Ռուսաստանն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում է ներառել «Վրացական ազգային լեգեոնը», որը կռվում է Ուկրաինայում։ Այդ մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ)։
«Հիմք ընդունելով ԱԴԾ-ի հավաքագրած ապացույցները՝ Հարավային օկրուգի ռազմական դատարանը «Վրացական ազգային լեգեոն» ռազմականացված կազմավորումը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն»,- ասված է ԱԴԾ հայտարարության մեջ։
Ռուսական ԱԴԾ-ի տվյալներով՝ «Վրացական լեգեոնի» անդամները Ուկրաինայի զինված ուժերի հետ միասին մասնակցում են ռազմական գործողություններին, Ռուսաստանի տարածքում դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների կազմակերպմանը, ինչպես նաև ռուս զինվորականներին խոշտանգումներին։
Նշենք, որ 2023 թվականի հոկտեմբերին ՌԴ-ն հետախուզում էր հայտարարել Ուկրաինայում կռվող «Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլիի նկատմամբ , իսկ այս տարվա փետրվարի 24-ին դատարանը նրան երկամսյա նախնական կալանքի էր դատապարտել։ Մինչ այդ ՌԴ Քննչական կոմիտեն հեռակա ազատազրկման էր դատապարտել լեգեոնի ավելի քան 70 «վարձկանների»՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։
Օրեր առաջ տեղեկություն տարածվեց «Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլիի թունավորման մասին։ Ուկրաինացի մարտիկ Արչիլ Խոպերիան ասում է, որ Մամուլաշվիլին «ողջ է և շարունակում է կռվել»։
«Հիմա, երբ անցել են դժվար ժամանակներն ու դժվար պահերը, կարող ենք հայտնել այդ մասին։ Մեր թշնամիները թունավորել էին լեգեոնի հրամանատար, մեր հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին։ Բայց նա ողջ է, շարունակում է կռվել, լեգեոնը շարունակում է կռվել, և ես ուզում եմ ասել թշնամիներին, մեր թշնամիներին, մեր երկրի թշնամիներին, որ ոչ մեկի, այդ թվում՝ հրամանատարի մահը չի դադարեցնի մեր կռիվը, լեգեոնի կռիվը, մեր ժողովրդի պայքարը հանուն միասնական, ազատ Վրաստանի, հանուն մեր երկրի ապագայի։ Ոչ մեկի մահը չի կանգնեցնի մեր ժողովրդի հավերժական պայքարը»,- հայտարարել է Խոպերիան։
«Վրացական լեգեոնը» զինվորական ստորաբաժանում է, որը բաղկացած է վրացի կամավորներից և պրոֆեսիոնալ զինվորականներից։ Լեգեոնը ստեղծվել է արևելյան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Հրամանատարը գնդապետ Մամուկա Մամուլաշվիլին է։
2016 թվականի փետրվարին լեգեոնը պաշտոնապես մուտք էր գործել ուկրաինական 25-րդ մոտոհրաձգային գումարտակի կազմ և ներկայումս գտնվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության կազմում:
«Վրացական լեգեոնը», որի շարքերում բացի վրացի կամավորներից կռվում են նաև այլ ազգությունների ներկայացուցիչներ, միավորում է մոտ 2000 զինվորների։