Վրաստանի հասարակական կազմակերպությունները պահանջում են արդարադատության նախարարի հրաժարականը
Վրաստանում գլխավոր դատախազի համապատասխան թեկնածության որոնման գործընթացը սկսվել է այն բանից հետո, երբ, բավարարելով բողոքի ակցիայի մասնակիցների պահանջն, այդ պաշտոնը լքել է Իրակլի Շոթաձեն:
Թբիլիսիում ցույցերը սկսվել են մայիսի 31-ին, երբ դատարանը հրապարակել է 16-ամյա դեռահասներ Լևան Դադունաշվիլիի և Դավիթ Սարալիձեի դաժան սպանության գործով վճիռը: Երկու դպրոցականները մահացել էին դանակի բազմաթիվ հարվածներից նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին իրենց հասակակիցների հետ վիճաբանության ժամանակ: Սպանությունը տեղի էր ունեցել ցերեկը Թբիլիսիի բազմամարդ փողոցներից մեկում մի քանի ականատեսների աչքի առաջ:
Դատարանը վճռել էր, որ մեղադրյալների աթոռին հայտնված երկու դեռահասներից մեկը մեղավոր չէ Դավիթ Սարալիձեի սպանության համար: Այս որոշումը հաստատել էր սպանվածի հոր՝ Զազա Սարալիձեի վարկածը, որը մի քանի ամիս շարունակ պնդում էր, որ իր որդու իրական մարդասպաններն ազատության մեջ են, և դա կոծկում է դատախազությունը:
Ցույցերի երեք օրերի ընթացքում ցուցարարների ճնշման տակ հրաժարական տվեց Վրաստանի գլխավոր դատախազը, նրանք չլսեցին նաև երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, որը ցուցարարների հետ բանակցությունների էր եկել:
Իշխանությունը պնդում է, որ պատրաստ է ապահովել գլխավոր դատախազի նշանակման գործընթացի թափանցիկությունն ու այդ հարցով հանրային քննարկումներ անցկացնել: Արդարադատության նախարար Թեա Ցուլիկիանին հունիսի 4-ին առաջարկել է հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բուհերի ներկայացուցիչներին մասնակցել խորհրդակցություններին: Արդարադատության նախարարը համապատասխան նամակներ է ուղարկել մի քանի տասնյակ կազմակերպությունների՝ կոչ անելով միանալ գործընթացին:
Սակայն ոչ կառավարական հատվածն ու ընդդիմությունը չեն հավատում Ցուլուկիանիի խոստումներին, թե նա կապահովի գլխավոր դատախազի նշանակման թափանցիկությունը: Նրանք հրաժարվել են մասնակցել համապատասխան խորհրդատվություններին, քանի դեռ Ցուլուկիանին զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը: Ավելի քան մեկուկես տասնյակ հասարակական կազմակերպություններ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին ուղղված համատեղ դիմում են հրապարակել, որում հաղորդել են Թեա Ցուլուկիանիի հրաժարականի վերաբերյալ իրենց պահանջի մասին:
«Բաց հասարակություն — Վրաստան» ՈԿԿ գրասենյակում կայացած մամուլի ասուլիսին այդ հասարակական կազմակերպությունների ղեկավարները հայտարարել են, որ Ցուլուկիանին հաջողության չի հասել իրեն վստահված ոլորտի բարեփոխման գործում, իսկ որպես նախարար նրա աշխատանքի ժամանակ Վրաստանում 5 գլխավոր դատախազ է փոխվել:
«Այդ մարդը չի աշխատելու իրոք արժանի, անկախ գլխավոր դատախազի որոնման վրա։ Այդ պատճառով էլ մենք նրա հետ խորհրդատվություններին չենք մասնակցելու», — հայտարարել է «Բաց հասարակություն — Վրաստան» ՈԿԿ ղեկավար Էկա Գիգաուրին:
Նրա խոսքով՝ եթե կառավարությունը հետաքրքրված է ճգնաժամից դուրս գալու և իրական փոփոխությունների հարցում, անհրաժեշտ է փոխել արդարադատության նախարարին և ապահովել գլխավոր դատախազի թեկնածության ընտրության գործընթացի թափանցիկությունը:
Այս նույն դիրքորոշումն ունեն նաև «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Արդար ընտրություններ», «Մարդու իրավունքների կենտրոն», «Սահմանադրության 42-րդ հոդված», «Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիթորինգի կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունները և այլք: