Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2025թ. հունվարին աճել է Վրաստան գեղանկարների ներմուծումը։ Ընդհանուր առմամբ, Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) 39.3%-ով ավելի է եղել, քան 2024 թ. նույն ժամանակահատվածում։
Արտահանումը կազմել է 403.9 միլիոն դոլար (աճել է 19.3%-ով), իսկ ներմուծումը՝ 1 604.2 միլիոն դոլար (աճել է 45.5%-ով)։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2025 թ. հունվարին Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալում տասը խոշորագույն երկրների մասնաբաժինը կազմել է 76.7%։ Խոշորագույն արտահանողների եռյակում են Ղրղզստանը (74.9 միլիոն դոլար), Ադրբեջանը (46.2 միլիոն դոլար) և Ղազախստանը (45.2 միլիոն դոլար)։
2025 թ. հունվարին արտահանման մեջ ԱՊՀ երկրների մասնաբաժինը կազմել է 64.2%, ԵՄ երկրներինը՝ 13.2%, այլ երկրներինը՝ 22.6%։
Ներմուծման մեջ ԱՊՀ երկրների մասնաբաժինը կազմել է 17.6%, ԵՄ անդամ երկրներինը՝ 16.3%, այլ երկրներինը՝ 66.1%։
2025 թ. հունվարին Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ տասը խոշորագույն առևտրային գործընկերների մասնաբաժինը կազմել է 75.4%։ Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են ԱՄՆ-ն (361.7 միլիոն դոլար), Մեծ Բրիտանիան (267.2 միլիոն դոլար) և Ռուսաստանը (203.3 միլիոն դոլար)։
Գեղանկարների ներմուծումն ու Իվանիշվիլին
Ուշագրավ է, որ Ֆինանսների նախարարության հրապարակած արտահանման-ներմուծման տվյալների համաձայն՝ 2025 թ. հունվարին Վրաստան են ներմուծվել 480 658 330 դոլար արժողությամբ գեղանկարներ։ Քաղաքական գործիչներն ու փորձագետները ենթադրում են, որ արվեստի գործերը Վրաստան է ներմուծել ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող Բիձինա Իվանիշվիլին՝ օգտվելով, այսպես կոչված, «օֆշորային օրենքից»։
2024 թ. ապրիլին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որի համաձայն՝ մինչև 2028 թ. օֆշորներից Վրաստան ակտիվների փոխանցումն ազատվում է հարկումից։ Փորձագետները կարծում են, որ օրենքի ընդունումը նախևառաջ կապված էր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների հետ։
Բիձինա Իվանիշվիլիի համաներդրումային հիմնադրամի նախկին ղեկավար Գիորգի Բաչիաշվիլին համոզված է, որ 480 658 330 դոլարը նվազեցված գումար է, իսկ իրականում Իվանիշվիլին Վրաստան է ներմուծել ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ արվեստի գործերի հավաքածու։
Բաչիաշվիլիի խոսքով՝ նման արժողությամբ գեղանկարների ԱԱՀ-ի, գույքային և այլ հարկերի ընդհանուր արժեքը հասնում է 300-400 միլիոն դոլարի։ Այդ գումարը, սակայն, Իվանիշվիլին չի վճարել, քանի որ խորհրդարանն «օֆշորային օրենքի» շրջանակում հարկային արտոնություն է սահմանել։