: Եթե մենք այդպիսի փաստերի վրա աչք փակենք, աբխազական դրոշներ կհայտնվեն ամենուր, և քաղաքակիրթ աշխարհը կսովորի դրանց, այն մտքին, որ Աբխազիան Վրաստանի մի մաս չէ»:
«Կարծում եմ, որ վստահության վերականգնում հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կողմերը սկզբունքային դիրքորոշում ունեն: Մեր դիրքորոշումն այն է, որ Աբխազիան Վրաստանի մի մաս է: Նրանց դիրքորոշումը՝ որ Աբխազիան անկախ երկիր է: Այդ պատճառով էլ պետք չէ սվսվացնել և նրանց քույրեր և եղբայրներ անվանել: Պետք է գիտակցել սեփական և ուրիշների արժանապատվության զգացումը: Նրանք, ինչպես և մենք, անցել են պատերազմի միջով, և մենք բոլորս վնասվածքներ ունեք պատերազմից: Հենց դա պետք է գիտակցել, և դրանից հետո միայն խոսել վստահության վերականգնման մասին»: