Վրաստանի արտաքին պարտքն ավելացել է։ Ի՞նչ վատ բան կա այստեղ
Վերջին մեկ տարում Վրաստանի արտաքին պարտքն ավելացել է 516 մլն դոլարով և հասել 18,8 մլրդ դոլարի, որը կազմում է մոտ 62 մլրդ լարի։
Ի՞նչ է նշանակում արտաքին մեծ պարտքը երկրի համար, ումի՞ց է Վրաստանը պարտքով փող վերցնում, ինչպե՞ս է այն վերադարձնում և ինչպե՞ս է դա ազդում յուրաքանչյուր քաղաքացու կյանքի վրա։
JAMnews-ը պատասխանում է արտաքին պարտքի մասին ամենատարածված հարցերին։
Ի՞նչ է նշանակում պետական պարտքն, ու ի՞նչ է դրա մեջ մտնում
Պետական պարտքն այն գումարն է, որը կառավարությունը փոխառում է բոլոր անհրաժեշտ ծախսերը հոգալու կամ բյուջեի պակասորդը լրացնելու համար։
Այսինքն՝ պետական պարտքն այն բանի տարբերությունն է, ինչ փաստացի ունի պետությունն ու ինչ է ծախսում։
Կախված նրանից, թե ումից է պարտքով գումար վերցնում պետությունը, պետական պարտքի երկու տեսակ կա՝ ներքին և արտաքին։
Ներքին պարտքն այն է, երբ փողը վերցվում է երկրի ներսում, օրինակ՝ կենսաթոշակային ֆոնդից։ Քանի որ փողերը կուտակվում են կենսաթոշակային ֆոնդում և միանգամից չեն ծախսվում, այդ գումարներով ֆոնդը պետությունից բաժնետոմսեր է գնում։ Կառավարությունը վճարում է այդ բաժնետոմսերի միայն տոկոսագումարներն ու փողերը ծախսում՝ ըստ անհրաժեշտության։
Ի՞նչ է նշանակում արտաքին պարտքը
Ներքին պարտքից զատ կառավարությունը կարող է փոխառություններ անել այլ երկրներից կամ միջազգային կազմակերպություններից։ Օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամից։
Որպես կանոն, երբ մենք խոսում ենք արտաքին պարտքի մասին, նկատի ունենք ոչ միայն կառավարության պարտքերն, այլև ընդհանուր առմամբ Վրաստանի բնակիչների՝ պետական հատվածի ու մասնավորի։
Այսինքն՝ արտաքին պարտքն այլ երկրների կառավարություններից և ընկերություններից պետական և մասնավոր հատվածների փոխառություններն են։
Պետական հատվածի արտաքին պարքը ներառում է կառավարության, Ազգային բանկի և պետական ընկերությունների պարտքերը։ Մասնավոր հատվածի պարտքն առևտրային բանկերի և մասնավոր ընկերությունների արտաքին պարտքն է։
► Վրաստանի 18,8 մլրդ դոլար պարտքի 8,3 միլիարդը բաժին է ընկնում պետական հատվածին, 10,5 մլրդ դոլարը՝ մասնավոր հատվածին։
Իր հերթին, պետական հատվածի արտաքին պարտքը հետևյալ կերպ է բաշխվում․
պետությունը փոխառել է 6,2 մլրդ դոլար,
448 մլն դոլար փոխառել է Ազգային բանկը,
իսկ 1,7 մլրդ դոլարը պետական ընկերությունների պարտքն է։
Նրանցից ամենամեծ պարտքն ունի Վրացական երկաթուղի ընկերությունը, այն կազմում է մինչև 600 մլն դոլար, ինչպես նաև Նավթագազային կորպորացիան՝ մինչև 300 մլն դոլար պարտք։
Մասնավոր հատվածի արտաքին պարտքի 4,4 մլրդ դոլարը բաժին է ընկնում առևտրային բանկերին, իսկ 6,1 միլիարդը՝ մյուս մասնավոր ընկերություններին։
Ինչի՞ վրա են ծախսվում փոխառություններն, ու ինչո՞ւ է պարտքն ավելացել վերջին մեկ տարում
Ե՛վ մասնավոր, և՛ պետական ընկերությունները նոր պարտքերի մասին որոշում են կայացնում՝ անհրաժեշտությունից ելնելով։
Կառավարության և Ազգային բանկի դեպքում անհրաժեշտություն է առաջանում երկրում տիրող տնտեսական իրավիճակի և բյուջետային ծախսերի պատճառով։
Ազգային բանկի արտաքին պարտքը հիմնականում օգտագործվում է դոլարային պահուստների համալրման նպատակով, իսկ պետությունը բյուջեի պակասորդը ֆինանսավորում է պարտքի հաշվին։ Այսինքն, երբ բյուջեն ավելի շատ ծախս ունի, քան՝ եկամուտ, կառավարությունը պարտք է վերցնում։
Արտաքին պարտքը վերջին մեկ տարում ավելացել է 516 մլն դոլարով, ինչի վրա զգալիորեն ազդել է համավարակը։
► Միայն ապրիլ-հունիսին պարտքն ավելացել է 435 մլն դոլարով։
Գարնանը, երբ կառավարությունը հայտարարեց երեք միլիարդ դոլարի ներգրավման մասին, այդ գումարի տակ նկատի ուներ հենց արտաքին պարտքի ավելացումը։ Մինչև տարեվերջ 1,5 մլրդ դոլար պետք է փոխառի կառավարությունն, իսկ 1,5 մլրդ դոլար՝ մասնավոր հատվածը։
Որպես կանոն, դոնորները փոխառություն են տալիս կառավարությանը բարեփոխումների և ենթակառուցվածքային նախագծերի համար։
Կորոնավիրուսի համավարակի փուլը բացառություն էր, երբ կառավարությունը ստիպված էր պարտք վերցնել աճող սոցիալական ծախսերը հոգալու համար։
Բնակչության կոմունալ ծառայությունների վճարներ, օգնություն գործազուրկներին, մեկ երեխային 200-ական լարիի [մոտ $60] վճարում․ այս միջոցների հիմնական աղբյուրն արտաքին պարտքն է։
Ո՞ր երկրներին է պարտք Վրաստանը
Վրաստանին փոխառություններ են տրամադրում միջազգային կազմակերպությունները, հարուստ երկրների կառավարություններն, ինչպես նաև արտասահմանյան մասնավոր ընկերություններն ու բանկերը։
Վրաստանի մասնավոր հատվածն ու պետական ընկերությունները փող են ստանում արտասահմանյան մասնավոր ընկերություններից և բանկերից։ Միջազգային կազմակերպությունները վարկավորում են ինչպես կառավարություններին, այնպես էլ ընկերություններին։ Արտասահմանյան կառավարությունները վարկավորում են միայն կառավարությանը։
Տվյալներ չկան այն մասին, թե հստակ որ երկրներին կամ ընկերություններին է պարտք Վրաստանի մասնավոր հատվածը, սակայն հայտնի է, թե կառավարությունն ում է պարտք։
► Ամենից շատ պետությունը պարտք է Համաշխարհային բանկին՝ մինչև երկու միլիարդ դոլար։
Համաշխարհային բանկից հետո երկրորդ ամենախոշոր պարտքը՝ 1.4 մլրդ դոլար, Զարգացման ասիական բանկի առջև է։
Եվրոպական ներդրումային բանկին կառավարությունը պարտք է 717 մլն դոլար, Արժույթի միջազգային հիմնադրամին՝ 210 մլն։
Երկրների առումով Վրաստանի կառավարությունն ամենամեծ պարտքն ունի Ֆրանսիայի առջև՝ 561 մլն դոլար, 496 մլն դոլար պարտք է Գերմանիային, 214 մլն՝ Ճապոնիային, 43 մլն՝ Ռուսատսանին և այլն։
Որքանո՞վ է մեծ Վրաստանի արտաքին պարտքը
Եթե մեզ հետաքրքրում է, թե որքանով է ծանր արտաքին պարտքի բեռը երկրի տնտեսության համար, մենք պետք է հասկանանք երկրի տնտեսության նկատմամբ (համախառն ներքին արդյունք՝ ՀՆԱ) պարտքի հարաբերակցությունը։
Հենց ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունն է այն բանի իրական ցուցանիշը՝ լա՞վ, թե՞ վատ վիճակում է կառավարությունը։
► 2020 թ-ի հունիսի 30-ի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է երկրի ՀՆԱ 115 տոկոսը։ Այսինքն՝ պարտքը գերազանցել է տնտեսության ծավալը 1,15 անգամ։
Այնուամենայնիվ, ըստ միջազգային կազմակերպությունների, Վրաստանին դեֆոլտ (այն բանի պաշտոնական ճանաչում, որ երկիրը չի կարողանում վճարել իր պարտքերը) չի սպառնում, և նա ի վիճակի է կատարել իր պարտավորությունները։
Գոյություն չունի այն բանի ներքին կամ միջազգային կարգավորում, թե ՀՆԱ-ի առավելագույնը քանի տոկոսը կարող է կազմել երկրի արտաքին պարտքը։ Ընդհանուր առմամբ, Համաշխարհային բանկը կարծում է, որ երկրի պետական պարտքը զգալի է դառնում, երբ այն գերազանցում է տարեկան ՀՆԱ-ի 77 տոկոսը։ Սակայն հարկ է նշել, որ ոչ միայն Վրաստանն, այլև շատ այլ երկրներ վաղուց են հատել այդ շեմը։
Վրաստանում օրենք կա, որը պետական պարտքի և ՀՆԱ հարաբերակցության շեմը սահմանում է 60 տոկոսը։ Այս օրենքը չի տարածվում մասնավոր հատվածի պարտքերի վրա, և զարգացած երկրներում մասնավոր հատվածի պարտքի կարգավորման որևէ փորձ չկա։
Թե որքանով է ծանր պարտքը, ՀՆԱ հարաբերակցությունից զատ որոշվում է նաև նրանով, թե որքան երկար ժամանակ պետք է երկիրն այն վճարի։
Երկիրը կարող է մեծ պարտք ունենալ, սակայն դրա վճարումները տասնամյակների բաշխված լինեն։
Հենց այդպես է Վրաստանում։
► Վրաստանի կողմից պարտքերի մարման ժամկետը կազմում է մեկից մինչև 25 տարի։ Հաշվի առնելով տոկոսագումարները՝ Վրաստանը յուրաքանչյուր եռամսյակում վճարում է մոտ մեկ միլիարդ դոլար։
Մեկ եռամսյակի համար մեկ միլիարդ դոլարը քիչ գումար չէ, սակայն մարումներին զուգահեռ՝ Վրաստանը նոր պարտքեր է վերցնում և հին պարտքերը հիմնականում վճարում է դրանց հաշվին։