Վրաստանում անհապաղ պետք է փրկել արդարադատությունը, կարծում են հասարակական կազմակերպությունները
Տասը դատավորների պատմությունը, որ ողջ հունվարի ընթացքում ալեկոծում է վրացական քաղաքականությունը, վերածվելով վերջին ժամանակվա ամենաաղմկահարույց սկանդալի, իշխող թիմում պառակտում է առաջացրել։
Դրանք այն տասը դատավորներն են, որոնց արդարադատության խորհրդի առաջարկով խորհրդարանը պետք է ցմահ նշանակի Գերագույն դատարանի դատավորներ։
Սակայն նրանց թեկնածությունները փոթորիկ են առաջացրել ոչ միայն հասարակական կազմակերպությունների և ընդդիմության շարքերում, այլ նաև իշխող կուսակցության։
Սովորաբար «վերևների» հրամանների հանդեպ հավատարիմ խորհրդարանական մոծամասնությունը դեմ է արտահայտվել դատավորների թեկնածությունների դեմ, որոնք դեռ Սաակաշվիլիի ժամանակներից քաղաքականացված դատավորների համբավ ունեն։
Հունվարի 21-ին հասարակական կազմակերպություններն ակցիա են իրականացրել «Արդարադատությունը պետք է փրկել» կարգախոսով։
Բառացիորեն մի քանի ժամից սկանդալային դատավորները համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր, որ իրենք հանում են իրենց թեկնածությունը։
Հասարակական կազմակերպությունները դա հասարակության հաղթանակ համարեցին։
JAMnews-ը հակիրճ պատմում է Վրաստանի 2019թ-ի գլխավոր քաղաքական սկանդալի մասին։
Տասը դատավորների գործը։ Ի՞նչ զանցանք են նրանք կատարել
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ անցյալ տարվա վերջին՝ դեկտեմբերի 24-ին, Արդարադատության խորհուրդը խորհրդարան էր ներկայացրել տասը դատավորների ցուցակ։ Դրանում ներառվել էին այն դատավորները, որոնք Արդարադատության խորհրդի հորդորով պետք է խորհրդարանի կողմից հաստատվեին որպես Գերագույն դատարանի դատավորներ անժամկետ՝ ցմահ։
Արդարադատության խորհուրդն անկախ մարմին է, որը ստեղծվել է արդարադատության ողջ համակարգի անկախության և արդյունավետ աշխատանքի ապահովման համար։ Հետևաբար, այդ մարմինը պատասխանատու է դատավորների կորպուսի համար։ Թեև միաժամանակ վերջին հաշվով, ըստ օրենսդրության, դատավորներին հաստատում է խորհրդարանը։
•Վեց բան Միխեիլ Սաակաշվիլիի մասին, որ կցանկանայիք հարցնել վրացիներից
Ներկայացված ցուցակն անընդունելի էր քաղաքացիական հատվածի և ընդդիմության, օմբուդսմենի և անգամ իշխող թիմի մի մասի համար։
Դատավորների ցուցակը խորհրդարանական մեծամասնությունում առաջին լուրջ պառակտումն առաջացրեց։ Իրավաբանական կոմիտեի նախագահի պաշտոնը լքեց ամենաազդեցիկ պատգամավորներից մեկը՝ Էկա Բեսելիան։ Նույն դիրքորոշումն ընդունեցին մեծամասնության այլ պատգամավորները ևս՝ զգուշացնելով, որ եթե խորհրդարանն, այնուամենայնիվ, հաստատի Գերագույն դատարանի այս կազմը, նրանք կլքեն խորհրդարանական մեծամասնության շարքերը։
Ներկայացված ցուցակի հետ կապված դժգոհությունն այն բանի հետ էր կապված, որ դրանում էին հայտնվել այն դատավորները, որոնք երկար տարիների ընթացքում քաղաքականացված դատավորների համբավ էին ձեռք բերել։
«Տասի ցուցակում» էր հայտնվել, օրինակ, Միխայիլ Չինչալաձեն, որը «Միջազգային թափանցիկություն՝ Վրաստան» կազմակերպության հաշվետվությունում նշվում է որպես ազդեցիկ դատավոր, որն արդարադատության համակարգում սեփական կլանն է ստեղծել, ինչը «մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը»։
Ընդդիմությունը վստահ է, որ կազմված ցուցակի հետևում երկրի նախկին վարչապետ, ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլին է կանգնած, որը փորձում է 2020թ-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ամբողջապես իրեն ենթարկեցնել դատական իշխանությունը։
Հասարակական կազմակերպությունները «տասի ցուցակի» դեմ աղմկոտ արշավ սկսեցին։ Այս թեման ամեն տեսակ թոք-շոուների և երկրի առաջատար հեռուստալիքների տեղեկատվական-վերլուծական ծրագրերի գլխավոր թեման դարձավ։
«Փրկենք արդարադատությունը»
Հունվարի 21-ին դատավորներն ինքնաբացարկի համատեղ հայտարարություն տարածեցին և խորհրդարանին խնդրեցին այլևս չքննարկել իրենց թեկնածությունները։
Որպես իրենց թեկնածությունները հանելու պատճառ դատավորները նշում են իրենց անձի շուրջ «անառողջ շահարկումները»։
Այս հայտարարությունը տարածվեց բառացիորեն մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ցույց անցկացրին Արդարադատութան խորհրդի շենքի մոտ։
«Արդարադատությունը պետք է փրկել»․ սա ակցիայի գլխավոր կարգախոսն էր։
Ցուցարարների գլխավոր պահանջն արդարադատության համակարգում բարեփոխումներ անցկացնելն է։
Ակցիայի մասնակիցները մանիֆեստ են ընդունել, որում ասվում է, որ տարբեր պատճառներով Վրաստանի արդարադատությունն այդպես էլ չբարեփոխված է մնացել 1991թ-ին երկրի անկախության ձեռքբերման օրվանից։
Արդյունքում՝ Վրաստանում մինչ օրս «չի հաջողվել անկախ դատարան ձևավորել»։
Մանիֆեստը վերջին տարիների պատմության կարճ տեսություն է։
Փաստաթղղթում ասվում է, որ Սաակաշվիլիի կառավարությունը, որն իշխանության էր եկել 2003թ-ի «վարդերի հեղափոխության» արդյունքում, դատական համակարգը մաքրեց կոռուպցիայից, որն այնտեղ բարգավաճում էր Վրաստանի երկրորդր նախագահ Էդուարդ Շևարդնաձեի պաշտոնավարման տարիներին, սակայն միաժամանակ այն ամբողջությամբ ենթարկեցրեց համակարգը հեղափոխական իշխանություններին։
2012թ-ին իշխանության գալուց առաջ ներկայիս իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որպես իր առաջնահերթություններից մեկը նշում էր հենց արդարադատության համակարգը քաղաքական ազդեցություններից ազատելն ու արդարության վերականգնումը։ Սակայն այսօր դատարանը սկսել են կառավարել էլ ավելի ազդեցիկ և ամրացած կլաններ, ասված է մանիֆեստում․
«Արդարադատության համակարգում իշխանությունը զավթել է նույն խումբը, կլանը, որի օգնությամբ նախորդ իշխանությունը համատարած կերպով վերահսկում էր արդարադատությունը․․․»։
«Կլանը հնարավորություն է ստացել Գերագույն դատարանն ու վերջին ատյանի դատարանը համալրել իր իսկ կադրերով՝ անժամկետ հիմքերով։ Իրական սպառնալիք է առաջացել, որ հասարակությունը վերջնականապես կկորցնի անկախ դատարանի ձևավորման հույսը, իսկ արդարադատության համակարգը տասնամյակներով կենթարկվի կլանային շահերի»։
Այն, որ Վրաստանում դատարանը քաղաքականացված է, և որ այն ողջ պետական համակարգի թույլ օղակն է, մշտապես իրենց հաշվետվություններում գրում են միջազգային կազմակերպությունները։
Այս մասին խորհրդարանական ամբիոնից բազմիցս նշել է նաև Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, որը «ճգնաժամային» էր անվանել երկրի դատական համակարգում ստեղծված իրավիճակը։ Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրն այն է, որ դատավորների վրա մեծապես ազդում են իշխանությունների ներկայացուցիչները, ինչի պատճառով նրանք չեն կարողանում անկախ որոշումներ կայացնել։
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարծում են, որ հիմա ճիշտ ժամանակն է դատական բարեփոխման համար միահամուռ պայքարելու։
Նրանց կարծիքով՝ դատավորների նահանջը պայմանավորված է քաղաքացիական հասարակության ակտիվությամբ, և դա լավ նշան է․
«Միշտ իմաստ ունի պայքարել, և մենք մեր պայքարը մինչև վերջ կշարունակենք, մինչև որ Մուրուսիձեի նման դատավորները («տասի ցուցակի» ամենաանցանկալի դատավորներից մեկը – խմբ․) չանհետանան դատական համակարգից», — հայտարարել է «Միջազգային թափանցիկություն՝ Վրաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին։
Նույն կարծիքին է ընդդիմությունը։
«Հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և բոլոր խելամիտ մարդկանց համախմբված բողոքի ցույցի արյդունքում իշխանությունները չկարողացան անցկացնել արդարադատության ողջ համակարգի ամբողջական ապօրինի զավթման հատուկ գործողությունը», — կարծում է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Էլենե Խոշտարիան։