Վրաստանը սկսում է կրկին զարգացնել զբոսաշրջությո՞ւնը
Վրաստանը հույս ունի վերականգնել զբոսաշրջությունն արդեն ամառվանից։ Հունիսի 15–ից Վրաստանում կբացվեն հյուրանոցներն ու մյուս զբոսաշրջային օբյեկտները ներքին զբոսաշրջիկների համար։ Հուլիսի 1–ից երկիրը կընդունի այս տարվա առաջին օտարերկրյա զբոսաշրջիկներին։ Սա կառավարության պլանն է, որի համաձայն՝ Վրաստանը կդառնա «աշխարհի առաջին երկիրը», որը զբոսաշրջության համար կբացվի COVID-19–ի առաջացրած ճգնաժամից հետո։ Որքանով է այդ պլանն իրատեսական, և արդյոք պատրաստ է Վրաստանն արդեն այս ամառ սեզոնի բացմանը։
Ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը
Վրաստանում զբոսաշրջության արագ վերականգնմանը կօգնի արդեն կուտակված փորձը․ այստեղ ենթադրվում է մարդկանց կարանտինի համար հյուրանոցներում տեղավորելն ու սպասարկումը, կարծում է վարչապետ Գիորգի Գախարիան։
Վրաստանի կառավարությունը մտադիր է զբոսաշրջիկներին առաջարկել կորոնավիրուսի առումով «անվտանգ» հանգստավայրեր՝ Ցխալտուբոն, Գուդաուրին, Սայիրմեն, Աբաստումանին, Բորժոմին և այլն։
- Վրաստան․ ի՞նչ է լինելու զբոսաշրջության հետ
- «Դառնալ ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը»։ Վրացի փորձագետները՝ տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին
- Թուրքիան պատրաստվում է բացել զբոսաշրջային սեզոնն արդեն մայիսի վերջին։ Ինչպե՞ս է դա կազմակերպվելու։ Լուսանկարներ
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը բանակցություններ կսկսի տարբեր երկրների հետ՝ զբոսաշրջիկներ ներգրավելու համար «անվտանգ միջանցքների» ստեղծման շուրջ։ Երկիր ժամանող զբոսաշրջիկների՝ COVID-19–ի առկայության զննումը պետք է ընդամենը մեկ ժամ տևի։
Մայիսի 18–ին վարչապետն արտասահմանում Վրաստանի դեսպաններին հանձնարարել է «զարգացնել» Վրաստանի՝ որպես անվտանգ երկրի իմիջը, որը հաջողությամբ դիմակայում է COVID-19 համավարակին։
JAMnews–ը դիմել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությանը՝ պլանի մանրամասները պարզելու համար։ Մեզ հետաքրքրում էր, թե հստակ ինչ է արվում զբոսաշրջիկներին հուլիսի 1–ից ընդունելու համար, ինչ նոր կանոններ են գործելու երկիր ժամանող հյուրերի համար, և անվտանգության ինչ չափանիշներ են ներմուծվելու։ Ինչպես մեզ հաղորդեցին վարչությունից, պլանը դեռևս մշակման փուլում է, և մանրամասները հայտնի կդառնան մոտ ապագայում։
Ամեն ինչ սկսել կրկին
Վրաստանում զբոսաշրջության հատվածն ակտիվորեն աճում էր վերջին տարիներին, և դարձել էր վրացական տնտեսության կարևորագույն բաղկացուցիչներից մեկը։ Զբոսաշրջության մասնաբաժինը երկրի ՀՆԱ–ում 2018 թ–ին կազմել է 7,6 տոկոս։
Անցյալ տարի Վրաստան է ժամանել 9,3 մլն օտարերյա այցելու (երկրի բնակչությունից 2,5 անգամ ավելի)․ դա ռեկոդային ցուցանիշ է հետխորհրդային ողջ ժամանակահատվածի համար։
Կառավարությունը երկար տարիների ընթացքում օգնել է զբոսաշրջության հատվածին։ Սակայն համավարակը երկրում զբոսաշրջությունը զրոյական կետի է հասցրել։
JAMnews–ը խոսել է Զբոսաշրջության ազգային վարչության նախկին ղեկավար, ներկայում Terrace հյուրանոցի կառավարիչ գործընկեր Մայա Սիդամոնիձեի հետ այն մասին, թե որքանով է իրատեսական հուլիսի 1–ից օտարերկրյա զբոսաշրջիկներ ընդունելը, և թե ինչպես է ազդելու ճգնաժամը զբոսաշրջության ոլորտի վրա։
«Չեմ կարծում, որ մոտակա երկու տարում Վրաստանը վերադառնա միջազգային զբոսաշրջության այն մակարդակին և աճի այն միտումներին, որոնք կային նախկինում։
Այդ պատճառով էլ սխալ կլինի մասնավոր բիզնեսի մոտ սպասումներ առաջացնել, որ հուլիսի 1–ից մենք շարունակելու ենք ապրել այնպես, ինչպես սովոր ենք։
Երկրորդ խնդիրը, որը տեսնում եմ, զբոսաշրջիկների սպառողական վարքի փոփոխությունն է։ Մենք գիտենք, որ չափազանց շատ սանիտարական հրահանգներ և կանոններ կան, և այդ ընթացակարգերի պատճառով հետագա մի քանի ամսում ճամփորդությունները կտրուկ փոխվելու են, դրանք դառնալու են ավելի երկար և պակաս հարմարավետ։
Ես կասեի, որ հուլիսի 1–ից մենք, հավանաբար, զբոսաշրջության ինդուստրիան սկսելու ենք կրկին զարգացնել։ Մենք բախվելու ենք բավականին լուրջ խնդիրների, սակայն նոր հնարավորություններ էլ են բացվելու», –ասել է Մայա Սիդամոնիձեն հարցազրույցի ընթացքում։
Զբոսաշրջության ապագա․ թանկարժեք «հանգիստ ցանկապատի հետևո՞ւմ»
Վրաստանի կառավարությունը հայտարարել է ասդպես կոչված «կանաչ գոտիների»՝ կորոնավիրուսից ազատ փակ տարածների ստեղծման մասին։ Իսկ դա նշանակում է, որ հաշվարկը բնավ բյուջետային զբոսաշրջությանը չի վերաբերում։
Մայա Սիդամոնիձեն համարում է, որ համավարակի հետևանքով զբոսաշրջիկների գնողունակությունն աշխարհում նվազելու է, սակայն պրեմիում դասի արտադրանքի պահանջարկը կարող է աճել։ Այդ պատճառով էլ ճամփորդությունները մոտակա մի քանի տարում կարող են լիովին փոխվել․ տեղացիների հետ շփվելու և տեղի կոլորիտին ավելի լավ ծանոթանալու փոխարեն շատ զբոսաշրջիկներ նախընտրելու են, պայմանականորեն ասած, «ցանկապատից այն կողմ հանգիստը»։
«Հենց «կանաչ գոտիներն» ու մեկուսացված միջավայրը կարող է առաջնահերթություն դառնալ սպառողի համար, որպեսզի նա իրեն կարողանա անվտանգ զգալ», — կարծում է Սիդամոնիձեն։
Այդ առումով կշահեն Թբիլիսիի շրջաններում գտնվող հանգստավայրերը, սակայն կպարտվեն Թբիլիսիում տեղակայված հյուրանոցները․ նրանց համար դժվար կլինի զբոսաշրջիկներ ներգրավելը։
Միաժամանակ փորձագետը կարծում է, որ համավարակը կարող է դրական անդրադառնալ բնակարանների տերերի վրա, որոնք դրանք վարձակալության են տալիս, օրինակ, Airbnb կայքով․ շատ զբոսաշրջիկներ, հավանաբար, կնախընտրեն մեկուսացված բնակարանները բազմամարդ հյուրանոցներին։
Որտեղի՞ց են լինելու առաջին զբոսաշրջիկները
Կառավարությունում կարծում են, որ առաջինը երկիր կրկին այցելելու են մոտակա երկրների բնակիչները, որոնք կարող են Վրաստան հասնել մեքենայով։ Միաժամանակ իշխանությունները հայտարարում են, որ բանակցություններ են վարում ավիաընկերությունների հետ թռիչքների վերսկսման շուրջ։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե առաջինը որ երկրների հետ կբացի սահմանը Վրաստանը․ դա կախված կլինի այդ երկրներում համավարկի հետագա զարգացումից։
Մայա Սիդամոնիձեն կասկածում է, որ հուլիսի 1–ից անմիջապես հետո զբոսաշրջիկներն ինքնաթիռներով ժամանելու են։ Իսկ ինչ վերաբերում է ցամաքային սահմանները բացելուն, ապա փորձագետը կառավարությանը խորհուրդ է տալիս «առաջնահերթություններ սահմանել»։
Վրաստանը նաև սպասում է ռուս զբոսաշրջիկների, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան։ 2018 թ–ին նրանք կազմում էին Վրաստան այցելած բոլոր զբոսաշրջիկների 23 տոկոսը՝ 1,4 մլն մարդ։ Երկրում քաղաքական ճգնաժամի և դեպի Վրաստան թռիչքների արգելքը, որը սահմանեցին ռուսական իշխանությունները, 2019 թ–ին նրանց թիվը կրճատվեց ընդամենը հինգ տոկոսով։
Սակայն Մայա Սիդամոնիձեն ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, որ Ռուսաստանը վարակման դեպքերի քանակով աշխարհում երկրորդ տեղում է, և իրավիճակը հազիվ թե բարելավվի մոտ ժամանակներս։ Իսկ սահմանների բացումը ռուս զբոսաշրջիկների համար սպառնում է Վրաստանի անվտանգությանը։
«Կարծում եմ, որ անգամ եթե վարակ չլիներ, մեզ համար ռուսական շուկան, միևնույն է, անկայուն է։ Այսօր այն կա, վաղը կարող է չլինել։ Դա միշտ կարող է քաղաքական մանիպուլյացիաների հարց լինել։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ չարժե այդպիսի հայտարարություններ անել և շեշտը դնել այդպիսի անկայուն շուկայի վրա, դրանով մենք կրկին սխալ սպասումներ ենք ստեղծում բիզնեսի և մասնավոր հատվածի մոտ», — նշել է Մայա Սիդամոնիձեն։
Օգնություն պետությունից
Կառավարությունը հայտարարել է զբոսաշրջության ոլորտում զբաղված գործարարներին օգնություն տրամադրելու մասին։ Նրանք 2020 թ–ին կազատվեն գույքահարկից, ինչպես նաև մինչև տարեվերջ կհետաձգվի շահութահարկի վճարումը։ Բացի այդ, պետությունը մասնակիորեն կվճարի նրանց բանկային վարկերի տոկոսադրույքներն, ինչպես նաև արտոնյալ վարկեր կտրամադրի։
Արդյո՞ք այս միջոցները բավարար են։ Սիդամոնիձեն կարծում է, որ ձեռնարկատերերի համար գլխավորը սխեման է, որը նրանց կպաշտպանի սնանկությունից։ Իսկ գլխավոր խնդիրը բանկային պարտքերն են։ Հենց այս խնդրի լուծման համար, ըստ նրա, պետք է միջազգային օգնության միջոցներ ուղղվեն։
«Մյուս կողմից, պետք է ակտիվ գործողություններ ձեռնարկվեն զբոսաշրջիկներ ներգրավելու համար։ Դրանցից մեկը թռիչքների վերագործարկումն է, սակայն շատ կարևոր է, որպեսզի աշխատանքը սկսվի արդեն հիմա, և նոր սանիտարական կանոնները հայտարարվեն, որքան հնարավոր է, շուտ։ Քանի որ, եթե խոսում ենք հուլիսի մեկից աշխատանքը վերսկսելու մասին, կարևոր է համապատասխան նախապատրաստման համար ժամանակ ունենալը։
Երկրորդ հերթին՝ հիմա արդեն մենք պետք է ակտիվ վաճառքների փուլում լինենք, բանակցություններ վարենք ավիաընկերությունների հետ, նոր շուկաներ դուրս գանք, որովհետև այսօր օմենք կարող ենք ունենալ բացառիկ հնարավորություններ, որոնք չենք ունեցել նախկինում, և որոնք կարող են չհայտնվել մոտակա տարիներին», — կարծում է Սիդամոնիձեն։