Վրաստանում ընդդիմադիր հեռուստաալիքի շուրջ մարտեր են ընթանում: Սակայն ոմանք ասում են, որ դրանք խոսքի ազատության մարտեր են
Թե ում է պատկանում Վրաստանի ամենախոշոր «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը թեմայով դատական գործում վերջակետ դրվեց մարտի 2-ին: Գերագույն դատարանի Մեծ պալատի կոլեգիան՝ իր 9 անդամներով, ներկայիս սեփականատիրոջը միաձայն անօրինական ճանաչեց և հեռուստաընկերությունը վերադարձրեց գործարար Քիբար Խալվաշիին:
Խալվաշին ստացավ «Ռուսթավի-2»-ի 60%-ը: Մնացած 40%-ը կփոխանցվի նրա «Պանորամա» ընկերությանը, ինչը նշանակում է, որ Խալվաշին դառնում է հեռուստաընկերության բացարձակ սեփականատերը:
Գերագույն դատարանի Մեծ պալատը վրացական արդարադատության ամենաբարձր ատյանն է, նրա վճիռը բողոքարկման ենթակա չէ: Սակայն հրաշք տեղի ունեցավ, ինչպես ասում են «Ռուսթավի-2»-ում:
Ստրասբուրգի դատարանը, որին մարտի 2-ին դիմել էին «Ռուսթավի-2»-ի իրավաբանները, ժամանակավորապես՝ մինչև մարտի 8-ը, կասեցրել է Գերագույն դատարանի որոշման կատարումը: Այդ մի քանի օրը եվրոպական դատարանին պետք է գործի էությունը հասկանալու համար:
Մինչև մարտի 8-ը Ստրասբուրգը «Ռուսթավի-2»-ի իրավաբաններից լրացուցիչ նյութեր է սպասում նոր որոշում կայացնելու համար՝ կասեցնե՞լ, թե՞ ոչ Վրաստանի Գերագույն դատարանի կատարումն ավելի երկար ժամանակով գործի էությանն ավելի լավ ծանոթանալու և որոշում կայացնելու համար, թե ում է այնուամենայնիվ պատկանում «Ռուսթավի-2»-ը:
Եթե Ստրասբուրգը որոշում չկայացնի Վրաստանի Գերագույն դատարանի դատավճռի կասեցման մասին, ապա այն ուժի մեջ կմնա և հարկ կլինի կատարել այն: Հանրային ռեեստրում կգրանցվի սեփականատիրոջ փոփոխություն, և հեռուստաընկերությունում ցանկացած պահի կարող է նոր մենեջմենթ նշանակվել:
«Ստրասբուրգն աննախադեպ որոշում է կայացրել, և դա նշանակում է, որ եվրոպական դատարանը լուրջ սպառնալիքներ է նկատել խոսքի ազատության համար», — կարծում է Ստրասբուրգ ուղարկված հայցի հեղինակ, «Ռուսթավի-2»-ի իրավաբան Թամթա Մուրադաշվիլին:
Նրա խոսքով՝ գործն ավելի մանրամասն քննելու և «Ռուսթավի-2»-ի սեփականատիրոջը պարզելու համար ամիսներ և նույնիսկ տարիներ հարկավոր կլինեն:
«ԱՄՆ-ն անհանգստությամբ հետևում է «Ռուսթավի-2»-ի վերաբերյալ Գերագույն դատարանի ընդունած վճռի արդյունքներին, ինչը կարող է ֆիզիկապես սահմանափակել ընդդիմության ձայնի հասանելիությունը հեռարձակվող ԶԼՄ-ների համար: Բազմակարծություն ապահովող լրատվամիջոցները կարևոր նշանակություն ունեն Վրաստանի ժողովրդավարական աճի և նրա եվրատլանտյան մղումների համար: Մենք կոչ ենք անում կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի Վրաստանում մեդիադաշտն ազատ, բաց և պլյուրալիստական մնա»:
«Ռուսթավի-2»-ի գործը ներառվել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված ամենամյա հաշվետվությունում: Փաստաթղթում խոսքը գնում է այն մասին, որ «Ռուսթավի-2»-ի գործում մի շարք հարցեր կան դատական գործընթացներին իշխանության միջամտության վերաբերյալ:
«Ռուսթավի-2»-ն իմ ալիքն է»
Մարտի 2-ին, երբ Գերագույն դատարանի Մեծ պալատը քննում էր «Ռուսթավի-2»-ի գործը, դատարանի շենքի առջև հոծ բազմություն էր հավաքվել: Մի քանի հարյուր մարդ դրոշներով և պաստառներով հավաքվել էր իր աջակցությունը «Ռուսթավի-2»-ին հայտնելու:
Ցուցապաստառների վրա գրված էր «Ռուսթավի-2»-ն իմն է»: Գերագույն դատարանի որոշումն ամբոխը սուլոցներով և ագրեսիվ բացականչություններով դիմավորեց:
Այնուհետև մարդիկ տեղափոխվեցին հեռուստաընկերության շենքի մոտ, մի քանի վրան խփեցին և այնտեղ գիշերեցին: Մարդիկ ասում էին, որ նրանք պահպանում են «Ռուսթավի-2»-ը, եթե հանկարծ նոր սեփականատերերը որոշեն գրասենյակ մտնել:
«Մենք ժողովրդավարության պարտության վկա դարձանք», — հատուկ բրիֆինգին հայտարարեց «Ռուսթավի-2»-ի տնօրեն Նիկա Գվամարիան:
Տարբեր ժամանակներում կազմված առանց բացառության բոլոր վարկանիշներում «Ռուսթավի-2»-ը Վրաստանի ամենահայտնի հեռուստաընկերությունն էր: Այն աչքի է ընկնում իշխանությունների սուր քննադատությամբ: Իշխանության ներկայացուցիչները «Ռուսթավի-2»-ը հաճախ «Ազգային շարժման» կուսակցական հեռուստատեսություն են անվանում և մեղադրում այն նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի շահերը սպասարկելու համար:
Գերագույն դատարանի որոշման հայտարարումից մի քանի ժամ անց հերթական արտակարգ բրիֆինգին հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվամարիան, որը կանգնած էր ամբիոնի մոտ՝ իր համախոհների շրջապատում, Քիբար Խալվաշիին առաջարկեց վերաձևակերպել «Ռուսթավի-2»-ը հեռուստաընկերության կոլեկտիվի վրա:
Նրա խոսքով՝ աշխատակիցները կկարողանան անհրաժեշտ միջոցներ հավաքել և գնել հեռուստաընկերությունը:
«Ես հասկանում եմ, որ Դուք բարդ իրավիճակում եք: Դուք միաժամանակ սպանեցիք խոսքի ազատությունն ու դատարանի անկախությունը Վրաստանում, և ես ձեզ ելք եմ առաջարկում այդ անելանելի վիճակից», — հայտարարեց Գվամարիան:
Նրա պնդմամբ՝ Գերագույն դատարանի որոշումը նշանակում է, որ «Ռուսթավի-2»-ը երկրի ոչ ֆորմալ ղեկավարի՝ Բիձինա Իվանիշվիլիի ձեռքում հայտնվի:
Ո՞վ է Քիբար Խալվաշին
Քիբար Խալվաշին չհամաձայնեց Գվամարիայի առաջարկին: Բոլոր հեռուստահաղորդումներում, որոնց նրան այս օրերին հրավիրում էին, Խալվաշին ստիպված էր ապացուցել, որ նա իշխանությունների շահերը չի պաշտպանում, և իշխանությունն իր թիկունքում կանգնած չէ:
Ընդհակառակը, Խալվաշին հայտարարեց, որ պատրատսվում է ազատել «Ռուսթավի-2»-ը կուսակցական ազդեցությունից և այն ազատ լրատվամիջոց դարձնել:
Խալվաշին մի քանի անգամ ասաց, որ, ըստ իր տեղեկատվության, «Ռուսթավի-2»-ի շուրջ հանրային բողոքը ղեկավարվում է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և ընդդիմադիր «Ազգային շարժման» կողմից և չի արտահայտում հեռուստաալիքի աշխատակիցների դիրքորոշումը:
Գործարար Քիբար Խալվաշին շահել է գործը Գերագույն դատարանում, և «Ռուսթավի-2» հեռուստաընկերության սեփականատերն է եղել 2004-2006թթ-ին: Այն ժամանակ նա մտերիմ էր պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլիի հետ և նախագահ Սահակաշվիլիի վստահությունն էր վայելում:
Այն ժամանակ հեռուստաընկերությունում աշխատող լրագրողները խոստովանում են, որ «Ռուսթավի-2»-ում գրաքննություն կար, և հաճախ ինքը Խալվաշին արգելափակում էր քննադատ կարծիքների եթեր գնալը:
Ավելի ուշ, երբ Օկրուաշվիլին անցավ ընդդիմության շարքերը, Խալվաշին Սահակաշվիլիի ռեժիմի համար անընդունելի դարձավ:
Խալվաշին պնդում է, որ հենց այդ ժամանակահատվածում իշխանությունները սկսեցին իր համար լուրջ խնդիրներ ստեղծել բիզնեսում և ստիպեցին հրաժարվել «Ռուսթավի-2»-ից:
Սակայն, մյուս կողմից, մշուշոտ են նաև այն հանգամանքները, որոնց դեպքում Խալվաշին 2004թ-ին դարձավ «Ռուսթավի-2»-ի սեփականատեր: Այդ հեռուստաընկերության հինադիրներն ու առաջին սեփականատերերը պնդում էին, որ 2004թ-ին իրանց ստիպել են մասնաբաժինները Քիբար Խալվաշիին վաճառել:
Ռուսթավի-2»-ի արկածները
«Միջազգային թափանցիկություն – Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության տեղեկատվության համաձայն՝ 2004-2012թթ-ին հեռուստաընկերությունը 20 անգամ սեփականատեր է փոխել: Սեփականատիրոջ փոփոխության յուրաքանչյուր դեպք մութ պատմությունների հետ է կապված, և մինչ այսօր շատ հարցեր անպատասխան են մնում: Բոլոր այդ գործարքների հետ որևէ կապ է ունեցել Սահակաշվիլիի կառավարությունը:
«Ռուսթավի-2»-ի 23-ամյա պատմության ընթացքում այդ հեռուստաընկերության սեփականատերերը փոխվել են կասկածելի հանգամանքներում: Այնուամենայնիվ, այսօր քչերն են ասկածում, որ Խալվաշիի թիկունքում իշխանություններն են, որոնք փորձում են հեռուստաալիքի քաղաքականության վրա ազդել՝ սեփականատիրոջը հերթական անգամ փոխելով՝ դրանով իսկ կրկնելով Սահակաշվիլիի կառավարության ճանապարհը:
Իշխող «Վրացական երազանքի» հանդեպ Քիբար Խալվաշիի համակրանքն ակնհայտ է գոնե միայն Ֆեյսբուքյան նրա էջից: Նրա լուսանկարների ալբոմը մինչ այժմ պահպանում է «Վրացական երազանքի» նախընտրական պաստառի լուսանկարը, որը Խալվաշին 2012թ-ի խորհրդարանական ընտրություններին իր էջում որպես գլխավոր է տեղադրել:
«Սա մասնավոր վեճ է»
Վրաստանի կառավարության ներկայացուցիչները հերքում են, որ երբևէ միջամտել են դատական գործընթացներին, և «Ռուսթավի-2»-ի գործը դիտարկում են որպես երկու մասնավոր անձանց միջև դատական վեճ:
Սակայն վրացական մեդիատարածությունում վերջերս տեղի ունեցող դրամատիկ և արմատական փոփոխությունների ֆոնին համոզիչ չեն իշխանությունների այն հայտարարությունները, թե մեդիաբազմակարծության վտանգ չի սպառնում:
Մասնավորապես, վերջին ժամանակներս տեղի ունեցած ընդամենը երկու դեպքերը.
1.Որոշ ժամանակ առաջ Վրաստանի մեկ այլ մեծ հեռուստաընկերության՝ Հանրային հեռուստաընկերության մենեջմենթում սկսեցին իշխանությանը մոտ մարդիկ աշխատել: Նրանք արդեն որոշում են կայացրել մի քանի քննադատական հաղորդումների դադարեցման մասին:
2«Իմեդի» իշխանամետ հեռուստաընկերության սեփականությանն է անցել «Մաեստրո» երբեմնի ընդդիմադիր անկախ հեռուստաալիքը: Այնուհետև այդ կոնգլոմերատ մտավ Իվանիշվիլիի ընտանիքին պատկանող GDS հեռուստաալիքը:
Արդյունքում՝ Վրաստանի իշխանությունների համար ավելի ու ավելի դժվար է ապացուցել դիտորդներին, որ նրանք չեն միջամտում «Ռուսթավի-2»-ի գործին: «Ռուսթավի-2»-ի գործի հետ կապված խնդիրներ է տեսնում նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
«Ստրասբուրգը մեզ փրկեց»
Մեդիափարձագետների և ոչ կառավարական կազմակերպությունների մեծ մասը կարծում է, որ Գերագույն դատարանը մի որոշում է կայացրել, որը կարող է բացասաբար անդրադառնալ Վրաստանի հեղինակության վրա:
«Այսօր Գերագույն դատարանը պարզապես լուծարեց դատական իշխանությունը Վրաստանում, և մեզնից ոչ ոք հույս չի ունենալու, որ երկրում արդարադատություն կա և անհրաժեշտության դեպքում կարող ենք դիմել դրա օգնությանը: Իշխանություններն այսօր ցույց տվեցին, որ սեփական ցանկությունները բավարարելու համար ամեն ինչի պատրաստ են», — հայտարարել է «Կավկասիա» հեռուստաընկերության լրագրող Նինո Ջանգիրաշվիլին, որը «Ռուսթավի-2»-ի գրասենյակի մոտ էր եկել մյուս լրագրողների հետ մեկտեղ համերաշխություն հայտնելու:
Ժողովրդավարական գործընթացների խախտման մասին է խոսում նաև Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Էկա Միշվելաձեն:
«Միջազգային թափանցիկություն – Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Էկա Գիգաուրիի խոսքով՝ Գերագույն դատարանի որոշումը գլխիվայր շուռ է տվել սեփականության իրավունքի հետ կապված հարցերը:
Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, լրագրողներն ի աջակցություն «Ռուսթավի-2»-ի հատուկ հանրագիր են ստորագրել: