Նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» հաղթում է բոլոր ՏԻՄ-երում
Վրաստանում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվել են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթում է բոլոր մունիցիպալիտետներում։
Այն շրջաններում, որտեղ առաջադրվել էին միայն «Վրացական երազանք»-ի թեկնածուները, կուսակցությունը, համապատասխանաբար, 100 տոկոսանոց հաղթանակ է արձանագրում։
ԿԸՀ-ի նախնական հաշվարկներով՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 80,783% ձայն՝ Վրաստանում բացված 3061 ընտրատեղամասերից 74,453%-ում (2279)։
«Վրացական երազանք» կուսակցությունը գրավում է առաջին տեղը (80,783%), դրան հաջորդում են «Ուժեղ Վրաստան – Լելո» (6,775%), «Գախարիան Վրաստանի համար» (3,872%), «Գիրչի» (3,291%) և «Պահպանողականները Վրաստանի համար» (2,765%) կուսակցությունները։ Մնացած կուսակցությունները ստացել են 1%-ից պակաս ձայներ։
Թբիլիսիում ընտրողների ձայները հաշվարկվել են ընտրատեղամասերի 99%-ում։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
- «Վրացական երազանք» (70,179%),
- «Ուժեղ Վրաստան-Լելո» (10,034%),
- «Գիրչի» (7,488%),
- «Պահպանողականները Վրաստանի համար» (4,329%)
- «Գախարիան Վրաստանի համար» (3,192%)։
Մնացած կուսակցությունները մայրաքաղաքում հավաքել են 1 տոկոս և ավելի քիչ։
ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 438 հազար 116 ընտրող, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 40,93%-ը։ 2021 թվականին, այսինքն նախորդ մունիցիպալ ընտրություններին մասնակցությունը կազմել էր 51,92%, կամ 1 միլիոն 815 հազար 776 մարդ։
ԿԸՀ-ի ներկայացուցիչ Նաթիա Իոսելիանիի խոսքերով՝ ընտրությունների օրն անցել է հանգիստ և անվտանգ մթնոլորտում։ Նա նաև հայտնել է, որ շրջանային ընտրական հանձնաժողով ներկայացվել է 24 բողոք, որոնք հիմնականում վերաբերում են լուսանկարչական և տեսանկարահանման կանոնների խախտումներին, ընտրատեղամասի կահավորմանը և այլն։
Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների արդյունքները
- ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք» կուսակցությունից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն հավաքել է 71,557% ձայն։
- «Լելո – Ուժեղ Վրաստան» և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցություններից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Իրակլի Կուպրաձեն հավաքել է 12,459% ձայն։
- «Գիրչի» կուսակցությունից թեկնածու Յագո Խվիչիան հավաքել է 7,528% ձայն։
- «Պահպանողականները Վրաստանի համար» կուսակցությունից թեկնածու Զուրաբ Մախարաձեն՝ 4,121%։
«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները հաղթանակը տոնեցին կուսակցության գրասենյակում։ Կուսակցության անդամներին դիմեցին նրա առաջնորդները, այդ թվում՝ պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին։
Նա հաղթանակն անվանեց տպավորիչ և հայտարարեց, որ ընդդիմությունը կրել է «կատաստրոֆիկ» պարտություն։
«Նրանք [ընդդիմությունը] փորձում են մեզ ներկայացնել որպես տգետներ, որոնք ի վիճակի չեն պահել իշխանությունը, բայց նրանք արդեն մեզ պարտվել են։ Եվ նույնիսկ հիմա՝ ընտրություններում աղետալի պարտությունից հետո, նրանք փորձում են ինչ-որ բան անել փողոցներում։ Բայց, բարեբախտաբար, վրացի ժողովրդի իմաստնությունը դրսևորվեց նաև այստեղ՝ նայեք, քանի՞ հոգի է մասնակցում նրանց բողոքի ակցիաներին։ 80%-ն աջակցել է իշխող կուսակցությանը, իսկ 10 հազար մարդ փորձում է պետական հեղաշրջում իրականացնել։ Դա անիմաստ քայլ է», — հայտարարել է Իվանիշվիլին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստանում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները