Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի Եվրոպական դատարանում. գործը դեռ չի ավարտվել
Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միանշանակ որոշում է կայացրել հօգուտ Վրաստանի՝ 2008թ. Օգոստոսյան պատերազմում տեղի ունեցած «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործով. սա է վրացի փորձագետների դիրքորոշումը:
Դա այն դեպքում, երբ դատարանը մասամբ չի բավարարել Թբիլիսիի պահանջները:
Սակայն գործը դեռ չի ավարտվել. դատարանը ստիպված կլինի քննարկել տուժող կողմին հատուցման հարցերը:
Բացի այդ, դատարանը դեռ չի ավարտել հակամարտության ընթացքում տուժածների մասնավոր հայցերի քննարկումը Ռուսաստանի ու Վրաստանի դեմ:
Գործը շարունակվում է
Հունվարի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց, որ Ռուսաստանը պատասխանատու է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի վեց հոդվածների խախտման համար Վրաստանի քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ կյանքի իրավունքի խախտման, խոշտանգումների և մասնավոր սեփականության ոչնչացման համար:
Վրաստանում այս որոշումը անվանեցին հաղթանակ և «պատմական փաստաթուղթ»:
Դատարանը գրեթե ամբողջությամբ բավարարեց 2008 թվականի օգոստոսի 12-ից Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ Վրաստանի հայցը: Այնուամենայնիվ, նա Ռուսաստանին ուղղակիորեն պատասխանատվության չի ենթարկել ռազմական գործողությունների ընթացքում թույլ տված խախտումների համար:
Վրաց-օսական հակամարտությունը հակիրճ
«Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործը կապված է 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ պատերազմի հետ, որին մասնակցում էին Վրաստանն ու Ռուսաստանը: Այս իրադարձությունները կոչվեցին «Օգոստոսյան կամ Հնգօրյա պատերազմ»: Վրացական կողմից զոհվեց 412 զինվորական և խաղաղ բնակիչ, օսական կողմից՝ 365 զինվորական և քաղաքացիական անձ: Ըստ Ռուսաստանի պաշտոնական տվյալների՝ զոհվել է նաև 67 ռուս զինվոր: Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի շուրջ 20 հազար բնակիչներ դարձան բռնի տեղահանվածներ:
2008-ի Օգոստոսյան պատերազմը 21-րդ դարի առաջին պատերազմն էր Եվրոպայում:
Հարավային Օսիան Խորհրդային Միության տարիներին ինքնավար մարզ էր Վրաստանի կազմում: Վրաց-հարավօսական հակամարտության ժամանակակից պատմությունը սկսվում է1980-ականների վերջին Խորհրդային Միության փլուզումից: Հարավային Օսիան ցանկանում էր անկախություն, Վրաստանը, ի պատասխան, ընդհանրապես չեղյալ հայտարարեց ինքնավար մարզի կարգավիճակը և ընդգրկեց Շիդա Քարթլին տարածաշրջանի կազմում:
Առաջին զինված առճակատումը և առաջին զոհերը գրանցվել են 1989-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Ակտիվ ռազմական գործողությունները տեղի են ունեցել 1991-1992 թվականներին և ավարտվել են 1992 թվականին՝ Դագոմիսի պայմանագրերի ստորագրմամբ, որոնք կողմերին պարտավորեցրին դադարեցնել կրակը և շփման գոտուց դուրս բերել զինված կազմավորումները: Ռուսաստանի Դաշնությունը նույնպես այդ ժամանակ պարտավորվեց Հարավային Օսիայի տարածքից դուրս բերել իր զորամասերը:
Հակամարտության զինված փուլում, ըստ տարբեր աղբյուրների, բոլոր կողմերից զոհվել է մինչև 10 հազար մարդ, մինչև 100 հազար մարդ դարձել է փախստական և տեղահանված:
Խաղաղության պայմանագրի պահպանման վերահսկողությունը վստահված էր «Խառը վերահսկիչ հանձնաժողովին» և եռակողմ «Խառը խաղաղապահ ուժերին»՝ վրացական, հարավօսական և ռուսական գումարտակներին, որոնք ղեկավարվում էին ռուս զինվորականների կողմից:
Մինչև 2008-ի օգոստոսը հակամարտությունը համարվում էր «սառեցված»: 2008-ի օգոստոսին Վրաստանի և Ռուսաստանի միջև Հարավային Օսիայի շուրջ հնգօրյա պատերազմից հետո Մոսկվան Հարավային Օսիան ճանաչեց որպես անկախ երկիր: Դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի և Թբիլիսիի միջև խզվեցին:
Հարավային Օսիան կառուցում է իր կյանքը որպես անկախ հանրապետություն, որը, սակայն, ճանաչվել է միայն Ռուսաստանի և «երրորդ աշխարհի» մի քանի այլ երկրների կողմից: Միջազգային հանրության մեծ մասը այն համարում է Վրաստանի անջատողական շրջան:
Որոշումը վերաբերում է միայն ռուսական կողմի պատասխանատվության հարցին, բայց արդարացի բավարարման սկզբունքը դեռևս ընդհանրապես չի քննարկվել, JAMnews- ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի արդարադատության նախկին փոխնախարար, հայցի հեղինակներից մեկը՝ Թինա Բուրջալիանին:
Նրա խոսքով՝ որոշում կայացնելուց հետո դատարանը պետք է քննարկի Վրաստանին որպես տուժող կողմ բավարարելու հարցը, իսկ դա չի նշանակում միայն նյութական փոխհատուցում:
«Ես այս տերմինը միտումնավոր եմ օգտագործում և չեմ խոսում փոխհատուցման մասին, քանի որ հայցադիմումի մեջ մենք շեշտեցինք, որ Կոնվենցիայով նախատեսված արդար բավարարումը այս դեպքում պետք է իրականացվի տարբեր ձևերով:
Եթե մարդկանց իրավունքները հնարավոր է վերականգնել, ապա դրանք պետք է վերականգնվեն իրենց նախնական վիճակում: Օրինակ, սա վերաբերում է տեղաշարժի ազատության սահմանափակմանը, մարդկանց՝ իրենց տներ վերադառնալու սահմանափակմանը:
Եթե չկա հետաքննություն, և կոնկրետ հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն, դա պետք է տեղի ունենա, և եթե փոխհատուցելուց բացի այլ բան չի կարող լինել, Ռուսաստանի Դաշնությունը, բնականաբար, պետք է փոխհատուցում վճարի»,- ասել է Թինա Բուրջալիանին:
Նրա խոսքով՝ որոշում կայացնելուց հետո ընթացակարգը նախատեսում է կողմերի միջև դիրքորոշումների գրավոր փոխանակում. Վրացական պետությանը հնարավորություն է տրվում մանրամասն հարցում ուղարկել Ռուսաստանին, որին ռուսական կողմը պետք է պատասխան տա: Դատարանն այնուհետ կքննարկի բավարարման ձևը:
Ինչի՞ հասավ Վրաստանը
Հակամարտությունների փորձագետ, հաշտության և քաղաքացիական իրավահավասարության նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին կարծում է, որ վրացական կողմի համար այս որոշումը «գրեթե ոչ մի թերություն չունի»:
«Բարձր մակարդակի դատարանի ցանկացած որոշում ունի քաղաքական ենթատեքստ: Դա առաջին հերթին այն պատճառով է, որ դատարանը հստակ և միանշանակ հաստատել է, որ դրանք գրավյալ տարածքներ են: Ոչ ոք դրանում չէր էլ կասկածում, այդ առիթով կան եվրոպական կառույցների բանաձևեր: Բայց դրանք քաղաքական բանաձևեր են, որոնց հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել: Դատարանի որոշումը բոլորովին այլ է»:
Զաքարեիշվիլիի խոսքով՝ դատարանի որոշումը փաստաթուղթ է, որը Վրաստանը կարող է օգտագործել ցանկացած մակարդակում՝ բռնազավթման փաստը ապացուցելու համար, այդ թվում` ՄԱԿ-ի դատարանում:
Բացի այդ, ըստ Զաքարեիշվիլիի, դատարանի որոշումը կարևոր է չճանաչման քաղաքականության տեսանկյունից, քանի որ «շատ պետությունների համար արդեն բարդ կլինի մտածել այդ տարածքները ճանաչելու մասին»:
Ինչի՞ չհասավ Վրաստանը
Թինա Բուրջալիանիի խոսքով՝ հայցը պատրաստելիս սպասումներ կային, որ դատարանը կճանաչի Ռուսաստանի պատասխանատվությունը ռազմական գործողությունների ընթացքում կատարած խախտումների համար:
Ըստ նրա՝ Ստրասբուրգի դատարանի՝ 2011թ. հայցը վարույթ ընդունելու որոշումը դատարանի առաջին գնահատականն էր, և, ըստ այդ որոշման՝ «Ռուսաստանն այս ընթացքում իրավասու պարտավորություններ ուներ այդ տարածքում, դե յուրե` Վրաստանում, ուստի, հայցը պետք է քննել ըստ էության»:
Բուրջալիանիի խոսքով՝ իր վերջնական որոշման մեջ դատարանը, այնուամենայնիվ, չի նշել, որ Ռուսաստանը պատասխանատվություն չի կրում օգոստոսի 8-12-ի իրադարձությունների համար:
«Խոսքը ռազմական գործողությունների մասին է, և այստեղ դատարանը, ցավոք, ասում է, որ չի կարող գնահատել ռազմական գործողությունների այս տեսակը:
Դրա առաջին պատճառը նշել են շատ բարդ փաստացի հանգամանքները, որոնցում շատ դժվար է որևէ բան որոշել: Եվ երկրորդ պատճառը՝ դատարանը պատրաստ չէր զարգացնել իրավասության արտատարածքային օգտագործման գոյություն ունեցող նախադեպը, այսինքն՝ պետության տարածքից դուրս…
Դրա համար դատարանին շատ քննադատեցին, քանի որ նա իր վրա չվերցրեց այդ պատասխանատվությունը: Ի՞նչ է դա նշանակում: Սա նշանակում է, որ պետությունը կարող է միջազգային զինված հակամարտություն վարել մեկ այլ պետության տարածքում և պատերազմի ընթացքում անել այն, ինչ ուզում է, այդպիսով, որպեսզի պատասխանատվություն չկրի կոնվենցիային համապատասխան»,- ասում է Բուրջալիանին:
Պաատա Զաքարեիշվիլին նույնպես համոզիչ չհամարեց դատարանի այս փաստարկները:
«Շատ հարցեր են առաջանում: Ես պատրաստ եմ համաձայնել, որ օգոստոսի 8-ից 12-ը Ռուսաստանը չէր կարող լիարժեք իրավասություն իրականացնել այս տարածքների նկատմամբ, կար նաև վրացական բանակ… Բայց ի՞նչ անել այդ պահին մահացող մարդկանց հետ: Այդ ընթացքում դատարանը պետք է ինչ-որ բան ասի, գոնե այն, որ միգուցե այնտեղ չկար Ռուսաստանի լիարժեք իրավասություն, բայց կային մարդիկ, որոնք մահանում էին»:
Նրա կարծիքով՝ այսպիսով Ստրասբուրգի դատարանը վատ նախադեպ ստեղծեց նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի հետ կապված ապագա հայցերը դիտարկելու համար:
Թինա Բուրջալիանիի կարծիքով՝ դեռ կա հավանականություն, որ դատարանը կվերանայի այն խախտումները, որոնք տեղ են գտել օգոստոսի 8-ից 12-ը՝ անհատական հայցերի քննարկման ընթացքում: Այնուամենայնիվ, «այս ուղին պետք է զգույշ անցնել»:
Դատարանը ճանաչե՞լ է արդյոք պատերազմ սկսելու համար պատասխանատու կողմին
Ըստ Թինա Բուրջալիանիի՝ դատարանը զգուշորեն է մոտեցել այս հարցին:
«Մենք տեսնում ենք, որ, օրինակ, դատարանի որոշման մեջ ամբողջությամբ մեջբերվում է Թալյավինիի զեկույցի հենց այդ պարբերությունը (ԵՄ փաստահավաք առաքելության զեկույցը, որը վերաբերում է վրացական կողմից Ցխինվալիի հրթիռակոծմամբ ռազմական գործողությունների մեկնարկին — JAMnews): Բայց իրավական տեսանկյունից սա բոլորովին կարևոր չէ, և դատարանը միանշանակ խոսում է այս մասին: Դա նշանակություն չունի ո՛չ Վրաստանի, ո՛չ Ռուսաստանի համար: Նա նաև միանշանակ հայտարարում է, որ չի կարող գնահատել՝ արդյո՞ք Ռուսաստանը կիրառել է ուժ՝ օրինական կամ ապօրինի, և դա իր գործը չէ»,- ասում է Բուրջալիանին:
Ըստ Պաատա Զաքարեիշվիլիի՝ «պատերազմի մեկնարկի թեման ոչ մի տեղ չի քննարկվում, բացի Վրաստանից: Երբ գալիս են ընտրություններ կամ հերթական օգոստոսի 8-ի օրը, դա դառնում է ներքաղաքական ենթատեքստի հարց, քանի որ պատերազմի սկիզբը որոշիչ նշանակություն չունի»:
Նրա խոսքով՝ «ոչ մի տեղ պատերազմ սկսելը, որպես այդպիսին, հանցագործություն չէ ժամանակակից միջազգային իրավունքի համաձայն»:
Արդյո՞ք դատարանի որոշումը կազդի աբխազական և օսական կողմերի հետ հարաբերությունների վրա
«Ես վախենում եմ, որ հանկարծ այս լավ փաստաթղթի պատճառով Աբխազիայի և Օսիայի համայնքների հետ փոխհարաբերությունների թեման չտուժի: Կարծում եմ, որ ուրախության պատճառով, որ Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչում, մենք կարող ենք այս փաստաթղթի հիմքում չտեսնել աբխազական և օսական հասարակության շահերը»,- կարծում է Պաատա Զաքարեիշվիլին:
«Այս փաստաթղթի օգնությամբ մենք կարող ենք շատ կոշտ խոսել Ռուսաստանի հետ: Բայց մենք չենք կարող նույնքան կոշտ խոսել մեր քաղաքացիների՝ աբխազների և օսերի հետ»,- կարծում է Զաքարեիշվիլին:
Նրա խոսքով՝ «այս փաստաթուղթը գործիք է, որը կարող է սխալ օգտագործվել, և եթե աբխազների և օսերի հետ խոսենք Ռուսաստանի հետ մեր հակամարտության դիրքերից, դա նրանց ավելի է օտարելու մեզանից»:
Անհատական հայցեր
«Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» հայցը քննելուց հետո Եվրոպական դատարանը կքննի պատերազմից տուժած քաղաքացիների հայցերը:
Սրանք Վրաստանի քաղաքացիների հայցերն են ընդդեմ Ռուսաստանի, ինչպես նաև Ցխինվալի շրջանում բնակվող օսերի հայցերը՝ ընդդեմ Վրաստանի:
Թինա Բուրջալիանիի խոսքով՝ ռուս փաստաբանների կողմից օսերի անունից ներկայացված հայցերի մեծ մասը անհիմն էին, և դատարանը չէր կարող դրանք վարույթ ընդունել:
«Բայց կան նաև այսպես կոչված բացահայտված գործեր: Եթե հայցվորների հայցերն այս դեպքերում ապացուցվեն, ապա դատարանը կարող է ճանաչել Վրաստանի կողմից Կոնվենցիայի նորմերի խախտումը»:
Նա ակնկալում է, որ մի քանի ամիս անց կսկսվի այդ գործերի վերաբերյալ որոշումների հրապարակումը:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: