Վրացի քաղաքագետը՝ ներքաղաքական զարգացումների մասին
Քաղաքագետ Գիա Նոդիան, գնահատելով Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, եզրակացնում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երբեք այնքան խոցելի չի եղել, որքան այսօր: Նրա խոսքով՝ նույնիսկ այն քաղաքացիները, «ովքեր 12 տարի չէին համարձակվում որևէ բան անել, սկսում են բարձրաձայնել»:
«Այս իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան անկանխատեսելի է առհասարակ քաղաքականությունը, և մասնավորապես՝ վրացական քաղաքականությունը:
Ընդամենը մեկ ամիս առաջ՝ [խորհրդարանական] ընտրություններից հետո, գերիշխող էին պարտվողական տրամադրությունները և խորը հիասթափությունը:
Ինքս էլ հույս չունեի, որ Իվանիշվիլիի ռեժիմը մոտ ապագայում որևէ սպառնալիքի կբախվի: Այո, ես մտածում էի, որ դժվար կլինի մեզ իջեցնել Բելառուսի մակարդակին, բայց վստահ չէի:
Կառավարությունում նույնպես կարծում էին, որ սպառնալիք չկա, և [վարչապետ] Իրակլի Կոբախիձեի հայտնի հայտարարության տեսքով [Եվրամիություն մուտք գործելու գործընթացի կասեցման մասին] մեծ սխալ թույլ տվեցին։
Եվ ժողովրդի մոտ անմիջապես հայտնվեցին մարտական տրամադրությունն ու հաղթանակի հույսը: Եվ ոչ պակաս կարևոր է՝ պետական համակարգում սկսեցին առաջանալ փոքրիկ ճաքեր:
Նույնիսկ այն մարդիկ, ովքեր 12 տարի չէին համարձակվում որևէ բան անել, սկսեցին բարձրաձայնել: Հաճախ՝ ոչ միանշանակ, ոչ բավարար հստակ, բայց միտումը, այնուամենայնիվ, լավն է:
«Վրացական երազանքի» կառավարությունը երբեք այնքան խոցելի չի եղել, որքան այսօր: Առաջին անգամ թունելի վերջում լույս է երևում։
Ինձ երբեք չի գրավել հեղափոխական ռոմանտիկան: Ես հուսով էի, որ «վարդերի հեղափոխությունը» կդառնա նման իրադարձություններից վերջինը մեր պատմության մեջ:
Բայց այժմ Իվանիշվիլին ինքն է ստեղծել հեղափոխական իրավիճակ: Ուրեմն մեզ ի՞նչ է մնում անել: Մենք չենք կարող կուսակցություններ ստեղծել, ընդհանրապես երկարաժամկետ ինքնակազմակերպումը դժվարացել է, բայց ժամանակ առ ժամանակ ինքնաբուխ բողոքի ակցիաները կարող են օգնել: Պետք է անենք այն ամենը, ինչ կարող ենք:
Ժողովրդի այն մասը, որը կարելի է անվանել «հասարակություն», կողմ է փոփոխություններին և հասկանում է, որ առանց արմատական քայլերի ոչինչ չի ստացվի:
Ես չգիտեմ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց ստեղծվել է իրական հնարավորություն է, և այն չպետք է բաց թողնել»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ կառավարությունը որոշում է կայացրել մինչև 2028 թվականի ավարտը կասեցնել Եվրամիությանն անդամակցելու հարցը: Կոբախիձեի խոսքով՝ այսօր Եվրամիության հետ բանակցություններն օգտագործվում են Վրաստանի հասարակությանը շանտաժի ենթարկելու և ճնշելու համար: