Վրաստան․ «Բաժանում, որն անհետևանք չի մնա»
Վրաստանում երեխաների սերունդ է մեծանում, որոնք իրենց մայրերին տեսնում են միայն գաջեթների էկրաններին։ Վրաստանից աշխատանք գտնելու նպատակով արտագաղթած քաղաքացիների զգալի մասը կանայք են։ Նրանք ընտանիք են պահում ծանր աշխատանքով, իսկ նրանց երեխաներն առանց ծնողների են մեծանում։ Սա ոչ մի լավ բան չի բերելու ո՛չ երեխաներին, ո՛չ էլ հասարակությանը, կարծում են մասնագետները։
2015 թ․ օգոստոսի առաջին օրը շատ շոգ էր։ 24-ամյա Թիկո Բիբիչաձեն ճամփորդական մեծ պայուսակը դրել է իր հոր հին մեքենայի բեռնախցիկի մեջ, վերջին անգամ հայացք է գցել հարազատ տան վրա և արդեն հինգ տարի է՝ հայրենի գյուղ չի վերադարձել։
Նրա երեք երեխաները, որոնցից կրտսերը մեկ տարեկան ութ ամսական էր, խաղում էին բակում։ Երեխաներին ասել էին, որ մայրը Թբիլիսի է մեկնում և շուտով վերադառնալու է։
Մանկահասակ երեխաներ, հիվանդ ծնողներ, բռնություն ամուսնու կողմից, ապահարզան, աշխատանքի բացակայություն, բանկային պարտքեր․ Թիկոյի պատմությունը բացառիկ չէ։ Ընդհակառակը, այն միավորում է այն խնդիրները, որոնց պատճառով հազարավոր կանայք լքում են Վրաստանը։
Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալերի՝ միայն 2019 թ-ին Վրաստանից ժամանակավոր կամ մշտական բնակության համար արտասահման է մեկնել 105 հազար քաղաքացի։ Նրանցից ավելի քան 46 հազարը կանայք են։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ տարբեր ժամանակներում Վրաստանը լքել է մինչև 1,6 մլն մարդ, ինչը հսկայական թիվ է ներկայիս 3,7 մլն բնակչությամբ երկրի համար։
- Աշխատանքը կորցնելը դեռ ամենասարսափելին չէ
- Լեհաստան․ երկիր, որտեղ աշխատանք կա Վրաստանի քաղաքացիների համար
- Վրաստան․ հարավաֆրիկյան բուրերի նոր տունը
Զանգվածային աշխատանքային միգրացիան ընդհանուր խնդիր է հետխորհրդային երկրների համար։ Համեմատության համար․ Մոլդովայում արտագաղթի մասշտաբների մասին խոսելիս այդ երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնը 2020 թ․ նոյեմբերին հայտարարել է, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր երկիրը զրկվել է բնակչության մեկ երրորդից։ Ըստ Ուկրաինայի իշխանությունների տվյալների՝ 2010 թ-ից երկրից մեկնել և չի վերադարձել շուրջ 4 մլն ուկրաինացի՝ բնակչության գրեթե 10%-ը։
Վրաստանում աղքատությունն ու գործազրկությունն արտագաղթի գլխավոր պատճառներն են։ Վրաստանի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչ սոցիալական օգնություն է ստանում, պաշտոնական գործազրկությունը 12 տոկոս է, սակայն, հարցումների համաձայն՝ 63 տոկոսն իրեն գործազուրկ է համարում։ Այդ պատճառով էլ արտագաղթը շատերի համար միակ լուծումն է։
Ինչպես բոլոր էմիգրանտ կանայք, Թիկո Բիբիչաձեն սկզբից պլանավորում էր, որ իր բաժանումը երեխաների հետ ընդամենը մի քանի տարի է տևելու։
«Մտածում էի, որ պարտքերս կվճարեմ և հնարավորինս շուտ կվերադառնամ, բայց ընտանիքին ժամանակի ընթացքում ավելի շատ բան է պետք։ Այդ պատճառով էլ մնում եմ։ Երեխաներս ավելի ու ավելի շատ են մոռանում մայրական ջերմությունը», — ասում է Թիկոն։
Նա երկու աղջիկ ունի՝ 12 և 10 տարեկան, և 7 տարեկան տղա։ Նրանք Թիկոյի հետ ինտերնետով են շփվում գրեթե ամեն օր։
«Սակայն ես ավելի ու ավելի շատ եմ օտարացում զգում նրանց կողմից, դրանից սիրտս պայթում է, — ասում է Թիկոն, — նրանք մեծանում են, իրենց կյանքն ունեն, և ես այլևս դրա մասը չեմ։
Տղաս խաղերը գերադասում է ինձ հետ զրույցից։ Ավագ աղջիկներիս կյանում բազում նոր բաներ են տեղի ունենում, սակայն նրանք այդ ամենով ինձ հետ չեն կիսվում»։
Այժմ Թիկոն ապրում է Իտալիայի Լացիո քաղաքում և, ինչպես հազարավոր այլ վրացի կանայք, տարեց մի տղամարդու է խնամում տեղի ընտանիքներից մեկում։
Թիկոյի խոսքով՝ դա շատ ծանր աշխատանք է։ Նա ասում է, որ Իտալիան խոստացել է օրինականացնել երկրում այն միգրանտների կացությունը, որոնք տարեցների են խնամում և չեն լքել նրանց համավարակի օրերին։ Նա հույս ունի, որ հունվարին կեցության իրավունք կստանա։
Եթե ամեն ինչ ստացվի, Թիկոն պլանավորում է ամռանը տուն մեկնել, բայց միայն մեկ ամսով․
«Ընդմի՞շտ։ Ոչ, դեռ ոչ։ Վախենում եմ։ Ինչպե՞ս պահեմ հինգ հոգանոց ընտանիքս, եթե վերադառնամ։ Երեխաներս ինձ հաճախ են ասում, որ համաձայն են սոված մնալ, միայն թե վերադառնամ։ Բայց նրանք փոքր են և չեն հասկանում, թե ինչ է նշանակում, երբ անհրաժեշտ բաներ չեն լինում»։
Թիկոն ամսական 850 եվրո է վաստակում։ Գրեթե ողջ գումարը նա տուն է ուղարկում։
Մեկնել՝ ապրելու համար
Վրաստանում արտագաղթի առաջին ալիքը սկսվել է 1990-ական թվականներին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։
Զինված հակամարտություններով համակված երկիրն աղքատության և սովի եզրին է հայտնվել՝ կտրուկ աճած հանցավորությամբ։ Մարդիկ մնացել են առանց աշխատանքի, փողի, սննդի, էլեկտրականության և գազի։
Արտագաղթողները, տղամարդկանց զուգահեռ՝ նաև կանայք էին։ Նրանք թողել են իրենց տները, ընտանիքներն ու երեխաներին, վերցրել ծանր ճամպրուկներն ու մեկնել հարևան Թուրքիա՝ աշխատելու և առևտրով զբաղվելու։
Խորապես պահպանողական վրացական հասարակությունում կանայք, որոնք արտասահման են մեկնել աշխատելու, մշակութային մեծ փոփոխություն էին։
Հենց այդ առաջին միգրանտ կանայք են սկսել մարմնավորել կանանց նոր դերն անկախ Վրաստանում․ նրանք այլևս պարզապես տնային տնտեսուհի չէին, այլ ընտանիք կերակրող, որոնք իրենց ծանր աշխատանքով հազարավոր ընտանիքներ են փրկել Վրաստանում։
Եվ սա շարունակվում է արդեն երկար տարիներ։
Վրաստանն արտասահմանից ամսական ավելի քան 150 մլն դոլար է ստանում, ինչը բնակչության եկամտի հիմնական աղբյուրներից է։
Դա այն գումարն է, որ արտագաղթածներն ուղարկում են իրենց ընտանիքներին։ Միայն 2019 թ-ին երկիր է մտել 1,7 մլրդ դոլար դրամական փոխանցում։ Դա ավելին է, քան ուղղակի արտասահմանյան ներդրումները, որոնք կազմել են 1,3 մլրդ։
Ազգային բանկի տվյալներով՝ դրամական փոխանցումներով առաջին տեղում է Ռուսաստանը։ Նրան բաժին է ընկնում փոխանցումների 20 տոկոսը։
Այնուհետև գալիս են Իտալիան (15 տոկոս) և Հունաստանը (11 տոկոս)։ Այս երկու երկրներում են աշխատում Վրաստանից արտագաղթած կանանց մեծ մասը։ Բացի այդ, կանայք մեկնում են նաև ԱՄՆ և Թուրքիա։
Վրացի աշխատանքային միգրանտ կանանց մեծ մասն աշխատում է ընտանիքներում․ հիմնականում նրանք խնամում եմ տարեցների, ինչպես նաև աշխատում են որպես տնային տնտեսուհի՝ տներ են մաքրում, սնունդ պատրաստում։ Ավելի հազվադեպ՝ աշխատում են որպես դայակ, քանի որ, որպես կանոն, լեզու չգիտեն։
Սովորաբար նրանք ապրում են այն նույն տանը, որտեղ աշխատում են, և էլ բնակարան չեն վարձակալում, ինչը թույլ է տալիս միջոցներ տնտեսել։ Կամ մի քանի էմիգրանտ միասին մի տուն են վարձակալում։
Էմիգրանտ կանանց աշխատանքի տեղավորվելը հիմնականում ապօրինի է, հետևաբար, եվրոպական չափանիշներով, այն ցածր է վարձատրվում։ Սակայն անգամ այդ գումարը շատ ավելին է, քան աշխատավարձը, որի վրա կարելի է հույս դնել Վրաստանում։
Նման աշխատանքի համար եվրոպական երկրներում 700-1000 եվրո են վճարում։ 500 եվրոյից սկսած՝ Թուրքիայում։ ԱՄՆ-ում աշխատավարձն ավելի բարձր է, սակայն այնտեղ հասնելը շատ ավելի դժվար է։
«Աշխատավարձս 800 եվրո է։ Բնակարան չեմ վարձակալում, այստեղ էլ՝ տանը, սնվում եմ։ Այդ պատճառով էլ գումարը գրեթե ամբողջությամբ Վրաստան եմ ուղարկում։ Գումարի մի մասը գնում է վարկի մարմանը․ երբ ամուսնուս կալանավորեցին թմրանյութերի օգտագործման համար, ես բանկից փող վերցրի, որ գրավը վճարեմ։ Ավելի ուշ նոր պարտքեր ավելացան․ ընտանիքին շատ բան է պետք։ Ամուսինս մեքենա է գնել, տունը վերանորոգել են, երեխաներն արդեն դիմորդ են», — պատմում է Նանան։ Նա Արևմտյան Վրաստանի գյուղերից մեկից է և արդեն չորս տարի աշխատում է Հռոմում։
Սակայն այդ գումարների հետևում, որոնք հազարավոր կանայք Վրաստան են ուղարկում, լուրջ սոցիալական և հոգեբանական խնդիրներ կան, ինչպես կանանց, այնպես էլ երեխաների չբուժված հոգեբանական տրավմաներ։
Մայրություն՝ «Սկայպով»
Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական վարչության տվյալների՝ Վրաստանից 2015-2019 թթ-ին արտագաղթածների թվում ավելի շատ են 25-29 տարեկան կանայք։
Շատերը Վրաստանում թողել են մանկահասակ երեխաների։
31-ամյա Նինո Քավթառաձեի պատմությունը նման է շատ կանանց պատմություններին․ նա բաժանվել է ամուսնուց, չի կարողացել աշխատանք գտնել կամ իր գործը բացել, իսկ երկամյա որդու մոտ առողջական խնդիրներ են առաջացել։ Յոթ տարի առաջ Նինոն հավաքել է իրերն ու մեկնել Հունաստան։
«Պետք է ժամը 30 լարի (մոտ 10 դոլար) վճարեի երեխայիս առողջության վերականգնման համար, իսկ նա պետք է օրական հինգ ժամ վարժություններ աներ։ Նախկին ամուսինս ոչնչով չէր օգնում։ Երեխայիս առողջությունն ինձ համար ամենագլխավորն է, այդ պատճառով էլ մայրությունս հետին պլան մղեցի», — ասում է Նինոն։
Նա շատ է մտահոգվում, որ չի կարողանում լիարժեք մասնակցել որդու դաստիարակմանն ու կյանքին, որին այժմ տատն է պահում։
«Ժամանակ կգա, որ նա ինձ կհարցնի, թե ինչու եմ մեկնել և ինչու նրա կողքին չեմ եղել։ Ես ամեն ինչ կբացատրեմ և վստահ եմ, որ նա կհասկանա», — ասում է Նինոն։
Արտագաղթած մայրերի մեծ մասը Նինոյի պես խղճի մշտական խայթ է զգում․ նրանք իրենց, հաճախ էլ՝ ընտանիքի անդամներին և շրջապատի մարդկանց պետք է ապացուցեն, որ երեխաներից բաժանումը թելադրված էր անհույս իրավիճակով և անհրաժեշտ էր նրանց ավելի լավ ապագայի համար։
Հոգեթերապևտ Եկատերինա Դարսանիան ասում է, որ Վրաստանում կանանց արտագաղթով պայմանավորված իրավիճակը ցավալի է, և տարիներ անց ոչ միայն առանձին ընտանիքներ, այլև հասարակությունն ընդհանուր առմամբ իրենց վրա կզգան դրա հետևանքները․
«Մայրերի և երեխաների այս բաժանումն անհետևանք չի մնա։ 10-15 տարի անց մենք կբախվենք գլոբալ, լուրջ խնդրի։ Ագրեսիա, հոգեբանական շեղումներ, տագնապային խախտումներ, սոցիոպաթիա և շատ այլ բաներ կարտահայտվեն ապագայում։ Այս երեխաները մեծ ռիսկի են ենթարկվում»։
Առաջին արդյունքներն արդեն ակներև են։ Օրինակ՝ Գլխավոր դատախազության վերլուծական բաժնի իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ անչափահասների կատարած իրավախախտումների գրեթե 23% դեպքերում իրավախախտի ծնողը, հիմնականում՝ մայրը, արտասահմանում է։
Բացի այդ, հոգեբանները պնդում են, որ գաջեթների միջոցով պահպանվող հարաբերություններն ու «Սկայպի» միջոցով օրորոցային երգելը չի կարող օգնել մորն ու երեխային փոխադարձ օտարացումից, և Վրաստանի երեխաների մի ողջ սերնդի անդառնալի կորուստներով է սպառնում։
«Ոչ մի առցանց միացում չի կարող երեխայի համար փոխարինել մորը հպվելու և նրա հետ լինելու ցանկությանը։ Մայրերն ու երեխաները մինչև երեք տարեկանը սովորաբար մի համակարգ են համարվում։ Անգամ այդ տարիքից հետո երեխան աշխարհն ընկալում է միայն մոր հետ միասին, այդ պատճառով էլ նրանց բաժանումը լուրջ սպառնալիք է դեռահասի զարգացման համար», — ասում է Եկատերինա Դարսանիան։
Նրա խոսքով՝ երեխաները, որոնք առանց մոր են մեծանում, հաճախ են նրանց ընկալում որպես նյութական աջակցության աղբյուր, և նրանց մոտ հաճախ է ագրեսիա և զայրույթ առաջանում մոր նկատմամբ։
Ի՞նչ է անում պետությունը
«Չնայած նրան, որ արտագաղթը կանանց համար սեփական ընտրություն է, մենք չենք կարող այդ ընտրությունը մինչև վերջ ինքնակամ անվանել։ Որովհետև այդ որոշումը պայմանավորված է ծանր սոցիալ-տնտեսական դրությամբ և, ըստ նրանց, միակ ելքն է, որ նրանք գտել են», — ասում է Հենրիխ Բյոլի «Արտագաղթից վերադարձած կանանց վճարվող և չվճարվող աշխատանքը» հետազոտության հեղինակը։
2015 թ-ից պետությունը հասարակական կազմակերպությունների աջակցությամբ առաջարկում է վերադառնալու ցանկություն հայտնած էմիգրանտների վերաինտեգրման ծրագիր։
2019 թ-ին այս ծրագրով հայրենիք է վերադարձել 2598 մարդ։
Ծրագիրը, մասնավորապես, նախատեսում է 3 հազար լարի (մոտ հազար դոլար) փոքր բիզնես բացելու համար (եթե նախագիծը հաստատի հատուկ հանձնաժողովը), հազար լարի ($300) դրամական օգնություն՝ կարճաժամկետ դասընթացների համար, հազար լարիի չափով բժշկական օգնության վճար՝ կյանքի համար վտանգավոր կամ քրոնիկ հիվանդությունների դեպքում, ամսական 375 լարիի ($115) չափով վճարովի եռամսյա փորձաշրջանի ֆինանսավորում, ինչպես նաև իրավաբանական օգնություն։
Սակայն այս օգնությունը հազիվ թե ի վիճակի լինի միգրանտներին փոխհատուցել այն եկամուտները, որոնք նրանք ստանում են արտասահմանում։
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM), իր հերթին, Վրաստանում իր ծրագրերն է իրականացնում արտագաղթից վերադարձածների սոցիալականացման համար։
Սակայն բոլոր փորձագետներն այն կարծիքին են, որ խնդիրը կարող են լուծել ոչ թե միգրանտներին տուն վերադարձնելուն ուղղված հստակ ծրագրերը, այլ՝ աշխատատեղերի ստեղծումն ու երկրի տնտեսական զարգացումը։
Սակայն այս հեռանկարները դեռևս չեն դիտարկվում։ Վրաստանում աշխատատեղերի քանակը 2016-2019 թթ-ին կրճատվել է 45 հազարով, իսկ 2020թ․ երկրորդ եռամսյակում՝ ևս 33 հազարով։
Անգամ երկրի ոչ ֆորմալ ղեկավար, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին չի հավատում մոտ ապագայում աշխատատեղերի ստեղծման հարցում մեծ հաջողություններին։
Իր վերջին հարցազրույցներից մեկում նա ուղղակի հայտարարեց, որ ոչ մի տնտեսական աճ Վրաստանում չի կարող երկու միլիոն աշխատատեղ ստեղծել մոտակա 20 տարում։ Նրա կարծիքով՝ լուծումը եվրոպական զարգացած երկրներում Վրաստանի քաղաքացիների համար օրինական աշխատանքի տեղավորման հնարավորության ստեղծումն է։
Համավարակն արդեն էլ ավելի ուժեղ է հարվածել Վրաստանի տնտեսությանը, և այդ վնասը դեռ պետք է գնահատել։
Կանանց կորուսյալ սերունդ
Նինո Քավթառաձե, 31 տարեկան, մեկնել է Թբիլիսիից․ «Հունաստանում այս վեց տարում որտեղ ասես, որ չեմ աշխատել։ Որոշ տեղերում բախտս բերել է, մյուսներում՝ ոչ։ Երեք տարի հյուրանոցում մաքրուհի եմ աշխատել։ Ամեն օր մաքրում էի 500 քառակուսի մետր տարածք և երեկոյան սարսափելի հոգնում էի»։
Նանա, 49 տարեկան, մեկնել է Արևմտյան Վրաստանի Խոբիի շրջանից․ «Հռոմում եմ ապրում չորս տարի և ընդամենը երկու անգամ եմ դուրս եկել՝ քաղաքը տեսնելու։ Խնամում եմ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող ծեր տղամարդու, սա ամենածանր աշխատանքն է, նրա հետ եմ օր ու գիշեր։ Հանգստյան օրերին ընկերներիս եմ տեսակցում, որոնք նույնպիսի վրացի էմիգրանտներ են։ Նրանք միասին բնակարան են վարձակալում։ Որևէ վրացական ուտեստ ենք պատրաստում, հաց ենք ուտում, իսկ հետո չորսս էլ 24 ժամ քնում ենք, մինչև որ աշխատանքի գնալու ժամանակը գալիս է»։
Խաթունա Շաթիրաշվիլի, 52 տարեկան, մեկնել է Արևմտյան Վրաստանի Օզուրգեթիի Դվազբու գյուղից․ «Իտալիայում մի ընտանիքի տանն եմ աշխատում, տատիկին եմ խնամում։ Աշխատավարձս 850 եվրո է։ Դա շատ քիչ է տեղի չափանիշներով։ Ոչ մի օր չեմ հանգստանում։ Ամսական միայն մեկ ազատ օր ունեմ՝ պարզապես բանկ գնալու և փող ուղարկելու համար»։
Վրաստանից մեկնած և օտարության մեջ ծանր աշխատանք կատարող կանանց մեծ մասն ամբողջությամբ հաշվի է առնում տանը մնացած ընտանիքի պահանջները, այլ ոչ թե անձնականը։
Նրանց մեծ մասի համար ապօրինի կարգավիճակի պատճառով հասանելի չեն անգամ բազային բժշկական ծառայությունները։
«Նրանք ձգտում են ամբողջ աշխատավարձը տուն ուղարկել և խնայում են անգամ սեփական առողջության հաշվին։ Իսկ այդպիսի սթրեսներն անհետևանք չեն մնում», — ասում է միգրացիայի փորձագետ և «Սերունդների երկխոսություն» կազմակերպության ղեկավար Նուզգար Կոխրեիձեն։
Արտագաղթը՝ որպես ցմահ դատավճի՞ռ
Մեր կողմից հարցված բոլոր կանայք ասում են, որ ի սկզբանե պլանավորում էին արտասահմանում անցկացնել երկու-երեք տարի։
Սակայն, չնայած ծանր աշխատանքին, կանայք չեն կարողանում զգալիորեն բարձրացնել իրենց ընտանիքների կենսամակարդակը, հաստատուն կերպով բարելավել իրենց տնտեսական վիճակը, այդ պատճառով էլ տարիներով օտարության մեջ են անցկացում։
«Երբ մի վարկը մուծեցի, մյուսը վերցրինք։ Ոչ թե շքեղության համար, այլ տան համար նոր տանիք էր պետք, մի քիչ էլ՝ վերանորոգում։ Չէ՞ որ դրա համար փող է պետք։ Կամ էլ եթե գամ, ինչո՞վ պահեմ երեխաներիս։ Այսպես թե այնպես, հիմա նրանք սոված չեն, անգլերենի դասերի են հաճախում, տանը տաք է, հագնելու բան ունեն»։
«Իսկ ի՞նչ կլինի, եթե վերադառնամ։ Ստիպված եմ լինելու աշխատել 500 լարիո՞վ ($150)», — ասում է Նանան, որն արդեն չորս տարի է՝ Իտալիայում է ապրում։
Օտար երկրում անցկացրած տարիների ընթացքում կանայք չեն աճում ոչ անձնական, ոչ էլ պրոֆեսիոնալ առումով։
Մեծ մասամբ, դրամային փոխանցումները նրանց արտագաղթի միակ զգալի արդյունքն են։
«Հետևաբար, անգամ այսքան ֆեմինիզացված արտագաղթի պայմաններում, կանանց դերը վրացական պահպանողական հասարակությունում ավելի կարևոր չի դառնում։ Թեև կանայք ընտանիքի կերակրողն են, բայց ընդհանուր պատկերը չի փոխվում։ Նման արտագաղթը կանանց նոր հնարավորություններ չի տալիս և ոտքի չի կանգնեցնում», — ասում է Մերի Չաչավան։
«Մեդիացանցի» աջակցությամբ