Վրաստան և Իրան․ կյանք՝ վարակի օջախի կողքին
*Հոդվածն առաջին անգամ հրապարակվել է 15.04.2020
Իրանցի զբոսաշրջիկ Շահաբ Քարիմին Վրաստան է եկել փետրվարին և այստեղ մնացել պլանավորված 14 օրերից ավելի երկար․ Թբիլիսիի տեսարժան վայրերն այցելելու փոխարեն նա սկզբից հենց օդանավակայանից հայտնվել է ինֆեկցիոն հիվանդանոցում, այնուհետև՝ երկու շաբաթ անցկացրել Աբաստումանի հանգստավայրի կարանտինային գոտում։
Արդյունքում՝ Շահաբի մոտ կորոնավիրուս չի հաստատվել, սակայն նա չի կարողացել հայրենիք վերադառնալ․ Իրանը Չինաստանից հետո երկրորդ երկիրն էր, որի հետ Վրաստանն ամբողջությամբ կասեցրել է հաղորդակցությունը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով։
Շահաբ Քարիմին Վրաստանում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ փորձել է լքել հիվանդանոցն ու բառացիորեն բռնվել է բուժաշխատողների կողմից և հիվանդանոց վերադարձվել այն պահին, երբ մեկնաբանություն էր տալիս լրագրողներին։
Այսօր նրան հրավիրում են պոպուլյար թոք–շոուների և, չնայած սոցիալական հեռավորություն ապհպանելու հրահանգներին, նրա հետ փողոցում սելֆիներ են անում։
Իրան․ կորոնավիրուսի սրընթաց գրոհ
Իրանում COVID-19–ով վարակման առաջին դեպքը պաշտոնապես գրանցվել է փետրվարի 19–ին։ Սկզբից երկրի իշխանություններն ուշադրություն չէին դարձնում վտանգին, և, չնայած զանգվածային վարակման ռիսկին, փետրվարի 21–ին խորհրդարանական ընտրություններ անցկացրին։
Վարակվածների թիվն աճում էր, սակայն իշխանությունները նախազգուշության լուրջ միջոցներ չձեռնարկեցին, իսկ հոգևոր անձինք հավատացյալներին կոչ էին անում, չնայած վարակին, այցելել Ղոմ քաղաքի սրբավայրեր, որն էլ դարձել էր վարակի գլխավոր օջախը։
Արդյունքում Իրանը որոշ ժամանակ Չինաստանից հետո երկրորդ երկիրն էր, որտեղ նոր կորոնավիրուսի զանգվածային բռնկում էր տեղի ունեցել։ Հետո նրան շրջանցեցին Իտալիան, Իսպանիան և ԱՄն–ն։
Ապրիլի 8–ին Իրանում գրանցվել է վարակման ավելի քան 65 հազար դեպք։ Սակայն երկրի շատ քաղաքացիներ և միջազգային լրատվամիջոցներ Իրանում վարակի տարածման վիճակագրությունը մեծապես նվազեցված են համարում։ Կորոնավիրուսով վարակվել է խորհրդարանի ղեկավարն, Իրանի փոխնախագահը, շատ պաշտոնյաներ և պատգամավորներ։
- Իրանում յուրաքանչյուր հինգերորդ մահվան պատճառը կորոնավիրուսն է, Թեհրանում կրիտիկական վիճակ է
- Եղբայրական գերեզմաններ Իրանում կորոնավիրուսից մահացածների համար․ նկարներն արվել են արբանյակից
- Վրաստան․ զբոսաշրջիկներ չկան, հյուրանոցները սնանկացման եզրին են
Վրաստանը դադարեցրել է Իրանի հետ ավիահաղորդակցությունը փետրվարի 23–ին։ Իսկ փետրվարի 26–ից արգելել է այդ երկրի քաղաքացիների մուտքը։
Կորոնավիրուսն առաջին անգամ հենց Իրանից է ներթափանցել․ Վրաստանի 49-ամյա քաղաքացի Ամիլի (դա երկրում «համար մեկ հիվանդի» անունն է) ջերմությունը փետրվարի 26–ին հենց վրաց–ադրբեջանական սահմանին չափել են և միանգամից ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխել, որտեղ հաստատվել է ախտորոշումը։
Վրաստանում կորոնավիրուսով առաջին վարակվածը նաև առաջին ապաքինվածն էր։ Հիվանդանոցը լքելուց հետո Ամիլը Մառնեուլիի իր տուն էր վերադարձել, որի բնակչության մեծ մասն ադրբեջանցիներ են։
Նա Իրան էր մեկնել փետրվարի 21–ին՝ տեղի մզկիթի համար գորգեր գնելու։ Եվ հայտնվել էր համաճարակի էպիկենտրոնում՝ Ղոմ սուրբ քաղաքում։ Ամիլը պատմում է, որ Իրանում գտնվելու ժամանակ գաղափար չի ունեցել, թե ինչ է կատարվում։
«Ամեն ինչ նորմալ էր։ Խանութներն աշխատում էին, մարդիկ՝ այցելում սրբավայրեր։ Մենք գորգերը գնեցինք և մի բառ անգամ չլսեցինք այն մասին, որ ինչ–որ վարակ է տարածվում Իրանում։ Մենք դիմակով ոչ մի մարդ չենք տեսել։ Այդ պատճառով էլ զարմացած էինք, երբ մեր ընտանիքի անդամները զանգահարեցին և ասացին, որ չվերթները չեղարկվել են։ Այլ ելք չկար, ստիպված միկրոավտոբուս վարձեցինք և Ադրբեջանի տարածքով տեղ հասանք», — ասում է Ամիլը։
Իրանցիները Վրաստանում
Այսօր Վրաստանում հազարավոր իրանցիներ են ապրում։ 2016–2018 թթ–ին այդ երկրի 11 հազար քաղաքացի կացության ժամանակավոր իրավունք էր ստացել։
Իրանցիների մեծ մասը Վրաստանում է ապրում արդեն երկար տարիներ և զբաղվում է բիզնեսով, հիմնականում՝ սպասարկման և զբոսաշրջության ոլորտում։
Կորոնավիրուսի պանդեմիայի և Վրաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով այդ գործունեությունը գրեթե ամբողջությամբ կասեցվել է, և զբոսաշրջային բիզնեսի վերսկսման հեռանկարները ոչ միանշանակ են։
Ստեղծված իրավիճակի պատճառով Վրաստանում իրանցիները լուրջ խնդիրների են բախվել և գումար վաստակելու միջոցներ են փնտրում։
Մոհամադ Խալեհին Վրաստանում է ապրում 2009 թ–ից։ Նա Sun Georgia ընկերության տնօրենն է, որը Վրաստանում տուրեր է կազմակերպում իրանցի զբոսաշրջիկների համար։ Մարտն ու ապրիլը սովորաբար բիզնեսի համար ամենածանրաբեռնված ամիսներին էին․ շատ իրանցիներ Վրաստան էին ժամանում՝ Նովրուզ բայրամ տոնի արձակուրդներն անցկացնելու։
Իսկ այժմ կորոնավիրուսի համաճարակի պատճառով նրա բիզնեսը կանգնած է, նա ի վիճակի չէ վճարելու գրասենյակի վարձը, իսկ նրա բիզնեսի ապագան անորոշ է։
«Վրաստանի նկատմամբ իրանցիների հետաքրքրությունը մեծ էր։ Նվազագույնը 170 մարդ էր օրական գալիս Թեհրան–Թբիլիսի չվերթով», — պատմում է Մոհամադը։
Իրանցիների համար 2010 թ–ից ի վեր գործող առանց վիզայի ռեժիմի և աշխարհագրորեն մոտ լինելու շնորհիվ՝ Վրաստանը երկար տարիներ գրավիչ ուղղություն է եղել իրանցի զբոսաշրջիկների համար։
Galt & Taggart խորհրդատվական ընկերության հաշվարկներով՝ իրանցիները Վրաստանում ամսական մինչև ութ միլիոն դոլար էին թողնում։
Վրաստանի վիճակագրության ծառայության 2019 թ–ի տվյալների համաձայն՝ եթե միջինում Վրաստան այցելող մեկ զբոսաշրջիկը ծախսում էր 1,102 լարի [մոտ $350], ապա իրանցիները միջինում ծախսում էին 2,092 լարի [մոտ $660]՝ գրեթե կրկնակի շատ։ Իրանցիները դարձել էին ամենավճարունակ զբոսաշրջիկներ ԱՄՆ–ից և Սաուդյան Արաբիայից ժամանած հյուրերից հետո։
Ամենաշատ իրանցի զբոսաշրջիկները Վրաստան են ժամանել 2018 թ–ին՝ 291 հազար։ 2019 թ–ին նրանց թիվը կրճատվել է՝ 142 հազար (հինգ միլիոն զբոսաշրջիկներից)։ Դա բացատրվում է նրանով, որ Վրաստանի իշխանությունները խստացրել էին Իրանի քաղաքացիների նկատմամբ վերահսկողությունը սահմանին, շատերին թույլ չէին տվել երկիր այցելել, ինչի պատճառով անգամ Իրանի ԱԳՆ–ն բողոքի նոտա էր հղել։
Սակայն շատ իրանցիների այդ դժվարությունները չէին մտահոգում։ Վերջին տարինեին իրանցիներն ավելի ու ավելի հաճախ էին Վրաստանն ընտրում որպես մշտական բնակության վայր․ նրանք այստեղ անշարժ գույք էին գնում և սեփական բիզնես հիմնում։
37-ամյա Շահաբ Աշտարը Վրաստան է եկել երկու տարի առաջ։ Նա այստեղ ապրում է ընտանիքի հետ և մարքեթինգի մենեջեր է վրացական ընկերություններից մեկում։ Այժմ նա շատ է մտահոգվում ապագայի համար․
«Ամենաշատը վախեցնում է անորոշությունը։ Եթե ընկերությունը եկամուտ չունի, ինչպե՞ս է նա ինձ վճարելու։ Ես բնակարանի վարձ եմ վճարում և չգիտեմ, թե արդյոք կարող եմ մոտակա ամիսների վարձը տալ»։
Շահաբի խոսքով՝ Վրաստանում ապրող իր հայրենակիցները նույնպես խդիրներ ունեն։ Վրաստանում իրանցիները հայտնվել են աշխարհի շատ էմիգրանտների իրավիճակում, որոնք հեռու են իրենց երկրներից, քանի որ համաճարակը կոտրել է նրանց կառուցած կյանքը։
Սոմայե Նոկարիզին Վրաստանում է ապրում 2006 թ–ից։ Նրա ընկերությունը շինանյութ, ցեմենտ և դեկորատիվ աղյուս է ներկրում Իրանից։ «Մեկ ամիս է, ինչ դադարեցվել են մատակրարումները։ Շինանյութ այլևս չի գալիս, եկամուտը նվազում է։ Գիտեմ, որ այս տարին դժվար է լինելու», — ասում է Սոմայեն։
Մոհամեդ Ջավադ Մաոզենին ընտանիքով Վրաստանում է ապրում արդեն երկու տարի։ Նա իր միջոցները ներդրել է հյուրանոցային բիզնեսի մեջ, գումար է վաստակում նաև արժեթղթերի առևտրի շնորհիվ։ Մոհամեդն ասում է, որ իր հյուրանոցը պանդեմիայի բռնկումից հետո փակ է։
«Կորոնավիրուսի տարածումը բոլորի վրա է անդրադարձել։ Սակայն այն կարող է նաև հնարավորություն լինել ավելի շատ մտածելու, թե ապագայում որտեղ ավելի ճիշտ կլինի ներդրում կատարել», — կարծում է նա։
Առանց եկամտի է մնացել նաև 35-ամյա Մեհդի Խոդսիանին՝ էթնիկ վրացին իրանական Ֆերեյդան շրջանից։ Մասնագիտությամբ մետաղագործ Մեհդին Վրաստան է եկել 2009 թ–ին և վրացական քաղաքացիություն ստացել։
Եվ վրացերենը, և ֆարսին նրա մայրենի լեզուներն են, և մինչև այսօր Մեհդին գումար էր վաստակում թարգմանությամբ։ Նրա բյուրոն գտնվում էր Թբիլիսիի Արդարադատության տան մոտ, որտեղ Վրաստանի քաղաքացիներն ու արտասահմանցիներն իրավաբանական հարցեր են լուծում։
«Ես ինքնզբաղ եմ և երբեք չեմ բողոքել աշխատանքի պակասից։ Սակայան, քանի որ չեղարկվել են չվերթներն Իրանից, և իրանցիներն այլևս չեն գալիս, ստիպված եմ փակել գրասենյակս», — ասում է նա։
Չնայած երկրորդ՝ վրացական քաղաքացիությանը, Մեհդին պատրաստ է Իրան վերադառնալ, եթե սահմանները բացվեն, իսկ տնտեսական իրավիճակը Վրաստանում չբարելավվի։ Նրա խոսքով՝ այնտեղ ավելի հեշտ է աշխատանք գտնել։
Սակայն Վրաստանի ոչ բոլոր իրանցիներն են ուզում հայրենիք վերադառնալ։ Շահաբ Աշտարն ասում է, որ Իրանում ավելի շատ գումար էր վաստակում, բայց Վրաստանում ընտանիքով հաստատվել է «հանուն ազատության»։ Եվ, չնայած տնտեսական դժվարություններին, նա չի պատրաստվում վերադառնալ։
«Եթե սահմանները չփակեին»
Սահմանների փակումն ու երկու երկրների միջև հաղորդակցության կասեցումը հարվածել է ոչ միայն Իրանի զբոսաշրջիկներին և էքսպատներին։ Վրաստանի քաղաքացիների մեծ մասն Իրանի հետ գործնական և անձնական կապեր ունեին։
Վրաստանում ապրող մուսուլմաններն Իրան են մեկնում ոչ միայն գորգերի համար։ Շեյխ Միրթաղ Ասադովը JAMnews–ին պատմել է, վրացի շիա մուսուլմանները պարբերաբար ուխտագնացություն են կատարում դեպի Ղոմ սուրբ քաղաք։ Անցյալ տարի Ղոմ է այցելել 150 մարդ Մառնեուլիից։
Թբիլիսիում Կովկասյան համալսարանն արդեն 15 տարի համագործակցում է իրանական համալսարանների հետ։ Փետրվարի 22–ին համալսարանի՝ Իրան այցելած պատվիրակությունը Վրաստան վերադառնալիս ողջ կազմով կարանտինի մեջ է հայտնվել։
Գեորգի Լոբժանիձեն իրանագետ է։ Նա ուշադիր հետևում է Իրանում կատարվող իրադարձություններին։ Նա այդ երկրում բազմաթիվ ծանոթներ և ընկերներ ունի։ Նրա կարծիքով՝ Իրանում վարակի տարածման վրա ազդել է այդ երկրում «սոցիալականացման հատուկ ձևը»։
«Ոմանք սիրում են խանութներ մտնել։ Իրանցիները, որոնք վաղուց չեն տեսնվել, երեք անգամ համբուրում են միմյանց բարևելիս։ Այդ ժեստը շատ վտանգավոր է պանդեմիայի և վարակների տարածման տեսանկյունից։ Նրանք սիրում են ճամփորդել Նովրուզ բայրամին և Նոր տարուն։ Ես իրանական նորություններ եմ նայում և տեսնում եմ, որ տանը մնալու կոչին քչերն են հետևում։ Նրանք նախկինի պես շատ են ճամփորդում երկրի ներսում։ Եթե սահմաններն այժմ փակ չլինեին, հիմա շատ իրանցի զբոսաշրջիկներ Վրաստան էին այցելել»։
Մասնագետները կարծում են, որ հենց Իրանի հետ ժամանակին չեղարկված հաղորդակցությունն է, որ մյուս միջոցների հետ միասին թույլ է տվել նվազեցնել վարակման քանակը Վրաստանում, որը զգալիորեն ցածր է, քան տարածաշրջանների մյուս երկրներում։
«Մեդիացանցի» աջակցությամբ