Վրացի նոտարի գործը՝ որպես քաղաքական գրաքննության փո՞րձ
Վրաստանի արդարադատության նախարարությունը կասեցրել է նոտար Բաչանա Շենգելիայի գործունեության իրավունքը։ Պատճառը նրա ֆեյսբուքյան գրառումներն են․ նրա դեմ կարգապահական վարույթ է սկսվել։ Հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպաններն այդ փաստը քաղաքական շարժառիթներով խոսքի և ինքնաարտահայտման ազատության սահմանափակում են համարում։ Նախարարության և նոտարի միջև վեճն արդեն Սահմանադրական դատարան է հասել։
Բաչանա Շենգելիան ութ տարի որպես նոտար էր աշխատում Զուգդիդի քաղաքում։ Իր բյուրոյում նա ամեն օր տասնյակ անձանց էր սպասարկում, հաստատում փաստաթղթերն ու ներբեռնում նոտարական ռեեստր։ Փաստաթղթերն իրավաբանական ուժ ունեն միայն այդ համակարգ բեռնելուց հետո։
Մայիսի 19–ին նա էլ չի կարողացել մուտք գործել նոտարական ռեեստր։ Արգելափակված է եղել նաև նրա ծառայողական էլեկտրոնային փոստն ու ցանցը։ Նոտարական պալատում Շենգելիային հաղորդել են, որ համակարգն արգելափակվել է արդարադատության նախարարության կողմից։
Պատճառը սոցցանցերի գրառումներն են
Հունիսի 24–ին Բաչանա Շենգելիան նամակ է ստացել արդարադատության նախարարությունից, որում ասվում է, որ նախարարի հրամանով նրա դեմ կարգապահական վարույթ է սկսվել։
Նամակում նշված է նաև պատճառը․ Շենգելիան ֆեյսբուքյան իր էջում տեքստեր է հրապարակել «կանխակալ քաղաքական հայացքներով և քաղաքական գնահատականներ տվել»։
Անվտանգության ծառայությունը գործ է հարուցել կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության տարածման պատճառով։ Սա գրաքննություն և ընդդիմադիրների ահաբեկում է, ասում են փորձագետները։
Բաչանա Շենգելիան վստահ է, որ այդ որոշումը կապված է իր մոր՝ Իա Կերզայայի մահվան գործի հետ։ Այժմ այն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Կերզայայի գործը
Իա Կերզայան՝ Զուգդիդիի № 6 հանրակրթական դպրոցի տնօրենը, ուղեղի կաթվածից մահացել է 2018 թ–ի դեկտեմբերին։ Բաչանա Շենգելիան մոր առողջական վիճակի վատթարացումն ու նրա մահը կապում է դպրոցում անցկացված ստուգման հետ։
Նրա խոսքով՝ կրթության նախարարության տեսչական ծառայությունն անսպասելի ստուգումով դպրոց է եկել դրա տնօրենին պատժելու համար, քանի որ Կերզայան հրաժարվել էր նախագահական ընտրություններին աշխատել «Վրացական երազանք» կուսակցության և դրա թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի համար։
Կերզայայի մահվան մասին գործը սկսել է հետաքննել Վրաստանի դատախազությունը, սակայն շուտով փակել է այն «հանցագործության հատկանիշների բացակայության պատճառով»։
«Շենգելիան ընդդեմ Վրաստանի» հայցը Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան է ներկայացվել 2019 թ–ի նոյեմբերին։ Բաչանա Շենգելիան համոզված է, որ իր նկատմամբ կարգապահական վարույթը կապված է իր ակտիվության և գործը Ստրասբուրգ ուղարկելու հետ։
Շենգելիայի գործի շնորհիվ պարզվել է, որ Վրաստանի արդարադատության նախարարը 2020 թ–ի մայիսի 22–ին հրաման է ստորագրել, որով նոտարներին պարտավորեցրել է հանրային կերպով «միայն չեզոք հայտարարություններ անել քաղաքական գործիչների և քաղաքական հարցերի վերաբերյալ» և արգելել է նրանց քաղաքական հայացքներ արտահայտել անգամ ֆեյսբուքյան անձնական էջերում։
Առաջին ու դեռևս միակ անձը, որի նկատմամբ արդարադատության նախարարությունը կիրառել է այդ սահմանափակումը, Բաչանա Շենգելիան է դարձել։
Նա բողոքարկել է նոտարական ռեեստրի արգելափակման մասին նախարարության որոշումը Թբիլիսիի քաղաքային դատարանում։
Դատարանը նախարարությանը հանձնարարել է մինչև գործընթացի ավարտը վերականգնել Շենգելիայի մուտքը բոլոր ծրագրերին, որոնք անհրաժեշտ են նոտարական գործողությունների համար։ Սակայն արդարադատության նախարարությունը չի շտապում կատարել դատարանի որոշումը։
Շենգելիան դատական վճռի կատարման համար արդեն դիմել է Հարկադիր կատարման ազգային բյուրո։
Վեճը Սահմանադրական դատարանում է
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) Բաչանա Շենգելիայի անունից դիմել է Սահմանադրական դատարան՝ նախարարի հրամանը բողոքարկելու համար, որը նոտարներին պարտավորեցնում է քաղաքական չեզոքության սկզբունքին հետևել։
«Ֆեյսբուքյան անձնական էջում քաղաքական համակրանքի կամ հակակրանքի արտահայտման համար նոտարին պատժելն անհամաչափ միջոց է և լուրջ միջամտություն Վրաստանի քաղաքացու քաղաքական արտահայտման ազատությանը։ Նման միջոցը չի կարող արդարացված լինել ոչ մի լեգիտիմ նպատակներով», — ասված է կազմակերպության հայտարարությունում։
Կազմակերպությունը նշում է, որ ինքնաարտահայտման իրավունքի սահմանափակումն, ըստ Սահմանադրության, թույլատրվում է միայն օրենսդրական ճանապարհով և չի կարող կիրառվել արդարադատության նախարարի հրամանով։
«Կադիրովյան բարքեր և գրաքննություն, ինչպես Ռուսաստանում»․ սոցցանցերի արձագանքը
Ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում իշխանությունների գործողություններն անընդունելի են համարում արմատապես հակադիր քաղաքական հայացքներ ունեցողները։
Օգտատերերից շատերը չեն խորշում արտահայտվել իշխանության հասցեին․
«Նրանք կադիրովականների պես են։ Նույնիսկ Ռուսաստանում են միայն Կադիրովն ու նրա պես գարշելիները նման բան անում։ Եվ նույնիսկ այնտեղ ոչ բոլորն են ստորագրում այդպիսի անմարդկային բաների տակ»։
«Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, պարզվում է, աշխատակիցներ ունի, որոնց միակ խնդիրն աշխատակիցների ֆեյսբուքյան գրառումների ընթերցումն է»։
«Խորհրդային Միությունում, երբ մարդ էին գնդակահարում, ընտանիքին ստիպում էին վճարել փամփուշտի համար։ Դա ամենաանհավանական նվաստացումն էր։ Մարդու մորը սկզբից սպանել են, հետո, լավագույն խորհդային ավանդույթների համաձայն, զրկել աշխատելու հնարավորությունից, թե այդ ինչպե՞ս ես համարձակվում մեզ քննադատել Ֆեյսբուքում»։
«Նախընտրական «ռեպրեսիվ» մեքենան սկսել է աշխատել։ Սոցցանցերի գրառումների համար աշխատանքից ազատելը ռուսական գրաքննության Վրաստան վերադարձի նշան է», — գրում են ֆեյսբուքյան օգտատերերը։
Հուլիսի 7–ին արդարադատության նախարարության շենքի մոտ ի աջակցություն Բաչանա Շենգելիայի հանրահավաք է անցկացվել՝ «Դադարեցնել քաղաքական հետապնդումը» կարգախոսով։
ՀԿ․ «Սա բացահայտ հաշվեհարդար է և հետապնդում»
Հասարակական կազմակերպությունները պնդում են, որ Բաչանա Շենգելիայի նոտարական լիազորություններն ապօրինի են դադարեցվել։
«Այնպիսի պետական ծառայությունում գտնվելն, ինչպիսին նոտարն է, չի նշանակում պարտադիր, որ մարդուն արգելվում է ինքնաարտահայտվել», — ասել է Սուլուխան Սալաձեն՝ GYLA–ի նախագահը։
Տեղեկությունների ազատության ինստիտուտի (IDFI) ղեկավար Գիորգի Կլդիաշվիլին Շենգելիայի դեպքը «փաստաթղթավորված հետապնդում» է համարում։
Բաչանա Շենգելիան մինչև հիմա չգիտի, թե երբ կարող է վերսկսել իր գործունեությունը։ Նա մտադիր է արդարադատության նախարարության ուղարկած նամակը կցել իր մոր մահվան գործին։
Շենգելիան նաև դատախազություն է դիմել։ Նա պահանջում է հետաքննություն սկսել արդարադատության նախարարության պաշտոնատար անձանց կողմից ծառայողական դիրքի չարաշահման փաստով։