Վրաստանի հետ բաց սահման և Իրանի հետ վիզային ռեժիմ՝ կորոնավիրուսի Հայաստան ներթափանցումից հետո
Այն բանից հետո, երբ Հայաստանում հայտնաբերվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, երկրում շարունակվեցին և ավելի խստացվեցին դրա տարածումը կանխելու համար ձեռնարկվող միջոցառումները:
Առաջին վարակվածը Հայաստան էր ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին: Հայաստանի Հանրապետության 29-ամյա քաղաքացին և բոլոր նրանք, ովքեր նրա հետ շփման մեջ են գտնվել, մեկուսացված են: Վարակվածն իրեն լավ է զգում, նույնիսկ ջերմություն չունի, այդ պատճառով էլ նույնիսկ բուժում չի ստանում:
Սակայն նրա ժամանումից հետո երկրում բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցրին դասընթացները, ժամանակավոր վիզային ռեժիմ մտցրին հարևան Իրանի հետ: Բայց դեռ բաց է սահմանը Վրաստանի հետ: Դա միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը աշխարհի հետ: Այն չեն փակում, քանի որ դա կբերի երկրի հարյուր տոկոսանոց մեկուսացմանը:
Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բոլոր մանրամասները, ինչպիսի միջոցներ են ձեռնարկվում դրա տարածումը կանխելու համար:
• Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը. վարակվածը և նրա հետ շփում ունեցած 31 անձինք մեկուսացված են
• Վիդեո. Ինչպե՞ս խուսափել կորոնավիրուսից և ինչո՞ւմ է դրա սպառնալիքը
Հայաստանը պատրաստ է աջակցել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում, բայց վիզային ռեժիմ է մտցրել
«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը մեր տարածաշրջանում՝ մենք որոշում ենք կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ: Մենք կսկսենք Իրանի հետ վիզային ռեժիմը ժամանակավորապես վերականգնելու գործընթացը, և հինգ օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի:»,- մարտի 2-ին հայտարարեց Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Իրանի իշխանությունների հետ մշտական կապ է պահպանվում, իսկ Հայաստանը պատրաստ է իր հնարավորության սահմաններում աջակցել բարեկամ Իրանին բոլոր հարցերում:
Փետրվարի 23-ից՝ Իրանում առաջին վարակվածների ի հայտ գալուց հետո, Հայաստանը 2 շաբաթով փակեց սահմանն այդ երկրի հետ՝ վիրուսի մուտքը կանխելու նպատակով: Բայց հատուկ հայտարարվեց նաև, որ սահմանափակումներ չեն լինի Իրանի և Հայաստանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
Նրանց համար հատուկ թռիչքներ են կազմակերպվում, որով և ժամանեց առաջին վարակվածը: Թեհրանում Հայաստանի դեսպանատան փոխանցմամբ՝ վերջին մի քանի օրվա ընթացքում Իրանից Հայաստան է վերադարձել մոտ 360 մարդ:
Վիրուսի հետ կապված իրավիճակի մասին
Կորոնավիրուսի վարակի նոր դեպքեր երկրում դեռ չեն գրանցվել:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստացել է երկրի բնակիչներին տեղեկացնել, եթե վարակի նոր դեպք հաստատվի:
«Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե, Աստված մի արասցե, հաստատվեն, մենք դրա մասին կտեղեկացնենք: Բայց եթե հաստատվեն, դա որևէ խուճապի առիթ պետք է չլինի, որովհետև էլի արձանագրենք, որ սա հաղթահարելի հիվանդություն է», — հայտարարեց վարչապետը:
Բոլոր նրանք, ովքեր վերջին օրերին են ժամանել այն երկրներից, որտեղ վիրուսը արդեն տարածում է գտել (օրինակ՝ Իտալիայից), մշտապես բժիշկների հսկողության տակ են: Ժամանելուց հետո երկու շաբաթվա ընթացքում ամեն օր նրանց զանգահարում և հարցնում են ինքնազգացողության մասին: Ովքեր ինչ-որ խնդիրներ ունեն, նրանց զննում են հենց տանը:
Տեսանյութ այն մասին․ թե ինչպես են կերակրում Ծաղկաձորում, Golden Palace հյուրանոցում մեկուսացված անձանց, որոնք շփում են ունեցել կորոնավիրուսով վարակվածի հետ
Դիմակների դեֆիցիտ կա, սակայն խուճապի կարիք չկա
Այն մասին, որ Երևանում նկատվում է դիմակների պակաս, Facebook-ի հայկական տիրույթի օգտատերերը գրում էին դեռևս մինչև երկրում կորոնավիրուսի առաջին դեպքի ի հայտ գալու մասին լուրը:
Մարդիկ բողոքում էին, որ դեղատներում հնարավոր չէ գտնել բժշկական դիմակներ, իսկ այնտեղ, որտեղ դրանք կան, գները մինչև 6 անգամ բարձրացվել են: Սովորաբար դիմակներն արժեն 1 հատը՝ մինչև 50 դրամ, բայց այժմ դրանք վաճառվում են 200-300 դրամով: Որոշ դեղատներ բարձրացրել են նաև ձեռքերը ախտահանելու համար վաճառվող սպիրտային գելերի գները:
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արդեն աշխատում է այդ ուղղությամբ, որ գները չարդարացված չբարձրացվեն: Ստուգումներ են անցկացվել շուրջ 90 դեղատներում: Այդ մասին մարտի 2-ին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը.
«Պարզապես եթե նրանք գնեն ապրանքի նոր խմբաքանակ ավելի բարձր գնով, ապա նաև նրանք ստիպված կվաճառեն դրանք ավելի թանկ: Հնարավոր չէ գնել դիմակները հատը 150 դրամով, իսկ վաճառել, ինչպես առաջ, 30-ով: Դրսի մեր գործընկերները հայտարարել են, որ աշխարհում կա դիմակների դեֆիցիտ և գների բարձրացում, այսինքն, եթե նոր խմբաքանակներ կարողանան ձեռք բերել, կլինի թանկ։ Բայց առայժմ դեղատնային ցանցերը չեն փորձում առիթից օգտվել և վաճառել հին պահուստները արդեն նոր գներով»:
Մթերքի դեֆիցիտ չի սպասվում
Մթերային ապրանքների գների բարձրացումը առևտրի մեծ ցանցերում առայժմ չի նկատվում, չնայած այն բանին, որ երկրի որոշ բնակիչներ խուճապի մեջ նետվել են սուպերմարկետներ՝ գնումների:
«Դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա: Մենք ունենք հիմնական ապրանքների ծավալներ, նույնիսկ շաքարավազի ծավալն այնքան շատ է, որ կբավականացնի դեռևս մեկ տարի, նույնը վերաբերում է ալյուրին: Ուղղակի կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին մեծ ծավալների գնումներ չանել», — հայտարարել է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը:
Զիջումներ ծնողներին
Քանի որ բոլոր ուսումնական հաստատությունները և մանկապարտեզները փակ են, սոցիալական ապահովության նախարարությունը կոչ է արել գործատուներին՝ «ըմբռնումով մոտենալ» այն աշխատակիցների ուշացումներին, ովքեր երեխաներ ունեն: Նախարարությունում գտնում են, որ մանկահասակ երեխաների ծնողներին կարելի է թույլատրել նաև աշխատանքի հաճախել ոչ լրիվ օր:
Հայաստանի շատ բնակիչներ, ոչ միայն մանկահասակ երեխաների ծնողներ, այժմ գերադասում են աշխատել տանից, եթե գործատուն համաձայնվում է և եթե կա նման հնարավորություն:
Եղանակի ջերմացում. վիրուսի տարածումից խուսափելու հնարավորությո՞ւն
Սոցցանցերում մարդիկ կիսվում են տեղեկատվությամբ այն մասին, որ կորոնավիրուսի տարածումը կարող է դանդաղել գարնան հետ՝ օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա, բայց կա եղանակի տեսություն, որի համաձայն մարտի երեքից ողջ երկրում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում 5-7 աստիճանով: