Վրաստանի ընդդիմությունն ու կառավարությունը կրկին սկսել են շփվել միմյանց հետ
Վերսկսվում է երկխոսությունը Վրաստանի իշխանությունների և ընդդիմության միջև, որոնք ներգրավված են խորը քաղաքական ճգնաժամի մեջ՝ փետրվարին ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի կալանքից հետո։ 2021 թ-ին բանակցությունների առաջին փուլը տևել է մինչև մարտի 1-ի ուշ գիշեր և կազմակերպվել է Եվրախորհրդի նախագահի միջնորդությամբ, դրան մասնակցել են բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, սակայն կառավարությունից ներկա է եղել միայն վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Հանդիպումն անցկացվել է նախագահի նստավայրում, սակայն Սալոմե Զուրաբիշվիլին չի մասնակցել դրան։ Ներկա չի եղել նաև «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն, թեև բանակցությունների նախորդ փուլերում նա կառավարության գլխավոր խոսնակն էր։
Վրաստանում քաղաքական ճգնաժամը սկսվել է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո։ Ողջ միացյալ ընդդիմությունը հայտարարել է դրանց կեղծման մասին և սկսել պահանջել նոր ընտրություններ։ Ընդդիմադիր պատգամավորների բացարձակ մեծամասնությունը հրաժարվել է խորհրդարանի իր մանդատներից։
2020 թ-ին իշխանությունների և ընդդիմության միջև միջնորդը Վրաստանում ԱՄՆ դեսպանությունն էր։ Այս անգամ դիմակայող կողմերի հանդիպման մասին անսպասելիորեն հայտարարել է Եվրախորհրդի՝ Թբիլիսիում պաշտոնական այցով գտնվող նախագահ Շառլ Միշելը վարչապետի հետ հանդիպումից հետո։
«Կոչ եմ անում բոլոր կողմերին մեղմել սրացումն ու միավորել ուժերը քաղաքական երկխոսության մասնակցելու համար։ Ժամանակն է ֆասիլիտացիայից անցնել միջնորդության։ Կրկնում եմ՝ քաղաքական երկխոսության ժամանակն է», — հայտարարել է Շառլ Միշելը։
Երկխոսությունը կշարունակվի եվրոպացի դիվանագետների միջնորդությամբ, հաջորդ փուլը կարող է կայանալ Բրյուսելում։
Ընդդիմության պահանջներն անփոփոխ են մնում․ քաղբանտարկյալներ Նիկա Մելիայի և Գեորգի Ռուրուայի ազատ արձակում և արտահերթ ընտրություններ։
Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև վեճի վեց գլխավոր հարց
«Այս հանդիպումը չի նշանակում, որ ամեն ինչ որոշված է, և քաղաքական կուսակցությունները կառավարության հետ քննարկելու բարդ հարցեր այլևս չունեն։ Սակայն ես հպարտանում եմ նրանով, որ ճիշտ ուղղությամբ կարևոր քայլ է արվել», — ասել է Եվրախորհրդի ղեկավարը հանդիպման ավարտից հետո։
«Երբ ես հարցրի քաղաքական կուսակցություններին, թե արդյո՞ք նրանք քաղաքական կամք ունեն որոշումների համատեղ որոնման նպատակով քաղաքական երկխոսության ամրապնդման համար, պատասխանը միանշանակ էր՝ այո։ Սա կարևոր քայլ է, և մենք շարունակելու ենք սատարել դրական ջանքերը»։
«Գիրչի – ավելի շատ ազատություն» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Զուրաբ Ջափարիձեն «Ֆորմուլա» հեռուստաալիքին ասել է, որ բանակցությունների սեղանի շուրջ քննարկվել է վեց գլխավոր հարց․
- մասշտաբային ընտրական բարեփոխում՝ Վրաստանում ժողովրդավարության կոնսոլիդացման համար,
- հնարավոր արտահերթ ընտրություններ/տեղական ինքնակառավարման մարմինների գալիք ընտրությունների նախապատրաստում,
- դատական բարեփոխում՝ Վրաստանում օրենքի գերակայության ապահովման համար, այդ թվում՝ Գերագույն դատարանի դատավորների նշանակում և Արդարադատության գերագույն խորհրդի ընտրություններ,
- բարեփոխումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացման համար,
- քաղաքական արդարություն/քաղբանտարկյալների հարց,
- խորհրդարանում դերերի և պարտականությունների արդար բաշխում։
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Սալոմե Սամադաշվիլին, որպես կարևոր արդյունք նշել է հենց երկխոսության վերսկսումը։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով հանդիպումն, ասել է, որ այն կառուցողական մթնոլորտում է անցել, կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
«Եվրախորհուրդը մեզ կոչ է անում հնարավորինս արագ ընդհանուր լեզու գտնել։ Միավորումը պետք է տեղի ունենա այն հարցերի շուրջ, որոնք ամենաշատն են հուզում Վրաստանի բնակչությանը, և դա, նախևառաջ, [Ռուսաստանի կողմից Վրաստանի հողերի] օկուպացիան է, աղքատությունը, Covid-19 համավարակը։ Մեր կողմից մենք վերահաստատում ենք երկխոսությունը շարունակելու լիակատար պատրաստակամությունը», — ասել է Ղարիբաշվիլին։
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Թբիլիսի էր այցելել Արևելյան Եվրոպայի իր շրջագայության շրջանակում։ Նա արդեն եղել է Մոլդովայում, այժմ ուղևորվում է դեպի Ուկրաինա։
Եվրախորհուրդը Եվրամիության գլխավոր քաղաքական մարմինն է։ Խորհրդի կազմում միայն ԵՄ երկրների առաջնորդներն են։ Եվրախորհուրդը որոշում է Եվրամիության զարգացման գլխավոր ռազմավարությունն ու քաղաքականությունը։ Եվրախորհրդի նախագահը Եվրամիության ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից է։
Թբիլիսի ժամանելով՝ Շառլ Միշելը հայտարարել է, որ Վրաստանում քաղաքական ճգնաժամն անհանգստացնում է ինչպես Եվրամիությանը, այնպես էլ՝ անձամբ իրեն։ Եվրամիության անունից նա կողմերին կոչ է արել աշխատել ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ։
Թբիլիսիում Շառլ Միշելը հանդիպել է նախագահի և վարչապետի, ինչպես նաև ընդդիմության առաջնորդների հետ։