Վրաստան. նոր տուն հարավաֆրիկյան բուրերի համար
Հարավաֆրիկյան Հանրապետությունում սպիտակ ֆերմերներին ցանկանում են զրկել հողից: Փետրվարի 15-ին ընտրված ՀԱՀ նոր նախագահ Սիրիլ Ռամապոսան հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ աջակցում է սպիտակներից հողերն առգրավելու օրինագծին՝ հօգուտ նրա, որ երկար տարիներ սպիտակների կողմից կեղեքված սևամորթ բնակչությունը հնարավորություն ստանա վերադարձնել իրենից խլվածը և վերանգնել իր իրավունքները: «Առանց փոխհատուցման հողազրկումը նախատեսված է որպես միջոց, որը մենք կկիրառենք սևամորթ հարավաֆրիկացիների միջև հողերի վերաբաշխման գործընթացն արագացնելու համար»,- հայտարարել է ՀԱՀ նախագահը: Համապատասխան օրինագծին աջակցել է նաև Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը՝ այդպիսով ընթացք տալով սահմանադրւթյան մեջ փոփոխությունների ներդրման գործընթացին:
Սպիտակները կազմում են երկրի բնակչության 9 տոկոսը, ընդ որում, նրանք են տիրապետում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների զգալի մասը: Հողազրկումը միակ մտավախությունը չէ, որ սպառնում է ՀԱՀ սպիտակ ֆերմերներին. նրանց վրա հաճախ հարձակումներ են իրականացվում, որոնք երբեմն ավարտվում են սպանությամբ: Երկրի ամենահայտնի գինեգործներից մեկը՝ Չարլզ Բեքը, նույնպես վերջերս նման հարձակման էր ենթարկվել և հրաշքով է միայն ողջ մնացել:
1994թ-ից, երբ ավարտվեց ցեղային խտրականության ռեժիմը, և երկրում իշխանության եկան սևերը՝ Նելսոն Մանդելայի գլխավորությամբ, եվրոպացի գաղութարարների սերունդներից շատերը փորձում են արտագաղթել այնպիսի երկրներ, որտեղ իրենց առավել անվտանգ կզգան: Այդպիսի երկրներից է դարձել Վրաստանը, որտեղ արդեն փախստականներ են վերաբնակեցվել ՀԱՀ-ից: 2017թ. հունիսին JAMnews-ի լրագրողները եղել են Գարդաբանիից ոչ հեռու գտնվող մի ֆերմայում, որտեղ ապաստան է գտել բուր-փախստականների մի ընտանիք:
«Մենք չենք ուզում հետ վերադառնալ», — վստահաբար ասում է միջին տարիքի շիկահերը, երբ մենք մեր մեքենան ենք կայանում և ճանապարհը շարունակում ամենագնացով: Վատ գրունտային ճանապարհը տանում է դեպի ֆերմերի տուն, որը գտնվում է Վրաստանի մայրաքաղաքից 64կմ դեպի հարավ և մոտակա Գարդաբանի քաղաքից 14կմ հեռավորության վրա: Այդ վայրը դարձել է Ադրի Դյու Պրիզի, նրա ամուսնու և երկու դեռահաս երեխաների համար տուն, որոնք երկու տարի առաջ լքել են Հարավային Աֆրիկան խաղաղություն, ընկերասեր մարդիկ և իրենց «գյուղատնտեսական փորձարկումների համար» բերրի հող գտնելու հույսով:
«Ոմանք կարող են կարծել, որ մենք փախչել ենք Վրաստան: Սակայն այդ որոշումը մենք կայացրել ենք, որովհետև (մեզ համար) դա նշանակում էր առաջընթաց, — ասում է 41-ամյա Ադրին: — Վրաստանում կարող եք առաջընթաց տեսնել, մարդիկ այստեղ դիմավորում են գրկաբաց: Իսկ Հարավային Աֆրիկայում դա արդեն այդպես չէ»:
Դյու Պրիզների ընտանիքը բուրերի կամ աֆրիկաներների՝ Հարավային Աֆրիայի սպիտակ վերաբնակիչների սակավաթիվ ընտանիքներից մեկն է, ո լքել է իր տունը հանուն անվտանգության, որպեսզի խուսափի դաժան հարձակումներից: Քանի որ ՀԱՀ-ում ապարտեիդի ռեժիմի ավարտը 1990-ականների սկզբին հանգեցրեց ռասային առճակատման, բռնության և հանցավորության:
Դյու Պրիզների հեռավոր նախնիները Հոլանդիայից, Ֆրանսիայից, Շոտլանդիայից և Գերմանիայից են: Չնայած որ ներկա պահին նրանք բարեկամ չունեն Եվրոպայում:
Գարդաբանի քաղաքի ծայրամասից, որտեղ մոտ 11 հազար մարդ է ապրում, մենք անցնում ենք կիսաքանդ ավանով, որը Խորհրդային Միության ժամանակաշրջանում ռազմական ավան է եղել՝ կողմնակի անձանց համար անհասանելի: Դյու Պրիզներն ամեն օր անցնում են այդ ուրվական քաղաքով, երբ ուղևորվում են Գարդաբանիի խանութ, Թբիլիսի կամ էլի ինչ-որ տեղ:
Կանաչ հերկված դաշտերով պատված հարթավայրով անցնելուց հետո հասնում ենք բակ՝ առանց գեթ մեկ ծառի կամ ստվերի: Ընտանիքի ժամանակավոր տունն իրենից ներկայացնում է երկու կոնտեյներ և ոչ մեծ մեկհարկանի կառույց դրանց արանքում՝ հեռավոր հորիզոնում ֆաբրիկաների ծխնելույզների ուրվագծերի ֆոնին:
«Սա ընդամենը ժամանակավոր կառույց է, որ գիշերելու տեղ լինի», — ասում է 46-ամյա Ջերի Իգնատիուս Դյու Պրիզը՝ Ադրիի ամուսինը: Նրանք տան շուրջ տասնյակ տարբեր ծառեր են տնկել և ավելի ուշ պլանավորում են մեծ տուն կառուցել:
Նոր կյանք վրացական Գարդաբանիում
Ժամանակին Դյու Պրիզների ընտանիքի համար զբոսաշրջային ուղղություն հանդիսացող, սակայն այժմ հարազատ դարձած Լեմշվենիերա գյուղը մոտ 1600 բնակիչ ունի և Գարդաբանիի մունիցիպալիտետի կազմում է՝ Վրաստանի հարավում Քվեմո Քարթլի շրջանում: Ադրբեջանին սահմանակից մունիցիպալիտետում խառը բնակչություն է ապրում. տեղացիների 44%-ը էթնիկ ադրբեջանցիներ են, որոնք գյուղատնտեսությամբ, անսանապահությամբ և մեղվաբուծությամբ են զբաղվում:
Ամառն այստեղ երկար է և շոգ, իսկ ձմեռները ոչ այնքան ցուրտ: Դյու Պրիզներն այստեղ 9 հեկտար հող են գնել: Բացի այդ, նրանք իրավունք ունեն հարևանությամբ գտնվող ևս 12 հա հողը մշակել, մինչև գումար վաստակեն այդ հողատարածքը գնելու համար:
Վրաստանում ներկա պահին բուրերի 9 ընտանիք է ապրում, ասում են Դյու Պրիզները: Նրանցից երեքն ապրում է Լեմշվենիերայում:
Գարդաբանիի մունիցիպալիտետի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հարավաֆրիկացիներն ընդհանուր առմամբ մոտ 1000 հա գյուղատնտեսական հողատարածք ունեն, մինչև 10 հոգի մարդ են վարձում և իրենց բերքը վաճառում Բաթումի սևծովյան ափին և հարևան Թուրքիայում: Հիմնականում նրանք եգիպտացորեն, հացահատիկ և գարի են աճեցնում:
Բուրերը եկել են իրենց համար հեռավոր Վրաստան՝ արձագանքելով երկրի կառավարության հրավերին: Վրացական իշխանությունների շարժառիթը գյուղատնտեսական հատվածը աշխատասեր և գյուղատնտեսական աշխատանքների փորձ ունեցող բուրերի ձեռքերով ամրապնդելն էր:
Վրաստանի 3,8մլն բնակչության գրեթե կեսը գյուղատնտեսությամբ է զբաղված: Այնուամենայնիվ, գյուղատնտեսությունը ստանում է ներդրումների ամենացածր մասնաբաժինն ու երկրի ՀՆԱ 9%-ից մի փոքր ավել ավանդն ունի:
Համաշխարհային բանկի 2015թ-ի տվյալներով՝ Վրաստանում գյուղատնտեսությունում զբաղված մեկ աշխատակցին բաժին ընկնող արտադրության ծավալը կազմում է համեստ 3 345 դոլար, իսկ ՀԱՀ ֆերմերինը՝ երեք անգամ ավել:
Վրաստանի կառավարությունը, որն այն ժամանակ գլխավորում էր «Միասնական ազգային շարժումը», 2010թ-ին Հարավային Աֆրիկայի միացյալ գյուղատնտեսական միության (TLU SA) հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել: Դրան հետևել էին բուրերի խմբակային այցելությունները Վրաստանի գյուղատնտեսական տեղանք, ուր իշխանությունները փորձում էին նրանց գրավել նպաստավոր կլիմայով և հանցավորության ցածր մակարդակով:
«Մեր հարավաֆրիկյան հարևաններից ոմանք մասնակցել են TLU SA կազմակերպած այցելություններին, — հիշում է Ադրին: — Նրանցից արդեն մենք ենք լսել Վրաստանի մասին, իսկ հետո Ջերին սկսեց տեղեկատվություն փնտրել: Մեր հարևաններից մեկը որոշել էր ընդմիշտ այստեղ տեղափոխվել ընտանիքով, մենք նրանց երկու շաբաթով այցելեցինք 2013թ-ի հոկտեմբերին»:
Հարավային Աֆրիկայում Դյու Պրիզներն ապրել են վարձով հին տանը՝ երկու հեկտար հողով, հարավաֆրիկյան Մպումլանգա պրովինցիայում գտնվող ֆերմերական քաղաքում, որը սահմանակից է Սվազիլենդին և Մոզամբիկին: Հիմնականում եգիպտացորեն, արևածաղիկ, աշորա և սորգո արտադրող ֆերմերների հետ միասին Բետալայի բնակչությունը մոտ 61 հազար մարդ է, և նրանցից միայն 13%-ն են սպիտակներ:
«Մենք խնդիրներ չունեինք ֆերմաների վրա հարձակումների և կամ նման բաների հետ, սակայն մեզ շրջապատող մարդիկ ունեին», — հիշում է Ադրին:
Հարավային Աֆրիկայում ֆերմերների վրա հարձակումների և սպանությունների մասին 2017թ-ի ապրիլի հաշվետվության համաձայն, որը հրապարակել է AfriForum իրավապաշտպան կազմակերպությունը, 2010-2016թթ-ին հարձակումների թիվն ավելացել է տարեկան 179-ից մինչև 398: 2014-ից սկսած՝ ավելի քան 60 հարձակում տարեկան ավարտվել է սպանությամբ:
«Մեր հարևաններից մեկը սպանվել էր հարձակման արդյունքում, երբ մենք կիրակի առավոտյան եկեղեցում էինք», — հիշում է Ադրին: Նրանց ծանոթներից ոմանք էլ ֆիզիկական հաշվեհարդարի և սպառնալիքների զոհ են դարձել:
Ադրին և Ջերին մասնակցում էին համայնքում այսպես կոչված ոստիկանական գործունեությանը. ֆերմերներն ու ոստիկանությունը միասին աշխատում էին որպես արձագանքման ստորաբաժանումներ: Հարձակման ենթարկվածներից աղետի ազդակը գալիս էր մոտ հարևաններին, որոնք կարող էին արագ արձագանքել: Ձմռանը ամենամեծ սպառնալիքը հրդեհումներն են:
Դյու Պրիզների հարազատ լեզուն աֆրիկաանսն է՝ Հարավային Աֆրիկայի պաշտոնական տասնմեկ լեզուներից մեկը: Այդ լեզվով, որը 17-րդ դարի հոլանդերենից է սերում, խոսում է ՀԱՀ 54 մլն բնակչության 13,5%-ը:
Դյու Պրիզները հանգիստ խոսում են անգլերեն: Լավ տպագիր գրքերն անգլերենով այն է, ինչն ամենաշատը կարոտում են նախկին կյանքից: Երբ նրանք Հարավային Աֆրիկայից Դոհայով գալիս էին՝ ճանապարհի վրա մոտ 24 ժամ ծախսելով, նրանց գրեթե 7 ճամպրուկները գրքերով էին լցված:
Շատ ավելի քիչ սթրեսներ, քիչ հանցագործություններ, ավելի շատ ազատություն և մարդկանց կողմից մեծ օգնություն. այսպես է Ջերին նկարագրում Վրաստանի կյանքը: Նրա և ընտանիքի համար ամենադժվարը վրացերեն սովորելն է: Նրանք այն արդեն հասկանում են, սակայն դժվարությամբ են խոսում:
Ջերին գյուղական կենսակերպի սիրահար է և իրեն հարմարավետ է զգում միայն այն ժամանակ, երբ կարող է բոբիկ քայլել: «Ամեն երեկո ես պարզապես դուրս եմ գալիս և նայում մայրամուտին… Դա հնարավոր չէ ոչ Թբիլիսիում, ոչ Յոհաննեսբուրգում: Մենք քաղաքային մարդիկ չենք»:
Խոհանոցն ընտանիքը կոնտեյներում է սարքել, ջուրը վերցնում են ջրանցքից, այն լցնում են տարայի մեջ, ֆիլտրում՝ ինչպես խոհանոցն, այնպես էլ բաղնիքը սառն ու տաք ջրով ապահովելով:
Բաղնիքում ծիծեռնակների ընտանիք է ապրում, որոնք բավականին խաղաղ գոյատևում են տանտերերի հետ: Բաղնիքի բաց դռնից եկող ճռվողյունն ու «անկոչ, բայց ցանկալի հյուրերի» թևերի ձայները օդափոխիչով սառեցվող հյուրասենյակի մթնոլորտին յուրահատուկ հմայք են հաղորդում:
«Բուրումնավետ բիզնես»
Վաղ ամառը նարդոսի բերքահավաքի ժամանակն է. այն Դյու Պրիզների ընտանիքի հիմնական արտադրանքն է, դրա փթթուն մանուշակագույն թփերը զարդարում են ողջ շրջապատը:
Վրաստանում քիչ գիտեն նարդոսի բազմաթիվ առավելությունների մասին, սակայն շատ երկրներում ֆերմերները դրանից եթերային յուղեր են պատրաստում, որը լավ հայտնի է իր հականեխիչ, հակաբորբոքիչ և հանգստացնող հատկություններով, ինչպես նաև խոհարարական բույսեր՝ ուտեստներին ծաղկային և թեթև անուշ համ տալու համար:
«Դա առողջարար է, շատ օգտակար նորածինների, ինչպես նաև շնչառության և քնելու խնդիրներ ունեցող մեծերի համար: Նարդոսից կարելի է քսուքներ, ապուրներ, թեյ և անգամ շաքարավազ ստանալ: Չորացրած ծաղիկներն օգտագործվում են նաև որպես զարդ:
Ներկա պահին ընտանիքն իր հողատարածքում նարդոսի 500 թուփ ունի, պլանավորում է այն տնկել 10 հա հողատարածքում, երբ ամբողջությամբ սկսեն օգտագործել ֆերման: «Մոտ 5 տարուց մեզ մոտ հավանաբար 5-6 հա նարդոս կլինի, և դա լավ բիզնես է», — ասում է Ջերին:
Նրա խոսքով՝ նարդոսի յուղի մեկ միլիլիտրի միջազգային գինը կարող է հասնել 300 ԱՄՆ դոլարի՝ կախված որակից: Միջինում, յուրաքանչյուր բույս մոտ 10-12մլ յուղ է տալիս:
Նախորդ տարի Դյու Պրիզները մոտ 400 միլիտրոն յուղ են արտադրել և վաճառել 10մլ ծավալով տարայով՝ յուրաքանչյուրը 25 լարի գնով: Մնացածը պարզապես նվիրել են, որպեսզի մարսիկ կարողանան ծանոթանալ մթերքին:
Իմանալ, թե երբ նարդոսի թփերը ջրի կարիք ունեն, ֆերմերներին օգնում է հատուկ ջերմաչափը, որը չափում է հողի ջերմաստիճանը:
Ջերին համարում է, որ Վրաստանում գյուղացիները հողը մշակում են հարավային Աֆրիկայի համեմատ հին մեթոդներով: «Մենք սովոր ենք մեխանիզմների և տեխնոլոգիաների օգտագործմանը», — ասում է նա:
Տարբեր գործիքներով լի կոնտեյները երկար ճանապարհ է անցել Հարավային Աֆրկայից մինչև Լեմշվենիերա գյուղ՝ ի վերջո վերածվելով Ջերիի արհեստանոցի և պահեստի: «Այստեղ հավաքած գործիքների և նյութերի մեծ մասը շատ սպեցիֆիկ է, դրանք հնարավոր չէ գտնել Վրաստանում, — բացատրում է նա: — Իսկ որոշները մի ամբողջ կարողություն կարժենային, եթե այստեղ գնեի»:
Տեղի հողը նա գերազանց է գնահատում: «Այն, ինչ այստեղ տնկում-ցանում եք, աճում է», — ասում է նա:
Ապագան…
Երբ 15-ամյա Մարնիկն ու 13-ամյա Իգնիդը լսել են Վրաստան տեղափոխվելու մասին, դա նրանց համար հնչել է որպես արկած:
Իգնիսը, որին նյարդայնացնում էին Բետալայի իրենց նախկին ֆերմա երկկենցաղների այցերը, ավելի երջանիկ է Վրաստանում: Դինոզավրերի և քարերի սիրահար լինելով՝ նա ուզում է հնագետ դառնալ և ճամփորդել աշխարհով մեկ:
Մարնիկն ամեն օր շփվում է իր լավագույն ընկերուհի Քրիստինայի հետ: Նա նույնպես կարդում է, սոցցանցերում ժամանակ անցկացնում, նկարում, ասեղնագործում և լեզուներ սովորում՝ հոլանդերեն, ռուսերեն, թուրքերեն և վրացերեն: Նա ասում է, որ ուզում է հացթուխ դառնալ և լեզուներ ուսումնասիրել: «Որքան շատ լեզու գիտեմ, այդքան շատ գիրք կարող եմ կարդալ», — ասում է նա:
Նրանց ծնողներն ասում են, որ Վրաստան են եկել հանուն իրենց երեխաների ավելի լավ ապագայի: Ջերին գոհ է, որ երեխաներն իրենց վրա տարբեր մշակույթների ազդեցություն են զգում:
Տվյալ պահին նրանք Վրաստանում կեցության ժամանակավոր իավունք ունեն, սակայն ընտանիքը հույս ունի միջնաժամկետ հեռանկարում կեցության մշտական իրավունք և, ի վերջո, քաղաքացիություն ստանալ:
Դուք ձեզ զգո՞ւմ եք ինչպես տանը, — վերջին հարցս եմ ուղղում:
«Օ, այո, ավելի շատ, քան Հարավային Աֆրկայում», — արագ պատասխանում է Ադրին:
Նրա ամուսինն ավելացնում է. Վրաստանի բնակիչները «շատ միասնական համայնք են: Մարդիկ իրար մեծապես աջակցում են»: