«ԵՄ ճանապարհին խնդիրներից մեկը Բիձինա Իվանիշվիլի է». քննարկում Եվրախորհրդարանում
Վրաստանի մասին քննարկում Եվրախորհրդարանում
Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ քննարկում է անցկացրել, որում ելույթ ունեցող պատգամավորների մեծ մասը քննադատել է Բիձինա Իվանիշվիլիին և իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։
Հարևանության և ընդլայնման եվրոպական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհի.
«Ողջ երկրում տղամարդիկ և կանայք դուրս եկան փողոցներ և ծածանեցին ԵՄ դրոշը՝ ցույց տալու համար Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ձգտումը: Այդ ցույցերից հետո իշխող կուսակցությունը հայտարարեց, որ հետ է կանչում օրենքը, սա իսկապես դրական նշան է, և ես ուզում եմ ասել, որ վրացիները Եվրամիությունում ապագա ունեն»։
Նա պատմել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին և նշել, որ «Վրաստանի կառավարությունը պարտավոր է ամբողջությամբ երաշխավորել Սաակաշվիլիի իրավունքները՝ որպես բանտարկյալի և երկրի նախկին նախագահի»։
- Վրաստանի խորհրդարանը օրակարգից հանել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
- «Որոշվում է նաև Հայաստանի ապագան»․ հայ քաղաքագետը՝ Վրաստանի զարգացումների մասին
- Արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ. Վրաստանը դեմ է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին
Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն արձագանքել է «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությանը, այդ թվում՝ Ղարիբաշվիլիի կողմից հնչեցված կոռուպցիայի մեղադրանքներին.
«Մեզնից ոչ ոք շահագրգռված չէ Վրաստանի՝ պատերազմի մեջ ներքաշմամբ։ Այս և այլ մեղադրանքները հստակ ուղղված են Եվրախորհրդարանի վարկաբեկմանը, մեր աշխատանքը ապալեգիտիմացնելուն, բայց մեր խմբի ոչ մի անդամ գումար չի ստացել։ Նման բաները մեզ չեն համախմբում, օտարերկրյա գործակալների մասին օրենքի շուրջ այս ողջ դրաման ու պատկերն ունեն սովետական ոգի և տեսակ, և հիմա և՛ անձամբ մեզ, և՛ ԵՄ կառույցներին ուղղված մեղադրանքները չեն հեշտացնում հետագա համագործակցությունը»։
Նրա խոսքով՝ վրաց ժողովրդի եվրոպական ձգտումները հնարավոր չէ ճնշել ջրցան մեքենաներով [որոնցով հատուկ ջոկատայինները ցրում էին խաղաղ ցույցերը Թբիլիսիում]։
«Ազատության համար պայքարող մարդկանց նկատմամբ բռնությունն անօգուտ է։ Մենք տեսանք, թե ինչպես կառավարությունը մեկ օլիգարխի և Կրեմլին կանգնեցրեց ժողովրդի կամքի առջև, սակայն վրաց ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ ի նշան բողոքի, և ես կարող եմ ասել, որ վրաց ժողովուրդն իսկապես արժանի է ԵՄ անդամակցության, թեև երկրի կառավարությունը դրան արժանի չէ»։
Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգա.
«Ես կցանկանայի հիշել Մոլդովայի օրինակը, երբ Եվրախորհրդարանի կողմից եղավ հսկայական ճնշում, և ի վերջո մենք հասանք արդյունքի՝ օլիգարխ Պլահոտնյուկը, որը շատ վատ ազդեցություն էր թողնում Մոլդովայի ներքին իրավիճակի վրա, հեռացվեց քաղաքական ասպարեզից։ Բացարձակապես համոզված եմ, որ նույնը կլինի Բիձինա Իվանիշվիլիի հետ, ով այժմ ասոցացվում է Վրաստանի ռուսամետ կողմնորոշման հետ։
Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Օստրևիչյուսը հայտարարել է, որ անհրաժեշտ է ճնշում գործադրել կառավարության և Իվանիշվիլիի վրա.
«Մեր բանաձևում, որը մենք ընդունել ենք մեկ ամիս առաջ, պահանջել ենք պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Դա շատ հստակ հայտարարվել է, ուստի այժմ այն պետք է իրականացվի եվրոպական կառույցների կողմից։ Այս հարցը կարող ենք ուղղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Նա պատրա՞ստ է զբաղվել այս խնդրով: Ամենայն հավանականությամբ մենք այն կետում ենք, որ կարող ենք հստակ ասել՝ պատրա՞ստ ենք դրան, թե՞ ոչ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Անդրիուս Կուբիլիուսի խոսքով՝ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին բազմաթիվ խնդիրներ կան, և դրանցից մեկը Բիձինա Իվանիշվիլին է.
«Մենք գիտենք, թե որքան մեծ է Եվրամիության անդամ դառնալու Վրաստանի ցանկությունը, բայց այսօր այդ ճանապարհին բազմաթիվ խնդիրներ կան, և այդ խնդիրներից մեկի անունը Բիձինա Իվանիշվիլի է։ Սակայն մենք տեսնում ենք, որ այդ ճանապարհին կառավարությունն ավելի ու ավելի շատ խնդիրներ է ստեղծում, հենց այդ պատճառով էլ Միխեիլ Սաակաշվիլին և Նիկա Գվարամիան դեռևս բանտում են, այդ պատճառով էլ կառավարությունը փորձում էր ընդունել օրենք օտարերկրյա գործակալների մասին։ Սրանք վրաց ժողովրդի կամքին հակառակ արված քայլեր են։ Անհրաժեշտ է ապաբևեռացնել քաղաքական կյանքը։ Վրաց ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա պաշտպանել իր եվրոպական ձգտումները, սա վերջին սադրանքը չէ կառավարության կողմից»։
- «Ժողովրդի ուժը». հակաարևմտյան շարժում, որը ծառայում է Վրաստանի իշխող թիմին
- «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետկանչման կարգը. փաստաբանի մեկնաբանությունը
2023 թվականի մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանը 76 դեմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Այնուհետև ընթացակարգի համաձայն երկու օրինագծերն էլ ուղարկվեցին Վենետիկի հանձնաժողով։
Ողջ գործընթացն ուղեկցվում էր հանրահավաքներով Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում։ Օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո բողոքի ցույցը բազմահազարանոց դարձավ։ Իշխանությունները երկու անգամ տասնյակ հազարավոր մարդկանց ցրեցին արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով։
Բոլոր կազմակերպություններն ու քաղաքական գործիչները ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում, այս օրինագիծն անվանում են ռուսական մոդել և ասում, որ դրա ընդունումը հսկայական խոչընդոտ կհանդիսանա երկրի համար՝ դեպի Եվրամիություն նրա ճանապարհին։
Մարտի 9-ին իշխող կուսակցությունը հայտարարեց, որ հետ է կանչում օրինագիծը: Մարտի 10-ին խորհրդարանում երկրորդ ընթերցման ժամանակ մեծամասնությունը քվեարկեց այն մերժելու օգտին։ Այս անգամ օրինագծին դեմ քվեարկեց 35 պատգամավոր, կողմ՝ մեկը։
Այդ կերպ խորհրդարանական մեծամասնությունը երկրորդ ընթերցմամբ մերժեց «ռուսական օրենքը»։
Օրինագծի հեղինակներից մեկը՝ Դմիտրի Խունդաձեն, ասել է, որ չընդունելով այս օրենքը՝ հասարակությունը «հնարավորություն է բաց թողել»։