Վրաստանում ընդդիմությունը բունտ է սկսում շրջաններում։ «Իշխանությունն ու նրա հակառակորդները քաղաքական խաղամոլնե՞ր են»
Վրաստանում ընդդիմությունն անցնում է արտակարգ դրության և պլանավորում է ակցիաներ անցկացնել շրջաններում։ Մայիսի 15-ին առաջնորդները պլանավորում են Թբիլիսի վերադառնալ և Ռուսթավելու կենտրոնական պողոտայում բողոքի ամփոփիչ զանգվածային ակցիա անցկացնել։
Փորձագիտական համայնքը կիսվել է՝ ինչպես երկրի ողջ հասարակությունը։ Շատերն ասում են, որ ընդդիմությանն այլ ելք չի մնացել, քան բունտ սկսելը։ Մյուսները և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր քաղաքական գործիչներին «խաղամոլ» են անվանում և զգուշացնում, որ նրանք բոլորը գնում են դեպի քաղաքական սնանկություն, ինչի դեպքում բնակչությունը պարզապես չի գնա ընտրությունների։
Ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ ստիպված են որոշում կայացնել արտակարգ դրության անցնելու մասին այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանքը» տապալեց բանակցություններն ընդդիմության հետ և փաստացի ձախողեց արևմտյան գործընկերների միջնորդությունը։
«Մենք գնալու ենք ամեն քաղաք, ամեն գյուղ, ամեն ընտանիք և բնակչությանը համոզելու ենք, որ այս պայքարն իրոք իմաստ ունի», — ասել է Զաալ Ուդումաշվիլին՝ «Միասնական ազգային շարժում» (Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը) առաջատար ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը։
Նույն կուսակցության մյուս ներկայացուցիչ Գիգի Ուգուլավան զգուշացնում է․ «Եթե մենք չկարողանանք իշխանությունների հետ պայմանավորվել խորհրդարանական նոր ընտրությունների շուրջ, ուրեմն կստիպենք նրանց անցկացնել այդ ընտրությունները։ Առջևում բացարձակ բողոք և անհնազանդություն է։ Մեզ անհրաժեշտ է մի քանի ամիս»։
Հակիրճ՝ Վրաստանի քաղաքական ճգնաժամի մասին
Միացյալ ընդդիմությունը կեղծված է հայտարարել 2020 թ․ հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունները և սկսել նոր ընտրություններ պահանջել։ Ընդդիմադիր պատգամավորները (բացառությամբ վեց հոգու) հրաժարվել են խորհրդարանում իրենց տեղերից։ Արդյունքում՝ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ Վրաստանում միակուսակցական խորհրդարան է գործում, որտեղ ներկայացված է միայն իշխող «Վրացական երազանքը»։ Իշխանությունն ընտրությունները կայացած է համարում և հրաժարվում նոր ընտրություն նշանակել։ Բոլոր միջազգային կազմակերպություններն ու դիվանագիտական ներկայացուցչությունները նույնպես կարծում են, որ ընտրություններն ազատ էին, թեև բազում խախտումներով են անցկացվել։
Իրավիճակը կտրուկ սրվել է 2021 թ․ փետրվարի 23-ին այն բանից հետո, երբ իշխանությունները հատուկ գործողություն են իրականացրել․ ներխուժել են «Միացյալ ազգային շարժում» առաջատար ընդդիմադիր կուսակցության շենք և կալանավորել դրա առաջնորդ Նիկա Մելիային։ Դրանից հետո հրաժարական է տվել երկրի վարչապետ Գիորգի Գախարիան, որը դեմ էր Մելիայի կալանքին, սակայն իր թիմում փոքրամասնություն էր կազմում այդ հարցում։ Վրաստանի ամերիկացի և եվրոպացի գործընկերները հայտարարել են, որ իշխանությունը «ժողովրդավարության ճանապարհին քայլ առաջ է կատարել»։
Ընդդիմությունը երկու հիմնական պահանջ ունի․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում և Նիկա Մելիայի, ինչպես նաև մյուս ընդդիմադիր գործիչների ազատ արձակում։ Բանակցությունների ևս մի քանի փուլ է անցկացվել ԱՄՆ դեսպանի և Վրաստանում հավատարմագրված այլ պատգամավորների միջնորդությամբ։ Համակարգողը նույնպես եվրոպացի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկն էր՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Այնուհետև՝ գրեթե մեկ շաբաթվա ընթացքում Թբիլիսիում բանակցությունների միջնորդը նրա անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնն էր, իսկ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել էր հրավիրվել իրավիճակի քննարկման համար։
Սակայն բոլոր հանդիպումներն ու այցերն ապարդյուն են անցել։ Երկու կողմերն էլ՝ իշխանությունն ու ընդդիմությունը, միմյանց են մեղադրում բանակցությունների տապալման համար։
Իշխանության կարծիքը․ «Ընդդիմությունը վերջնագրերով է խոսում և Սաակաշվիլիի ազդեցության տակ է»
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն ընդդիմությանը մեղադրել է այն բանի համար, որ «այն վերջնագրերով է խոսում։ Մեկն ուղղակիորեն կապված էր օրինականության խախտման հետ, մյուսն ուղղակիորեն հակասում էր պետության շահերին»։
«Ընդդիմության համար համաձայնության չգալն ինքնանպատակ էր», — կարծում է Կոբախիձեն։
Նա չի հստակեցրել, թե ինչ վերջնագրերի մասին է խոսքը, սակայն, ըստ ամենայնի, դրանք ընդդիմության երկու գլխավոր պահանջներն են՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում և քաղբանտարկյալների ազատ արձակում։
Կոբախիձեն հայտարարել է նաև, որ բանակցային գործընթացում ընդդիմությունն իրականում գլխավորում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, և առաջնորդները չէին կարողանում ինքնուրույն որոշում կայացնել։ «Սա էր հիմնական պատճառը, որ նրանք, ի վերջո, հրաժարվեցին համաձայնության գալ [իշխանության հետ]», — ասել է Կոբախիձեն։
«Ընդդիմության մի մասն ուզում է, որ «Վրացական երազանքը» փոխզիջման գնա՝ կարևոր իրավական սկզբունքների հաշվին։ Մենք համոզված ենք, որ չպետք է երես թեքենք մեր քաղաքացիներից միայն այն պատճառով, որ ընդդիմության արմատական մասին դուր չեն գալիս ընտրությունների արդյունքները։ Նման մոտեցմամբ անհնար է համաձայնության գալ», — հայտարարել է խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալաքվաձեն։
Ո՞վ է մեղավոր, և ի՞նչ է լինելու․ փորձագետների մեկնաբանությունները
Փիլիսոփա Զազա Պիրալիշվիլին՝ իշխանության և ընդդիմության միջև բանակցությունների ձախողման մասին, որոնք անցկացվել են Եվրախորհրդի միջնորդությամբ․
«Այն, ինչ տեղի է ունենում մեր քաղաքականության մեջ արդեն մի քանի ամիս, քաղաքական խաղամոլություն է, ոչ ավելին։ Իսկ խաղամոլին վաղ թե ուշ սնանկություն է սպառնում։ Մեծ կանխատեսումներ պետք չեն հասկանալու համար, որ ստացել ենք «քաղաքական տհասության փառատոն»։
Արդյունքը հետևյալն է լինելու․ կողմերից ոչ մեկը չի կարողանալու զանգվածային աջակցություն ստանալ։ Տեղական ինքնակառավարման ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն 2021 թ-ին, ավարտվելու են ընտրողների աննախադեպ պասիվությամբ, հատկապես՝ խոշոր քաղաքներում։ Եվ խորհրդարանական ընտրությունները՝ արտահերթ թե հերթական, նույնպես հարցականի տակ են հայտնվելու։
Կարևոր միջնորդը [Եվրախորհրդի նախագահի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը] մեկնել է։ Եվրոպական դիվանագիտությունը սպառել է իր ռեսուրսները։ Կառավարությունն ու ընդդիմությունը միասին ստեղծել են Բելառուսում Լուկաշենկոյի կառավարման վրացական տարբերակը և նույնիսկ չեն գիտակցում դա։ Ո՞րն է ելքն այս իրավիճակից։ Չգիտեմ»։
Փաստաբան Գիորգի Մշվենիերաձե․
«Միջնորդության տապալման համար պատասխանատվությունը կրում է կառավարությունը, ընդդիմությանը դրա համար մեղադրելն անտրամաբանական է։ Ես անձամբ կարող եմ համաձայն չլինել ընդդիմադիրներից շատերի հետ, կարող եմ նրանցից շատերի նկատմամբ մեղադրանքներ ունենալ և՛ անցյալի, և՛ ներկայի արարքների համար։ Ինձ դուր չեն գալիս նրանց շատ որոշումներ։
Սակայն այսօր երկրում ավտորիտարիզմ է հաստատվել։ Պետական ինստիտուտներ են գրավվել, այնտեղ կոռուպցիան է բարգավաճում։ Փլուզվում է տնտեսությունը, մարդիկ հույսը կորցնում են, որ երկիրն ապագա ունի։ Եվ երբ այս իրավիճակում ոչնչի չեն բերում բանակցությունները, որոնք անցկացնում էին ամենաբարձրաստիճան արևմտյան միջնորդները, դրա համար ընդդիմությանը մեղադրելը, մեղմ ասած, անխղճություն է»։
«Վրաստանում քաղաքական գործիչները պետք է որոշման գան»․ Արևմուտքը կօգնի քաղաքական ճգնաժամի լուծման հարցում
«Վերջին հաշվով, քաղաքական ճգնաժամի լուծման պատասխանատվությունը վրացի քաղաքական խաղացողների վրա է։ Դա կարևոր է երկրի ժողովրդավարական համախմբման և նրա եվրոպական մղումների համար», — ասել է Եվրախորհրդի նախագահի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը մարտի 19-ին Վրաստանը լքելիս՝ խորհրդատվությունը Բրյուսելում շարունակելու համար։
Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին առաջարկել է Վրաստանի հետ կապված հարցերի վրա աշխատող եվրոպացի պատգամավորների համար ոչ ֆորմալ շփման խումբ ստեղծել։
Վրաստանում ժողովրդավարության վիճակի մասին հատուկ լսումներն անցկացվելու են մարտի 23-ին, ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում, սենատոր Ջին Շահինի նախագահությամբ։ Հանդիպմանը ելույթ կունենան պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթն ու Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի աշխատակից Կարա Մակդոնալդը։