Վրացական դատարանը տուգանել է պահպանակների արտադրության ընկերությանը հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է, որ վրացական «Աիիսա» ընկերության արտադրած պահպանակները «վիրավորում են ազգային բարոյականությունն ու արժանապատվությունը»:
«Աիիսա» ընկերությունը պահպանակներ է արտադրում 2017թ-ից: Պահպանակների փաթեթավորման վրա կոմիքսների ոճով պատկերված է վրացի թագուհի Թամարը (վրաց եկեղեցին նրան սուրբ է ճանաչել), ինչպես նաև Թբիլիսիի խորհրդանիշ «Մայր Վրաստան» արձանը: Պահպանակների տուփերի վրա նշված են նաև վրացի պոետ Շոթա Ռուսթավելիիի բանաստեղծական տողեր, ցենզուրայից դուրս վրացերեն արտահայտություններ, ծաղրվում են որոշ կրոնական ասույթներ:
Ընկերության դեմ դատարան հայց է ներկայացրել Թբիլիսիի քաղաքապետարանը, որը պնդում էր, որ պահպանակների վրայի պատկերները «էթիկապես անընդունելի են, վիրավորում են հասարակական բարոյականությունը, որոշակի հասարակական խմբի կրոնական զգացմունքներն ու ազգային արժանապատվությունը»:
Դատավոր Լաշա Թավարթքիլաձեն կիսեց Թբիլիսիի քաղաքապետարանի վրդովմունքն ու ընկերությանը տուգանեց Թամար թագուհու կերպարի օգտագործման համար 500 լարիով (մոտ 200 դոլար): Դատարանն ընկերությանը պարտավորեցրեց մինչև մայիսի 14-ը շրջանառությունից հանել 3 տեսակի պահպանակ և ապագայում այդ կերպարների օգտագործում թույլ չտալ:
«Աիիսայի» սեփականատեր Անանիա Գաչեչիլաձեն on.ge առցանց պարբերականի էջին արված մեկնաբանությունում նշել էր, որ պահպանակները վաճառքից հանելու անհրաժեշտություն չկա.
«Մինչև ամսի 14-ը ոչինչ չի մնա: Դրանք 5 րոպեում վաճառվում են: Հիմա ես այդ դիզայնների գինը որպես էքսկլյուզիվ կբարձրացնեմ մինչև 10 լարի (4 դոլար) և բոլորին կասեմ, որ հասցնեն գնել, քանի դեռ կա»:
«Աիիսա» պահպանակների դեմ մի քանի բողոքի ակցիա էլ էր կազմակերպվել «Վրացի ժողովուրդը ոչ ոքի չի ների Թամար թագուհուն վիրավորելու համար» կարգախոսով: Պահպանողական խմբերը և ուլտրաաջերը պահանջեցին այդ պահպանակների արտարության արգելք սահմանել և դրանք վաճառքից հանել:
Ընկերության դեմ է արտահայտվել նաև Վրաց ուղղափառ եկեղեցին: Հայտարարությունում, որը տարածվել է 2018թ-ի մարտին, եկեղեցին մեղադրել էր ընկերությանը «հավատացյալների զգացմունքների վիրավորման և սրբապղծության», ինչպես նաև «անբարո պահվածքի» համար:
Սակայն «Աիիսան» Վրաստանում պաշտպաններ էլ ուներ: Սոցցանցերի օգտատերերի մեծ մասի համար ընկերության գործունեությունը բացարձակապես անընդունելի էր, սակայն ավելի փոքր հատվածը դատարանի որոշումն ու ընկերության վրա հարձակումները համարում է ինքնաարտահայտման ազատության սահմանափակում:
«Դատարանի որոշումը վտանգավոր նախադեպ է ինքնաարտահայտման ազատության սահմանափակման համար»,
«Խորհրդային Միությունը վերադառնում է»,
«Ինքնաարտահայտման ազատությունը հաճախ ենթադրում է մեզ համար անընդունելի ձևով: Այդ պատճառով էլ, ովքեր ազատության կողմնակիցն են, ովքեր չեն ցանկանում բարքերի ոստիկանություն լինել, վրդովված են դատարանի որոշմամբ», — գրում են Ֆեյսբուքի օգտատերերը:
Ընկերության փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, ինչպես նաև դիմել Սահմանադրական դատարան:
• «Աիիսան» պահպանակներ արտադրող առաջին վրացական ընկերությունն է: Նոր սթարթափի գաղափարը հայտնվել էր Անանիա Գաչեչիլաձեի մոտ «շուկայում տիրող միօրինակության, պահանջարկի և առաջարկի հետ կապված խնդիրների պատճառով»: Նրա խոսքով՝ թեթև հեգնանքը բրենդի կոնցեպցիայի մի մասն է: Ընկերության ֆեյսբուքյան էջում գրված է, որ ընկերության նպատակը «սեքսի և սեքսուալության վերաբերյալ վրացական հասարակությունում կարծրատիպերի քանդումն է»
• «Աիիսան» իր արտադրանքն առցանց է վաճառում: