Վրացական «Բաթումելեբի» պարբերականը՝ փակման վտանգի առաջ․ ընթերցողներն օգնում են մարել պարտքերը
Վրացական «Բաթումելեբի»-ի հաշիվների սառեցումը
Վրաստանի եկամուտների ծառայությունը արգելափակել է «Բաթումելեբի» (Batumelebi) պարբերականի հաշիվներն ու գույքը՝ նրան մեղադրելով 282,191 լարի (մոտ 105 հազար դոլար) հարկեր չվճարելու մեջ: Ի պաշտպանություն պարբերականի անմիջապես միավորվել են ընթերցողներն ու այլ անկախ ԶԼՄ-ների գործընկերները:
Նրանք սկսել են միջոցներ հավաքագրել։ Այս հոդվածի հրապարակման պահին արդեն փոխանցվել է պարտքի հիմնական մասը մարելու համար բավարար գումար:
Նվիրատվություններն ընդունվում են հետևյալ հաշիվներին.
#GE93TB0850845062122335 — Zviad Koridze (TBC)
#GE11BG0000000122153100 — Gela Mtivlishvili (Bank of Georgia)
Այսպիսի աջակցության ֆոնին եկամուտների ծառայությունը մեղմացրել է իր դիրքորոշումը: Գերատեսչությունը համաձայնել է պարբերականի համար կազմել մնացած պարտքը աստիճանաբար մարելու ժամանակացույց, թեև նախկինում երեք անգամ մերժել էր խմբագրության այդ խնդրանքը:
«Բաթումելեբին»-ն այն նույն թերթն է, որի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին արդեն յոթ ամիս նախնական կալանքի տակ է։ Նա կալանավորվել է այն բանի համար, որ ապտակել է Բաթումիի ոստիկանության ղեկավարին, որը նրան վիրավորել էր:
Օգոստոսի 1-ին նշանակված է դատարանի եզրափակիչ նիստը, որտեղ կներկայացվի դատավճիռը: Նրա դեմ առաջադրված քրեական հոդվածով Մզիային սպառնում է 4-7 տարվա ազատազրկում:
«Հաշիվների արգելափակման պաշտոնական պատճառը պարտավորություններն են: Իրական պատճառը՝ մեզ ստիպել դադարեցնել աշխատանքը»,- հայտարարում է խմբագրությունը:
Ի՞նչ է տեղի ունեցել
«Բաթումելեբի» ՍՊԸ-ն միավորում է երկու պարբերական՝ Աջարիայի շրջանում տեղակայված «Բաթումելեբին»-ն և «Netgazeti»-ն: Հուլիսի 21-ի դրությամբ «Բաթումելեբի»-ի պարտքը պետության առջև կազմում է 282,191 լարի (մոտ 105 հազար դոլար):
Այս գումարը ներառում է հիմնական պարտքը՝ 47 հազար լարի (մոտ 17 հազար դոլար), որին գումարվել են 126 հազար լարի (մոտ 46 հազար դոլար) տույժն ու 109 հազար լարի (մոտ 40 հազար դոլար) տուգանքը:
Պարբերականն ընդունել է իր պարտավորությունն ու մաս-մաս մարել այն: Բայց մի քանի օր առաջ խմբագրության հետ կապ են հաստատել եկամուտների ծառայությունից և հաղորդել, որ անհրաժեշտ է 5 օրվա ընթացքում մարել ամբողջ պարտավորությունը:
Խոստացել են՝ հակառակ դեպքում հաշիվները կսառեցվեն, գույքը կառգրավվի, և հարկադիր կատարման ազգային բյուրոն կմեկնարկի կազմակերպության գույքը, մասնավորապես՝ գրասենյակային և խմբագրական-տեխնիկական սարքավորումները վաճառելու ընթացակարգը:
«Բաթումելեբի»-ի խմբագրությունը պաշտոնապես դիմել է եկամուտների ծառայություն՝ պարտավորությունը աստիճանաբար մարելու ժամանակացույց կազմելու խնդրանքով, ինչը թույլատրված է Վրաստանի հարկային օրենսգրքով: Սակայն նրանց մերժել են:
Եվ հուլիսի 17-ին պարբերականի հաշիվները սառեցվել են:
«Բաթումելեբի»-ի հայտարարությունը
«Ամբողջ պարտքը միանգամից բռնագանձելը և մյուս բոլոր գործողություններն ուղղված են հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին սնանկացնելուն և ի վերջո նրա ստեղծած լրատվական կազմակերպությունը ոչնչացնելուն:
Սա հաստատվում է մի պարզ փաստով:
Ըստ եկամուտների ծառայության 2025 թ․-ի մայիսի 21-ի պաշտոնական տեղեկությունների՝ (կառավարամետ) «Իմեդի» հեռուստաընկերության պարտքը պետության առջև կազմում է 17 մլն լարի (մոտ 6 մլն դոլար), «Ռուսթավի-2»-ինը (նույնպես ունի կառավարամետ ԶԼՄ-ի համբավ)՝ 25 մլն լարի (մոտ 9 մլն դոլար):
Ֆինանսների նախարարության հայտարարած նպատակը ոչ մի դեպքում չպետք է լինի ԶԼՄ-ների գործունեությունը ճնշելը կամ դադարեցնելը: Նրա նպատակը պետք է լինի ցանկացած բիզնեսի զարգացումը՝ հարկերի միջոցով եկամուտ ստանալու և պետության զարգացման մասին հոգ տանելու համար:
Մանավանդ, որ խոսքի ազատությունը ժողովրդավարական պետության հիմնական արժեքներից մեկն է, և դրա չեղարկումը հավասարազոր է պետության չեղարկմանը»:
Այն օրը, երբ հայտնի դարձավ հաշիվների սառեցման մասին, Մզիա Ամաղլոբելիին դատավարական համաձայնություն առաջարկվեց
Պարտքը շտապ վճարելու պահանջի պատմությունը հրապարակային դարձավ հուլիսի 21-ին: Եվ նույն օրը Մզիա Ամաղլոբելիին առաջարկեցին մեղավորությունը ճանաչելու մասին գործարք:
Նրա գործը քննվում է Բաթումիի քաղաքային դատարանում՝ եզրափակիչ փուլում: Օգոստոսի 1-ին պաշտպանությունը հանդես կգա եզրափակիչ ելույթով, որից հետո ակնկալվում է, որ դատավոր Նինո Սախելաշվիլին կհրապարակի դատավճիռը: Ամաղլոբելիի դեմ առաջադրված մեղադրանքները նախատեսում են 4-7 տարվա ազատազրկում:
Ամաղլոբելիի գործով դատախազ Թորնիկե Գոգեշվիլին հայտարարել է. «Եթե նրանք պատրաստ են, ապա մենք պատրաստ ենք քննարկել [մեղավորությունը ճանաչելու մասին գործարքը]»: Նա ասել է, որ ոստիկանության ղեկավար Իրակլի Դգեբուաձեն, ում Մզիան ապտակել է, ով գործով անցնում է՝ որպես տուժող, նույնպես համաձայն է այդպիսի գործարք կնքելուն»:
Փաստաբան Մայա Մցարիաշվիլին լսումներից հետո հայտարարել է, որ Մզիան իրեն մեղավոր չի համարում և բացառում է մեղավորությունը ճանաչելու մասին գործարք կնքելու հնարավորությունը:
«Դատախազի՝ մեղավորությունը ճանաչելու մասին գործարքի առաջարկությունը համընկնում է կառավարության դիրքորոշման հետ, այն է՝ Մզիան հարձակում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հրամանով, անհայտ անձինք նրան որոշ ցուցումներ են տվել և այլն:
Դատախազությունն առաջարկում է դիտարկել դատավճռի մեղմացումը, եթե Մզիային մեղադրեն այն ամենում, ինչ նա չի արել՝ ոստիկանությունը վիրավորելու, ոստիկանությանը դիմադրելու և ոստիկանի վրա հարձակվելու մեջ:
Մենք սա լսել ենք առաջին իսկ օրվանից: Նրան բազմիցս առաջարկել են՝ զղջա, խոստովանիր: Սա սովորական բռնություն է օրենքի անվան տակ: Նրան ասում են՝ այսպիսի դատարան ունենք մենք, դու շանս չունես: Ազատության համար պետք է մեղադրվես նրանում, ինչ չես կատարել»,— ասել է Մայա Մցարիաշվիլին:
Արշավ՝ ի պաշտպանություն «Բաթումելեբի»-ի
Հուլիսի 21-ին՝ այն օրը, երբ հայտնի դարձավ ամբողջ պարտքը վճարելու պահանջի մասին, բազմաթիվ ԶԼՄ-ների լրագրողներ «Բաթումելեբի»-ին աջակցող արշավ սկսեցին: Համատեղ հայտարարությունում ասվում է, որ պարբերականի խմբագիր Էթեր Թուրաձեն հանդես է գալիս այս արշավի դեմ, բայց գործընկերները սա համարում են անհրաժեշտ քայլ երկու անկախ պարբերականները փրկելու համար:
«Formula» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էթեր Թուրաձեն ասել է, որ երկրի ներկայիս իրավիճակի ֆոնին, երբ կան 50-ից ավելի քաղբանտարկյալներ և հազարավոր տուգանված մարդիկ, ինքը կտրականապես դեմ է «Բաթումելեբի»-ի համար միջոցներ հավաքագրելուն:
«Գիտեմ, որ մեր գործընկերների բացած հաշիվներին զգալի գումար է փոխանցվել: Մի կողմից շատ անհարմար եմ զգում: Բայց մյուս կողմից՝ շատ ուրախ եմ, որ մարդիկ թեկուզ մեկ-երկու լարի են փոխանցում «Բաթումելեբի»-ին աջակցելու համար»,- ասել է Թուրաձեն:
Հուլիսի 22-ին կեսօրին պարբերականը հայտարարեց, որ ընթերցողների և գործընկերների աջակցության շնորհիվ հաջողվել է մարել պարտքի հիմնական մասը՝ 47 հազար լարի (մոտ 17 հազար դոլար):
Իրենց հայտարարության մեջ նրանք շնորհակալություն հայտնեցին ընթերցողներին և կրկին ընդգծեցին, որ բոլոր այն գործիքները, որոնք իշխանությունն օգտագործում է այս իրավիճակում, ուղղված են Մզիա Ամաղլոբելիի և նրա ստեղծած անկախ ԶԼՄ-ների դեմ:
Հուլիսի 22-ին՝ օրվա վերջին, հասարակական մեծ արձագանքի ֆոնին, հարկային ծառայությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ:
Դրանում ասվում է, որ հարկային համաձայնություն կնքելու դեպքում նրանք պատրաստ են վերացնել «Բաթումելեբի»-ի հաշիվների արգելափակումն ու տալ պարտքը համապատասխան ժամանակացույցով մարելու հնարավորություն՝ այն, ինչ նախկինում մերժել էին:
Ինչպե՞ս է Վրաստանում տեղի ունեցողին արձագանքել աշխարհը
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաշիվների արգելափակումը գնահատել է որպես «Բաթումելեբի»-ի վրա ճնշում:
«Վրացական անկախ «Բաթումելեբի» պարբերականի հաշիվները սառեցվել են այն բանից հետո, երբ ԶԼՄ-ը բացահայտել է ոստիկանական բռնության ենթադրյալ դեպքերը Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ, ով ապօրինի կալանավորված է, ում սպառնում է անարդար դատաքննության: Amnesty-ն կոչ է անում քննել ոստիկանական բռնության բոլոր մեղադրանքները»,- ասված է կազմակերպության հայտարարությունում:
«Վրացական երազանքը» փորձում է թաքցնել կոռուպցիան և վրաց ժողովրդի դեմ ուղղված հանցագործությունները՝ ճնշելով ազատ մամուլը: Նրանք փորձում են լռեցնել լրագրող Մզիա Ամաղլոբելիին, ով հունվարից բանտում է քաղաքական մոտիվներ ունեցող մեղադրանքներով»,- նշված է Հելսինկյան հանձնաժողովի հայտարարությունում:
«Բաթումելեբի»-ին աջակցող արշավը շարունակվում է: Կազմակերպիչները հաղորդում են, որ այս պահին պարբերականին մնում է վճարել հաշվարկված տույժերն (126 հազար լարի) ու տուգանքները (109 հազար լարի):
Նվիրատվություններն ընդունվում են հետևյալ հաշիվներին՝
#GE93TB0850845062122335 — Zviad Koridze (TBC)
#GE11BG0000000122153100 — Gela Mtivlishvili (Bank of Georgia)
Հնարավոր է «Բաթումելեբի»-ին և « Netgazeti»-ին աջակցել նաև այլ հարթակներով: Օրինակ՝ GoFundMe-ում վաղուց միջոցներ են հավաքում ԶԼՄ-ների աջակցության համար:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վրացական «Բաթումելեբի»-ի հաշիվների սառեցումը