Վրաստանում կարող են չեղարկել պարետային ժամը կրկնակի պատվաստվածների համար
Վրաստանում մարդիկ, որոնք ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափերը, կարող են որոշակի առավելություններ ստանալ, այդ թվում՝ պարետային ժամի ընթացքում տեղաշարժվելու իրավունք, համակարգման խորհրդի նիստից հետո հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։
Գամկրելիձեի խոսքով՝ այս նախաձեռնության նպատակը քաղաքացիներին ավելի շատ ոգևորելն է՝ որքան հնարավոր է շուտ միանալ պատվաստման գործընթացին։
«Մինչև 4 400 մարդ մեր երկրում երկու անգամ պատվաստվել է Pfizer պատվաստանյութով։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը պատրաստվում է հաջորդ շաբաթ համակարգման խորհրդին դիմել համապատասխան նախաձեռնությամբ, որպեսզի այդ մարդիկ սահմանափակումների փուլում համապատասխան արտոնություններ ունենան», — ասել է Գամկրելիձեն։
Նա նշել է նաև, որ մի քանի կետ է դիտարկվում, ինչը հաստատվում է նաև միջազգային փորձով։ Դա վերաբերում է պարետային ժամի ընթացքում ազատ տեղաշարժին, ինչպես նաև արտասահման մեկնելու համար համապատասխան փաստաթուղթ ունենալուն։
«Կան նաև այլ նախաձեռնություններ, դրանք նախապես չեմ կարող հայտարարել, աշխատում ենք դրանցից որոշների վրա, որպեսզի այդ մարդիկ և մնացած բնակչությունը հետաքրքրված լինեն արագ և լիարժեք պատվաստմամբ»։
Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք երկու անգամ են պատվաստվել, արդեն արտոնություններ ունեն մի քանի երկրներում։
«Մի շարք երկրներում նրանցից, ովքեր երկու անգամ պատվաստվել են, այլևս չի պահանջվում դիմակ կրել բացօթյա տարածքներում, նրանք նաև առավելություններ ունեն պարետային ժամի և այլ սահմանափակումների առումով»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։
Նրա խոսքով՝ մինչև մայիսի 15-ը շուրջ 14 հազար մարդ արդեն լիարժեք պատվաստված կլինի։
Առողջապահության նախարար Եկատերինա Թիկարաձեն նույնպես մեկնաբանել է պատվաստման գործընթացը։
«Պատվաստումն իրականացվում է ակնկալվող տեմպերով։ Բնակչությանը ժամանակ է պետք՝ պատվաստանյութի անվտանգության մեջ համոզվելու համար, քանի որ ոչ միայն վրացական, այլև արտասահմանյան լրատվամիջոցները բավականին ոչ միանշանակ հայտարարություններ են անում պատվաստանյութի վստահելիության կամ դրա վնասակարության մասին։
Վստահ եմ, որ Վրաստանի ժողովուրդը շուտով կիմանա, թե որքան մեծ են պատվաստանյութի առավելությունները, և ավելի ակտիվ կմասնակցի գործընթացին»,— ասել է նախարարը։
Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 41 801 մարդ։
Ներկա պահին երկրում երկու տեսակի պատվաստանյութ կա՝ Pfizer-ն ու AstraZeneca-ն, ինչպես նաև չինական Sinopharm-ը։
Ապրիլի 27-ին Վրաստանում սկսվել է 18 տարեկան և բարձր անձանց գրանցումը Sinopharm պատվաստանյութով պատվաստվելու համար։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ ավելի քան 6 700 մարդ է արդեն գրանցվել։
Չինական Sinopharm պատվաստանյութը դեռևս թույլատրված չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, սակայն Հունգարիայի կարգավորիչի թույլտվությունն ունի։
Ապրիլի սկզբին Վրաստան է բերվել Sinopharm-ի 100 000 դեղաչափ այն պայմանով, որ պատվաստանյութը լիցենզավորվելու է մինչև ապրիլի վերջ, և միայն դրանից հետո է թույլատրվելու դրանով պատվաստումը։
Այնուամենայնիվ, Վրաստանի կառավարությունը որոշել է գործընթացում ներառել չլիցենզավորված պատվաստանյութը։ Պատճառն AstraZeneca-ով պատվաստման սահմանափակումն է մինչև 55 տարեկան բնակչության շրջանում, ասել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Վրաստանում աճել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը։ Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է կորոնավիրուսի 1 551 նոր դեպք, 17 մարդ մահացել է։