Ի՞նչ է խոստանում «Վրացական երազանքն» իր ընտրողներին․ նախընտրական ծրագիր
«Վրացական երազանքի» նախընտրական ծրագիրը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական ծրագիրը։
Առաջին բանը, որին ուշադրություն դարձրին լրագրողները, այն էր, որ ավելի քան մեկ ժամ տևած միջոցառմանը ներկա չէին կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին և նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ուշագրավ է նաև այն, որ խոսելով ցանկացած ոլորտի մասին՝ լինի դա տնտեսություն, առողջապահություն թե զբոսաշրջություն, Կոբախիձեն ներկայիս իրավիճակը համեմատում էր 2012 թվականի հետ (այսինքն՝ «Վրացական երազանքի» իշխանության գալուն նախորդած ժամանակահատվածի)։
Կուսակցությունը մտադիր է իր ներկայիս խոստումների մեծ մասն իրականացնել մինչև 2028 թվականը։
«Վրացական երազանքի» նախընտրական ծրագրի հիմնական կետերը
Տնտեսություն
● Մինչև 2028 թվականը Վրաստանի տնտեսությունը կաճի առնվազն մինչև 130 միլիարդ լարի [մոտ 47 միլիարդ դոլար], իսկ երկրի բյուջեն կգերազանցի 50 միլիարդ լարին [մոտ 18 միլիարդ դոլար]։
«Այսօր մենք կիսով չափ կրճատել ենք գործազրկությունը 2012 թվականի ցուցանիշի համեմատ։ Այժմ մեր առջև դրված է հավակնոտ, բայց իրատեսական խնդիր՝ իջեցնել այն մինչև չորս տոկոս։ Դա ավելի ցածր է, քան միջինում լինում է Եվրոպայում»,- ավելացրել է Կոբախիձեն։
Ենթակառուցվածքներ
● 2025 թվականին կբացվի Թբիլիսի-Բաթումի քառագիծ մայրուղին և կսկսվի Բաթումի-Սարփի մայրուղու կառուցման ծրագիրը։
● Կավարտվի Ադրբեջանի և Հայաստանի սահմանների հետ կապող մայրուղիների կառուցումը։
● Շուտով կսկսվի Անակլիայի նավահանգստի կառուցումը։ Այն առաջին նավերը կընդունի 2029 թվականին։
● Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի ավանում կկառուցվի նոր միջազգային օդանավակայան, որը կկարողանա տարեկան 18 միլիոն ուղևոր ընդունել։
Գյուղատնտեսություն
● Մինչև 2028 թվականը գյուղատնտեսության վրա կծախսվի 4 միլիարդ լարի [մոտ 1,5 միլիարդ դոլար]։
Էներգետիկա
● Մինչև 2030 թվականը նախատեսվում է Վրաստանը դարձնել էներգետիկ առումով լիովին ինքնաբավ և անկախ երկիր։
Կոբախիձեի խոսքով՝ վերջին 12 տարիների ընթացքում կառուցվել է 63 ՀԷԿ, երկու ջերմային և մեկ հողմային էլեկտրակայան։
Աշխատավարձեր, թոշակներ, առողջապահություն
● Ընտրություններում հաղթելու դեպքում «Վրացական երազանքը» խոստանում է բարձրացնել մանկապարտեզների, ինչպես նաև արվեստի և սպորտդպրոցների աշխատակիցների աշխատավարձերը։
«Վերջին տարիներին գրանցվել է աշխատավարձերի 10 տոկոս աճ, և այդ աճը կշարունակվի նաև հաջորդ տարի։ Բացի ստանդարտ բարձրացումից 2025 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է 100 լարիով [մոտ 36 դոլար] բարձրացնել մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը, նույնը վերաբերում է արվեստի և սպորտդպրոցների աշխատակիցներին»,- ասել է Կոբախիձեն։
● Կբարձրանան նաև թոշակները։ Վարչապետի խոսքով՝ «տնտեսական աճը թույլ է տալիս թոշակները հասցնել 350/450 լարիի [մոտ 128-164 դոլար]»։
● Տեսանելի ապագայում «անպայման կկառուցվի» նոր հանրապետական հիվանդանոց։
Կրթություն
● Նախատեսվում է զգալիորեն ընդլայնել Բիձինա Իվանիշվիլիի հիմնած Քութայիսիի միջազգային համալսարանը՝ ուսանողների թիվը հասցնելով 20 հազարի։
● Թբիլիսիի և Ռուսթավիի միջև կկառուցվի Թբիլիսիի պետական համալսարանի նոր մասնաշենք։
Մշակույթ և սպորտ
● «Վրացական երազանքը» հաղթանակի դեպքում խոստանում է պետական բյուջեից 30 միլիոն լարի [մոտ 11 միլիոն դոլար] հատկացնել արվեստի և մշակույթի գործիչներին աջակցելուն։
● Կավելանա սպորտի ֆինանսավորումը, երկու միլիարդ լարի [մոտ 730 միլիոն դոլար] կհատկացվի սպորտային ենթակառուցվածքների համար։
● Թբիլիսիում կկառուցվի 70 հազար հանդիսատես տեղավորող նոր մարզադաշտ՝ «2028 թվականին Չեմպիոնների լիգան հյուրընկալելու համար»։ Նոր մարզադաշտը լիովին հարմարեցված կլինի ինչպես ֆուտբոլի, այնպես էլ ռեգբիի համար։ Բացի այդ, այնտեղ հնարավոր կլինի համերգներ կազմակերպել։
Պաշտպանություն
● «Վրացական երազանքը» խոստանում է զարգացնել ազգային ռազմական արդյունաբերությունը, ինչպես նաև ավելի շատ սոցիալական աջակցություն տրամադրել զինվորականներին և ոստիկաններին. շուրջ 1000 ոստիկան բնակարան կստանա կառուցվող շենքում, կկառուցվի «զինվորական ավան» ավելի քան 1000 զինծառայողի համար։
Արտաքին քաղաքականություն
● Կոբախիձեի փոխանցմամբ՝ «ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների վերագործարկումը, ինչպես նաև Ռուսաստանի հետ պրագմատիկ քաղաքականությունը և հակամարտության խաղաղ կարգավորումը» այն հիմնական քայլերն են, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել արտաքին քաղաքականության ոլորտում։
● Որպես ամենակարևոր ազգային խնդիր՝ վարչապետը մատնանշել է ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների վերականգնումը։
«Բնականաբար, մեզ համար կարևոր է, թե ինչ վիճակում են հիմա գտնվում մեր հարաբերությունները։ Մենք վստահ ենք, որ հաջորդ տարի՝ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո, համապատասխան քայլեր կձեռնարկվեն, որոնք կապահովեն հարաբերությունների վերագործարկումը»,— ասել է Կոբախիձեն։
● Եվրաինտեգրումը նույնպես մնում է արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Մինչև 2030 թվականը Վրաստանն առավելագույնս պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը։
● Առաջնահերթությունների թվում է նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ամրապնդումը։
● Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացումը մեծ նշանակություն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից։
● Կուսակցությունը նախատեսում է մինչև 2028 թվականը կատարել Ասոցացման համաձայնագրով, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների 90 տոկոսը։
Վրաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Պատգամավորական մանդատները կբաշխվեն հինգ տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։
Կուսակցություններին արգելվում է միավորվել և դաշինքներ կազմել։ Ընտրություններին համատեղ մասնակցելու միակ հնարավորությունը միասնական ընտրացուցակ կազմելն է։